ԵԱՏՄ-ՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանում անցկացվեց Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։ Հայաստանն այժմ հանդիսանում է միությունում նախագահող երկիր, եւ հենց Հայաստանն ընդունեց մասնակից երկրների վարչապետներին։ Վերջիններիս դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերթականությամբ ողջունելով բոլորին, ապա լուսանկարվելով, սակայն հետաքրքիր է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եկավ ոչ միայն վերջինը, այլեւ ուշացումով, եւ ՀՀ վարչապետը դիմավորման վայրից հեռացավ, ապա մի քանի րոպե անց եկավ եւ արդեն դիմավորեց ՌԴ վարչապետին։ Սակայն այդ փոքրիկ «միջադեպին» առանձնապես ուշադրություն չդարձվեց, եւ մեկնաբանություն տրվեց՝ «ՌԴ վարչապետի ուշանալու մեջ ենթատեքստ չկար» մեկնաբանությամբ։

Ինչեւէ, ՀՀ վարչապետի ելույթն արդեն ընդլայնված կազմով նիստի ժամանակ հետաքրքիր էր առաջին հերթին այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խոսեց միության հաջողությունների եւ առաջիկա անելիքերի մասին, այլ նաեւ ներքաղաքական մեսսիջներ հղեց։ Մասնավորապես` Փաշինյանը նշել էր. «Մեզ հաջողվեց նվազագույնին հասցնել արհեստական մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների գործունեությունը։ Այսօր Հայաստանում որեւէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ»։ Եվ հետաքրքիր է, որ վարչապետ Փաշինյանն ամեն առիթ օտագործում է խոսելու համար երկրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին։
Եվ այս ամենի կոնտեքստում թավշյա հեղափոխությունից եւ վարչապետ դառնալուց հետո հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի համագործակցությունը հատկապես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է։ Նրանք երեկ եւս տեսախցիկների առջեւ ջերմ բարեւեցին, զրուցեցին, անգամ միասին հայտարարությամբ հանդես եկան մամուլի առջեւ։ Իսկ ընդամենը տարիներ առաջ, երբ Տիգրան Սարգսյանը դեռ վարչապետ էր, ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, առիթը բաց չէին թողնում վերջինիս քննադատելու համար։
Օրինակ` իր ելույթներից մեկում Փաշինյանը նշել էր Տիգրան Սարգսյանի եւ նրա կառավարության «քաջագործությունների» թոփ տասնյակը։ Դրանց թվում նա շեշտել էր արտագաղթի բարձր տեմպերը, գազի գինը սահմանին թաքուն բարձրացնելու հետեւանքով կուտակված պարտքը, որի դիմաց տրվեց «Հայռուսգազարդի»՝ ՀՀ-ին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը, «Նաիրիտ»-ի սնանկացումը, տնտեսության փլուզումը եւ այլն։ Եվ, առհասարակ, Տիգրան Սարգսյանին մշտապես մեղադրել են տնտեսության անկման համար, եւ վերջինիս համար ԵԱՏՄ-ում պաշտոնը եղավ հրաժարականից հետո իր հարմար հանգրվանը։ Նախորդ իշխանությունների օրոք, սակայն, վերահսկողական գործառույթներ ունեցող պետական մարմինները` Վերահսկիչ պալատը, նախագահի նախկին վերահսկողական ծառայությունը, կոռուպցիայի մասին վկայող սարսափելի փաստեր էին բացահայտել պետական գնումների ոլորտում, ԾԻԳ-երում ու ՊՈԱԿ-ներում: Հիշեք հայտնի բիոզուգարանները, որոնք ձեռք բերվեցին տասնյակ հազարավոր դոլարներով, բայց այդպես էլ չշահագործվեցին, եւ այդ ամենի համար որեւէ մեկը մինչեւ հիմա պատասխանատվության չի ենթարկվել, այնինչ առաջին պատասխանատուն հենց ինքը՝ Տիգրան Սարգսյանը պետք է լիներ` որպես այն ժամանակ կառավարության ղեկավար:
Ինչեւէ, երեկ նույն Տիգրան Սարգսյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ անդրադարձ է եղել խնդրահարույց հարցերի։ «Առաջին խնդրահարույց հարցը, որի վրա ուշադրություն է դարձնում բիզնեսը, այն խոչընդոտներն ու սահմանափակումներն են, որոնք թույլ չեն տալիս ձեւավորել միասնական շուկաներ: Մենք եռամսյակը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում վարչապետներին մեր ընդհանուր շուկաներում տիրող իրավիճակի մասին, որպեսզի կարողանանք ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար, որ նրանք խոչընդոտների չհանդիպեն: Ցավոք, մենք արձանագրեցինք, որ այդ խնդիրները այսօր լուծված չեն, եւ անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի բոլոր կառավարությունները վերահսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի կարողանանք հանել այն շուրջ 65 խոչընդոտները, որոնք նկարագրված են մեր հաստատած «Սպիտակ գրքում»»,- նշեց Սարգսյանը։
Հավելենք, որ բոլոր երկրների պատվիրակությունները երեկ ետ են վերադարձել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿԱՐԵՎՈՐ ՄԵՍՍԻՋ
Երեկ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի» երեւանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային եւ ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին: Հիմնական թեման եղել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ժամկետներին եւ պայմաններին առնչվող մի շարք հարցերը: Եվ Արման Եղոյանը հանդիպման ժամանակ հետաքրքիր շեշտադրում է արել. նա նշել է, որ 2018թ. ԵՄ անդամ երկրներից ապաստան հայցող Հայաստանի քաղաքացիների թիվը, 2017թ.-ի համեմատ, կրճատվել է ավելի քան երեք անգամ, եւ եթե այս դինամիկան պահպանվի, ապա կարող ենք արձանագրել, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար որեւէ քաղաքական խոչընդոտ չկա: Գաղտնիք չէ, որ շատ ԵՄ երկրներ հենց այս պատճառով չեն գնում երկխոսության, քանի որ վիզաների ազատականացումը կարող է հանգեցնել ներհոսքի դեպի այդ երկրներ։

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԶԳԱԿԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ»-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանի նկատմամբ: Ինչպես հայտնի է, վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծել): Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը պարզել է, որ Մ. Հովհաննիսյանին այդ դիպլոմը ոչ թե որեւէ բուհ է տվել, այլ ինքն է անձամբ սարքել այն՝ կեղծելով ու ներկայացնելով ՊՈԱԿ-ին աշխատանքի ընդունվելու համար: Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրութունը:

 

 

ԷԼԻ ԸՆԴԴԵՄ ԲԴԽ-Ի
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավոր Ղուկասյանը պահանջում է ստիպել ԲԴԽ-ին բարենպաստ վարչական ակտ ընդունել, այն է` Ադրինե Ղուկասյանի թեկնածությունն առաջարկել հանրապետության նախագահին` Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Մեզ հայտնի դարձավ, որ նրան ցանկանում են տեղափոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն նա չի համաձայնում եւ դիմել է այդ քայլին:

 

 

 

ԿԸՆԴՈՒՆԻ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է ապրիլի 30-ին Երեւանում տեղի ունեցած Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստի արդյունքներից. «Մենք հույս ունենք, որ նիստը, ինչպես նաեւ ԵՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության շրջանակում մյուս նախաձեռնությունները, կծառայեն իտեգրացիայի հետագա զարգացմանը եւ գործնական արդյունքների ձեռքբերմանը առաջին հերթին մեր պետությունների քաղաքացիների համար»: Փաշինյանի խոսքով` նիստի մասնակիցները քննարկել են ԵՏՄ-ում թվային էկոհամակարգի զարգացման հարցը, ընդ որում` այս հարցը կարեւոր նշանակություն ունի համացանցային առեւտրի զարգացման համար: Քննարկվել է նաեւ ազգային ծածկագրական ստանդարտների օգտագործման, Հայաստանի, ՌԴ-ի եւ Ղրղզստանի տնտեսվարող սուբյեկտների եւ կողմերի գործադիր իշխանությունների մարմինների փոխգործակցության դեպքում էլեկտրոնային թվային ստորագրության հարցը: Վերջում Նիկոլ Փաշինյանը շեշտել է գործընկերներին կրկին Երեւանում ընդունելու պատրաստակամությունը:

 

 

 

ՔԿ-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2019թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի եւ արդյունքների վիճակագրական տվյալները: 2019թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների կողմից նախապատրաստվել է կոռուպցիոն բնույթի 54 նյութ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի իրավասու մարմինների վարույթում է գտնվել 720 քրեական գործ, որից 207-ը վարույթ է ընդունվել 2019թ. ընթացքում, իսկ 513-ը եղել են վարույթում գտնվող, տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր:

 

 

ՀԱՄԱՄԻՏ Է
«Ազատություն» ռ/կ փոխանցմամբ` Կարեն Կարապետյանի կառավարությունում ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Արամյանը կիսում է Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ «ավելի շատ հարկել սպառումը, ավելի քիչ՝ արտահանումը» մոտեցումը: Ասում է՝ հակառակի բացասական ազդեցությունը պետությունը զգացել է մինչեւ 2008 թվականը: «Այդ դառը փորձը մենք ունեցել ենք մինչեւ 2008 թվականը, հարգելի՛ գործընկերներ, երբ որ մեր տնտեսական աճը շատ բարձր էր, բայց դա պահանջարկով քաշվող տնտեսական աճ էր, եւ արդյունքը եղավ այն, որ 2008 թվականին մենք ունեցանք խորը տնտեսական անկում։ Հետեւաբար՝ շատ ճիշտ է, որ մենք թիրախավորենք երկարաժամկետ եւ առաջարկով մղվող տնտեսական աճը», – ասել է Արամյանը։




Լրահոս