«ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽՑԻՆԵՐՆ ԱՐՏԱՍՎՈՒՄ ԷԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«1990-ականներին, երբ Արցախում էի, բազում դաժան դեպքերի ականատես եղա եւ շատ ընկերներ ձեռք բերեցի: Եվ, ահա, թե ինչ է արտահայտում ֆիլմի հիմնական գաղափարը. միայն խաղաղ կյանքը կարող է ապահովել մարդու ստեղծագործ ապագան: Արդեն 27 տարի է՝ Արցախը հենց սա է ապացուցում աշխարհին: Եթե ուզում եք, որ ձեր հայրենի հողը ծաղկի, այն պետք է փայփայեք սիրող ձեռքերով, ոչ թե զենքով»,-ապրիլի 30-ին` «Վերադարձ» վավերագրական ֆիլմին նվիրված ասուլիսի ժամանակ, հայտարարեց ռուս հեռուստալրագրող, ֆիլմի սցենարիստ Սվետլանա Կուլչիցկայան:

«Վերադարձ»-ի նկարահանումները սկսվել են 2018 թվականի ապրիլի 25-ին: Ֆիլմը, որի երեւանյան շնորհանդեսը տեղի ունեցավ նույն օրը, ներկայացնում է 90-ականների պատերազմը վերապրած մարդկանց, նրանց երեխաների ու թոռների ճակատագրերը եւ լիարժեք պատկերում է Արցախի ներկայիս կյանքը: Ներկայացվում են այն հնարավորությունները, որոնք ստեղծել է խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ագրեսիվ ցանկություններին եւ ռազմական գործողություններին, որոնցով հակառակորդը փորձում է խաթարել հանրապետության կենսագործունեությունը, ինչն այնտեղ ապրող մարդկանց կյանքն ավելի դրամատիկ է դարձնում: Կուլչիցկայան ֆիլմի սցենարը գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվերով:
ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Արմինե Ադիբեկյանը տեղեկացրեց, որ ֆիլմի ստեղծման միտքը ծագել է 2017թ.-ին, երբ նշվում էր Ստեփանակերտի շրջափակումը ճեղքելու 25-ամյակը: Ի դեպ, Արցախում արդեն իսկ տեղի է ունեցել ֆիլմի շնորհանդեսը, որի արձագանքը Կուլչիցկայան հրաշալի համարեց: Ֆիլմը ցուցադրվել է Ստեփանակերտում եւ Շուշիում. «Ինձ համար անչափ տպավորիչ էր այն հանգամանքը, որ ցուցադրությունից հետո արցախցիներն արտասվում էին: Մենք հոգի ենք դրել այս ֆիլմի մեջ, Արցախն իմ կյանքի մի մասն է»,-ասաց նա՝ հավելելով, որ Սանկտ Պետերբուրգում եւս մեծ ոգեւորությամբ սպասում են ֆիլմի ցուցադրմանը։
Նշենք, որ 1992-1994թթ. պատերազմի տարիներին Կուլչիցկայան Արցախում էր: Նա նկարահանել է երեք ֆիլմ` «Ապրե՛ք» («ԻՌՉՌՑպ», 1992թ.), «Գնդակոծությունից հետո» («կՏրսպ ՏորՑՐպսՈ», 1992թ.), «Խաղաղության գինը» («ՃպվՈ տՏՍՏÿ», 1994թ.): Հենց այս ֆիլմերի հերոսների ճակատագրին է նվիրված «Վերադարձը»:
Ֆիլմի ռեժիսորը Պավել Մեդվեդեւն է: Նրա խոսքով՝ իրենք նպատակ ունեն «Վերադարձը» ներկայացնել տարբեր փառատոնների, ցուցադրել մի շարք երկրներում, որպեսզի միջազգային հանրությունը եւս իրազեկ լինի Արցախի եւ արցախցիների ճակատագրի մասին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
ՀԱՐՑ. Իրականում պարզվել է, որ նման խումբ չի ստեղծվել: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս 2008 թ. մարտի 1-ի առավոտյան ՀՀ ՊՆ Զինված ուժերի զինծառայողներին Հանրապետության հրապարակ տեղափոխված ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների եւ Զինված ուժերի զորամասերից մեկի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը տվյալ տարածքում տեսանկարահանվել եւ հետագայում տարածվել էր համացանցում, ուստի այդ փաստը քողարկելու նպատակով հորինվել եւ վարույթն իրականացնող մարմնին եւ փաստահավաք խմբին հրամցվել է , թե իբր իրականում գոյություն է ունեցել Արթուր Դաստակովի գլխավորությամբ 18 հոգանոց խումբ, որը պատկերված է տեսանյութում, եւ թե իբր ՊՆ պետհամարանիշներով մեքենաները զորամասի անձնակազմին են տեղափոխել ծառայության ընթացքում: Ընդ որում, այդ նպատակով կատարվել են անհրաժեշտ կեղծ փաստաթղթավորումներ՝ հետին ամսաթվով, Ձեր կողմից թիվ 313 Ա հրամանն է ստորագրվել հիշյալ խումբը ձեւավորելու մասին, իրականացվել է կեղծ փաստաթղթաշրջանառություն ՊՆ եւ ՀՀ ոստիկանական ղեկավար կազմերի միջեւ, որոշ անձանց կողմից սույն քրեական գործով տրվել են սուտ ցուցմունքներ: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ ամենի կապակցությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչինչ չեմ կարող ասել, լսում եմ առաջին անգամ:
ՀԱՐՑ. Ի՞նչ է Ձեզ հայտնի 2008 թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը Զինված ուժերի ներգրավվածության մասին, մասնավորապես Լեո, Պարոնյան, Գրիգոր Լուսավորիչ փողոցներում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի մասնակցության վերաբերյալ ինձ ոչինչ հայտնի չէ, եւ վերջիններիս մասնակցության եւ ներգրավվածության մասին ինձ ոչինչ չեն զեկուցել, միգուցե եւ եղել է նմանատիպ խոսակցություններ, սակայն առարկայական ոչինչ չեմ հիշում:
ՀԱՐՑ. Քննության ընթացքում նաեւ պարզվել է, որ մարտի 1-ի դեպքերից հետո ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն է տրվել Զինված ուժերի ներգրավվածությունը հերքելուն, նրանց կողմից կատարված գործողությունները ոստիկանության զորքերին վերագրելու նպատակով, զրուցել ենթակա անձնակազմի հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով այնպիսի վարքագիծ դրսեւորել, որով հնարավոր լինի հերքել Զինված ուժերի ներգրավվածությունը մարտի 1-ի դեպքերին: Արդյունքում ոստիկանության զորքերի ծառայողները սույն քրեական գործի քննության ընթացքում հարցաքննվելիս թաքցրել են Զինված ուժերի ստորաբաժանումների ներգրավվածությունը մարտի 1-ի դեպքերին, միաժամանակ մի շարք ծառայողներ սուտ ցուցմունքներ են տվել, թե իբր իրենք են ինքնաձիգներից մարտական փամփուշտներով կրակոցներ արձակել, մինչդեռ իրականում մարտական փամփուշտներից կրակել են բացառապես Զինված ուժերի ծառայողները: Բացի այդ, Զինված ուժերի կողմից կրակված եւ դեպքի վայրի քննություններով հայտնաբերված ու վերցված փամփուշտները փոխարինվել են հիշյալ իրադարձությունների ժամանակ ծառայության մեջ եղած ՈԶ հատուկ նշանակության ջոկատի ինքնաձիգներից կրակված պարկուճներով: Ի՞նչ կասեք նշվածի կապակցությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ ամենի մասին լսում եմ առաջին անգամ:
ՀԱՐՑ. Քննության ընթացքում նաեւ պարզվել է, որ մարտի 1-ին հիշյալ իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սուրիկ Մելքոնյանը, Նուբարաշենի բաժանմունքի քրեական պետ Միհրան Քեշիշյանը եւ նույն բաժանմունքի երկու օպերլիազորներ Մ. Մաշտոցի պողոտայում գտնվող խանութների թալանը եւ կայանված մեքենաների հրկիզումը կանխելու նպատակով իրենց ամրակցված ծառայողական «Մակարով» տեսակի ատրճանակներից կատարել են կրակոցներ՝ յուրաքանչյուրը 8-ական փամփուշտ: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ ամենի մասին, նման հանգամանքի մասին Ձեզ զեկուցե՞լ են, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղյակ չեմ, ինձ այդ ամենի մասին ոչինչ չեն զեկուցել, լսում եմ առաջին անգամ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՈՐՈՇՄԱՆԸ
Երեկ կառավարության նիստերի դահլիճում կայացավ «Սեւան», «Հայաստան» եւ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունների համատեղ անդրանիկ ժողովը: Օրակարգում էին կատարած եւ կատարելիք աշխատանքները ներկայացնելը եւ նշված կազմակերպությունները որպես բացառիկ ճանաչելը, որն էլ հնարավորություն կտա պետության կողմից ստանալ ֆինանսական աջակցություն առանց մրցույթի մասնակցելու: Ժողովին ներկա էին ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը: 3 մարզական կազմակերպությունների ղեկավար կազմի ներկայացուցիչների խոսքերով՝ աշխարհի, Եվրոպայի եւ օլիմպիական մի շարք չեմպիոններ մարզվել են իրենց մոտ, եւ պետության կողմից առանց մրցութային կարգի ֆինանսավորումը կարող է հանգեցնել ՀՀ-ում սպորտի կտրուկ զարգացմանը: Այս առիթով ՀՀ կառավարությանը կոչով դիմեց կանանց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը. «…Որպես աշխարհի, Եվրոպայի եւ Օլիմպիական խաղերի հաղթող եւ մրցանակակիր՝ դիմում եմ կառավարությանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ «Սեւան» մարզական հասարակական կազմակերպության ֆինանսավորումը լինի նախկինի պես, այսինքն` առանց մրցութային կարգի»: Ելույթով հանդես եկան նաեւ Արսեն Ջուլֆալակյանը, Գեւորգ Լոռեցյանը, որոնք նշեցին, որ հարցը քննարկման փուլում է, եւ խոստացան խնդրին տալ ճիշտ եւ «յուրահատուկ» լուծում:
Համաժողովի վերջում երեք մարզական կազմակերպությունները ներկայացրին որոշում-նախագիծ, որտեղ գրված էր. «…Խնդրում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերոնշյալ կազմակերպություններին փոխանցել ծրագրվող գումարները առանց մրցութային կարգով տրամադրելու ձեւաչափի: Խոստանում ենք ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել սպորտի զարգացմանը»: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր եւ «Սեւան» մարզական կազմակերպության ղեկավար Բազմասեր Առաքելյանը ավելացրեց, որ իրենք չեն ցանկանում նոր խնդիրներ ստեղծել կառավարության համար, այլ ցանկանում են իրենց գործունեությամբ խթանել սպորտի զարգացումը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս