Լուսանկարն արվել է Երեւանում
Այս տաքսու վարորդը, ինչպես երեւում է, բացարձակ դեմ է ազդանշանով վարելուն: Աղջիկ վարորդներին էլ, փաստորեն, խիստ արգելվում է «սիգնալ տալ»:
ՀԱՐՑ. 2018թ. հոկտեմբերի 25-ին լրացել է թոշակի անցնելու տարիքս: Բոլոր փաստաթղթերով, լուսանկարով ներկայացել եմ Աջափնյակի սոցիալական բաժին, 10-15 օր սպասելուց հետո նորից ներկայացել եմ սոցապ բաժին: Պարզեցի, որ ճիշտ չէին հաշվարկել ստաժս: Չոբանյան Նունեն շրջանի արխիվի կողմից ներկայացրած ստաժը (1970-1978թթ.)` Ժողկրթության բաժնի մեկ տարին, եւ գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը չէր հաշվել իմ աշխատանքային ստաժում: 2-րդ անգամ նորից փաստաթղթեր եմ ներկայացրել. նշեմ, որ հասցրել էին նույնիսկ լուսանկարս կորցնել: 2019թ. հունվարին պարզեցի, որ նորից հաշվարկը սխալ են արել: Դիմեցի սոցիալական ծառայության բաժնի պետ Արայիկ Սաֆարյանին: Նշեմ, որ ես միեւնույն ժամանակ ե՛ւ աշխատել, ե՛ւ սովորել եմ. աշխատել եմ գյուղում սեզոնային ամիսներին: Ունեցել եմ 3 զավակ, 16 տարեկանում մեծ տղայիս կորցրել եմ: Խնդրում եմ պատասխանել հետեւյալ հարցերին.
1. Երեք երեխաներ ունենալու դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը:
2. Ինչպե՞ս են հաշվարկվում գյուղում աշխատած տարիները աշխատանքային ստաժում:
Գոհար Ղազարյան (63 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ, տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է նաեւ.
1. գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը
2. ծնողներից մեկի` հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը խնամելու կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի
3. ծնողներից մեկի` մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:
շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության վարչության պետ Ա. Մինասյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ:
ՀԱՐՑ. ՀՀ մշտական բնակության ժամանող անձի անձնական ավտոմեքենան առանց մաքսատուրքի վճարման Հայաստան ներմուծելու համար ի՞նչ պահանջներ են սահմանված: Ի՞նչ պետք է անի մեքենայի սեփականատերը:
Ռուբեն Հարությունյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում: