Նախկինում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեսաուղերձով է հանդես եկել եւ ՀՀ ներկայիս իշխանություններին մեղադրել սահմանադրական կարգի տապալման փորձի համար՝ հայտարարելով, որ քննությունը ժամանակի ընթացքում տեղի կունենա։ ՀՅԴ-ն ընդհանուր ժողովից հետո հանդես եկավ հայտարարությամբ` բավականին կոշտ տոնայնությամբ. ««Դաշնակցությունը» ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք եւ իշխանություն ձևավորելու հանձնառություն՝ ի խնդիր ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական լիակատար պետության կայացման»:
Հատկանշական է, որ ՀՅԴ-ի հետ վերջերս բավականին ակտիվորեն համագործակցում է խորհրդարանական ուժերից «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, եւ պատահական չէ, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների իր տարբերակը ներկայացնելիս ԼՀԿ-ն շեշտել էր, որ հաշվի են առել նաեւ ՀՅԴ առաջարկները:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խոսել է այն ժամանակ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, այժմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հետ:
-Պարո՛ն Գորգիսյան, «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, Սահմանադրական դատարանի որոշմամբ, սահմանադրական ճանաչվեց: Ի՞նչ կասեք այս մասին: Սպասելի՞ ընթացք էր:
-Չեմ կարծում, որ որեւէ պատգամավոր իրավունք ունի Սահմանադրական դատարանի որոշումները մեկնաբանել: Եթե ճանաչվել է, ուրեմն սահմանադրական էր: Ուղղակի այն փուլում, երբ մենք այդ աղմուկը բարձրացրինք, դա հստակ ուղղված էր Ազգային Ժողովը ցրելու դեմ: Այսինքն՝ այն պրոցեսները, որ նախապատրաստվում էին Ազգային ժողովը արձակելու համար եւ ունեին հեղափոխությունը կասեցնելու կամ թուլացնելու նպատակ, որովհետեւ Ազգային ժողովի նոր ընտրություններն էին հեղափոխության տրամաբանական եզրահանգումը: Դրա համար այդ փուլում շատ կարեւոր էր, որ դա չընդունվեր, որովհետեւ դա կարող էր մեծ խոչընդոտ հանդիսանալ օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերով Ազգային ժողովը արձակելու համար:
-Կարծիքներ կան, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած մեծ սկանդալը հանգեցրեց նրան, որ ընտրությունները հենց դեկտեմբերին լինեն: Համաձա՞յն եք:
-Չեմ կարող ասել: Ինձ թվում է`դա նախօրոք այդպես էլ պլանավորված էր:
-Ի՞նչ նկատի ունեք` ասելով, որ այդպես պլանավորված էր:
-Պլանավորված էր, որ ընտրությունները այդ փուլում պետք է լինեն: Դա ուղղակի իմ կարծիքն է:
-«Դաշնակցության» այն ժամանակ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով սրան, ասել էր, որ սահմանադրական կարգը տապալելու փորձ է արվել: Չե՞ք կիսում «Դաշնակցության» այս կարծիքը:
-Չեմ կարող մեկնաբանել «Դաշնակցության» որեւէ խոսք:
-Մամուլում շատ է շրջանառվում այն մասին, որ «Դաշնակցությունը» Ազգային ժողովի ընտրություններից մեկ տարի անց, այսինքն` դեկտեմբեր ամսին, պատրաստվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, եւ քանի որ այդ կուսակցությունը ներկայացված չէ խորհրդարանում, դա պատրաստվում է անել Ձեր եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հետ համագործակցելու միջոցով: Ի՞նչ կասեք այս մասին:
-Մենք երբեւէ նման թեմա չենք քննարկել: Այս պահին մեր օրակարգում իսկապես նման բան չկա:
-Բացառո՞ւմ եք, որ կլինի հետագայում:
-Քաղաքականության մեջ չի կարելի ինչ-որ բան բացառել, բայց այս պահին չկա նման քննարկում, նման մտադրություն, եւ, առհասարակ, պարոն Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը, կարծում եմ, երկար ժամանակ դեռ քաղաքական օրակարգում չի լինի, եթե, իհարկե, ինչ-որ ֆորսմաժորներ տեղի չունենան, սկանդալային բաներ:
-Այնուամենայնիվ, հայտնի է, որ ինչ-որ հարցերի շուրջ համագործակցում եք «Դաշնակցության» հետ: Էլի հանդիպումներ ունեցե՞լ եք: Ի՞նչ հարցեր են քննարկվել:
-Եղել է մի հանդիպում «Դաշնակցության» հետ: Պայմանավորվել ենք, որ երկրի համար կարեւոր հարցերում կարող ենք համատեղ քննարկումներ ունենալ, եւ հայտնել ենք մեր պատրաստակամությունը «Դաշնակցությանը» հուզող հարցերով կամ նախագծերով նաեւ աջակցել, որովհետեւ մենք խորհրդարանական ուժ ենք, իսկ նրանք համաշխարհային ցանցով 4 տոկոս հավաքած կուսակցություն են` 128 տարվա պատմություն ունեցող: Այդ ամեն ինչը հաշվի առնելով` մենք գտնում ենք, որ ցանկացած ռեսուրս պետք է օգտագործել` ի շահ Հայաստանի Հանրապետության:
-Ի՞նչ ընդհանուր հարցեր կան, որոնց շուրջ համակարծիք եք:
-Այս պահին քննարկել ենք կառավարության կառուցվածքի հարցը: Նրանցից ստացել ենք գրավոր առաջարկներ, որոնցից մի դրույթն ընդգրկել էինք մեր ներկայացրած փաթեթի մեջ: Այլ որեւէ բան չկա: Այս պահին դրանով սահմանափակվել ենք: Մենք հայտարարել ենք, որ բաց ենք արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ համագործակցության: Մեկ անգամ հանդիպում ենք ունեցել «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ: Նրանք ներկայացնում էին անցումային արդարադատության իրենց տեսլականը, կառուցողական քննարկում ունեցանք:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ 4 ՀՈԳՈՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾԵԼ
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստվում են մայիսի 18-ին «Մարիոթ» հյուրանոցում կուսակցության հիմնադիր համագումար անցկացնել: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենք հստակեցման փուլում են այժմ` կանոնադրություն, խորհրդի կազմ, անդամներ եւ այլն:
-Դե գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարեր, սակայն մինչեւ այսօր չի արվել նման փոփոխություն: Իսկ այս ներկայիս օրենքով ամեն ինչ արված է, որպեսզի Հայաստանում նոր կուսակցություն չստեղծվի, որովհետեւ տրված է 100 պատվիրակ, այսինքն` կուսակցությունը պետք է հիմնադրվի առնվազն 100 մարդով, որը հավանական բարդ պրոցես է: Պետք է լինի 800 ստորագրություն, 3 տարածքային գրասենյակ, այսինքն` բավականին բարդացված ու խստացված ռեժիմ է սահմանված, բայց մենք ընդունեցինք մարտահրավերը ու գնացինք առաջ, որպեսզի իրականացնենք մեր ծրագրերը: Իրենք նախկինում 4 հոգով կուսակցություն են ստեղծում, դա նորմալ էր, բայց իրենք հիմա որ արդեն կայացել են, այլ պահանջներ են դնում:
-Բայց ո՞րն է լինելու Ձեր առաքելությունը, ի՞նչ եք անելու, ի՞նչ ծրագրեր ունեք:
-Մենք հիմա ստեղծում ենք արտախորհրդարանական քաղաքական ուժ, որը պետք է հիմնված լինի ցենտրիզմի հիմքի վրա, պետականակենտրոն քաղաքականություն պետք է վարենք: Մեր հիմնական նպատակը քաղաքական բեւեռացվածության թուլացումն է, ռադիկալության վերացումն է: Մեր թշնամին ծայրահեղականությունն է, մենք գործելու ենք խելամտության հիման վրա: Կոնկրետ ՀՀ-ի պետականության ամրապնդման հենքի վրա ստեղծված քաղաքական կուսակցություն է, որի կարիքը այսօր շատ-շատ կա:
-Ըստ տեղեկությունների` կուսակցության «հովանավորյալը» ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է: Որքանո՞վ են իրատեսական այս տեղեկությունները:
-Չէ, չէ, Դուք կլսեք տարբեր անուններ, Դուք կլսեք նաեւ Սամվել Կարապետյանի անունը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Արմեն Սարգսյանի, ինքներդ մի պահ անգամ կխճճվեք, որովհետեւ իրականում կուսակցությունը ստեղծվում է գաղափարախոսության հիմքի վրա եւ բացառապես հիմնված է ՀՀ ազգային եւ պետական շահի հիման վրա, հետեւում կանգնած է ՀՀ պետական շահը, ՀՀ պետությունը, ՀՀ քաղաքացին: Ֆինանսավորում կատարվում է անձնական միջոցների հաշվին, կարողացել ենք հայթայթել նախնական գումար, որը կգեներացնենք հետագայում, որպեսզի կարողանանք ապահովել կուսակցության բնականոն աշխատանքը: Մենք, իրականում, այդքան հարուստ չենք, ինչքան որ հայտարարում են:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԿԳԱ
Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, եւ այն ներկայացնելու է անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հետո այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, որտեղ եւս Դավթյանը կներկայացնի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներից շատերը սպասում են Գլխավոր դատախազի այցին, եւ այսօրվա հանդիպմանը նպատակադրվել են մասնակցել նաեւ այնպիսի պատգամավորներ, որոնք չեն հանդիսանում այդ հանձնաժողովի անդամ, սակայն ցանկանում են ներկա գտնվել եւ փորձելու են իրենց հուզող հարցերը տալ հատկապես վերջին իրավական իրադարձությունների ֆոնին:
ՔԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԿՓՈԽԵ՞Ն
Ինչպես հայտնի է, օրերս ԱԱԾ-ն ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում խուզարկություններ եւ ստուգումներ իրականացնելուց հետո տեսանյութ էր հրապարակել` ցույց տալով այնտեղ տիրող բարձիթողի իրավիճակը: Դրանից հետո Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանը ՔԿՀ պետի պաշտոնից ազատման դիմում գրեց: Սակայն նկատենք, որ Հարությունյանին համակարգից չհեռացրին, այլ տեղափոխեցին ուրիշ պաշտոնի` հայտնելով, որ ծառայողական քննություն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Խաչիկ Հարությունյանին համակարգից չհեռացնելն այլ պատճառներ ունի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ Խաչիկ Հարությունյանն առաջիկայում նշանակվի ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանի փոխարեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից, սակայն նա ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Մեր այն հարցին` Դուք գոհ եք արդյոք Արտյոմ Մխոյանի գործունեությունից` հաշվի առնելով այն, որ ԱԱԾ-ն օրերս նման բացահայտում կատարեց քրեակատարողական հիմնարկներում, նախարարը դրական պատասխան տվեց:
ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Պաշտոնական թվերով անգամ` այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված` լինի դա բեռնափոխադրումներ, թե ուղեւորափոխադրումներ, անկում է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները, անցած տարվա համեմատ, նվազել է 61.4 տոկոսով։ Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումը կազմում է 73.5 տոկոս։ Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ նպատակի դիտարկելիս տեսնում ենք, որ արտահանումը աճել է 5.6 տոկոսով, ներմուծումը` 29.4 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները, հակառակը, նվազել են 82.7 տոկոսով։ Մյուս կողմից՝ ընդհանուր ուղեւորափոխադրումները նվազել են 0.9 տոկոսով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը, անցած տարվա համեմատ, զգալի աճել է՝ կազմելով 74.6 տոկոսով, փոխարենը` ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները նվազել են 3 տոկոսով: