Ապրիլի 5-ին Ազգային ժողովում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի շուրջ կրքերը դեռեւս չեն հանդարտվում։ Ելույթից հետո այդ թեմային անդրադարձան գրեթե բոլորը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թե՛ չեզոք, թե՛ պաշտպանող, թե՛ վատաբանող մեկնաբանություններով։ ԱԺ-ում տեղի ունեցածն ու դրան հաջորդած իրադարձությունները հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` միաժամանակ սպառնալով դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ:
ՀՀ-ում կատարվածին օրերս անդրադարձել է բրիտանական հեղինակավոր «Գարդիան» պարբերականը։ Հետաքրքիրն այն է, որ պարբերականն իր հոդվածում հիմնականում առանձնացրել էր այն մեկնաբանություններն ու կարծիքները, որոնք ծայրահեղ էին, դեմ այդ երեւույթին կամ սպառնալիքներ էին պարունակում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հասցեին։ Այսինքն` պարբերականը միակողմանի էր մոտեցել հոդվածին՝ առանձնացնելով մի քանի մեկնաբանություններ, սակայն, օրինակ, ոչ մի խոսքով չէր անդրադարձել վարչապետի մեկնաբանությանը կամ այն գործիչների, որոնք ավելի չեզոք էին արտահայտվել։
Դրա փոխարեն պարբերականում մանրամասնորեն անդրադարձ է կատարված ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի մեկնաբանությանը, որը կարող է նաեւ միջպետական հարաբերությունների խնդիրների պատճառ դառնալ։ Վերջինս «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր. «Նրանց ուղարկե՛ք Հոլանդիա։ Մենք ցանկանում ենք, որ կանայք լինեն կին, տղամարդիկ՝ տղամարդ։ Դուք չեք կարող խառնել տղամարդկանց կանանց հետ», եւ «Գարդիանը» հենց այս հատվածն է մեջբերել:
Ղուկասյանի խոսքերը բրիտանական պարբերականն արժեւորել է որպես կարծիք օրենսդիր մարմնի ներկայացուցչի, որը հանդիսանում է խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի անդամ: Բայց, փաստորեն, Ղուկասյանն արել է հայտարարություններ, որ կարող են միջպետական հարաբերությունների վատթարացման առիթ հանդիսանալ Նիդերլանդների հետ. խոսքը «նրանց տարե՛ք Հոլանդիա» առաջին հայացքից անմեղ թվացող արտահայտության մասին է։
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորի կողմից նման արտահայտությունն արդեն իսկ դժգոհության պատճառ է դարձել Նիդերլանդներում որոշ շրջանակների մոտ։ Մասնավորապես, նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ նման անպատասխանատու հայտարարությունները կարող են ստվեր գցել Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների վրա այն դեպքում, երբ վերջին շրջանում, հատկապես` հեղափոխությունից հետո, երբ տարբեր նախաձեռնություններ կան դրանք ակտիվացնելու առնչությամբ, եւ այդպիսի փորձերը բազմաթիվ են:
Որքան էլ Հայաստանում, քաջ իմանալով Վարդան Ղուկասյանին, նրա հայտարարութուններին վերաբերվեն հումորով` նույնը չես ասի օտարերկրյա պետությունների մասին: Եվ, ամեն դեպքում, նրան ընդունում են որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, որպես խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի անդամ:
Իհարկե, այստեղ նաեւ անելիք ունի հենց ԲՀԿ խմբակցությունը։ Բանն այն է, որ նմանատիպ մի իրավիճակ կարող էր առաջանալ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթից հետո, որում նա հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությանն անվանել էր ավտորիտար պետություն։ Դրանից հետո իր թիմակիցները շտապել էին շտկել պատգամավորի սխալը՝ ասելով, որ դա վերջինիս անձնական կարծիքն է։ Ավելին` պատգամավորը եւս հետագայում բազմիցս խոսեց այդ մասին՝ այն անվանելով վրիպակ եւ, ըստ էության, ներողություն խնդրելով։ Այսպիսի իրավիճակ առկա չէ, սակայն, ԲՀԿ-ի պարագայում։ Ո՛չ խմբակցությունը, ո՛չ էլ անձամբ պատգամավորը որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել այն դեպքում, երբ նրա հայտարարություններն արդեն քննարկվում են այդպիսի հեղինակավոր պարբերականներում եւ դժգոհության առիթ հանդիսանում Նիդերլանդների ներսում։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ԲՀԿ-ական պատգամավորից։ Իսկ, ահա, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ, մեր հարցին ի պատասխան, միայն նշեց. «Առանց մեկնաբանության»՝ ընդգծելով, թե արհեստական օրակարգեր են ձեւավորվում՝ դատարկ եւ անիմաստ, եւ դրանք մեկնաբանելու որեւէ ցանկություն իրենց մոտ առկա չէ։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՉԻ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը 2008թ.-ի մարտիմեկյան օրերին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, այդպես էլ չի հարցաքննվել «Մարտի 1»-ի քրեական գործով: Հասկանալի է, որ վերջինիս հարցաքննությունը կարեւոր է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ իրեն այն ժամանակ մեղադրել են ընդդիմությանը միանալու փորձերի համար: Անգամ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ 2008թ. փետրվարի 23-ին ինքը հենց այդ նպատակով էր խորհրդակցություն անցկացրել, որպեսզի կանխի ԵԿՄ-ական փոխնախարարներ Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի միանալը ժողովրդին: Նշենք, որ ի տարբերություն Մանվել Գրիգորյանի` Գագիկ Մելքոնյանը` որպես վկա, հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով: Ինչեւէ, մեկաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանին: «Ես չեմ կարող ոչինչ ասել: Դրա համար համապատասխան լիազոր մարմնին»,-ասաց նա: Մինչ այդ հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը որպես մեղադրյալ անցնում է մեկ այլ քրեական գործով. նա մեղադրվում է ապօրինի զենք պահելու, նաեւ զինվորի բաժին մթերքը յուրացնելու համար:
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՉԷ
Նախօրեին ոստիկանները Երեւանի Իսակովի պողոտա 29/1 հասցեի մոտ «ասֆալտին են փռել» Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի եւ Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոմեքենաների վարորդներին ու ուղեւորներին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանին ու նրա թիկնազորին: «Ասֆալտին փռվել են» Երեւանի բնակիչներ 49-ամյա Արսեն Սաֆարյանը, 34-ամյա Դավիթ Արզումանյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ 35-ամյա Հակոբ Գեւորգյանը եւ Սպիտակ քաղաքի բնակիչ 48-ամյա Արկադի Համբարձումյանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի հետ` հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան եւ իր թիկնազորին, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց ոմն Արսեն (հավանաբար «ասֆալտին փռված» թիկնապահներից Արսեն Սաֆարյանը) եւ հայտնեց, որ Արկադի Համբարձումյանը ձերբակալված չէ, իսկ ինքն այլ մանրամասներ հայտնել չի կարող:
ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԸ
ՀՀ կառավարությունը հավանություն կտա Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Վարկային համաձայնագրի արժեքը 13,4 մլն եվրո է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարեկարգելու միջոցով ապահովել շուկաների եւ ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար։
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հանդես գալով նախարարների խորհրդի նիստում, ասել է, որ Ադրբեջանի գործունեության արդյունքում կանխվել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափը փոխելու փորձերը: Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել. այն պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ՄԱԿ ԱԽ բանաձեւերի հիման վրա: Ըստ Ալիեւի` Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» երբեք չի եղել եւ չի լինի բանակցությունների թեմա: «Նշեմ նաեւ, որ բանակցությունների ձեւաչափը շարունակում է անփոփոխ մնալ: Չնայած այն հանգամանքին, որ եղել են որոշակի փորձեր, սակայն մեր գործունեության արդյունքում դրանք կանխվել են: Բացի այդ, մարտի 9-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը հասցեական էր, միանշանակ վկայում էր այն մասին, որ հակամարտության կողմերը երկուսն են: Հետեւաբար, կարծում եմ, որ այս թեման արդեն լուծում գտել է: Մենք կշարունակենք մնալ մեր սկզբունքային դիրքում, կամրապնդենք մեր երկիրը եւ բանակը»,-ասել է Ալիեւը:
ԲԱԲԱՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բարձրաձայնել է բարձրագույն աստիճանի մարդասիրական մոտեցում զինված հակամարտությունների գոտիներում գերիների հարցում: Այս մասին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է` ասելով. «Սերգեյ Վիկտորովիչի հայտարարությունը պետք է դիտարկել երկու ասպեկտով. առաջինը եւ ամենագլխավորը` ռուսաստանցի նախարարը բարձրաձայնել է բացարձակապես մարդասիրական մոտեցում. բոլոր գերիները եւ պատանդները պետք է վերադարձվեն ու ազատվեն: Սրա հետ, իհարկե, կարելի է եւ պետք է համաձայնել: Բայց հարցն ունի նաեւ մյուս կողմը` այն, ինչ փորձում են վերագրել նախարար Լավրովին: Չեմ կարծում, որ պարոն Լավրովը գերիների մասին խոսելիս նկատի է ունեցել մարդասպաններին եւ ահաբեկիչներին»: Դավիթ Բաբայանը հիշեցրել է, որ ԼՂՀ-ի իշխանությունների մարդասիրական մոտեցման վկայությունն է նաեւ այն, որ որոնելիս հանցագործներին չեն չեզոքացրել, իսկ եւս մի ադրբեջանցի զինվորական, որի խղճի վրա ծանր հանցագործություն չի ծանրացած, պատժաժամկետը կրել է եւ ազատվել: Հիշեցնենք, որ Բաքուն համառորեն փորձում է հասնել երկու ահաբեկիչներ Ասկերովի եւ Գուլիեւի ազատմանը, որոնք դատապարտվել են ԼՂՀ Քարվաճառի շրջանում կատարած սպանության համար:
ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Մայիսի 2-3-ին` կեսօրից հետո, Հայաստանի հյուսիսային շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, մայիսի 3-4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով: Երեւանում մայիսի 2-ին` ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 3-ին` կեսօրից հետո, 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Նշենք, որ Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: