«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որը պետք է դատաքննի «Մարտի 1»-ի քրեական գործը, ինքնաբացարկ է հայտնելու:
Ապրիլի 29-ին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ գործի քննությունը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին: Դատավորը, սակայն, պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել, մանավանդ որ դրա համար կան հիմքեր:
Մինչ այդ հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին դատավորներից մի քանիսը հրաժարվել են քննել աղմկահարույց գործերով անցնող նախկին պաշտոնյաների, այժմ` քրեական աղմկահարույց գործերով մեղադրյալների խափանման միջոցի ընտրության հարցը: Գրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու եւ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ նրա կալանքը երկարաձգելու գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մի քանիսը հրաժարվել էին քննել. մեկն ինքնաբացարկ էր հայտնել, մյուսը, պատճառաբանելով առողջական վիճակը, ետ էր կանգնել այդ քայլից:
Այսպիսով, միայն Ռոբերտ Քոչարյանի գործով չէ, որ դատավորները ինքնաբացարկների շարք էին սկսել. իրավիճակը նույնն էր նաեւ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկինում ՀՔԾ-ում «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի դեպքում: Վերջինիս գործը քննելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները սկսել են տարբեր պատճառաբանություններ առաջ քաշել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ վերջինիս գործը քննելու հարցում առաջին ինքնաբացարկը հայտնել էր դատավոր Նելլի Բաղդասարյանը` պատճառաբանելով, որ Վահագն Հարությունյանը իր ամուսնու ընկերն է: Ինչեւէ, գործը մակագրվել էր մեկ այլ դատավոր Վարդան Գրիգորյանին, որը եւս հրաժարվել էր քննել այդ գործը` նշելով, որ ինքը նախկինում եղել է «Մարտի 1»-ի գործով պաշտպան, ուստի չի կարող քննել այդ գործը:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` երբ գործը մակագրվել է դատավոր Վարագն Գրիգորյանին, ինչպես դատական համակարգը, այնպես էլ ինքը` դատավորը, բարձրացրել են այդ խնդիրը. նա չի կարող քննել «Մարտի 1»-ի գործը, քանի որ նախաքննության փուլում «Մարտի 1»-ի գործով անցնող մեղադրյալներից Վահագն Հարությունյանի մասով ամիսներ առաջ ինքնաբացարկ է հայտնել եւ ներկայացրել է պատճառները, ուստի այդ դեպքում եւս չի կարող քննել «Մարտի 1»-ի քրեական գործի անջատված մասով մեղադրյալների հարցը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը, որ վերաբերում է դատավորին ինքնաբացարկ հայտնելուն, հետեւյալ հիմքերն է նախատեսում.
1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության վերաբերյալ: Ինքնաբացարկի հիմքերը, ի թիվս այլոց, ներառում են այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
Եւ, ահա, Վ. Գրիգորյանը նախկինում եղել է «Մարտի 1»-ի գործով պաշտպան: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը, Վարդան Գրիգորյանի ինքնակենսագրությունն ուսումնասիրելով, պարզեց, որ նա 2006 թվականից մինչեւ 2007 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության իրավաբանների միությունում: 2007 թվականից մինչեւ 2014 թվականն աշխատել է որպես հանրային պաշտպան: Ուշագրավն այն է, որ այդ ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է եղել Ռուբեն Սահակյանը, որը ներկայումս «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է: Ուստի այստեղ էլ հարց է առաջանում` արդյոք դատավոր Վարդան Գրիգորյանը կաշկանդված չի լինի քննել այնպիսի մի քրեական գործ, որը պաշտպանում է իր նախկին ղեկավարը:
Ինչեւէ, այս հանգամանքները դատական համակարգում ուսումնասիրվել են, եւ առաջիկայում դատավոր Վարդան Գրիգորյանը ինքնաբացարկ կհայտնի: Հետաքրքիր է` սա անելու է դատավարության մեկնարկից առաջ, թե հենց առաջին դատական նիստի օրը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԻՄԵԼ Է ԱԱԾ
Ինչպես հայտնի է, 2018 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Մանե Թանդիլյանը, որ հիմա ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր է:
Մինչեւ պաշտոնից հեռանալը Մանե Թանդիլյանը Ազգային անվտանգության ծառայություն դիմում է ներկայացրել` նախկին նախարարի` Արտեմ Ասատրյանի պաշտոնավարման օրոք տեղի ունեցած առերեւույթ չարաշահումների ու վատնումների վերաբերյալ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Թանդիլյանը դիմում է ներկայացրել այն մասին, որ նախկին նախարարը եւ ՍԱՊԾ նախկին պետը որոշումներ են կայացրել, որոնց արդյունքում մոտ 50 միլիոն դրամի չարաշահումներ են եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել անձամբ Մանե Թանդիլյանից` հարցնելով, թե արդյոք նա Արտեմ Ասատրյանի գործունեության մասին դիմում է ներկայացրել ԱԱԾ: «Ձեր ձեւակերպումնեի սկիզբը տարօրինակ է հնչում, այս պահին չեմ կարող մտաբերել, բայց ես, պարգեւատրումների օրինականությունը հարցականի տակ դնելով, տեղեկատվություն եմ ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց նախկին նախարարը:
Մինչ այդ արձանագրենք. ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային` միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է նախկին նախարար Արտեմ Ասատրյանի գործունեությունը ստուգելու առումով:
Մասնավորապես, կասկածներ կան արտագաղթը կանխելու համար ԵՄ-ից տրամադրված 1 մլն դրամի ծախսման արդյունավետության հարցով: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային` տեղեկացնելով, որ 2013 թվականի գարնանը արտագաղթի կամ, այլ կերպ ասած, անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար Եվրամիությունը 1 միլիոն եվրո տրամադրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն այդպես էլ հանրությանը անհասականալի մնաց, թե Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչությունն ինչպես հաջողացրեց նշված գումարն այնպես ծախսել, որ դրանից արտագաղթի տեմպերը ոչ թե նվազեցին, այլ շեշտակի ավելացան: Ավելին` նախարարության գործունեության մասին բացահայտումներ է անգամ իրականացրել Վերահսկիչ պալատը, եւ այսպես շարունակ, սակայն նախկին իշխանությունների օրոք մշտապես դատարանի առաջ են կանգնել մանր ձկները, իսկ խոշորները լավ էլ լողում են քաղաքական հորձանուտներին համընթաց:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՌԱՋ
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը հայտնել է, որ իրեն Ռուսաստանի Դաշնության իշխանությունների պահանջով թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել: Պատգամավորն այս մասին հայտնել է սոցցանցի իր էջում: «Ստուգման ժամանակ ներկայացրի սովորական անձնագիրս, քանի որ այցը ծառայողական չէր, իսկ ես դիվանագիտական անձնագիրը չեմ չարաշահում: Երկարատեւ ստուգումից հետո աշխատողներն ասացին, որ տվյալների բազայում դրված է «մուտքի արգելք» նշումը: Երբ խնդրեցի բացատրել նշման պատճառը, ասացին, որ այն անհայտ է, եւ ասել չեն կարող: «Պարզապես անցանկալի անձ»,-գրել է պատգամավորը: Պատգամավորը նշել է, որ դա արվել է ՌԴ-ի պահանջով` ՀՀ սահմանապահ ծառայության տվյալների բազան ՌԴ պատժամիջոցային ցուցակի հետ սինքրոնացման նպատակով: Նայեմի խոսքով` բոլոր հանգամանքները պարզելուց եւ, հավանաբար, ուկրաինական կողմի միջամտությունից հետո իրեն, այնուամենայնիվ, թույլ են տվել Հայաստան մուտք գործել:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Նախօրեին ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բկ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մետ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են: Պարզվել է նրանց ինքնությունը. Երեւանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն եւ 30-ամյա Գեւորգ Գրիգորյաններն են եղել: Եղբայրներից կրտսերը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Քրեական գործ է հարուցվել` սպանության հատկանիշներով: Ավելի ուշ բացահայտվել է սպանությունը. դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի 1\1 շենքի հետնամասում: Պարզվել է կասկածյալի ինքնությունը, որը հայտնաբերվել է իր բնակարանում ու բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Նա ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
Տավուշում հակառակորդի կրակից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող: Նրա վիճակը կայուն է` դրական դինամիկայով. այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող էր վիրավորվել, որի վիճակը ծանր կայուն էր. վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Նա ուղղաթիռով տեղափոխվել էր Երեւան ու վիրահատվել: