ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿԱՆՈՆ Է` ԱՌԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած ՀՀ ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Խոսքն այն օրինագծի մասին է, որը մեծ աղմուկ բարձրացրեց` առիթ հանդիսանալով արագացնելու նախորդ խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը:

«Ժողովուրդ» օրաթերը այս հարցի շուրջ զրուցել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:
-Պարո՛ն Մելիքյան, Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի` 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը սահմանադրական է: Ի՞նչ է լինելու այս որոշումից հետո, ի՞նչ ընթացակարգ է հետեւելու:
-Ես երբեք չեմ կարծել, որ այդ օրենքը հակասահմանադրական է, ու ես չեմ զարմանում, որ այդ օրենքը ՍԴ-ն չի համարել հակասահմանադրական. դա իրավական տեսանկյունից որ նայենք, զարմանալի կլինի, թե ինչու պետք է այդ օրենքը համարվի հակասահմանադրական:
-Բայց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ այս ամենից բխում է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սահմանադրական կարգը տապալելով է իշխանության եկել:
-Ես ծանոթ չեմ ՀՅԴ-ի այդ հայտարարությանը, այդ իսկ պատճառով չեմ կարող մեկնաբանել, ու ես չեմ կարծում, որ այս իրավական հարցից ինչ-որ ուղիղ հետեւոթյուններ կարելի է անել Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից, որոնք որ արտահայտել են` կոնկրետ օրենքի սահմանադրականության հետ կապված: Իսկ իրավական հետեւանքները շատ հստակ են, իսկ դա այն է, որ եթե օրենքը նախագահի կողմից ստորագրվի, ուրեմն կմտնի ուժի մեջ ու կանոնակարգ օրենքում ուղղակի փոփոխություն կլինի: Ես վստահ եմ, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը երեւի չի էլ իմանում, թե ինչ առիթով է եղել այդ սահմանադրական ճգնաժամը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին: Իմ պատկերացմամբ` այդ օրենքի նախագիծը, զուտ իրավական տեսանկյունից որ նայենք, երբեք խնդրահարույց չեմ համարել: Իրավական տեսանկյունից ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ իրավական հետեւանքի խնդիր կա: Իրավական հետեւանքն այն էր, որ այն ուժի մեջ կմտնի ու կդառնա ընդամենը մեր իրավական համակարգի մասը: Այսքանը:
-Այսինքն` այն տեսակետը, որ հոկտեմբերին ճնշում է գործադրվել նախկին իշխանությունների նկատմամբ, որի արդյունքում ներկայիս իշխանությունները ղեկավարում են երկիրը…
-Ես գնահատական չեմ կարող տալ, քանի որ դա քաղաքական է, ու չեմ կարծում, որ այսօր արդիական է դրա մասին խոսելը: Ես չգիտեմ, թե դրա մասին ով է խոսում, բայց ես կարծում եմ, որ այն արդիական չի: Իրավական մասով, ես կարծում եմ, այն շատ բնականոն որոշում է, շատ նորմալ որոշում է: Ունեցել ենք հետեւյալ իրավիճակը. հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակներում իրավասու է ստանալու խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, կա՛մ այն ստորագրել, որն արդեն ուժի մեջ է մտնում, կա՛մ ուղարկել Սահմանադրական դատարան, եթե կարծում է, որ այն Սահմանադրությանը չի համապատասխանում: Փաստորեն, նախագահը դեռ հոկտեմբերին ընտրել է երկրորդ տարբերակը, օրենքն ուղարկել է Սահմանադրական դատարան, իսկ ՍԴ-ն էլ իր ընթացակարգերի շրջանակներում քննել է ու արդեն հայտնել, որ այն սահմանադրական է: Իսկ դրանից հետո ՀՀ նախագահը պարտավոր է այն ստորագրել, ու այն ուժի մեջ կմտնի: Իրավական տեսանկյունից այն շատ հստակ է:
-Կարելի է ասել, որ ՀՅԴ-ի գործողությունները պետք է լինեն քաղաքակա՞ն առումով, քանի որ նրանք էլ նպատակ ունեն այդ օրենքի հիման վրա իշխանություններին ոչ լեգիտիմ համարել:
-Իրավական առումով այլ ընթացակարգ չկա, մնացածի մասով որեւէ բան չեմ կարող ասել, թե ինչ քայլ է հետեւելու քաղաքական առումով: Այլ բան է, որ ԱԺ-ն հիմա կարող է, եթե իհարկե այս հարցն այդքան կարեւորում է, նորից փոփոխություն անի կանոնակարգ օրենքում. սա օրենսդրի հայեցողության խնդիրն է: Իսկ իրավական տեսանկյունից գործընթացն ավարտված է: Իսկ այդ հարցի հետ կապված որեւէ այլ մեկը ինչ-որ բան կնախաձեռնի, դա արդեն բոլորովին այլ գործի մասին է խոսքը: Քաղաքական մասով, ես կարծում եմ, որ այդ հարցը բարձրացնելու համար ճիշտ ժամանակն է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՆՈՐԵՐԸ
«Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունները կդադարեցվեն: Այս որոշման նախագիծը Բնապահպանության նախարարությունն այսօր կներկայացնի ՀՀ կառավարությանը: Ըստ ԲՆ-ի` Հայաստանում ներքաղաքական իրավիճակից բխող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել հիմնադրամի կազմում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բնապահպանության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, առողջապահության ոլորտներում կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներն ու Գեղարքունիքի մարզպետը կնշանակվեն «Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամներ:

 

 

 

ԿՎՃԱՐԵՆ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԸ
ՀՀ կառավարությունը Քաղաքաշինական պետական կոմիտեին գումար կհատկացնի` Քաղաքաշինական պետական տեսչության աշխատողների վերջնահաշվարկը վճարելու համար: Խոսքը 24 մլն 307 հազար 700 դրամի մասին է: Նշենք, որ անցած տարվա հունիսի 11-ի որոշմամբ` լուծարվել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս փոփոխության հետեւանքով կրճատվել է 55 հաստիք, իսկ աշխատանքից ազատված աշխատակիցների վերջնահաշվարկի գումարը կազմում է շուրջ 24 մլ 307 հազար դրամ: Եւ քանի որ այս գումարը նախատեսված չէ Քաղաքաշինության կոմիտեի ընթացիկ տարվա պահպանման ծախսերում, այդ պատճառով կառավարությունը այն կհատկացնի:
Բացի այս, տեղեկացնենք, որ Քաղաքաշինական պետական տեսչության` աշխատանքից ազատված աշխատողները սահմանված կարգով գրանցվել են կոմիտեի կադրերի ռեզերվում եւ, օրենքով սահմանված կարգով, երեք ամիս վարձատրվել են Քաղաքաշինության կոմիտեից: Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում: Այս դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է, եթե նրա լիազորությունները դադարում են կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կադրերի ռեզերվում գրանցված աշխատակիցներից 13-ը, իրենց դիմումի համաձայն, դեռեւս անցած տարվա դեկտեմբեր ամսին ստացել են վերջնահաշվարկ` շուրջ 7,5 մլն դրամի չափով, իսկ կադրերի ռեզերվում գրանցված թվով 39 աշխատակցի 6-ամսյա ժամկետը լրացել է այս տարի:

Ս. Հ.

 

 

 

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Սահմանամերձ Տավուշի մարզի` գազ օգտագործող ավտոմեքենաների տերերը շարունակում են դժգոհել գազի գնից եւ մեքենաների լիցքավորման որակից: Իջեւանի տարածաշրջանի ավտոգազալցավորման ճնշման կայանների մի մասը մեկ խորանարդ մետր գազը վաճառում է 220 դրամով, Նոյեմբերյանի տարածաշրջանի ԱԳԼՃԿ-ներում` 200 դրամով: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազի գինը 190 դրամ է: Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում ավտոմեքենաներին լիցքավորվող գազի ճնշումը 250 է, իսկ Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում` 220, սակայն ավտոմեքենաները լիցքավորելուց հետո 220-ը շատ արագ նվազում է 160-ի: Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան ուղերթը սպասարկող տաքսիստներն իրենց ավտոմեքենաները մշտապես գազով լիցքավորում են Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք ասացին, որ եթե Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում իրենց մեքենաների որակյալ լիցքավորումը չլիներ, իրենք չէին կարող մեկ ուղեւորին 3 հազար դրամով Նոյեմբերյանից Երեւան հասցնել: Տավուշի մարզի վարորդները տարիներ շարունակ դժգոհում են, որ Ադրբեջանին սահմանակից մարզի ԱԳԼՃԿ-ներում մեքենաները թերլիցքավորվում են, սակայն պետական ստուգող կազմակերպությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում այդ փաստերը բացահայտելու, արձանագրելու համար, որպեսզի դրանք հետագայում բացառվեն:

 

 

3 ՕԾԱՆԵԼԻՔ ԵՎ ՄԵԿ ԵՐՇԻԿ
Արթուր Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. սեպտեմբերի 30-ին նախնական համաձայնության գալով Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Ալիկ Հարությունյանի հետ` ապօրինի մուտք է գործել Դիլիջան քաղաքի բնակիչ Գրիգոր Հարությունյանի բնակարան: Ինքը հսկել է տարածքը, իսկ Ա. Հարությունյանը գողացել է ընդհանուր 27 հազար դրամ արժողությամբ երեք կիսաօգտագործած օծանելիք եւ մեկ ապխտած երշիկ: Ա. Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 38-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Այս քրգործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՈՒՂՂԱԹԻՌՈՎ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Ինչպես հայտնի է, օրեր առաջ սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորի բժշկական կենտրոնից Երեւան է տեղափոխել Վանաձորի ծերատան բնակիչ 68-ամյա Սամվել Ստեփանյանին: Տեղեկությունների համաձայն` Ստեփանյանը բժշկական կենտրոնում մահացել է։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը դեպքի վերաբերյալ հակասական տեղեկություններ ստացավ: Մասնավորապես, նշում են, որ 68-ամյա քաղաքացին իրականում մահացել է ոչ թե հիվանդանոցում, այլ ուղղաթիռի մեջ՝ ճանապարհին։ Բանն այն է, որ այդ ուղղաթիռներն իրականում հարմարեցված չեն բժշկական ծառայություններ մատուցելու համար, եւ այդ մասին բարձրաձայնել են տարբեր մասնագետներ։ Այսինքն՝ ուղղաթիռում չեն կարող ռեանիմացիոն գործողություններ լիարժեք կատարել, որի հետեւանքով էլ մահ է արձանագրվել։ Իսկ մյուս վարկածի համաձայն էլ` նրան չեն կարողացել փրկել հիվանդանոցում, սակայն այս դեպքում էլ պատճառն այն է, որ ուղղաթիռի մեջ անհրաժեշտ աշխատանքներ չեն կարողացել ամբողջ ծավալով կատարել: Ստացվում է, որ քաղաքացու` ուղղաթիռով տեղափոխությունը չփրկեց վերջինիս կյանքը: Հավելենք, նաեւ, որ նրան ուղղաթիռով Երեւան տեղափոխելու հարցը եւս վիճելի է եղել: Եվ համեմատության համար նշենք, որ, օրինակ, Պաշտպանության նախարարության ուղղաթիռները հարմարեցված են, բժիշկները կարող են ազատ տեղաշարժվել, անհրաժեշտ բոլոր գործողությունները իրականացնել։ Իսկ այս դեպքում այդպես չէ, ինչի հետեւանքն էլ արձանագրված մահն է։ Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ թե՛ «Աստղիկ» բկ-ից, թե՛ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, սակայն անարդյունք. վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ հիվանդանոցից էլ ասացին, որ ոչ աշխատանքային օր է, եւ մեր հարցին չեն կարող պատասխանել:




Լրահոս