Լուսանկարն արվել է Երեւանում
Հավանաբար աղբամանը ներկել ու սխալմամբ գրությունը փակցրել են վրան։ Այս ամենից զատ, փաստ է, որ աղբամանի վրա, այսպես թե այնպես, հնարավոր էլ չէ նստել։
ՀԱՐՑ. 2018թ. հոկտեմբերի 25-ին լրացել է թոշակի անցնելու տարիքս: Բոլոր փաստաթղթերով, լուսանկարով ներկայացել եմ Աջափնյակի սոցիալական բաժին, 10-15 օր սպասելուց հետո նորից ներկայացել եմ սոցապ բաժին: Պարզեցի, որ ճիշտ չէին հաշվարկել ստաժս: Չոբանյան Նունեն շրջանի արխիվի կողմից ներկայացրած ստաժը (1970-1978թթ.)` Ժողկրթության բաժնի մեկ տարին, եւ գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը չէր հաշվել իմ աշխատանքային ստաժում: 2-րդ անգամ նորից փաստաթղթեր եմ ներկայացրել. նշեմ, որ հասցրել էին նույնիսկ լուսանկարս կորցնել: 2019թ. հունվարին պարզեցի, որ նորից հաշվարկը սխալ են արել. դիմեցի սոցիալական ծառայության բաժնի պետ Արայիկ Սաֆարյանին: Նշեմ, որ ես միեւնույն ժամանակ ե՛ւ աշխատել, ե՛ւ սովորել եմ. աշխատել եմ գյուղում սեզոնային ամիսներին: Ունեցել եմ 3 զավակ, 16 տարեկանում մեծ տղայիս կորցրել եմ: Խնդրում եմ պատասխանել հետեւյալ հարցերին.
1. Երեք երեխաներ ունենալու դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը:
2. Ինչպե՞ս են հաշվարկվում գյուղում աշխատած տարիները աշխատանքային ստաժում:
Գոհար Ղազարյան (63 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կարգի 18-րդ կետի համաձայն` կոլտնտեսության անդամի` կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով կամ աշխատանքի մասին կոլտնտեսությունների վարչությունների ունեցած փաստաթղթերի հիման վրա տրված փաստաթղթով կամ արխիվի տրված տեղեկանքով, ընդ որում` տարվա ընթացքում վաստակած մեկ աշխօրը հաշվառվում է որպես մեկ աշխատանքային օր, հարյուր եւ ավելի աշխօրը` մեկ աշխատանքային տարի, իսկ մեկ մարդ-օրը հաշվառվում է որպես մեկ աշխատանքյաին օր: Կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածում ռուբլով վարձատրված լինելու մասին փաստաթուղթ ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր 70 ռուբլին հաշվարկվում է որպես մեկ ամսվա ստաժ, իսկ 840 եւ ավելի ռուբլին` որպես տարվա ստաժ: Վերը նշված կարգի 48-րդ կետի համաձայն` աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է` սկսած 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են ՀՀ օրենսդրությամբ սահմանված, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ` ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գ. Ղազարյանն առավել մանրամասն տեղեկատվության համար կարող է գրավոր դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ դրույքաչափով եւ ինչպես են վճարվում բնապահպանական վճարները:
Տիգրան Մարկոսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մարկոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ բնապահպանական վճարի դրույքաչափերը սահմանված են «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Բնապահպանական վճարների վճարման կարգի առումով անհրաժեշտ է ղեկավարվել վերը նշված, ինչպես նաեւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե նույն օրենքով այլ կարգ սահմանված չէ: