«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքները: ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Մարտի 1»-ի գործով ընդարձակ ցուցմունք է տվել, ուշագրավ բաներ պատմել, սակայն դրանք որեւէ առնչություն չունեն մարտյան իրադարձությունների հետ: Օրինակ՝ քննիչը հարց է տվել. «Երբեւէ Սիլվա Համբարձումյանի հետ գործարք կնքե՞լ եք, թե՞ ոչ, նրանից գումար ստացե՞լ եք, թե՞ ոչ. եթե այո, ապա ի՞նչ գործարք եք կնքել, որքա՞ն գումար եք ստացել, ե՞րբ եւ ի՞նչ նպատակով»:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սիլվա Համբարձումյանի հետ երբեւէ գործարքի մեջ չեմ մտել, նրա հետ երբեւէ որեւէ գործարք չեմ կնքել: Իսկ ինչ վերաբերում է Սիլվայից գումար ստանալուն, ապա հիշում եմ նման մեկ դեպք, որ եղել է իր իսկ խնդրանքով: Իմ հիշելով` 2008 թվականի կոնկրետ ժամանակահատվածը չեմ հիշում, բայց միանշանակ արդեն թողել էի նախարարի պաշտոնը: Այդ ժամանակ իմ սիրիահայ Հալեպ քաղաքի ծանոթներից մեկը ոսկյա զարդեր ուներ, որոնք ցանկանում էր վաճառել, իսկ Սիլվան էլ ցանկանում էր այդ զարդերը գնել: Զարդերն այդ ժամանակ գտնվել են Երեւանում: Իմ առնչությունը եղել է դրանում, որ նշածս սիրիահայը ինձ խնդրել էր, որ իմ միջոցով լինի զարդերի գումարի փոխանցումը: Դրա համար ես զանգել եմ Սիլվային, եւ նա զարդերի գումարը` 40 հազար ԱՄՆ դոլար, փոխանցել է իմ` Բելգիայում գտնվող հաշվեհամարին, որից հետո ես այդ գումարը կանխիկացրել եմ եւ տվել եմ սիրիահային: Սիրիահայի անունը չեմ հիշում:
ՀԱՐՑ. Քննության ընթացքում պարզվել է, որ Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի դրությամբ Ձեր անվամբ փոխանցել է գումարներ, մասնավորապես` 2008 թվականի հուլիսի 2-ին` 10 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 29-ին` 40 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 31-ին` 50 հազար դոլար, եւ 2008 թվականի օգոստոսի 7-ին` 50 հազար դոլար: Ասացե՛ք, թե նշված ընդհանուր 150 հազար դոլարն ինչո՞ւ է փոխանցվել Ձեր հաշվեհամարին, եթե ոչ նշված գործարքում Ձեր դեկարատարության համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անկեղծորեն չեմ հիշում: Բայց նաեւ ասեմ, որ ինչպես արդեն վերեւում նշել եմ, փոխանցումներից 40 հազար դոլար ԱՄՆ գումարը Սիլվան ինձ փոխանցել է վերեւում նշված ոսկեղենի գումարը, ուստի անորոշությունն իմ կողմից վերաբերում է 110 հազար ԱՄՆ դոլար գումարին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համագումարին ընդառաջ պատրաստվում է քարոզարշավ անցկացնել, բայց ներկուսակցական մակարդակում: Բանն այն է, որ ՔՊ վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար` 33 կուսակցական: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արման Բոշյանը տեղեկացրել է, որ վարչության անդամ առաջադրված 65 թեկնածուներից ընտրվելու են 21-ը: «Կսկսենք կուսակցության ներսում քարոզարշավ, երկխոսություն, կազմակերպչական աշխատանքները: Կարծում եմ` առաջադրվածներից բոլորն էլ հնարավորություն ունեն անցնելու, որովհետեւ կուսակցության կառուցվածքում, կուսակցության մոդելը ժողովրդավարական է: Բոլորը հնարավորություն են ունենալու իրենց պատկերացումները, գաղափարախոսությունները ներկայացնելու` պատվիրակների քվեն ստանալու համար»,- ասել է Բոշյանը:
Դեռեւս ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններին՝ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին», առաջարկել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար ներկայացուցիչներ առաջադրել, սակայն ընդդիմադիր խմբակցություններից ԲՀԿ-ն թեկնածուի փոխարեն այդ ոլորտների հետ կապված օրենսդրական նախագիծ է ներկայացրել: Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որի համաձայն` 7 անդամից 3-ը պետք է առաջադրի ընդդիմությունը: Նրա փոխանցմամբ` ՀԾԿՀ-ն 5 անդամ ունի, եւ հիմա ԲՀԿ-ն առաջարկում է` 5 հոգուց 2-ը լինեն ընդդիմադիր խմբակցություններից: «Կարծում եմ՝ նախագիծը հաստատվելու է, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն բանավոր հայտարարել է, որ կողմ է, բայց մենք իրենց հետ չենք քննարկել անդամների թիվը»,- ասել է նա:
Համահայկական խաղերն այս տարի կանցկացվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նկատել է. «Չեմ խուսափի ասել, պատմական այս փուլում իսկապես կարեւորվում է խաղերի պաշտոնական մեկնարկն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ որպես համահայկական միասնականության եւ համերաշխության ապացույց»։ Ըստ նրա` հեղինակավոր շատ մարդիկ են այցելելու ե՛ւ Արցախ, ե՛ւ Հայաստան: «Բացման արարողությունը եւ մրցումային երեք օրերը տեղի կունենան Ստեփանակերտում օգոստոսի 5-8-ը: Մրցումային հաջորդ օրերը եւ եզրափակիչ հանդիպումները կանցկացվեն Երեւանում օգոստոսի 9-17-ը։ Փակման եւ պարգեւատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Ազատության հրապարակում»,- ասել է Զաքարյանը:
ԵՎ Ո՞Վ Է ՄԵԿՈՒՍԱՑՆՈՂԸ
Հասարակական կազմակերպության հենքի վրա ձեւավորված «Քաղաքացու որոշում» կուսակցության գրած նամակը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, իսկական խառնաշփոթ էր առաջացրել հայրենի քաղաքական դաշտում: Գլուխկոտրուկ թվացող իրավիճակ էր. մանդատից կզրկվի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ, քրգործ կհարուցվի՞ Ծառուկյանի նկատմամբ՝ ԱԺ-ում իր բիզնես շահերն առաջ տանելու, հետեւաբար` գործարարությամբ զբաղվելու համար, եւ, վերջապես, արդյոք ողջ ԲՀԿ-ն վայր կդնի՞ մանդատները Ծառուկյանի հետ միասին՝ առաջացնելով սահմանադրական ճգնաժամ եւ այլն:
Այս ընթացքում իշխող խորհրդարանական ուժը մի քանի փակ հանդիպումներ ունեցավ՝ իրավիճակին լուծում գտնելու համար, սակայն այն այդպես էլ չէր գտնվում: Եւ, ահա, երեկ՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատություն ենթադրող նամակ գրեց՝ նրա ելույթների եւ տված հարցազրույցների ընթացքում հնչեցրած հայտարարություններից առաջացած արդարացի մտահոգությունների եւ ողջամիտ կասկածների մասին, որ պատգամավոր Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, ինչն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ: «Կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաեւ «Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, համաձայն որի` պատգամավորը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով եւ չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի»:
Սա նշանակում է, որ գտնվեց ամենամեղմ տարբերակը երբեմնի կոալիցիոն գործընկերոջ հետ փոխհարաբերությունները կարգավորելիս: «Իմ քայլը» որոշեց չանել կոշտ քայլեր: Ու, մի կողմից, ունենալով կոնկրետ կուսակցության նամակ-սպառնալիքը, նրա թիկունքում եւ հեռու գործող հասարակական կազմակերպությունների՝ սպասվող ճնշումները, այդ թեմայով հասարակական մյուս շերտերի ախորժակը` գահազուրկ տեսնելու Ծառուկյանին` ԱԺ նախագահն, այնուամենայնիվ, որոշեց ընդամենը առաջարկել Ծառուկյանին հանդես գալ պարզաբանումով: Իհարկե, նա դա կանի ու կանի շատ համոզիչ: Եւ այսքանով թեման կավարտվի մինչեւ նոր շահեր: Իսկ շահեր միշտ կլինեն, բախումներ՝ անխուսափելիորեն, ու իրավակարգավորումներն էլ, ավանդաբար, կմնան թղթի վրա:
Հ. Գ. Եւ հանուն արդարության պետք է նշել, որ, ըստ էության, քաղաքականությունից մեկուսացնելու փորձ է արվում մարդու, որը 2 տասնյակից ավելի աշխատատեղեր է ստեղծել: Իսկ փորձողնե՞րը…