ՔՊ-ՈՒՄ ԱԿՏԻՎ ՇՐՋԱՆ Է, ՊԵՏՔ Է ԸՆՏՐԵՆ 21 ՀՈԳԱՆՈՑ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս տեղեկացրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շատ լարված աշխատում են կուսակցության կանոնակարգի մշակման եւ ծրագրի հստակեցման շուրջ: Իսկ ապրիլի 30-ին լրացել է ՔՊԿ վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածության առաջադրման ժամկետը: Երեկ պաշտոնապես արդեն ներկայացվեց, որ ՔՊ վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար` 33 կուսակցական:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է վարչության անդամի ինքնաառաջադրված թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ:
-Պարո՛ն Բոշյան, ՔՊԿ վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածուների առաջադրումն արդեն եղել է, Դուք եւս ինքնառաջադրվել եք. ե՞րբ եք սկսելու Ձեր աշխատանքները՝ կուսակցության նոր վարչության անդամների եւ Վերահսկողական հանձնաժողովի ընտրության քարոզարշավը:
-Նախ` առաջադրվածներից ընտրելու ենք 21 հոգու, առաջադրման ժամկետներն արդեն լրացել է, հիմա արդեն կսկսենք կուսակցության ներսում քարոզարշավ, երկխոսություն, կազմակերպչական աշխատանքները: Կարծում եմ` առաջադրվածներից բոլորն էլ հնարավորություն ունեն անցնելու, որովհետեւ կուսակցության կառուցվածքում, կուսակցության մոդելը ժողովրդավարական է, բոլորը հնարավորություն են ունենալու իրենց պատկերացումները, գաղափարախոսությունները ներկայացնելու` պատվիրակների քվեն ստանալու համար: Սա ժողովրդավարական մոդելի առավելությունն է, որ ցանկացած մարդ մուտք ունի կուսակցության ղեկավար մարմնում ընտրվելու համար: Ես կարծում եմ, որ քաղաքական գործիչը պետք է կուսակցական լինի, որովհետեւ քաղաքական մտքի գեներացման կարեւորագույն հարթակներից մեկն էլ կուսակցությունն է, որտեղ էլ ձեւակերպվում է քաղաքական միտք: Ինձ համար այսօր քաղաքական գործիչը պետք է կուսակցական լինի:
-Բայց կուսակցական լինելը քաղաքական գործչին կաշկանդում է ավելի իրատեսական արտահայտելու իր տեսակետը…
-Ընդհակառակը, իմ համոզմամբ, դա օգնում է, որպեսզի ավելի լայն ֆորմատով, ավելի լավ պատկերացնես այսօրվա խնդիրները:
-Նախկին իշխանությունների ժամանակ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելը նախ եւ առաջ «պրիստիժի» համար էր արվում. անգամ իրենց անձնական հարցերը հեշտ լուծելու ճանապարհ էր այն: Արդյոք այժմ ՔՊ-ի վարչության անդամ լինելը եւս այդ ամենի համատեքստում չէ՞:
-Անկեղծ ասած, լավ չէ, որ համեմատում եք (Ծիծաղում է,- Ս.Գ.): Մեր կուսակցությունը մասսայական կուսակցություն չէ. մենք ստեղծել ենք 21-րդ դարին վայել կուսակցություն, այն կառուցում ենք այդ ամենին համապատասխան: Դա իրենցից ենթադրում է մտավոր աշխատանք, կազմակերպչական աշխատանք: Այսօր չի կարելի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համեմատել մեկ ուրիշ կուսակցության հետ, որովհետեւ մեզ մոտ ժողովրդավարական մեխանիզմներ են ներդրված, ինստիտուցիոնալ կուսակցություն ենք փորձում ստեղծել, ու, կարծես, թե, դա մեզ մոտ ստացվում է: Ես համոզված եմ, որ ստացվելու է, քանի որ մեր կուսակցությունում կա տեսակետների բախում, մեծ ակտիվությունը եւ թվարկված բոլոր մեխանիզմները: Իսկ կուսակցության միջոցով հարցեր լուծելու հետ կապված, կարծում եք, հիմա Հայաստանում դա հնարավո՞ր է:
-Դուք պետք է ասեք, որովհետեւ գուցե Ձեր ներսում կան մարդիկ, որոնք այդ ամենի համար են անդամագրվում:
-Հայաստանում, ես կարծում եմ, հիմա այդ ճանապարհով հնարավոր չէ հարց լուծել ոչ միայն իշխող կուսակցության միջոցով, այլ նաեւ մյուս կուսակցությունների միջոցով: Կուսակցությունը քաղաքական աշխատանք է ենթադրում, դա մտավոր աշխատանք է, մտքերը գեներացնելու տեղ է. ո՛չ վարչական լծակ կա, ո՛չ էլ բարիքներից օգտվելու գործիք է: Ես կարծում եմ, որ Հայաստանում դա բացառված է. այսօրվա ժողովրդավարական երկրում դա հնարավոր չէ, դա քաղաքական աշխատանք ենթադրող կառույց է:
-ՔՊ-ն նաեւ ունենալու է Վերահսկող հանձնաժողով. ո՞րն է լինելու այդ ամենի դերը:
-Այդ ամենն արվում է կուսակցությունը բալանսավորելու համար: Հիմնադրման օրվանից մենք ունենք վերահսկողական մարմին. այն ինստիտուցիոնալ կուսակցության մոդելներից մեկն է: Կանոնադրության կետերի պահպանումը, էթիկային վերաբերող հարցերը, կուսակցականի վարք եւ այլն, դա լինելու է հանձնաժողովի աշխատանքը: Մեր կանոնադրությունն այժմ վերանայվում է, այդ լիազորություններն ավելի կհստակեցվեն, մանրամասնորեն կներկայացվեն նաեւ Վերահսկողական մարմնի լիազորություններն ու պարտականությունները: Իսկ կանոնադրությունն այժմ քննարկման փուլում է, չեմ կարող կանխատեսել, թե այն երբ կավարտվի ամբողջական, բայց մոտենում ենք ավարտին: Ակտիվ աշխատանքներ են տարվում` համագումարի հետ կապված, կազմակերպչական հարցեր, որտեղ հիմա ներկուսակցական քարոզարշավ ենք սկսկելու: ՔՊ վարչության ղեկավարն էլ կընտրվի համագումարից հետո:

 

 

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՏՄՊՊՀ-ՈՒՄ ԵՎ ՀԾԿՀ-ՈՒՄ ԱՆԴԱՄ ԿՈՒՆԵՆԱ

Դեռեւս ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին առաջարկել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար ներկայացուցիչներ առաջադրել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ` պարզելու համար` արդյոք իրենք արդեն իրենց թեկնածուներին առաջադրել են երկու կառույցներում: Սակայն Բագրատյանն ասաց, որ դեռ թեկնածուներ չեն առաջադրել, բայց ինքն արդեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որն էլ ԱԺ նախագահը պետք է ուղարկի կառավարություն՝ հավանության արժանանալու համար:
-Պարո՛ն Բագրատյան, Դուք առաջարկում էիք ՀՀ վարչապետին ՏՄՊՊՀ-ում եւ ՀԾԿՀ-ում ընդդիմադիր գործիչների ներգրավել. Դուք առաջադրե՞լ եք Ձեր թեկնածուներին:
-Ես արդեն նախաձեռնությունը դրել եմ ԱԺ կայքում, որտեղ նշված է, որ 7 անդամից երեքը, այսինքն` նախագահը եւ 6 անդամը, 3-ը պետք է առաջադրի ընդդիմությունը: Նախագիծն արդեն ԱԺ նախագահը ստորագրել է: Ե՛ւ ՏՄՊՊՀ-ում, ե՛ւ ՀԾԿՀ-ում ընդդիմությունը առաջարկում ենք ունենա թեկնածուներ: ՀԾԿՀ-ն 5 անդամ ունի, որից առաջարկել եմ` 2-ը լինի ընդդիմություն:
-Թեկնածուներ առաջարկե՞լ եք արդեն:
-Կառավարությունը պետք է իր համաձայնությունը տա, ԱԺ-ն հաստատի, նոր պետք է թեկնածուներին առաջադրեն, իսկ դրա իրավունքն ունի վարչապետը: Նախագծերը ներկայացրել ենք, մնում է հաստատվի: Կարծում եմ` հաստատվելու է, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն բանավոր հայտարարել է, որ կողմ է, բայց մենք իրենց հետ չենք քննարկել անդամների թիվը:
-Իսկ ի՞նչ կտա այդ երկու կառույցներում ընդդիմության ներգրավվածությունը:
-Մենք` որպես ընդդիմություն, կարծում ենք, որ մրցակցային հնարավորություններ ստեղծված չեն: Մենք մեր անդամի միջոցով արդեն կներկայացնենք, թե իրականում ինչ է կատարվում, իսկ հանձնաժողովի անդամը իրավունք ունի որեւէ, ասենք, շուկայում ուսումնասիրություն նախաձեռնի: Այսինքն` մենք ունենք գործիք, որով մենք կհսկենք` արդյոք տվյալ հանձնաժողովը բավարար կապ դրսեւորում է, որպեսզի ապրանքային շուկայում մրցակցություն ապահովվի: Նույնը վերաբերում է ՀԾԿՀ-ին. եթե հիշում եք, տարիներ շարունակ գաղտնի որոշվում էր ինչ-որ բան թանկացնել, հիմա մեր անդամները ներսում կլինեն, ու բալանսը կպահվի: Կլինեն պրոֆեսիոնալներ, չեն լինելու կուսակցականներ:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ՆԱՆԱՆ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Այս անգամ նման խնդրի առաջ են կանգնել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի գյուղերի բնակիչներ: Բանն այն է` նրանք չեն կարողանում իրացնել մշակած անանուխը` նանան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք այժմ տոննաներով անանուխ ունեն, բայց չեն կարողանում ներքին շուկայում վաճառել. պահանջարկը շատ քիչ է: Բայց երկու ամիս առաջ անհատները նրանցից կարողանում էին մեծ քանակությամբ անանուխ գնել` Ռուսաստանում վաճառելու համար, քանի որ ռուսական շուկայում այն մեծ պահանջարկ է ունեցել: Բայց վերջին շրջանում ռուսական շուկայում հայտնվել է իսրայելական ծագման անանուխ, որը լուրջ խոչընդոտ է հանդիսացել հայ գյուղացիների համար: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կփորձեն օգնել` դիմելով բուսական թեյ արտադրողներին, որ նրանք մթերեն այն: Միայն թե նկատենք, որ այդպես հազիվ թե խնդրին լուծում տրվի, քանի որ հազիվ թե բուսական թեյ արտադրողները կարողանան մեծ քանակությամբ անանուխ գնել:

 

 

 

ԱՊԱՐԴՅՈՒՆ ՀԵՐՔՈՒՄ
Մինչ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը սոցիալական ցանցի իր էջում փորձ էր անում հերքել երեկվա մեր հրապարակումը՝ կապված Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով Երեւան տեղափոխված քաղաքացու մահվան հետ, պարզվում է՝ մեկ այլ քաղաքացի եւս ուղղաթիռով Երեւան տեղափոխվելուց հետո բժշկական կենտրոնում մահացել է։ Ավելին` նա երեք հետեւություն է արել մեր նյութից եւ փորձել մեզ մեղադրել ապատեղեկատվության համար, սակայն ապարդյուն։ Նա գրել է. «Կայքը տարածել է ապատեղեկատվություն, նախ, այն մասով, թե հիվանդը մահացել է ուղղաթիռի մեջ, երկրորդ` տեղափոխվել է ոչ թե «Աստղիկ» բժշկական կենտրոն, այլ «Էրեբունի», եւ երրորդ` հագեցված է եղել համապատասխան սարքավորումներով»։ Երեկվա մեր հոդվածում շեշտադրված է սանավիացիայում անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու անհնարինության հարցը, որն էլ հետագայում հանգեցրել է մահվան, եւ մենք պնդում չենք արել, որ նա մահացել է ուղղաթիռի մեջ, եւ երկրորդ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հանրային կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանն է մեզ հետ զրույցում նշել, որ այդ հիվանդն իրենց մոտ չի տեղափոխվել, այլ «Աստղիկ» ԲԿ։ Եվ մեկ այլ հանգամանք եւս. կայքին ապատեղեկատվության համար մեղադրելուց առաջ ավելի ազնիվ կլիներ պատասխանել նամակներին եւ հեռախոսազանգերին եւ այդպես մեկնաբանել, այլ ոչ թե մեկ օր անց՝ սոցիալական ցանցում։ Բայց լավ էր՝ խոսնակի պարզաբանումից իմացանք, որ ուղղաթիռում 2 հիվանդներ են մահացել:




Լրահոս