ՄԱՆԴԱՏԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ Է 27 ՀՈԳԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

Ինչպես հայտնի է, ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով պատգամավորի լիազությունների դադարեցումը պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքերում։ Նա նաեւ խնդրել է օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն՝ պարզելու ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հանցակազմի առկայությունը։ Նա նույն դիմումը ուղղել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրանքով պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան եւ ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով։
Սակայն Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ իրեն պատգամավորական մանդատից զրկելու հիմքեր չկան։ Երեկ, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, պատգամավորը նշեց. «Ուրեմն տակը բան պիտի լինի, որ հնարավոր լինի։ Քանի որ բողոքը տրվել ա, պարտավոր են բողոքին ընթացք տալ, լսել եւ ըստ Սահմանադրության որոշում ընդունել»։
Փորձենք հասկանալ, թե ինչ իրավական հիմքեր կան ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու համար` հիմնվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի վրա։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 156-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը: Ըստ այդմ, մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել: Այդ հարցով պետք է ԱԺ խորհուրդը կամ ԱԺ պատգամավորների 1/5-րդը դիմի ՀՀ Սահմանադրական դատարան: Այս դեպքում ԱԺ պատգամավորների 1/5-ը 27 հոգի է, մի թիվ, որ իշխող խմբակցության համար առավել քան հեշտ է հավաքել, եթե, իհարկե, նման խնդիր դրվի:
Օրենքում նշված է. «Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով, սույն հոդվածով սահմանված կարգով, Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»:
Միեւնույն ժամանակ նկատենք, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իսկապես հանդիսանում է ամենաշատը բացակայած պատգամավորը, սակայն նրա բացակայությունների մեծ մասը մշտապես համարվել է հարգելի: Այս առումով էլ «ԱԺ կանոնակարգ» օրենքում սահմանված է, թե քվեարկությունից պատգամավորի բացակայությունը որ դեպքում է համարվում հարգելի:
Դրանք են՝
– Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ հարգելի պատճառով նրա բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ.
– նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման.
– նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, եւ նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում։
Կանոնակարգ-օրենքում նաեւ սահմանվում է Սահմանադրական դատարան դիմելու հարցը։
– Եթե տեղեկանքի համաձայն պատգամավորը նախորդ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա Ազգային ժողովի նախագահը տեղեկանքը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրավիրում է Խորհրդի նիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով, եւ անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին:
-Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով եւ վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
– Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով:
Սակայն հետաքրքիր է, որ կանոնակարգ-օրենքում առանձին հոդվածով ներկայացված է հենց Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու կարգը։ Սա հենց վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն, որի մասին դիմումում նշել էր ՔՈ-ն։
1. Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում, սույն հոդվածով սահմանված կարգով, Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, եթե՝
– Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն Ազգային ժողով է ներկայացրել պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացություն.
– ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորը ենթարկել է վարչական պատասխանատվության:
Ամեն դեպքում, նկատենք, որ ԱԺ-ից համապատասխան նախաձեռնության դեպքում վերջնական որոշում կայացնողն էլ լինելու է ՍԴ-ն: Ու հիմա մնում է նաեւ սպասել եւ տեսնել, թե քննությունից հետո ինչ եզրակացության կգա ՀՔԾ-ն, եւ ինչ քայլերի կդիմի իշխանությունը` հանձին ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության, չնայած, ամենայն հավանականությամբ, հազիվ թե գործը հասնի պատգամավորին մանդատից զրկելուն. հազիվ թե իշխանությունները Ծառուկյանի հետ գնան նման առճակատման:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ
Ինչպես հայտնի է, Երեւանի Լեփսիուսի փողոցում ապրիլի 15-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էր «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանը: Ավելին` գրել էինք, որ կրակոցներից առաջ Մուշեղ Ղեւոնդյանի եւ իր ծանոթներից մեկի միջեւ խոսակցություն էր սկսվել կարմիր բաճկոնի շուրջ, վեճի հետեւանքն էլ եղել էր սպանությունը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահի սպանության գործով մեկ անձի ներգրավել է մեղադրյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում: Սակայն առայժմ նախաքննական մարմինը չի հրապարակում մեղադրյալի անունը:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
«Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն, որը կապվում է Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի անվան հետ, հայց է ներկայացրել դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մխչյան ֆիշ» ՍՊԸ հայցը ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի դեմ է: Ընկերությունը պահանջում է 2019թ. փետրվարի 28-ի որոշումն ամբողջությամբ վերացնելու եւ, որպես ածանցյալ պահանջ, փետրվարի 28-ի հանձնարարականը ամբողջությամբ վերացնելու: «Ժողովուրդ» օրաթերթ դիմեց դատարանում «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Երեմ Ասատրյանին` հասկանալու համար, թե ինչ տուգանքի մասին է խոսքը: Սակայն ՍՊԸ-ի ներկայացուցիչը հրաժարվեց մանրամասներ ներկայացնելուց` միայն ասելով, որ ինչ առկա է դատական տեղեկատվական համակարգում, դրան որեւէ բան ավելացնել չի կարող:

 

 

ՈՒՇԱՑԱՆ
Երեկ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սիրողական ֆուտբոլի փոխանցիկ գավաթի` Արարատի մարզային խաղարկության բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին նաեւ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Հետաքրքիրն այն է, որ ի սկզբանե պաշտոնական մասի բացման արարողությունը պետք է ավելի վաղ ժամի տեղի ունենար, սակայն մոտ երկու ժամ ուշ սկսվեց, քանի որ Արթուր Վանեցյանը մասնակցում էր կառավարության նիստին, եւ նրանք պայմանավորվել էին Գագիկ Ծառուկյանի հետ միասին ժամանել։ Միջոցառումը սկսվեց երկու ժամ ուշացումով, բայց նախատեսվածից կարճ տեւեց. հորդառատ անձրեւի պատճառով կազմակերպիչները ստիպված էին արագ ավարտել միջոցառումը:

 

 

 

ՆԵՐԿԱ ՉԻ ԵՂԵԼ
Երեկ մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստը: Ըստ Դատական դեպարտամենտի` քննվում է խափանման միջոցի հարցը: Նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չի եղել, նա արդեն մեկ ամսից ավելի է` գտնվում է «Նաիրի» բկ-ում: Նիստին ներկա է եղել Նազիկ Ամիրյանը: Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Մանվել Գրիգորյանը կալանավորված է, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

 

ԱՐԳԵԼՎԱԾ ԻՐԵՐ
2018թ. ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ հայտնաբերվել է 2135 բջջային հեռախոս, 2018 կտրող ծակող իրեր: Ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հաղորդագրության` այցելությունների ընթացքում հանդիպումներ են ունեցել տարբեր արարքներ կատարելու համար պատժախցերում հայտնված անձանց հետ` պարզելու պատժախուց տեղափոխելու հիմքերը: Խմբի անդամների ունեցած հանդիպումներից պարզ է դարձել, որ դատապարտված եւ կալանավորված անձանց նկատմամբ կիրառված տույժերի գերակշռող մասը կիրառվել է արգելված իր` բջջային հեռախոս պահելու համար: Իրականացված ծառայողական քննությունների համաձայն` 1 քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` ծառայությունից ազատումը: 2018թ. ընթացքում կալանավորված եւ դատապարտված անձանց նկատմամբ տույժերի կիրառման վերաբերյալ բողոքարկվել է ընդամենը 3 որոշում, որից 1-ը դատական կարգով եւ 2-ը` վերադասության, 1-ը գտնվում է դատարանի վարույթում, 2-ը բավարարվել են:




Լրահոս