«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ:
-Պաշտոնական հայտարարության համաձայն՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերը այս տարի կայանալու են միաժամանակ ՀՀ-ում եւ Արցախում։ Սա ունի՞ քաղաքական ենթատեքստ, թե՞ վաղօրոք պլանավորված էր։
-Այո, այս տարի օգոստոսի 5-17-ը Համահայկական խաղերն անցկացվելու են Արցախում եւ Հայաստանում։ Բացման արարողությունը եւ մրցումային երեք օրերը տեղի կունենան Ստեփանակերտում՝ օգոստոսի 5-8-ը: Մրցումային հաջորդ օրերը եւ եզրափակիչ հանդիպումները կանցկացվեն Երեւանում օգոստոսի 9-17-ը։ Փակման եւ պարգեւատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Ազատության հրապարակում օգոստոսի 17-ին։ Դա եղել է իմ վաղեմի երազանքը, դա եղել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ցանկությունը եւ որոշումը, բայց դրանք չէին դառնա իրականություն, չէին մտնի կազմակերպչական փուլ, եթե գաղափարը չստանար ՀՀ եւ Արցախի բարձրագույն ղեկավարության անվերապահ աջակցությունը։ ՀՀ կառավարության որոշմամբ` ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Թեմայի շուրջ ես մի քանի անգամ հանդիպել եմ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի եւ Արցախի նախագահ Բ. Սահակյանի հետ։ Եվ նրանց կողմից տեսել եմ խնդրի կարեւորում, աջակցություն, այնպես որ, գործընթացը սկսված է։ Չեմ թաքցնում` ինչ-ինչ պատճառներով այս անգամ նախապատրաստական աշխատանքները մի փոքր ուշ ենք սկսում, բայց հավատացնում եմ բոլորին, որ անելու ենք ամեն ինչ ամենաբարձր մակարդակով այս համահայկական նշանակության միջոցառումը կազմակերպելու համար։ Բոլորիս սպասվում են հետաքրքիր անակնկալներ, անմոռանալի օրեր։
-Կա կարծիք, որ զուտ մարզական նշանակության տեսանկյունից այս խաղերը այնքան էլ արժեքավոր չեն։ Խոսքը մարզիկների եւ թիմերի որակավորման եւ կարգի մասին է։
-Այդ կարծիքը կար հենց առաջին համահայկական խաղերի գաղափարի ծագման օրվանից։ Հետո կյանքը ամեն ինչ իր տեղը դրեց, եւ մենք տեսանք գերլարված խաղեր, որտեղ կրքերը երբեմն այնքան էին թեժանում, որ հանդարտացնելու համար լուրջ ջանքեր էին պահանջում. մենք ականատես եղանք բարձր պրոֆեսիոնալիզմի դրվագների։ Պահանջել, որ աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք եկող հազարավոր մարզիկները, թիմերը լինեն բարձր կարգի պրոֆեսիոնալներ, միամտություն է։ Ասեմ այսպես. մենք չենք ակնկալում, որ դրանք լինեն իրենց որակով օլիմպիական խաղեր, բայց իրենց էմոցիոնալ կողմով հաստատ չեն զիջում։ Մենք բոլորս դրանում կհամոզվենք առաջիկա ամիսներին։
-Վերադառնանք Արցախում անցկացնելու գաղափարին։ Հասկանալի է, որ այս որոշումը միայն մարզական բաղադրիչ չէ, որ պարունակում է։
-Դուք ճիշտ եք, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն, չեմ խուսափի ասել, պատմական այս փուլում իսկապես կարեւորում է խաղերի պաշտոնական մեկնարկն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ որպես համահայկական միասնականության եւ համերաշխության ապացույց։
Աշխարհի տարբեր ծայրերից, Սփյուռքի հայաշատ համայնքներից սպասվում է հազարավոր մարզիկների, մարզիչների, երկրպագուների մասնակցությունը Համահայկական խաղերին, այցելություն Արցախ։
Այս գեղեցիկ, խաղաղ միջոցառմամբ մենք Արցախը դարձնելու ենք համայն հայության ուշադրության կենտրոնը։ Սա նաեւ ունի շատ կարեւոր տնտեսական նշանակություն Արցախի համար։ Այո, նաեւ այս խաղերի միջոցով են շատերը հայտնաբերելու Արցախը, ճանաչելու եւ սիրելու Արցախը, կապվելու Արցախի հետ։ Կարծում եմ` կարիք չկա նշելու, թե ինչ վերմարզական նշանակություն ունի այս միջոցառումը։ Ինձ համար համահայկական միասնականությունը զուտ գեղեցիկ արտահայտություն չէ, հեռավոր երազանք չէ։ Ինձ համար դա կոնկրետ աշխատանքն է, եւ մենք դա անելու ենք։ Կոնկրետ աշխատանք, կոնկրետ նպատակներ, կոնկրետ արդյունքներ։ Շատ հեղինակավոր մարդիկ են գալու Արցախ եւ Հայաստան։ Դա նշանակում է նոր հարաբերություններ, նոր կապեր, նոր ծանոթություններ, նոր ծրագրեր։ Շատ կարեւոր է, որ այդ հնարավորությունները դառնան շարունակական, որ ձեռք բերված պայմանավորվածությունները լինեն երկարաժամկետ, ունենան տնտեսական, մշակութային եւ այլ բաղադրիչներ։ Մենք այս հարցերը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, շարունակելու ենք քննարկել, ձեւավորել հետաքրքիր գաղափարներ, հետաքրքիր առաջարկներ։ Մենք մեկ ընդլայնված խորհրդակցություն արդեն արել ենք Ստեփանակերտում` պետնախարար Գ. Մարտիրոսյանի եւ նախարարների մասնակցությամբ։ Առաջիկայում, իհարկե, կլինեն նոր քննարկումներ։
-Տրամաբանական է, որ մեծ ծավալի պատասխանատվություն է ընկնում նաեւ մարզական ֆեդերացիաների վրա։ Ինչպե՞ս եք կարգավորելու այս ոլորտը։
-Գիտեք, մենք ունենք համատեղ աշխատանքի մեծ փորձ, ընդ որում` լավ, արդյունավետ աշխատանքի։ Կան մարզաձեւեր, որոնք խաղերի հենասյուններն են, եւ, բնականաբար, նրանց աշխատանքը եւ պատասխանատվությունը ավելի մեծ է, օրինակ` Ֆուտբոլը, բասկետբոլը։ Ես ուրախությամբ եմ նշում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ա. Վանեցյանի մեծ պատրաստակամությունն օգնելու, աջակցելու, կազմակերպելու։ Երբ դու տեսնում ես, որ մարդիկ, անկախ իրենց զբաղվածությունից, անկեղծ ուզում են, որ գործը լավ ստացվի, խորապես կարեւորում են համահայկական այս միջոցառումը, տեսնում են իմաստը եւ հեռանկարները, դու էլ ես սկսում ավելի մեծ խանդավառությամբ, ավելի մեծ եռանդով աշխատել։ Չեմ թաքցնում` կան բազմաթիվ հարցեր, խնդիրներ, երբեմն խոչընդոտներ, բայց դրանք բոլորը հաղթահարելի են, եթե տարբեր կողմերից, տարբեր շրջանակներից կա մեծ ցանկություն անելու առավելագույնը։
-Իսկ ի՞նչ ակտիվություն են ցուցաբերում Սփյուռքի կառույցները։
-Եթե ասեմ մեծ ակտիվություն, հավատացե՛ք, դա կլինի մեղմ ձեւակերպում։ Կան երկար տարիների պատմություն ունեցող ավանդույթներ, կապեր, համագործակցության շրջանակներ։ Չեմ թաքցնի՝ կա նաեւ վստահություն, փոխադարձ վստահություն, որովհետեւ մենք երկար տարիներ աշխատել ենք միասին, եւ մարդիկ իրենց աչքերով են տեսել արդյունքը։ Այսօր էլ նույնն է, ամեն օր ես ստանում եմ զանգեր` «ինչո՞վ օգտակար լինենք», «ի՞նչ է պետք» բովանդակության։ Սա իսկապես մեծ համահայկական նախաձեռնություն է, որն, անշուշտ, ունենալու է իր լուրջ ազդեցությունը եւ լուրջ հեռանկարը։
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՈՐԸ` ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որը պետք է դատաքննի «Մարտի 1»-ի քրեական գործը, ինքնաբացարկ է հայտնելու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավոր Վարդան Գրիգորյանը հայտնեց. «Ինձ ոչ մեկի գործոնը չի կարող կաշկանդել, ես միշտ անկախ եմ»:
-Պարո՛ն Գրիգորյան, «Մարտի 1»-ի քրեական գործով անջատված մասով գործը մակագրվել է Ձեզ եւ Դուք պետք է քննեք սահմանադրական կարգի տապալման հարցով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի հարցը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ Դուք ինքնաբացարկ եք հայտնելու, քանի որ Դուք Վահագն Հարությունյանի մասով դեռեւս ամիսներ առաջ ինքնաբացարկ էիք հայտնել, եւ հիմա տեղեկություներ կան, որ վերոնշյալ մեղադրյալների մասով եւս ինքնաբացարկ եք հայտնելու:
-Եթե հեռախոսը չեմ պատասխանում, վրա-վրա մի՛ զանգահարեք: Ինձ այդ հարցը այս պահին մի՛ տվեք, որոշում կկայացվի, կտեղեկանաք:
-Գոնե հայտնեք` ինքնաբացարկ հայտնելու եք, թե ոչ:
-Այդ հարցի պատասխանը հիմա չեմ կարող տալ. գործն եմ ուսումնասիրում:
-Դուք «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից մեկի` Վահագն Հարությունյանի մասով ինքնաբացարկ եք հայտնել, եւ վերոնշյալ անձինք եւս այդ գործի շրջանակներում մեղադրյալներ են: Դեռ ավելին` Դուք եղել եք 2008թ. «Մարտի 1»-ի գործով պաշտպան. արդյոք այս հանգամանքները բավարար չե՞ն ինքնաբացարկ հայտնելու համար:
-Բացարկ հայտնելու մեջ կան մանրուքներ, որոնք երկար պարզաբանման ենթակա են, այս պահին դեռ այդ պարզաբանումները չկան: Ես գիտեմ` ինչքան են շահարկում, ինչքան են գրում, դեռ ինչքան կշահարկեն, ինչքան իրականությանը չհամապատասխանող բաներ կգրեն, բայց այս պահին ես գործն եմ ուսումնասիրում:
-Այսինքն` վախենալու բան չունե՞ք, քանի որ դատավորների շրջանում վախի մթնոլորտ է ստեղծվել. մի մասը բժշկական փաստաթուղթ է ներկայացնում, որ գործը չքննի: Դուք նման խնդիր չունե՞ք:
-Երեւի Դուք սխալ ինֆորմացիա ունեք, որ շատերը վախենում են, շատերը բուլետեն վերցրեցին գնացին:
-Դուք չե՞ք վախենա, եթե ինքնաբացարկի անհրաժեշտություն չառաջանա եւ քննեք այս գործը:
-Ինչի՞ց վախենամ:
-Լուրջ պաշտոնատար անձանց մասով քրեական գործ եք քննում. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, Արմեն Գեւորգյան, Յուրի Խաչատուրով:
-Ես վախենալու բան չեմ տեսնում, որ իմանամ` վախենամ, թե չվախենամ:
-Այսինքն` վերջնական գնահատականը, որ Դուք ինքնաբացարկ կհայտնեք, կլինի այն ժամանակ, երբ ուսումնասիրեք քրեական գործը եւ հետո տաք Ձեր գնահատականը` տալիս եք ինքնաբացարկ, թե ոչ:
-Բնականաբար, ուսումնասիրելու ընթացքում ես նաեւ մտածում եմ. կուսումնասիրեմ, կմտածեմ եւ որոշումը կկայացնեմ:
-Ուսումնասիրելով Ձեր ինքնակենսագրությունը` պարզեցինք, որ աշխատել եք ՀՀ իրավաբանների միությունում: 2007թ.-ից 2014թ. աշխատել եք որպես հանրային պաշտպան, երբ փաստաբանների պալատի նախագահ է եղել Ռուբեն Սահակյանը` ներկայումս «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից Ռ. Քոչարյանի պաշտպանը: Արդյոք կաշկանդված չե՞ք լինի քննելու այդ քրեական գործը:
-Ինձ ոչ մեկի գործոնը չի կարող կաշկանդել. ես միշտ անկախ եմ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին որեւէ տեղ հայտնաբերելու վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան. այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Պաշտոնապես տեղեկություն չկա նաեւ նրա` հանրապետությունից բացակայելու վերաբերյալ»,-ասել է դատախազը: Դատախազի խոսքով` Միհրան Պողոսյանի արտահանձնումը բնական էքստրադիցիոն գործընթացի մեջ է: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանն օրերս կալանավորվել էր Կարելիայի հանրապետությունում. Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան էր խնդրել: Այս առնչությամբ դատախազն ասել է, որ արտահանձնման գործընթացի իրակացման ընթացում ենթակա անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով. «Միջազգային իրավական կարգավորումների համաձայն` գործընթացը գաղտնի է: Պետությանը, որին դիմում են, պարտավոր է չհրապարակել: Մենք էլ ենք ունենում բազում գործեր, երբ հետախուզվողին հայտնաբերում ենք, էքստրադիցիոն գործընթացում դիմում են ապաստանի համար: Մենք պարտավոր ենք պահպանել միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերը, որը ենթադրում է դրա համար պատկան մարմինների քննարկում, որոշման կայացում: Սա էլ ենթակա է վիճարկման` դատական եռաստիճան կարգով: Մինչեւ չավարտի անձը այդ գործընթացները, մենք չենք կարող հանձնել»:
ՄԵԾ ԾԱԽՍԵՐ
Հայաստանում վերջին մի քանի ամիսներին առաջարկվել եւ քննարկվել են բազմաթիվ օրինագծեր, որոնք նախատեսում են որոշակի հարկային թուլացումներ եւ արտոնություններ, ինչն, ի վերջո, կարող է լուրջ բեռ դառնալ պետական բյուջեի համար. այս մասին ասել է ԱԺ աշխատակազմի տնտեսական վարչության պետ Արթուր Թամազյանը: Նա նշել է, որ Հայաստանի պետբյուջեում հարկային ծախսերն արդեն բավական մեծ են եւ հասնում են մոտավորապես 400 մլրդ դրամի: «Եվ ամեն անգամ, երբ նման հարկային արտոնություններ են տրամադրվում, դա ծանր բեռ է դառնում պետբյուջեի համար»,- ասել է Թամազյանը: