Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն հարուցված քրեական գործի շրջանակներում պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին: Իսկ ԴԱՀԿ-ն, ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարության ենթակա կառույցներից է: Ու տրամաբանությունը ենթադրում է, որ տեղի ունեցածի համար պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաեւ Միհրան Պողոսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձինք: Այդ նախարարների մեջ, ի դեպ, առանձնանում է այն ժամանակ ՀՀԿ անդամ Հրայր Թովմասյանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահը: Բանն այն է, որ Միհրան Պողոսյանին առաջադրված մեղադրանքի դրվագներից մեկն էլ վերաբերում է հենց իր հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունից 2011-2016թթ. ընթացքում շուկայականից թանկ գնով «ԲԻԴ» մակնիշի մեքենա գնելուն եւ այդպես պետությանը 20 մլն դրամի վնաս պատճառելուն:
Եւ երբ դեռ 2013թ. ԴԱՀԿ կարիքերի համար հենց ԴԱՀԿ պետի հիմնադրած ընկերությունից մեքենաներ գնելու հարցը բարձրացվեց խորհրդարանում, այն ժամանակ նախարար Հրայր Թովմասյանը շտապել էր պաշտպանել` հեգնելով կոռուպցիոն ռիսկերի մասին խոսող պատգամավորին: Թովմասյանը «զարմանք էր հայտնել» այդ պատգամավորի «իրավաբանական գիտելիքների ցածր մակարդակի վրա»: Ասել է թե` հենց Հ. Թովմասյանը հրապարակավ փորձել էր արդարացնել բացահայտ կոռուպցիոն դրսեւորումները: Հետաքրքիր է` հիմա էլ է այդպես մտածում, թե ինչ-որ բան է փոխվել նրա մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել են: Ըստ մեր աղբյուրների` Ս. Սարգսյանն ասել է, որ ինքը նեղացած է, քանի որ Ա. Սարգսյանին նախագահի պաշտոնում «բերեց» իր իշխանությունը, ինքը, բայց նախագահը սատարում է ներկայիս իշխանությունների աշխատելաոճը: Ըստ այդ տեղեկությունների` Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Արմեն Սարգսյանը ստորագրում է ընդունված բոլոր օրենքները: Իսկ Ա. Սարգսյանն էլ հակադարձել է, թե ինչ անի, եթե չստորագրի, ինչու խանգարի, որեւէ հիմնավորմամբ ինքը չի կարող դրանք մերժել կամ որեւէ իրավական հետեւանքի «պարտադրել»: Ա. Սարգսյանը նաեւ ակնարկել է հենց Ս. Սարգսյանի իշխանության ժամանակ սահմանադրությամբ նախագահի լիազորությունները քչացնելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:
Գաղտնիք չէ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո ռուսական կողմը ոչ մեկ անգամ է դժգոհություն հայտնել եւ բաց տեքստով հայտարարել, որ իրենց դուր չի գալիս այդ ամենը։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս ՌԴ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպման թեման եղել է ոչ միայն Արցախյան հակամարտությունը, այլեւ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, եւ եւս մեկ անգամ բաց տեքստով ասվել է, որ նրան պետք է ազատ արձակեն։ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով Քոչարյանի շուրջ ռուսական կողմի դժգոհությանը, նշել է. «Դուք գիտեք, ես չեմ ցանկանում, որպես դեսպան, մեկնաբանել ինչ-որ զգայուն հարցեր եւ պահեր, քանի որ իմ խոսքը կարող է այլ կերպ մեկնաբանվել եւ ընդունվել` որպես միջամտություն ներքին գործերին, որի իրավունքը ես, բնականաբար, չունեմ»։
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, կարծես թե հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ իր պաշտոնավարումից հետո քաղաքապետարանում շատ լարված ու «բուռն» իրավիճակ է: Ավելին, ըստ տեղեկությունների` Հ. Մարությանին չի հաջողվում իրավիճակն իր «ձեռքում» պահել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Մարությանը քաղաքապետ ընտրվելուց հետո շատ է «գոռոզացել». նրա շփումը իր աշխատակիցների հետ գրեթե զրոյական է, շփվելիս էլ այն վերածվում է «լեզվակռվի», ինչին հնարավոր է հետեւի պաշտոնանկությունը: Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որն ասաց. «Քաղաքապետի հետ աշխատելը դժվար է այն մարդկանց համար, ովքեր չեն տիրապետում իրենց աշխատանքին, եւ այն մարդկանց համար, ովքեր չեն տեղավորվում ՀՀ օրենսդրության մեջ»:
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼԻՍ
Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Միջոցառումն ինքնին ուշագրավ է. առաջին անգամ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկելու է պետության եւ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցեր:
Եկեղեցին, իհարկե, պետությունից առանձին է: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հատուկ կարգավիճակ է շնորհված. Սահմանադրությամբ ճանաչված է եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Ու նշված է. «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:
Բայց չենք կարող չնկատել, որ եկեղեցու եւ պետության միջեւ կան դեռեւս չկարգավորված բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայն խոսել:
Այդ հարցերը երեկ ձեւակերպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրինակ՝ պետք է արդյոք դասավանդել Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն առարկան: «Այստեղ առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է. արդյոք մենք տարբերակո՞ւմ ենք Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից, եւ եթե տարբերակում ենք, ինչո՞ւ ենք տարբերակում, եւ եթե տարբերակում ենք, ինչպե՞ս ենք տարբերակում»,- հարցադրում է հնչեցրել Փաշինյանը: Նա նաեւ անդրադարձել է եկեղեցու հարկային պարտավորություններին. «Խնդիր կա` անշարժ գույքի գույքահարկի հետ կապված, եւ մենք պետք է հասկանանք, թե այստեղ ինչ մոտեցում ունենք: Արդյոք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքն այս առումով միասե՞ռ է, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ, եւ արդյոք այդ սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակվա՞ծ, թե՞ ընդհանուր մոտեցում ցուցաբերենք»,-ասել է նա ու շատ թափանցիկ ակնարկել, թե եկեղեցու գույքը հարկելու դեպքում կավելանան հարկային մուտքերը, ինչը թույլ կտա բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձը, լրջագույն կապիտալ ծախսեր իրականացնել տարբեր ոլորտներում:
Ինչպե՞ս է արձագանքել կաթողիկոսը. բնականաբար` ոչ հիացմունքով: Ու դա զգացվում էր նրա խոսքերից. «Այս նոր ձեւաչափը բարեպատեհ հնարավորություն է՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ փնտրելու դրանց լուծման ուղիներ՝ ի խնդիր մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման՝ հանուն մեր երկրի եւ ժողովրդի»: