ԶԳԱՅՈՒՆ ՀԱՐՑԵՐ` ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ապրիլի 30-ին Երեւանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, եւ այս տարվա հունվարից Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:

Մինչ այդ նիստը նաեւ առանձին հանդիպում էր եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Վերջին շրջանում՝ թավշյա հեղափոխությունից հետո, հաճախ էին նշում այն մասին, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, հատկապես, այն առումով, որ ռուսական կողմին դուր չի գալիս Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը՝ կապված նախկին պաշտոնյաների եւ, հատկապես` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանի հետ։
Ավելին, ՌԴ իշխանությունները ոչ մեկ անգամ իրենց հայ գործընկերներին ասել են այդ մասին, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս տեղի ունեցած Սերգեյ Լավրով-Զոհրաբ Մնացականյան հանդիպման թեման եղել է ոչ միայն Արցախյան հակամարտությունը, այլ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, եւ եւս մեկ անգամ բաց տեքստով ասվել է, որ երկրորդ նախագահի հանդեպ տեղի ունեցող դեպքերը դուր չեն գալիս ռուսական կողմին։
Այս եւ այլ հարցերի շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Եվ չնայած նա՝ որպես դեսպան, խուսափեց գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, սակայն անդրադարձավ ՀՀ-ՌԴ հարաբերություններին եւ Մեդվեդեւի այցին։
-Պարո՛ն Կոպիրկին, ի՞նչ արդյունքներ կարող ենք արձանագրել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից հետո։
-Ես կարծում եմ՝ նիստը իրավմամբ հաջող էր։ Ինչպես միշտ, բավականին շատ եւ լայն հարցեր են քննարկվել, որոնք շատ կարեւոր են անդամ երկրների տնտեսությունների զարգացման համար։ Կային նաեւ քննարկումներ, թե ինչպես պետք է հարցերը կարգավորվեն, ընդունվեցին որոշումներ, ստորագրվեցին փաստաթղթեր։ Եվ, ընդհանուր առմամբ, իսկապես հաջող էր։
-Նիստի ժամանակ եւս շեշտվեց, որ այս կառույցն արդեն հինգ տարեկան է։ Այս տարիների արդյունքն ակնհա՞յտ է։ Պոտենցիալ արդյոք օգտագործվո՞ւմ է։
-Իհարկե, արդեն օգտագործվում է այժմ, եւ այդ փաստն ապացուցվում է այն հանգամանքով, որ առեւտրի ծավալներն անդամ երկրների միջեւ էականորեն աճել է միության գործունեության շրջանում։ Դա վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետությանը թե՛ ներկրման, թե՛ արտահանման առումով։ Բնականաբար, կան հարցեր, որոնք դեռ լուծումներ են պահանջում, հարցերը պարզ եւ հեշտ չեն, քանի որ շատ զգայուն են անդամ երկրների տնտեսությունների համար։ Բայց այդ հարցերը կարգավորվում են, իսկ արդյունքներն էլ ակնհայտ են, եւ տվյալներն էլ վկայությունն են։
-Այսինքն` իսկապես կարո՞ղ ենք ասել, որ իշխանության փոփոխությունը վատ առումով չի անդրադարձել այդ միության կամ հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։
-Դուք գիտեք, այստեղ կարելի է հղում անել եւ հենվել ռուսական ղեկավարության հայտարարությունների մասին առ այն, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները եղել եւ մնում են եղբայրական, ռազմավարական, գործընկերային, եւ այդ առումով ես կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ նույնն է մնացել։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում եւ ակտիվ աշխատանքներ է տանում. այդ մասին նշեց նաեւ ՀՀ վարչապետը Մոսկվայում, որն իր հերթին խոսում է նաեւ ԵԱՏՄ-ի պոտենցիալն օգտագործելու պատրաստակամության մասին։
-Ի՞նչ եք կարծում, Դմիտրի Մեդվեդեւը դրական տպավորությա՞մբ հեռացավ Հայաստանից։ Դուք զրուցե՞լ եք նրա հետ։
-Գիտեք, ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նա գոհ է։ Իհարկե, ես չգիտեմ երկկողմ հանդիպման մանրամասնությունների մասին, սակայն, իմ տպավորությամբ, այն դրական, կառուցողական հանդիպում եւ զրույց է եղել։
– Սակայն ասում են, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունների հետ հարաբերությունները դրական չեն, եւ, հատկապես, ռուսական կողմին դուր չեն գալիս, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Դուք ի՞նչ կարող եք ասել. իսկապե՞ս այս հանգամանքը դուր չի գալիս ռուսական կողմին։
-Դուք գիտեք, ես չեմ ցանկանում որպես դեսպան մեկնաբանել ինչ-որ զգայուն հարցեր եւ պահեր, քանի որ իմ խոսքը կարող է այլ կերպ մեկնաբանվել եւ ընդունվել` որպես միջամտություն ներքին գործերին, որի իրավունքը ես, բնականաբար, չունեմ։ Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա ամեն ինչ կարգին է։
-Այսինքն՝ ռուսական կողմից Ձեզ որեւէ բան չի՞ ասվել երկրորդ նախագահի շուրջ տարվող գործընթացների մասին։
-Ես չունեմ ոչ մի ցուցում Մոսկվայից ներկայացնել որեւէ դժգոհություն իրենց կողմից։ Ես սա Ձեզ ասում եմ՝ որպես դեսպան։

 

 

 

 

ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցելու է ««Իմ քայլը»` հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին։ Վերջինիս մասնակցելու են նաեւ մարզպետներ, նախարարներ։

Սա առաջին դեպքը չէ, երբ նման ֆորում է կազմակերպվում: Այդ միջոցառման նպատակն է մարզի տնտեսության եւ համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում եւ արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայացվելու են մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի եւ մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր։
Նման ֆորում մեկ անգամ էլ կազմակերպվել էր այս տարվա փետրվարի 23-ին՝ Լոռու մարզում, որին կրկին հրավիրված են եղել մասնակցելու Հայաստանի ու արտերկրի հայ եւ այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: Ֆորումին ներկա են գտնվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ գործադիրի այլ ներկայացուցիչներ։
Ավելին, մենք տեղեկացանք, որ այս նախաձեռնության շրջանակներում 2019թ. մայիսի 25-ին Սյունիքի մարզում՝ Տաթեւում, կանցկացվեն ««Իմ քայլը»` հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի ֆորում եւ տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես, որին կարող են մասնակցել մարզի բոլոր տարածաշրջաններից գործարարներ (գործող եւ սկսնակ), հասարակական կառույցներ, այլ կազմակերպություններ։
Սա կլինի նման երրորդ միջոցառումը, եւ մենք տեղեկացանք, որ այդպիսի համաժողովները շարունակական են լինելու, եւ դրանց նպատակը ներդրումներ ներգրավելն է։ Ամեն դեպքում, նախորդ համաժողովից վարչապետը գոհ էր մնացել։
Բայց այսօրվա ֆորումն ուշագրավ է մեկ այլ հանգամանքով. այն անցկացվում է Արարատի մարզում, եւ գաղտնիք չէ, որ վերջինիս մարզպետ Գարիկ Սարգսյանից լուրջ դժգոհություններ կան: Անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է տեղյակ այդ ամենից: Ու այս համաժողովը նաեւ փորձություն է հենց նրա համար։

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

 

ՈՒՇԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Հայաստանի պետական հիմնարկների (այդ թվում` դպրոցների, մանկապարտեզների եւ գերատեսչությունների) մի մասն արդեն երկու ամիս է՝ աշխատավարձերը ստանում է մի քանի օր ուշացումով: Ենթադրենք` պետական հիմնարկում աշխատողները աշխատավարձերը ստանում էին յուրաքանչյուր ամսվա 24-ին կամ 25-ին, ապա այս ամիս նրանք այն ստացել են մի քանի օր ուշ` երեկ կամ մայիսի 2-ին: Շատերը մտահոգ են, անգամ խոսակցություններ են շրջանառվում, որ պետական բյուջեում ֆինանսական միջոցներ չկան աշխատավարձը վճարելու համար: Բայց պարզվում է` խնդիրը գործատուի հետ է կապված, քանի որ նրանք ֆինանսավորման հայտերը նախատեսված ժամանակից ուշ են ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գանձապետական համակարգի անցման գործընթացում տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել, որոնք այժմ լուծվել են:

 

 

 

ԱԺ-ԻՑ՝ ԴԱՏԱՐԱՆ
Տարիներ առաջ Ազգային ժողովից հեռացված աշխատակիցները դիմում են դատարան նախկին աշխատանքի վերադառնալու ակնկալիքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի ապրիլի 30-ին դատարան է դիմել Կարինե Հարությունյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի Ազգային ժողովին անվավեր ճանաչել 2018թ փետրվարի 23-ի կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը, եւ իրեն վերականգնեն ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի վարիչի պաշտոնում: Թե ինչ զարգացում կունենա այս գործը, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, նկատենք, որ Կ. Հարությունյանի պաշտոնանկությունը տեղի է ունեցել նախկին իշխանությունների օրոք:

 

 

 

ՆՈՐ ԿԱԶՄՈՎ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ճակատագիրը որոշակիացել է: Ավելին` հիմնադրամն այլեւս նոր տնօրեն ունի` Արգամ Արշակյանը, որը նախկինում զբաղեցրել է նույն հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների համակարգողի պաշտոնը: Տեղեկացնենք, որ հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ չէր կայանում, ինչի պատճառով հիմնադրամը գործունեություն չէր իրականացնում, իսկ աշխատողները արդեն մի քանի ամիս է` աշխատավարձ չեն ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ կայացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Ի դեպ, տեղեկացնենք, որ հիմնադրամի պաշտոնական կայքէջում ներկայացված է միայն հոգաբարձուների խորհուրդի նոր կազմը, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում եւ յուրացում կատարելու մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի (ՀԵՀ) նախկին գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին: Նրա գործն ուղարկվել է դատարան:




Լրահոս