ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԺՎԱՐ Է, ԻՍԿ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ «ՑՐՈՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, կարծես թե հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ իր պաշտոնավարումից հետո քաղաքապետարանում շատ լարված ու «բուռն» է այն առումով, որ այնտեղ մշտապես իրավիճակը լարված է: Ավելին, ըստ տեղեկությունների` Հ. Մարությանին չի հաջողվում իրավիճակն իր «ձեռքում» պահել` վերահսկելով քաղաքապետարանի աշխատանքները: Նույնիսկ քաղաքապետարանում քննարկում են այն հարցը, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին գոնե հաջողվում էր տիրապետել իրավիճակին, ավելին` զգոն լինել բոլոր հարցերում:

Իրավիճակը «թեժացավ» այն բանից հետո, երբ պարզ դարձավ Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի ազատման տեղեկությունը: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Զ. Առաքելյանի ազատումը կապված է այն բանի հետ, որ Հայկ Մարությանը նրան ոչ իրավաչափ հանձնարարական է տվել, իսկ վերջինս էլ հրաժարվել է այն կատարելուց: Ի դեպ, քաղաքապետարանում կարծիք կա, որ Զ. Առաքելյանը շատ լավ էր տիրապետում իր աշխատանքին ու, կարելի է ասել, շատ օրինակելի աշխատող էր:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Մարությանը քաղաքապետ ընտրվելուց հետո շատ է «գոռոզացել». նրա շփումը իր աշխատակիցների հետ գրեթե զրոյական է, շփվելիս էլ այն վերածվում է «լեզվակռվի», ինչին հնարավոր է հետեւի պաշտոնանկությունը: Քաղաքապետարանում տեսակետ կա նաեւ, որ Հ. Մարությանին ոչ մի կերպ չի հաջողվում կառավարական ոլորտում հմտություններ ձեռք բերել. Հ. Մարությանի համար սա առաջին քաղաքական պաշտոնն է, որին դեռեւս չի հաջողվում լիովին տիրապետել:
Մի հարցում եւս անհասկանալի քաղաքականություն է որդեգրել Երեւանի քաղաքապետարանը, քանի որ, մեր տեղեկությունների համաձայն, վերջինս շատ «դժկամորեն» է պատասխանում թե՛ քաղաքացիների, թե՛ տարբեր գերատեսչությունների, թե՛ հայրենի պատգամավորների կողմից ուղարկված հարցերին: Կարելի է ասել, քաղաքապետարանում այնպիսի տպավորություն է, որ իրենք շատ «զբաղված» են եւ դրանց պատասխանելու ժամանակ չունեն, կամ էլ Հայկ Մարությանը, ընտրվելով քաղաքապետ, իրեն համարում է «անձեռնմխելի», ու այդքանով հրաժարվում է իր լիազորությունները կատարել:
Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Հայկ Մարությանը քաղաքապետարանում կատարվող բոլոր իրադարձությունների, աղմկահարույց խնդիրների դեպքում «առաջնագիծ» է մղում իր մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին ու, կարելի է ասել, իրեն «ապահովագրում» է բոլոր տեսակի քննադատություններից: Սակայն այդ ամենից իրավիճակի թեժությունը չի թուլանում, քանի որ ստացվում է, որ ինքը` պաշտոնյան, խուսափում է իր դիրքորոշումը հայտնել, որից էլ հասկանալի կդառնար, թե որքանով է Մարությանը տիրապետում քաղաքապետարանում եւ իր շուրջ ստեղծված իրավիճակին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ, որը ժամանակին, որպես ավագանու անդամ, աշխատել է նաեւ Հայկ Մարության հետ: Մեր հարցին, թե որքանով է դժվար «լեզու» գտնել Մարության հետ, պատգամավորն ասաց. «Գիտեք, երբ ընտրվեց քաղաքային իշխանությունը, մենք մեծապես հույս ունեինք, որ մեր համագործակցությունը շատ ավելի հեշտ է լինելու, շատ ավելի բնական եւ անխոչընդոտ, որովհետեւ կար այն մտայնությունը, որ իշխանությունը նոր է, նոր արժեհամակարգի կրող է, ու նոր իշխանությունը եղել է մեր նախկին գործընկերը: Բայց որոշ ժամանակ անց այդ մտայնությունը փոխվեց, որովհետեւ մենք դիմում էինք խնդիրներով քաղաքապետին, հանդիպումը քաղաքապետի հետ ձգձգվում էր, տարածված ասած, ցրում էր, ու երբեմն էլ այդ հանդիպումները չէին ստացվում: Ես կարծում եմ, որ ինքն է բարդացրել իր աշխատանքը ընդդիմության հետ, ես չգիտեմ, դա համարել բարդույթավորված աշխատանք չեմ կարող»:
Այս տեղեկատվությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որն ասաց, թե Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը ազատվել է այլ աշխատանքի անցնելու համար: «Քաղաքապետ Հայկ Մարությանը, բնականաբար, հարգել է նրա կամքը եւ ստորագրել է նրա դիմումը, որեւէ տարաձայնություն չի եղել, ու ես կարող եմ ասել, որ Առաքելյանը եղել է վարչակազմի ամենապրոֆեսիոնալ կադրերից մեկը»:
Իսկ հարցին, թե Հ. Մարությանի հետ աշխատելը դժվար է, միշտ տարաձայնություններ լինում են արդյոք, մեր զրուցակիցն ասաց. «Քաղաքապետի հետ աշխատելը դժվար է այն մարդկանց համար, ովքեր չեն տիրապետում իրենց աշխատանքին, եւ այն մարդկանց համար, ովքեր չեն տեղավորվում ՀՀ օրենսդրության մեջ»: Ինչ վերաբերում է այն հարցին, որ քաղաքապետն իր մամուլի քարտուղարի միջոցով է բոլոր աղմկահարույց հարցերին պատասխանում, Կարապետյանն ասաց, որ դա իրական չէ, ու հայտարարեց, որ մոնիթորինգ անելու դեպքում պարզ կդառնա, որ դա իրականության հետ կապ չունի: Ինչ վերաբերում է քաղաքապետարան ուղարկված նամակներին, որոնք անպատասխան են մնում, դա եւս մեր զրուցակիցը համարեց անհիմն:
Հ.Գ. Հուսանք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կփոխի իր աշխատելաոճը, քանի որ միայն իր մամուլի խոսնակի բարձր գնահատականը բավական չէ, որպեսզի Մարությանն իր աշխատանքը համարի «շատ լավը»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՊԱՐԱՊՈՒՐԴ
Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ԱԺ հանձնաժողովների նախագահները պետք է հաշվետվություն ներկայացնեն՝ նախորդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից պատգամավորների բացակայության մասին։ Երեկվա դրությամբ տեղեկատվություն առկա էր դեռ երկու հանձնաժողովի մասին: Սակայն հետաքրքիր է, որ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը թեեւ ներկայացրել է գրություն, բայց ոչ բացակաների մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ գրությունը վերաբերում է այն հանգամանքին, որ իրենք ապրիլ ամսվա ընթացքում նիստեր չեն անցկացրել։ Այլ խոսքով ասած` ապրիլ ամսվա ընթացքում այս հանձնաժողովը պարապուրդի է մատնվել։ Եվ սրա պատճառն այն է, որ ոլորտային նախագիծ խորհրդարան չի ներկայացվել, ու այս հանձնաժողովը գլխադասային չի ճանաչվել: Պարտաճանաչ կերպով իր հաշվետվությունը ներկայացրել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, սակայն արձանագրել է, որ նիստերից հանձնաժողովի անդամների բացակայություններ չեն եղել։

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի քարտուղարուհուն` Քրիստին Բադալյանին, ՀՔԾ-ում հարցաքննել են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արտուշ Գաբրիելյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ իրեն չեն կանչել: Ինչպես հայտնի է, 2018թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը առանց դատական նիստին մասնակից դարձնելու պաշտպանական կողմին: Փաստաբանը դիմել էր Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ: Ավելին, Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնել էր. «Արտուշ Գաբրիելյանի դատարանի կազմի կողմից կազմվել է կեղծ փաստաթուղթ, թե, իբր, ինչ-որ հեռախոսահամարից ինձ զանգահարել են, ես չեմ պատասխանել տվյալ հեռախոսազանգին: Այդ կեղծ ապացույցը ստեղծելու եւ քրեական գործի մեջ դնելու դեպքի առթիվ հաղորդում եմ ներկայացրել` հանցագործության մասին, Հատուկ քննչական ծառայություն: Եվ, ահա, վերջինիս քարտուղարուհուն հարցաքննության են հրավիրել եւ հարցաքննել են այս գործի շրջանակներում»:

 

 

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԴԻՄՈՒՄ
ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել եւ չի ցանկանում դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: Պատգամավորը հայտնել է. «Քանի որ վերջնաժամկետ կար դիմում լրացնելու, եւ այդ պահին ես վերջնական որոշում չէի կայացրել` ուզում եմ վարչության անդամության թեկնածու լինել, թե ոչ, ու, առհասարակ, ուզում եմ դառնալ վարչության անդամ, թե ոչ, որպեսզի այնպես չստացվի, որ չլրացնեմ, հետո պարզվի, որ իրականում ուզում եմ թեկնածություն դնել, եւ այլեւս ժամանակն անցել է: Որոշեցի լրացնել դիմումը ու այդ ընթացքն օգտագործել հասկանալու համար` արդյոք ուզում եմ, թե չեմ ուզում: Հետո հասկացա, որ այս փուլում ուղղակի չեմ ուզում. միգուցե հաջորդ ընտրություններում թեկնածությունս դնեմ»,- ասել է Հակոբյանը: Հիշեցնենք, որ ՔՊ-ի վարչության անդամ դառնալու համար 65 թեկնածու ինքնաառաջադրվել է, իսկ վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար 33 թեկնածու է առաջադրվել:

 

 

 

ԲԱԲԱՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանը իրեն հաշվառումից հանելու համար: Ս. Բաբայանը հավելել է, որ գործով առաջին նիստը տեղի կունենա մայիսի 23-ին Ստեփանակերտում: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020թ. Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում: Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ է վերջին 10 տարվա մշտական բնակություն, իսկ Բաբայանն այդ շրջանում Արցախում չի բնակվել, նա նախատեսում է այս տարվա մարտ ամսից ստորագրահավաք սկսել Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով: Բաբայանը նաեւ հայտարարել էր, որ վերջերս է իմացել, որ իրեն 2006 թվականին զրկել են Ղարաբաղի քաղաքացիությունից այն դեպքում, որ ոչ մի անգամ նման դիմում չի գրել եւ ոչ էլ դրա մասին հայտարարել է: Արցախի ոստիկանությունն էլ պարզաբանում էր տարածել` նշելով, որ Սամվել Անդրանիկի Բաբայանը, իր դիմումի համաձայն, հանվել է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի իր բնակարանի հաշվառումից ՀՀ Երեւան քաղաքում հաշվառվելու համար:

 

 

ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է
Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ռիկսդագում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում: Քննարկմանը ելույթ են ունեցել խորհրդարանի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել համաձայնագրի վավերացմանը: Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018թ. հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:




Լրահոս