Ինչպես հայտնի է, 2019 թվականի ապրիլի 15-ին ՀՔԾ-ն Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին օֆշորի գործով ներգրավել է որպես մեղադրյալ: Սակայն որտե՞ղ էր այդ ժամանակվա ՀՀ արդարադատության նախարար, ներկայումս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, երբ Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ փողերն էր վատնում:
Ըստ նախաքննական մարմնի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել եւ համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Մ. Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ` ընդհանուր 44.199.463 դրամի չափով:
Մ. Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ: Ավելին, ըստ ՀՔԾ-ի, Մ. Պողոսյանը 2011-2016թթ.-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետեւ իբրեւ այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող, առեւտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը` նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 դրամ ավելի բարձր գնով, ինչի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Մ. Պողոսյանը Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պաշտոնին նշանակվել է 2008 թ. հունիսի 11-ին, իսկ այդ պաշտոնից ազատման դիմում է գրել 2016 ապրիլի 18-ին. «օֆշորի» քրեական գործից հետո հրաժարական տվեց: Սակայն, ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայությունը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ, ինչը ցույց է տալիս մեկ բան, որ ԴԱՀԿ նախկին պետ Մ. Պողոսյանը ունեցել է ղեկավարներ: Իսկ, ահա, նրա ղեկավարը եղել է ներկայումս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Ուսումնասիրելով նրա կենսագրությունը` նկատենք, որ նա 2010թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, իսկ, ահա, այդ պաշտոնից ազատվել է 2014 թ. ապրիլի 30-ին: Ըստ էության, Հ. Թովմասյանը, շուրջ 4 տարի լինելով ՀՀ արդարադատության նախարար, արդյոք տեղյակ չի՞ եղել, թե ինչ է կատարվում ԴԱՀԿ ծառայությունում, ինչ է անում իր ենթակա Մ. Պողոսյանը: Միգուցե Հ. Թովմասյանը տեղյակ է եղել, ու իր ենթակայի հետ համաձայնության արդյունքում գումարները մեջ-մեջ են արել, կամ էլ տեղյակ չի եղել, եւ Մ. Պողոսյանը, տեսնելով, որ իր ղեկավարը տեղում չէ, ինչ ցանկացել, արել է, եւ, առհասարակ, միգուցե Հ. Թովմասյանը տեղյակ է եղել, սակայն հաշվի առնելով, որ Մ. Պողոսյանը հովանավորչություն ունի Բաղրամյան 26-ից` աչք է փակել այդ հանգամանքի վրա:
Ամեն դեպքում, երբ ԱԺ-ում 2013թ. բարձրացվել էր Մ. Պողոսյանի հետ կապված այս հարցը, այն ժամանակ նախարար Հ. Թովմասյանը, պատգամավորի հարցին ի պատասխան, շտապել էր հայտնել. «Ես զարմանում եմ Ձեր զարմանալու վրա եւ Ձեր իրավաբանական գիտելիքների ցածր մակարդակի վրա, որովհետեւ ՍՊԸ-ի հիմնադիրն ու ՍՊԸ-ն, այս պահին բաժնեմաս ունենալն ու նրա ղեկավարելը, Ձեզ 1-ին կուրսի իրավաբանը կապացուցի, որ դրանք տարբեր բաներ են։ Եթե ես 25 տարի առաջ մեքենա եմ գնել, հետո այդ մեքենան վաճառել եմ իքսի, եւ դա ինչ-որ փուլում եղել է իմ մեքենան, դա չի նշանկում, որ այդ մեքենայի հետ այս փուլում որեւէ առնչություն ունեմ։ Ես նման մեքնաներ ունեցել եմ»։
Սակայն հաշվի առնելով իրավիճակը` նախաքննական մարմինը պետք է այս գործի շրջանակում նաեւ հարցաքննության հրավիրի Մ. Պողոսյանի գործունեության ընթացքում նրա անմիջական ղեկավարներին` ի դեմս երկարակյաց նախարար Հ. Թովմասյանի, քանի որ նա, հանդիսանալով ՀՀ արդարադատության նախարար, չի կատարել իր՝ նախարարի պարտականությունները. պետության փողերը «մեջ-մեջ» են արվել:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայություն` պարզելու համար, թե արդյոք Հրայր Թովմասյանը հարուցված քրեական գործով ներգրավված է, թե ոչ, եւ, առհասարակ, նրան հարցաքննության հրավիրել են` պարզելու համար, թե նա տեղյակ է եղել Միհրան Պողոսյանի գործողություններից: Ի պատասխան` լրատվական բաժնից հայտնեցին, որ չեն մեկնաբանում: Նախաքննությունը շարունակվում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԿԱՇԱՌՔ
Երեկ ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության` Լոռու մարզի աշխատակիցները:
Ըստ ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների` ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մ.Մ-ն եւ նույն հանձնաժողովի անդամները, քաղաքացիների օգտին այլ նախընտրելի որոշումներ կայացնելու դիմաց, 2018թ. դեկտեմբերից մինչեւ 2019 թվականի ապրիլը տասնյակ անձանցից պահանջել եւ ստացել են ընդհանուր առմամբ 645 հազար դրամ գումար` յուրաքանչյուրից 20-55 հազարական դրամ` որպես խոշոր չափերով կաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
«Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ գործից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեղադրյալներից մեկը Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մնացականյանն է, որը այդ պաշտոնը զբաղեցրել է ժամանակավոր: Այս գործով անցնում է եւս երկու հոգի՝ երկու կին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Մարզպետունի Մնացականյանը նախաքննական մարմնին ցուցմունք է տվել եւ հայտնել, որ ինքը նման բան արել է եւ զղջում է իր արածի համար: Ասել է թե` նա խոստովանել է իր մեղքը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրություն իրականացրեց եւ պարզեց, որ հեղափոխությունից հետո իրավապահները ՀՀ ԲՍՓ գործակալությունների ապօրինի գործարքների մասով շուրջ 15 դեպք են բացահայտել: Սակայն այս ամենի մեջ մեկ մտահոգիչ հանգամանք կա: Ըստ էության, հեղափոխությունից հետո ԲՍՓ աշխատակիցների համար դաս չի եղել մինչեւ հիմա իրականացված բացահայտումները, նախկինների դեմ քրեական գործերը: Բացի այդ, այս դեպքում եւս դատարանի առաջ են կանգնում մանր ձկները: Ու հետաքրքիր է` ինչու իրավապահները չեն փորձում պարզել, թե արդյոք ԲՍՓ ղեկավարները ունեն արդյոք տանիք, որն է տանիքը, կամ արդյոք նրանց հրահանգել են գործարքի գնալ քաղաքացիների հետ, վերցրած գումարները միայնակ են տնօրինել արդյոք, թե «փայ հանել» վերեւներին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
26 ՄԼՆ ԴՐԱՄ ՏՈՒՅԺ
Երեւանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է 26 մլն դրամ տույժի: Երեւանի քաղաքապետարանի եւ «Սանիթեք» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն` ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Սա հետեւանքն է խախտումների եւ չկատարված աշխատանքների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի աղբահանության ոլորտում: Ապրիլ ամսվա ծառայությունների դիմաց վճարվել է 26 մլն դրամով պակաս:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ
Վերջին շրջանում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսեւորվում են ինչպես ինժեներաամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշված է. «Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, այլեւ մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վրա` միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից»:
ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԸ ԿՓՈԽՎԵՆ
Ակցիզային նոր դրոշմապիտակներն արդեն պատրաստ են, այժմ իրականացվում են դրանց մատակարարման աշխատանքները, որոնք շրջանառության մեջ կդրվեն արդեն ընթացիկ մայիսին. հայտնել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արման Զարգարյանը: Առողջապահության նախարարությունն ավելի վաղ առաջ էր քաշել մինչեւ այժմ կիրառվող դրոշմապիտակների վտանագավորության հարցը` հղում անելով ծնողներից ու բժիշկներից ստացված բազմաթիվ ահազանգերին, որ այդ դրոշմապիտակները երեխաները կուլ են տալիս, ու դրանք կպչում են շնչուղիներին: Նոր դրոշմապիտակներն արտաքինից, ըստ էության, չեն տարբերվում հներից:
ՄԵՂԱԴՐԱՆՔ` ՏՆՕՐԵՆԻՆ
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ` Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել չարաշահումներ կատարելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ կոմիտեի` քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենը, որը 1996թ. մինչ օրս զբաղեցնում է հիշյալ պաշտոնը, 2010-ի նոյեմբերից մինչեւ 2017-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում կատարել է մի շարք չարաշահումներ: Նախնական քննության տվյալներով` պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 994 հազար 276 դրամի վնաս, որը նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ամբողջությամբ վերականգնվել է: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ԵՌՅԱԿ Է ԾՆՎԵԼ
Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, եռյակ է լույս աշխարհ եկել «Շենգավիթ» բկ-ում. երկու աղջիկ, մեկ տղա` 2050, 2045 եւ 1950 գրամ քաշերով: Երեխաները գտնվում են հիվանդանոցի` նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` ստանալով համապատասխան բուժման կուրս: Այս պահին թե՛ մայրիկի, թե՛ փոքրիկների վիճակը բավարար է: