ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄՈԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հիշում եք, ապրիլի 2-ին` քառօրյա պատերազմի տարելիցի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում մեքենաներ էին թալանվել, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղայի մեքենան: Այդ դեպքի բացահայտման աշխատանքները ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր անձնական հսկողության տակ էր վերցրել: Ավելին, դեպքի հաջորդ օրը Օսիպյանը հայտնել էր, որ ավտոմեքենաներից գողություն կատարելու մեղադրանքով կան կասկածյալներ: Սակայն պարզվում է` մինչեւ հիմա այս քրեական գործն այդպես էլ չի բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը հարցաքննել է ոստիկանության մատնանշած կասկածյալներին, սակայն այդպես էլ որեւէ ապացույց չի եղել, որ նրանք են թալանել Ապրիլյան զոհերի հարազատներին: Ավելին, որեւէ ապացույց չի եղել, որ նրանք ընդհանրապես գտնվել են այդ տարածքում:
Ու, փաստորեն, պետք է արձանագրենք՝ կատարվածից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն մինչ օրս այն բացահայտված չէ: Սա, թերեւս, իրավապահ համակարգի ամոթն է: Ի վերջո, հաշվի առնելով այն փաստը, որ հանցագործությունը տեղի էր ունեցել Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, հաշվի առնելով, որ հանցագործության թիրախ են դարձել պատերազմի զոհերի հարազատները, որ եկել էին սգալու հերոսների մահը` իրավապահ համակարգը պետք է ջանք ու եռանդ չխնայեր կատարվածը օր առաջ բացահայտելու հարցում:

 

 

 

Վաղը տեղի է ունենալու Երեւանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է աղմկահարույց նախագիծը՝ քաղաքապետարանի պաշտոնյաների, մասնավորապես` քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ: Միեւնույն ժամանակ օպտիմալացումներ են լինելու մի քանի թաղապետարանների աշխատակազմերում, այդ թվում` Արաբկիր եւ Ավան վարչական շրջաններում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սա առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը հատկապես Արաբկիրում: Ավելին` հիմա թաղապետ Արամ Դանիելյանի դեմ ստորագրահավաք է նախապատրաստվում, քանի որ թաղապետը ցանկանում է ազատվել մի շարք կադրերից, հիմնականում՝ բաժնի պետերից: Թաղապետարանի աշխատակիցները ներքին որոշում են կայացրել՝ եթե որեւէ մեկին ազատեն աշխատանքից, անկախ ազատման հիմքերից, իրենք գործադուլ կանեն: Ասել է թե` Արաբկիրի թաղապետի որոշումների հետեւանքով բունտ է հասունանում:

 

 

 

Հայաստանում հատկապես մայրերն անում են ամեն ինչ՝ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Ու հիմա մի շարք անձինք, հիմնականում` զինակոչիկների մայրեր, կաշառք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Ընդ որում` հետաքրքիրն այն է, որ թեեւ նրանք փորձել են կաշառք տալով որդիներին ազատել զինծառայությունից կամ տեղափոխել հետագա ծառայության համար ավելի հարմար վայր, բայց եւ վերջում խարդախության զոհ են դարձել: Անձը, որին տվել են այդ գումարները, յուրացրել է դրանք` չկատարելով խոստումը: Նշենք, որ կաշառքի չափը 2500 դոլարից մինչեւ 8000 դոլար է կազմել: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ սպասենք այս գործերով զարգացումներին:

 

 

 

ՀՀ առողջապահության նախարարության եւ Առողջապահական տեսչական մարմնի ջրերը սկսել են մեկ առվով չհոսել: Ավելին, այս երկու պետական մարմինների միջեւ տեւական ժամանակ է, ինչ սկսվել է միջգերատեսչական գզվռտոց: Պատճառն աշակերտուհիներին, առանց ծնողների թույլտվության, գարդասիլ պատվաստելու մասին ահազանգն է, որը, սակայն, հետագայում հերքվել է: Պարզվել է՝ աղջիկները, որոնց մասին Աբովյան քաղաքի ուսուցիչներից մեկը բարձրաձայնել էր, փաստորեն ցանկացել են դասից ազատվել եւ պատճառ են բերել պատվաստումը: Տեսչությունը վարույթ է հարուցել, ինչը նախարարին դուր չի եկել, եւ նա ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել: Բայց այս պատմության մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը հենց Արսեն Թորոսյանի շնորհիվ է հայտնվել այդ պաշտոնին: Ստացվում է՝ նախարարը պայքարում է իր կադրերի դեմ:

 

 

 

ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ
Հայաստանում տնտեսական հեղափոխության եւ, ընդհանրապես, տնտեսական դաշտում տիրող իրավիճակի մասին շատ է խոսվել: Տնտեսագետներն իրենք են ընդունում, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, որպես այդպիսին, մենաշնորհներ չկան, բայց առանձին ոլորտներում կան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը երեկ այս թեմայով քննարկման ժամանակ պնդել է. «Մեր տնտեսության առանձին ոլորտներում առանձին գործարարներ դեռեւս շարունակում են մենաշնորհային դիրքը պահպանել: Այս առումով ե՛ւ օրենսդրական դաշտում անելիք կա, ե՛ւ գուցե պետք է սկսնակ գործարարներին հնարավորություն տալ, մանավանդ որ գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցողները այդ ամենին հասել են ոչ հավասար պայմաններում»:
Իսկ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նույն այդ քննարկման ժամանակ ընդգծել է. «Որքան ես եմ հասկանում, մենաշնորհի խնդիրը ոչ թե չկա, միշտ էլ եղել է, հիմա էլ, որքան գիտեմ, կան գերիշխող դիրք զբաղեցնողներ»:
Իրականում տնտեսական դաշտում դեռ կան խնդիրներ, որոնց լուծումը, սակայն, մեծ ջանքեր ու տեւական ժամանակ է պահանջում: Թեեւ մենաշնորհները Հայաստանում կարելի է վերացած համարել, սակայն գերիշխող դիրք ունեցողներն, այնուամենայնիվ, շարունակում են տնտեսության մեջ մնալ թելադրող:
Ու եթե մենաշնորհները վերացնելու համար բավական էր վարչապետի մի հանձնարարությունը, ապա գերիշխող դիրք ունեցողների դեմ պայքարը շատ ջանքեր է պահանջում: Ընդ որում, այդ պայքարը պահանջում է միաժամանակ բավականին զգուշավոր մոտեցում, քանի որ հարկավոր է հաշվի առնել մի շարք գործոններ:
Հարկավոր է պահպանել զգուշավորություն թեկուզ այն պարզ պատճառով, որ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները սպասարկում են շուկայի զգալի մասը: Շուկայում նրանց մասնաբաժինը նվազեցնելուց առաջ հարկավոր է լուծել շուկայի պահանջները բավարարելու խնդիրը, այլապես այս դեպքում գործ ենք ունենալու դեֆիցիտի հետ: Բացի այդ, խնդիր ենք ունենալու հարկերի հավաքագրման, ըստ այդմ` պետական բյուջեի կատարման հետ: Սա մեկ օրում լուծելու խնդիր չէ. դեռ պետք է նոր ստեղծվող ընկերությունները կարողանան մտնել ու տեղավորվել շուկայում, տեղավորվել հիմնավորապես:
Այնպես որ, Հայաստանում տնտեսական հեղափոխությունը նաեւ այս առումով լուրջ ջանքեր է պահանջում:




Լրահոս