ՔՊ-Ն ԱՐԴԵՆ ՈՐՈՇԵԼ Է ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՕՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ համայնքներում ստեղծված լարված վիճակի լուծում կարող է հանդիսանալ համայնքների ղեկավարների հետկանչման մեխանիզմը: Ըստ նախարարի` տեղական հանրաքվեի միջոցով ակնհայտ կդառնա` արդյոք իսկապես բնակչությունը դժգոհ է իր համայնքի ղեկավարից, թե ինչ-որ մարդկանց խմբեր են հրահրում նման լարվածություններ իշխանության գալու նպատակով:

-Պարո՛ն Պապիկյան, արդեն մեկ տարի է` Դուք ղեկավարում եք ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը նախարարի պաշտոնում, ըստ Ձեզ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը գո՞հ է Ձեր աշխատանքից:
-Անկեղծ ասած` իմ աշխատանքի գնահատականը պետք է տա հանրությունը, այո, ինչպես նաեւ կառավարության ղեկավարը. ես ինձ չեմ կարող գնահատել:
-Բայց ի՞նչ եք կարծում, կառավարության ղեկավարը գո՞հ է Ձեր աշխատանքից:
-Ես իմ ուժերի շրջանակներում ամեն ինչ անում եմ, որպեսզի օր առաջ Հայաստանի քաղաքացու կյանքը իմ գերատեսչության իրավասության տիրույթներում մի քայլ առաջ լինի, օր առաջ լավ լինի:
-Այդ դեպքում ինչո՞ւ են մարզերում, քաղաքներում ու գյուղերում բնակիչների եւ ղեկավար մարմինների միջեւ լարված իրավիճակներ: Մշտապես տեղի բնակչությունը պահանջում է տեղի իշխանավորների հրաժարականը, ինչի պատճառով էլ մշտապես լարված իրավիճակներ են ստեղծվում: Ի՞նչ եք պատրաստվում այս հարցի կարգավորման համար անել, քանի որ խորհրդարանականները փորձում են հետկանչման մեխանիզմով հարցին լուծում տալ:
-Գիտեք, այդ հետկանչման մեխանիզմը չի մշակվում, որ կառավարությունն իր հայեցողությամբ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին պաշտոնանկ անի: Այդ ինստիտուտը Հայաստանում, կարծում եմ, այլեւս չի լինելու, որովհետեւ տեղական ինքնակառավարման մարմինը ինքնուրույն մարմին է, եւ դա ընդամենը մեխանիզմ է, որպեսզի հանրությունը հետհեղափոխական շրջանում… Հաճախ մեր երկրի որոշ հատվածներում կա իրական պահանջ, այլեւս չեն ուզում իրենց համայնքապետին, չեն ցանկանում այլեւս նրա հետ աշխատել: Իսկ տարբեր տեղերում դրա պատճառով կանգ է առնում համայնքային կյանքը, ու, գիտեք, տարբեր խնդիրներ են առաջանում: Իսկ քանի որ մենք միջամտելու իրավասություն չունենք, եւ պետք էլ չի, որ միջամտենք, բնականաբար, պետք է լինի մեխանիզմ, որով էլ հանրությունը կարծիք կհայտնի, իսկ դա հանրաքվեն է: Կարծում ենք, որ համայնքային հանրաքվեի միջոցով այդ հարցին լուծում կտրվի: Այդ միջոցով հնարավոր կլինի հասկանալ` արդյոք այդ համայնքապետը իրոք ընդունելի չի այդ համայնքի բնակիչների կողմից, թե կա մարդկանց խումբ, որը փորձում է իրավիճակն ուղղակի օգտագործել եւ, հավանաբար, գալ իշխանության:
-Ընդդիմադիրների շրջանում մտահոգություն կա, որ հետկանչման մեխանիզմն ավելի խուճապային ու խառը իրավիճակ է ստեղծելու համայնքում, ու, կարելի է ասել, որեւէ կերպ Ձեզ չի հաջողվելու այդ մախանիզմի միջոցով լուծել այն պայթյունավտանգ իրավիճակը, որն այսօր կա համայնքներում:
-Բայց այս ամենը դեռեւս քննարկման փուլում է: Թող բոլորն էլ իրենց կարծիքը հայտնեն, հանձնաժողովում կքննարկվի, կառավարությունում կքննարկվի: Այս պահին նախագիծը կառավարություն չի եկել, պետք է այն գա կառավարություն, ու քննարկենք: Այս պահին որեւէ կոնկրետ դիրքորոշում հայտնել չենք կարող, բոլորն էլ իրենց դիրքորոշումը կներկայացնեն: Համայնքներում խնդիրները շատ են, օրինակ` կան համայնքներ, որ համայնքապետերը ընտրվել են մեխանիզմով` մեր բոլորի իմացած, նախկին իշխանությունների ժամանակ: Իսկ նույն մեխանիզմով են եղել ԱԺ, նախագահի ընտրություններում, իսկ նույն մեխանիզմը գործել է համայնքներում, բնականաբար, համայնքի բնակիչներն էլ դժգոհ են իրենց ղեկավարից: Կամ յուրաքանչյուր համայնքում յուրովի է դրսեւորվում, պատճառները տարբեր են, չեմ կարող համահարթ ասել, որ, գիտեք, իրավիճակն այսպիսին է: Ես այս պահին նախագծին գնահատական չեմ ուզում տալ, ես կարող եմ միայն ասել, որ պետք է գտնենք մեխանիզմ, որպեսզի առկա վիճակը բալանսավորվի, կարգավորվի, մնացածը քննարկումների, բոլորի կարծիքի շրջանակներում է, իսկ ես էլ իմ կարծիքը կհայտնեմ:
-Պարո՛ն Պապիկյան, առաջիկայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է արտահերթ համագումար հրավիրել. արդեն օրը հստակեցրե՞լ եք: Տեղեկություններ կան, որ Դուք եք ղեկավարելու ՔՊ վարչությունը:
-Նորմալ պրոցես է ընթանում, բայց իրականում մինչեւ վարչությունը չձեւավորվի, վարչության ղեկավարի հարց չի կարող լինել: Նախ պետք է բոլորը, այդ թվում` ես, դառնամ վարչության անդամ, ապա դիտարկվի որեւէ մեկի թեկնածությունը վարչության պետի նախագահի համար: Այնպես որ, վաղօրոք ասել` ով կարող է լինել վարչության նախագահ, իրատեսական չէ:
-Բայց ցանկություն ունե՞ք ղեկավարելու ՔՊ վարչությունը:
-Ես այս պահին այդ ամենի մասին չեմ ցանկանում խոսել. ես իմ պարտականություններն եմ կատարում, հիմա վարչության փոխնախագահն եմ, փորձում եմ իմ պարտականությունները կատարել հավուր պատշաճի: Իսկ համագումարը կլինի հունիսի 15-ին, այդ ժամանակ էլ ամեն ինչ կհստակեցվի:

 

 

 

ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Աբովյանում իրավիճակն օր-օրի ավելի է լարվում` կապված համայնքապետի առաջիկա ընտրությունների հետ։ Ըստ մեր տեղեկությունների` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արդեն իսկ ունի իր թեկնածուն, ինչն էլ գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ լարվածության պատճառ է դարձել` վերածվելով «հեռակա ձեռնամարտի»։ Ի դեպ, Աբովյանի համայնքապետի ընտրությունների հետ կապված ՔՊ-ում չկա միասնական թեկնածու։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, արդեն որոշե՞լ եք, թե ով է Աբովյանում լինելու Ձեր թեկնածուն:
-Վարչության որոշումով առաջադրել ենք մեր թեկնածուին. մեր թեկնածուն Աբովյանի քաղաքային կառույցի անդամ Գրիգոր Բորյանն է։
-Ըստ Ձեզ` Աբովյան քաղաքում իրեն ճանաչո՞ւմ են, ընտրելո՞ւ են իրեն:
-Ինքը հայտնի է իր պարկեշտությամբ, իր պրոֆեսիոնալիզմով, քաղաքական թիմում իր գաղափարականությամբ, մեր արժեհամակարգի կրողն է, եւ որ ամենակարեւորն է, մեր կուսակցության ակունքներում է կանգնած եւ քաղաքական պայքարի մեջ միշտ ներգրավված է եղել։ Ունի տեղական ինքնակառավարման բնագավառում աշխատանքի երկար տարիների փորձ։ Երկար տարիներ աշխատել է Երեւանի քաղաքապետարանի ՀՈԱԿ-ներից մեկում` որպես փոխտնօրեն, գլխավոր ֆինանսիստ։ Բացի այդ, երեք տարի աշխատել է Աբովյանի քաղաքապետարանում։
-Ըստ մեր տեղեկությունների` Աբովյանում լարված իրավիճակ է, կրքերը թեժ են` քաղաքապետի ընտրությունների հետ կապված: Ձեր «կռիվը» նաեւ ներկայիս քաղաքապետի հետ է: Իրականում ի՞նչ է կատարվում:
-Ես կրքերի թեժացում, որպես այդպիսին, չեմ ֆիքսել, ամեն ինչ իր հունով է գնում։ Պարզապես գործող քաղաքապետի թիմի լիազորությունների նկատմամբ իրականացված վարչական վերահսկողության արդյունքում վեր հանված փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել, եւ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնում գործ է այս պահին քննվում։ Եթե դրա հետ եք կապում թեժացման հետ կապված, բայց մենք վերահսկում ենք իրավիճակը՝ իրավական պետության նորմերին համապատասխան գործընթաց գնա։

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՅՈՒՂՈՏ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եղբոր որդին` Վահագն Օհանյանը, այժմ զբաղեցնում է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ի դեպ, ԱԻՆ-ում տարածված լուրերի համաձայն` վերջինս այդ պաշտոնին նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի շնորհիվ, սակայն երբ Ռոստոմյանը հեռացավ նախարարի պաշտոնից, Վահագն Օհանյանը շարունակեց մնալ այդ պաշտոնին: Ի դեպ, ուշագրավն այն է, որ, ըստ լուրերի, Վահագն Օհանյանը ինքնասածի եւ ինքնահավան անձնավորություն է եւ կապ ունենալով նախկին իշխանությունների հետ` կարողացել է մնալ այդ համակարգում եւ զբաղեցնել աշխատակազմի ղեկավարի յուղոտ պաշտոնը: Ավելին, նախարարությունում խոսակցություններ կան, որ հենց նախկին իշխանություններն էլ բարեխոսել են Վահագն Օհանյանի համար, որ նա աշխատի այդ պաշտոնին: Երեկ ԱԻՆ-ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ փորձեցինք զրուցել Վահագն Օհանյանի հետ, սակայն վերջինս հորդորեց դիմել լրատվական բաժին, իսկ, ահա, ավելի ուշ, անդրադառնալով մեր տեղեկություններին, հայտնեց, որ իր ամբողջ կյանքում իր ուժերով է առաջ գնացել:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱԽԱԶԻ
Դատախազները պատերազմ են հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 3-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Վահան Մուրադյանը եւ պահանջում է ստիպել դատախազությանը վերացնել իրեն ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից փոխադրելու եւ ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ գլխավոր դատախազի հրամանը: Դատելով իրավիճակից` Վահան Մուրադյանը զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնը եւ նրան նշանակել են ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում, ինչի հետ Վահագն Մուրադյանը համամիտ չէ եւ դատարանի միջոցով է որոշել վերադառնալ նախկին աշխատանքին:

 

 

 

ԹԱՆԿՈՎ
Կարագի գները միջազգային շուկայում կրկին բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում վաճառվում է ավելի քան 5.5 դոլարով: Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4000 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4510 դրամով: Ստացվում է, որ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9 դոլարը, ինչը 3.8 դոլարով ավելի է միջազգային շուկայում սահմանված գնի: Ի դեպ, բարձր գնի պատճառով Հայաստանում շարունակում են նվազել կարագի սպառման ծավալները:




Լրահոս