«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ:
-Պարո՛ն Ալեքսանյան, հիմա ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում: Աշխատանքային քննարկումներ շա՞տ են լինում:
-Ես, անկեղծ ասած, ՀՀԿ-ի հետ շատ կապեր հիմա չունեմ: Նկատում եմ, որ անհրաժեշտ ակտիվությունը, որը պիտի լինի, չկա: Կուսակցության անդամների հետ շփում չկա: Սա կարող է մի քանի բանով պայմանավորված լինել: Պայմանավորված է ընդհանուր շարքային անդամների պասիվությամբ. ոչ բոլորն են, ՀՀԿ-ում ընդհանուր քաղաքականություն չկա, ասելիք չկա: Ես չեմ կարծում, որ միայն իշխանություններին քննադատելը ճիշտ է: Պետք է ծրագիր ունենալ, պետք է ներկուսակցական կյանքի խնդիրները լուծել, նոր զբաղվել ընդհանուր քաղաքական կյանքով: ՀՀԿ-ն պետք է իր ներսում ծրագրերը, անելիքները հստակեցնի, պիտի համաձայնեցնի շարքային անդամների հետ: Չկա դա, դրա համար էլ շարքային անդամներն էլ չգիտեն՝ ինչ է կատարվում:
-Դուք առաջարկներ չե՞ք ներկայացնում:
-Իհարկե ներկայացնում եմ, բայց կոնկրետ իմ ասելիքը, անելիքը չի համընկնում: Չկա կուսակցության հստակ կարծիք, քաղաքականություն: Ես խորհրդի անդամ եմ, եւ, օրինակ, խորհրդի նիստեր չեն արվում, այդ նիստերում հարցեր չեն քննարկվում: Ընկերական քննարկումները եւ նման բաները կուսակցական հարցեր չեն: Այդ ներկուսակցական կայքը չկա: Եթե մեկը կուսակցության անունից խոսում է, դա շատ քիչ է: Հանրապետականը իր ինքնուրույնությունից զրկվեց, երբ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ադմինիստրատիվ աշխատողները՝ մարզպետները, գյուղապետները, ՀՀԿ էին դարձել, եւ բնական է, որ այդ ժամանակ իրենք ավելի շատ կանեին իրենց ադմինիստրատիվ ղեկավարի ասածը, քան կուսակցության ղեկավարի: Այստեղ արդեն կուսակցությունը կախվածություն ունեցավ: Շատ է եղել, որ կուսակցությունը ներսում ուրիշ քաղաքականություն է վարել, իսկ մարզպետները, գյուղապետերը ուրիշ հրահանգներ են ստացել: Այդ ժամանակ կուսակցության ներսում սկսվեցին հակասություններ: ՀՀԿ-ում Անդրանիկ Մարգարյանի ժամանակ չկար կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որտեղ տարակարծություններ չլինեին: Դա վերացավ, որը ամենամեծ սխալն էր: Մարզպետներից, գյուղապետներից դժգոհում էին, եւ դա անդրադառնում էր կուսակցության վրա: Իրենք էլ, բնականաբար, կուսակցության անունից էին խոսում: Անդամներ կային, որ երկու ամիս մտնում էին կուսակցության մեջ, անդամավճարները մուծում էին, հետո կուսակցության անունից հանդես էին գալիս որպես հանրապետականներ, ցուցակներում էին լինում, պաշտոններ զբաղեցնում, որոնք կուսակցության հետ ուղղակի կապ չունեին: Դուռը բաց էր բոլորի համար: Ով ինչ-որ նպատակներ ուներ, գալիս էր, կուսակցության լծակներից օգտվում էր: Կուսակցությունը այդպես դարձավ 250 հազարանոց, բայց նայենք փաստը: Քննադատում են մեզ եւ ճիշտ են անում, որովհետեւ այդքան անդամ ունեինք, բայց նայեք` ինչքան ձայն տարանք վերջին ընտրություններում:
-Վերջին շրջանում անընդհատ խոսակցություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը շուտով խոսելու է: Այս մասին ասում են նաեւ կուսակցության դեմքերը: Ի՞նչ ազդեցություն կունենա երրորդ նախագահի խոսքը այս փուլում:
-Դա կլինի Սերժ Սարգսյանը կամ մեկ ուրիշը, իմ կարծիքն այն է, որ կուսակցության ղեկավարը միշտ պետք է խոսի: Մի օր խոսել, մի օր չխոսել, այդպես չի լինի: Չգիտեմ, գուցե Սերժ Սարգսյանը իրոք ինչ-որ ժամանակի է սպասում: Իմ խորին համոզմամբ՝ կուսակցության ղեկավարը կուսակցության անունից միշտ պետք է խոսի, եթե իրոք խոսելու բան ունի, ոչ թե խոսնակը խոսի կամ մյուսները: Ղեկավարը կուսակցության գլխին կանգնած մարդն է եւ միշտ պետք է խոսի: Այդ խոսելն էլ հենց էնպես չպիտի լինի: Պիտի հարցերը ներսում քննարկվեն, գան ընդհանուր որոշման եւ խոսեն: Ամեն մեկը իր կարծիքը չպիտի ասի: Ես հիմա իմ կարծիքն եմ ասում: Ես սխալ եմ անում: Բայց ես այդպես եմ անում, որովհետեւ չկա ընդհանուր ձեւավորված կարծիք:
-Մեկ տարի է անցել հեղափոխությունից, դրական տեղաշարժեր նկատո՞ւմ եք:
-Այն, որ ինչ-որ բան է փոխվել կոռուպցիայի դեմ պայքարում, ալան-թալանչիների մոտ վախ կա, այդ առումով ես աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին եւ այս կառավարությանը, որովհետեւ ես դրա ջատագովն եմ: Իսկ փոխվելու համար, եթե սա իրոք հեղափոխություն է, ուրեմն ժամանակը շատ կարճ է լրիվ արմատական փոփոխություններ կատարելու համար, իսկ եթե սա հեղաշրջում է, ուրեմն դեռեւս փոփոխություններ չկան: Իսկ այն, որ սկսած ոստիկանությունից, պետական աշխատողներից` կա փոփոխություն, մթնոլորտի փոփոխություն, դա հաստատ: Դա կարող է դեպի դրական ճանապարհ տանել, բայց կարող է եւ հակառակը լինել: Առայժմ դժվար է ասել, որ դրական շատ փոփոխություններ կան, բայց միանշանակ է, որ մթնոլորտը փոխվել է. դա զսպել չի կարելի, ինչքան էլ մենք ուզենանք: Ես անձամբ ուզում եմ, որ այդ փոփոխությունները լինեն: ՀՀԿ-ի հետ ես հենց սրա համար համաձայն չեմ, որ չպիտի անընդհատ վատը տեսնել: Ե՛ւ պիտի լավը ասվի, ե՛ւ վատը:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՈՉ ՄԻԱՅՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ, ԱՅԼԵՎ ԾՆՎԱԾՆԵՐԸ
Հայաստանի մշտական բնակչության թվի նվազման միտումը շարունակվում է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 965 հազար 300 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 972 հազար 700 հազար էր: Այսինքն` մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում բնակչության թվաքանակը, տարեսկզբի համեմատ, 2 հազար 400-ով պակասել է:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ բոլոր մարզերից բնակիչների թվաքանակը պակասել է: Փոխարենը Երեւանի բնակչության թվաքանակն է ավելացել 4200-ով: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ նախկին իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը ձախողվել է, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն են հաստատում: Այս ուղղությամբ նոր իշխանությունները եւս դեռ ոչինչ չեն ձեռնարկում:
Ասել է թե` այս երեւույթը շարունակվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք: Օրինակ` միայն Լոռու մարզում այս տարվա հունվար 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 1900-ով: Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 1900 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է: Ըստ որոշ մասնագետների` պատճառն Ալավերդու պղնձաձուլական գործարանի եւ Թեղուտի հանքավայրի փակումն է, ինչի հետեւանքով մոտ 2000 բնակիչ գործազուրկ մնաց: Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, իսկ մարզերը` ոչ:
Մշտական բնակչության թվաքանակի պակասելուց նվազել է նաեւ ծնվածների թիվը: Եթե 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 8 հազար 536, 2018-ի նույն ժամանակահատվածում` 8 հազար 297, իսկ 2019-ին` 8 հազար 42: Այսինքն` այս տարվա հունվար-մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 255-ով պակասել է: Ավելացել է նաեւ մահացածների թիվը. այս տարվա հունվար-մարտ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվը աճել է 245-ով: Մյուս կարեւոր, բայց լավ նորությունն այն է, որ ամուսնությունների թիվն է ավելացել, իսկ ամուսնալուծություններինը պակասել են: Ու, վերջապես, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թվի աճ է արձանագրվել, այսինքն՝ ներգաղթի միտումներ կան: ՀՀ-ից մեկնած ու վերադարձած քաղաքացիների թվի տարբերությունը 2526 մարդ է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ` ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԵՌ
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է հանգստի կազմակերպման մեխանիզմներից, եւ այն մասին, թե ինչպես խուսափել խաբեության զոհ դառնալուց եւ խոշոր գումարների կորստից: «Վերջին տարիների ընթացքում երեւի 5, մի փոքր ավել, եղան խոշոր աղմկահարույց դեպքեր: Գնալով պահանջարկը զբոսաշրջային ոլորտի նկատմամբ աճում է. այս դեպքում արդեն հավանականությունը, որ կարող են խախտվել մեր քաղաքացիների, ընդհանրապես, զբոսաշրջիկների իրավունքները, մենք արդեն պետք է լրջորեն մտածենք եւ կանխարգելենք: Պետք է լինի հստակ պետական կարգավորում»,-ասել է Մ. Ապրեսյանը: ArmLur.am-ի թղթակիցը մասնագետից հետաքրքրվել է, թե այլ երկրի զբոսաշրջիկը երբեւէ խաբվել է արդյոք հայկական տուրընկերության կողմից, թե ոչ: Հարցին ի պատասխան` Մ. Ապրեսյանն ասել է. «Նման դեպքեր նույնպես կարող են լինել: Աղաղակող դեպքեր, որ հայտնի լինեն, դեռեւս այդքան չկան, որովհետեւ այստեղ գործը հասնում է երկու ընկերությունների` հայաստանյան եւ օտարեկրյա գործընկերների միջեւ հարաբերություններին: Դեպքեր կան, լինում են, կամ գոնե ծառայությունների որակի առումով ոչ բոլորն են ապահովում որակ»:
Թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր իշխանություն ձեւավորվեց, զբոսաշրջային ընկերությունների լիցենզավորման գործընթացը կյանքի չկոչվեց: Armlur.am-ի հետ զրույցում Մ. Ապրեսյանը նշել է. «Իհարկե, զբոսաշրջային պետական կոմիտեն հանդես էր գալիս հենց լիցենզավորման առաջարկությամբ եւ պնդում եւ հիմնավորում էր դրա անհրաժեշտությունը: Օբյեկտիվորեն նման հակառակ պնդում լինում էր այն իմաստով, որ արդյոք մենք սրանով տնտեսվարող սուբյեկտի իրավունքները չենք սահմանափակում, լրացուցիչ բեռ նրանց վրա չենք դնում: Արդյոք ավելի լավ չէ՞ կամավոր որակավորման համակարգեր լինեն: Ես չեմ կարծում, որ դա էական ծանր բեռ է լինելու տնտեսվարողի համար. դրանք խախտելու դեպքում կարող են զրկվել գործունեության իրավունքից»:
«Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով` զբոսաշրջային օպերատորի գործունեության նկատմամբ սահմանված են պարտադիր պահանջներ, համաձայն որոնց` նրանք մինչեւ զբոսաշրջային փաթեթը սպառողին վաճառելը պարտավոր են նույն օրենքով նախատեսված տեղեկություն տրամադրել հաճախորդին, զբոսաշրջիկին: Համաձայնության գալուց հետո կնքվում է պայմանագիրը, որում պետք է նկարագրված լինեն փաթեթը, փաթեթում ներառված ծառայությունները, ամբողջ երթուղին, սկիզբը, ավարտը, երբ է սկսվում, ինչպես եւ երբ է ավարտվում, ինչ երթուղիով են ճանապարհորդելու, ինչ որակավորման կարգի հյուրանոցային ծառայություններ են առաջարկվում, ինչպիսի սնունդ է մատուցվելու, քանի անգամ, ովքեր են տրամադրելու եւ այլն:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ