«ԿՆՈՋԸ ՏԽՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԻԹ ՊԵՏՔ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Իննա Խոջամիրյանն է: Նա խոսել է իր նախասիրությունների, սովորությունների, բնավորության գծերի մասին: Իննան խոստովանել է, որ թեեւ արտաքուստ զվարթ, թռի-վռի է երեւում, ունի պաշտպանողական ուժեղ ռեակցիա եւ կարող է հարաբերություններում պատեր դնել:

-Իննա՛, ի՞նչ եք ցանկանում վերցնել կյանքից:
-Եթե փիլիսոփայորեն մոտենանք հարցին, կուզեի, ի վերջո, ըմբռնել դրա իմաստը:
-Ո՞րն է Ձեր բնավորության ոչ ստանդարտ կողմը:
-Կտրուկ փոփոխական լինելը թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ:
-Ավելի շատ ապրում եք անցյալո՞վ, ներկայո՞վ, թե՞ ապագայով:
-Ամենաադեկվատը նա է, ով ներկայով է ապրում:
-Այս երեքից ո՞րը Ձեր մասին չէ՝ արագաշա՞րժ, ալարկո՞տ, թե՞ սեւ հումորի սիրահար:
-Երեքն էլ իմ մասին է: Պարադոքս է, բայց թե՛ ալարկոտ եմ, թե՛ արագաշարժ:
-Ձեզ միշտ հետաքրքրել է, թե ինչու…
-Թե ինչու են մարդիկ նախանձում եւ բամբասում:
-Ձեզ հնարավոր չէ տեսնել փաբերո՞ւմ, ռոք համերգների ժամանա՞կ, թե՞ կենդանաբանական այգում:
-Հավանաբար, ռոք համերգների ժամանակ, չնայած, օրինակ, «System of a Down»-ի համերգին ո՞վ չի գնա (ծիծաղում է):
-Համբերությունից դուրս եք գալիս, երբ…
-Երբ համբերությանս բաժակը լցնում են… Բայց հատկապես վերջին երկու տարվա ընթացքում ավելի համբերատար եմ դարձել:
-Նախընտրում եք, որ ամեն ինչ լինի միանգամի՞ց, թե՞ որ Դուք նախապես տրամադրվեք սպասվող իրադարձություններին:
-Ես արդյունքի մարդ եմ, սիրում եմ միանգամից արդյունք տեսնել, բայց, միեւնույն ժամանակ, շատ երկար տրամադրվում եմ կարեւոր իրադարձություններին:
-Տխրում եք, երբ…
-Կնոջը տխրելու համար առիթ պետք չէ. նա ամեն պատեհ-անպատեհ առիթից կարող է տխրել:
-Մանկության տարիներին ո՞ւմ պաստառն է փակցված եղել Ձեր սենյակի պատին:
-Ինձ միշտ զարմացրել են այդ մարդիկ, որոնք կուռքեր ունեն: Իմ դեպքում նման բան չի եղել: Բայց հիշում եմ, որ գրքերիցս մեկի էջերում պահում էի «Փախուստ բանտից» սերիալից հայտնի դերասան Ուենթուորթ Միլերի նկարը:
-Այս երեքից ո՞ւմ եք դժվարությամբ հասկանում՝ կենդանի վարժեցնողի՞ն, գեղեցկության մրցույթի մասնակցի՞ն, թե՞ ժայռից ցատկողին, որը էքստրիմի սիրահար է:
-Գեղեցկության մրցույթների մասնակիցներին, իսկապես, չեմ հասկանում, հատկապես եթե հաշվի առնենք վերջին տարիների հայկական մրցույթների մասնակիցների ցածր ինտելեկտը:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ էր կապված:
-Ցանկացած շրջան իր դժվարությունը, իր ճգնաժամն ունի, բայց երեւի թե բոլորի մոտ էլ ամենադժվարը դեռահասության շրջանն է:
-Կինը սեքսուալ է, երբ…
-Խելացի է, խաղաղ, ներդաշնակ, լավատես:
-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:
-Նվիրվող եմ մինչեւ վերջին բջիջս, միասեր եմ, հավատարիմ:
-Դժվարությամբ եք համակերպվում այն մտքի հետ, որ…
-Ժամանակը գնում է, եւ մենք մեծանում ենք օր-օրի, իսկ դա անդառնալի է:
-Մարդկանց հետ շփումներում ո՞ր դեպքում եք պատ դնում:
-Ասեմ, որ պաշտպանողական ուժեղ մեխանիզմ ունեմ, որն արտաքուստ չի երեւում: Բոլորի պատկերացմամբ՝ ես ուրախ եմ, թռի-վռի, բայց դա միայն արտաքուստ: Իրականում դա հենց այն պատն է, որ դնում եմ հարաբերություններում, իսկ կհանեմ դա թե ոչ, կախված է դիմացինից:
-Հայտնի դառնալուց հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:
-Մարդկային որոշ հատկանիշների եւ երեւույթների առջեւ աչքերս բացվել են:
-Ո՞վ է Ձեր սիրելի արձակագիրը:
-Դոստոեւսկին: Նա բոլոր ժամանակների գրողն է ինձ համար:
-Ո՞վ է Ձեր նախընտրելի ռեժիսորը:
-Տարանտինոն, Լարս ֆոն Թրիերը:
-Ի՞նչ հատկություններ եք ժառանգել հայրիկից, եւ ինչ հատկություններ՝ մայրիկից:
-Հայրիկիս նման ժուժկալ եմ, զուսպ, մայրիկիս նման էլ՝ ակտիվ: Նրանք հակապատկերներ են եւ այդպիսով լրացնում են միմյանց:
-Ձեր ո՞ր հատկության համար եք տուժում:
-Ներողամտության, արտահայտվել չկարողանալու: Շատ երկար ժամանակ «ներս եմ գցում» զգացողություններս, հետո, երբ արտահայտվում եմ, շատ բուռն է լինում, եւ դա վնասում է ե՛ւ ինձ, ե՛ւ դիմացինիս:
-Եվ վերջին հարցը՝ օրը լավ կանցնի, եթե…
-Մենք այն լավ անցկացնենք. կյանքում ամեն բան մեզնից է կախված:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ՆՈՒՅՆ ՏԱՐԻՔԻ ԿԱՆԱՅՔ ՄԱՅՐ ՈՒ ԱՂՋԻԿ ԵՆ ԽԱՂՈՒՄ»

Մեկ տարուց ավել է՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանին հեռուստադիտողն էկրաններին չի տեսել որեւէ նախագծի շրջանակում: Նախկինում սերիալներում, գեղարվեստական ֆիլմերում նկարահանված դերասանուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ չի նկարահանվում, քանի որ հարմար առաջարկ չունի: Սերիալում կնկարահանվի, թե ֆիլմում, իր համար միեւնույնն է, թեպետ եթե ընտրության հնարավորություն ունենա, կընտրի ֆիլմը: «Ֆիլմը մնայուն է, սերիալը՝ անցողիկ»,- ասաց նա:

Դերասանուհին խոստովանեց, որ շատերն են իր հետ զրույցում դժգոհում այն բանից, որ էկրաններին անընդհատ նույն դեմքերին են տեսնում: «Հիմա ամեն պրոդյուսեր ու սցենարիստ իրենց թիմն ունեն, բայց չի կարելի անընդհատ նույն մարդկանց ցույց տալ: Հիմա սցենարը գրում են արդեն կոնկրետ դերասանի համար, գիտեն՝ ում են հրավիրելու: Արդյունքում ռեժիսորին բան չի մնում անելու. պրոդյուսերն ու սցենարիստն են որոշիչ դեր կատարում»,- շեշտեց տիկին Բաբայանը:
Դիտարկմանը, թե սերիալներում տարեց դերասանների արդեն հազվադեպ են ընդգրկում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սերիալներում նույն հասակի կանայք մայր ու աղջիկ են խաղում: Նույնիսկ ծիծաղելի է: Դա սուտ է, հեռուստադիտողն արդեն չի հավատում: Նմանօրինակ նախագծերում հիմնականում երիտասարդներն են ընդգրկված: Ուզում ես սցենարիստին հարցնել՝ այդ տանը տատիկ չկա՞, կամ այդ մարդը տարեց հարեւան չունի՞: Ինչպե՞ս կարելի է այդքան ոչ կյանքային սցենարներ մատուցել: Ով ինչ ուզում է, գրում է»:
Տիկին Բաբայանի համոզմամբ՝ մարդիկ այսօր հոգնել են սերիալներից. դրանք այնքան են երկարացնում, որ համն ու հոտը կորչում է: «Եթե նորմալ սերիալ նկարահանվի, դա լավ կլինի թե՛ հեռուստադիտողի, թե՛ դերասանի համար: Բայց դրանք այնքան են ծամծմում… Սկզբում լավ սկսում են, հետո փչացնում»,- եզրափակեց դերասանուհին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ` ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ
Այսօր եւ վաղը ֆուտբոլային աշխարհը կրկին կսեւեռվի Եվրոպայի ամենահեղինակավոր առաջնության վրա: Այսօր եւ վաղը Չեմպիոնների Լիգայում կկայանան կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները, որտեղ էլ հաղթող ճանաչվողները կմեկնեն Մադրիդ` «բեմադրելու» տարվա կարեւորագույն սպորտային իրադարձությունը:
«Լիվերպուլ»-«Բարսելոնա»
Մառախլապատ ալբիոն, Լիվերպուլ, «Էնֆիլդ Ռոուդ». այս ամենն արդեն փաստում է, թե ինչ խաղ է սպասվում համաշխարհային ֆուտբոլին: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում ստաբիլ եւ վառ ֆուտբոլ ցույց տվող մերսիսայդցիները ուղղակի արգելակեցին` հանդիպելով «կատալոնյան մեծ պատին»: Առաջին խաղում գրանցված արդյունքը (0:3) անգլիական թիմի ֆուտբոլիստներին եզրափակիչ անցնելու շանս գրեթե չի թողնում: Մեսսի հանճարի այլմոլորակային ֆուտբոլի շնորհիվ կատալոնները կարողացան լուրջ արդյունք գրանցել, սակայն… ասպարեզում է «Լիվերպուլը», այն «Լիվերպուլը», որը կարողացել է 3 գնդակ հետ բերել 45 րոպեում, որը կարողացել է ուղղակի կրծել դաշտը, կուլ տալ հուզմունքն ու հօդս ցնդեցնել «Միլանյան վերջին հսկաներին»: «Կատալոնացիները», իհարկե, ֆավորիտ են, բայց «կարմիրներին» ժամանակից շուտ պայքարից դուրս մղելը ինքնասպանության նման մի բան է: Այո, ամենայն հավանականությամբ, հանդիպմանը չի մասնակցի Մոհամեդ Սալահը: Թիմը գերհոգնած վիճակում է, բայց այսպիսի խաղերը նման պատճառաբանություններ չեն ընդունում:
«Բարսելոնան» պետք է որ խրատված լինի անցած մրցաշրջանի խայտառակությունից եւ ամեն ինչ անի վերջին տարիների անհաջողությունները մոռացության տալու համար: Անգլիայում այսօր անչափ թեժ է լինելու. այս զույգում դեռեւս ոչինչ որոշված չէ:
«Այաքս»-«Տոտենհեմ»
Ամենաանսպասելի եւ ամենահետաքրքիր զույգը այս խաղարկությունում: Կարելի է ասել, որ այս երկու թիմերն էլ բարձր ցատկեցին իրենց գլխից եւ հասան խոշոր արդյունքի: Անկասկած, նույնիսկ այս փուլից դուրս մնալը այս երկուսից ոչ մեկի համար ցավալի չի լինի, բայց, իհարկե, լուրջ պայքար եզրափակիչ մտնելու համար լինելու է:
Կրոյֆյան ֆուտբոլ դավանող «թռչող հոլանդացիները» հիանալի մրցաշրջան են անցկացնում եւ այս զույգի ֆավորիտն են: Առաջին խաղում հաղթելով նվազագույն հաշվով` նրանք զգալիորեն հեշտացրին մյուս փուլում հայտնվելու հարցը:
Արդարության համար պետք է նշել, որ առաջին խաղում լոնդոնցիները «Ճակատամարտում էին» առանց գլխավոր հրամանատարների` Քեյնի եւ Սոնի: Թերեւս կորեացին այս խաղին կմասնակցի, եւ նրա ներկայությունը կարող է նույն ազդեցությունն ունենալ, ինչ եղավ «Ման.Սիթիի» դեմ խաղում:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս