Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպատակով յուրաքանչյուր տարի կառավարությունը գումար է հատկացնում: Այս տարի այդ նպատակով նախատեսվել է ծախսել 117 մլն 62 հազար դրամ:
Նշենք, որ եթե անտառը մնա ջրի տակ, ապա լիճ կլցվի մեծ քանակությամբ ազոտ եւ ֆոսֆոր, իսկ դա կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար: Երեկ ՀՀ ազգային ժողովում Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման խնդրի մասին ահազանգեց նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նրա խոսքերով` Հայաստանում գտնվող միակ քաղցրահամ ջրի մեծ պաշարն ունի հեղափոխական վերաբերմունքի կարիք, սակայն դեռեւս տեսանելի չեն այն քայլերը, որն ակնկալում է հասարակությունը նոր Հայաստանում: «Ջուրն ամենաթանկ բնական ռեսուրսն է, որը մենք, ըստ էության, չենք գնահատում եւ մեր ջրային պաշարների հետ վարվում ենք, ինչպես նախորդ տարի օգոստոսին ասաց Հայաստանի վարչապետը, ինչպես խաղալիք կամ ջրի տարա: Սեւանի մաքրության աշխատանքը պետք է սկսենք հենց ափամերձ տարածքներից»,- կոչ արեց պատգամավորը: Նա իր ելույթի ժամանակ հիշեց, որ Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին հետեւողական է եղել դեռ լրագրության տարիներից: «Ամենամյա վերահսկողական, լրագրողական հետաքննության նյութերով փորձել եմ խնդիրը վերջնական կարգավորման տանել կամ հասնել, բայց չի ստացվել, քանի որ պատասխանատուները պարզապես չեն ցանկացել կամ չունեին մաքուր Սեւան ունենալու տեսլական: Եւ պատասխանատուներից մեկը հետախուզման մեջ է: Շարունակելով իմ հետեւողական աշխատանքը` անցած ամիս ԱԺ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ բնապահպանության նախարարից հետաքրքրվեցի` Սեւանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները երբվանից եւ որ հատվածներում են իրականացվում: Նախարարը հավաստիացրեց, որ որոշ հատվածներում սկսվել են այդ աշխատանքները եւ որոշ հատվածներում էլ բնակիչների ներգրավվածությամբ պիտի խնդիրը կարգավորվի: Այսինքն` բնակիչները պետք է վերցնեն ծառերը արմատախիլ անեն, տանեն օգտագործեն, որպեսզի կոճղերը որեւէ դեպքում չմնան լճի ափամերձ տարածքներում եւ դառնան վտանգավոր նյութերի արտանետման աղբյուր: Անցած շաբաթ ես շրջել եմ Սեւանա լճի ափամերձ տարածքներով, սակայն, ցավոք, չհանդիպեցի մաքրման աշխատանքների, եւ ոչ էլ նկատելի էին մաքրված տարածքներ: Ու քանի որ նախորդ տարի ընդհանրապես մաքրման աշխատանք չի իրականացվել, այս տարի հսկայական ծավալով մաքրման աշխատանք պետք է արվի, եւ մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, թե 117 մլն դրամը ինչպես է բավականացնելու այդ հսկայածավալ աշխատանքերին: Բայց Սեւանա լճի մաքրությունը, հատկապես զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, պետք է լինի մեր ամենօրյա հսկողության առարկան»,- հայտարարեց Թագուհի Թովմասյանը:
Պարզվում է՝ բնապահպանության նախարարն անտեղյակ է, քանի որ նախարարության գնումների բաժնի պետ Ռոման Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները դեռ սկսված չեն: Մաքրման աշխատանքների մասով նույնիսկ դեռեւս մրցույթ չկա հայտարարված: Նա հույս հայտնեց, որ մաքրման աշխատանքների համար նախատեսված մրցույթը հավանաբար կհայտարարվի այս ամսվա վերջին: «Հիմա նախագծանախահաշվային փաստաթղթերը, քարտեզագրման նյութերն ենք կազմում` տեղանքները որոշելու համար, ուղղակի եղանակները մի փոքր անբարենպաստ էին: Հիմա նոր տեխնոլոգիաներով, թռչող անօդաչու սարքավորումներով ենք նկարահանումներ անում, տվյալներն ավելի հստակ լինեն ավելի ճշգրիտ ինֆորմացիա ունենալու համար»,- բացատրեց Չոբանյանը: Նախարարության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ գործնական աշխատանքները (խոսքը մաքրման մասին է- Ս.Հ.) կմեկնարկեն հուլիս ամսին, եթե մրցույթի ընթացքում այլ խոչընդոտներ չլինեն, եւ այն հարթ անցնի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի Սեւանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել (այս մասին հայտարարեց նաեւ պատգամավորը): Ըստ Չոբանյանի` նախորդ տարի մրցույթ է հայտարարվել, հաղթող մասնակցի հետ կնքվել է պայմանագիր, ապա չեղարկվել է, որովհետեւ պատասխանատու ստորաբաժանման կողմից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ տարածքներ կան, որոնք նախորդ տարիների մաքրման հետ համընկնում են, եւ ստուգման կարիք ունի: «Դրա համար էլ մենք ռիսկի չենք գնացել, պայմանագիրը լուծել ենք, որպեսզի այդ հարցը կարգավորենք, ստուգենք` կա արդյոք նման խնդիր, թե ոչ: Նախորդ տարի չմաքրվեց. նախատեսված էր գումար, բայց չի ծախսվել»,- նկատեց Ռոման Չոբանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի չի շահագործվել անգամ դեռեւս 2010 թվականին 600 հազար եվրո արժողությամբ գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սեւանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից:
«Այն վարձակալությամբ տրամադրվում է կապալառուին, որը շահագործում է, բայց վարձակալության գումարի դիմաց տարածք է մաքրում: Անցած տարի մեքենան չի շահագործվել, որովհետեւ կապալառու չենք ունեցել: Տարածք մաքրելու դիմաց է տրվում կապալառուին, դա կազմում է տարեկան 5 հեկտարի չափ, մոտ 6.5-7 մլն դրամի սահմաններում է»,- փոխանցեց Չոբանյանը:
Հուսանք` այսուհետ նախարարը դեռ չսկսված գործը չի ներկայացնի որպես ընթացքի մեջ գտնվող:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը մաքուր սննդի երկիր պետք է դառնա, եւ ցանկացած բան, որ արտադրվում է Հայաստանում, պետք է լինի աշխարհի լավագույն ստանդարտներին բավարարող. այս մասին ասել է ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Նա նշել է, որ իր նախագիծը հենց այդ տրամաբանությունից է ելնում: Ըստ պատգամավորի` պետք է եւս մեկ քայլ առաջ գնալ եւ հասնել նրան, որ գյուղոլորտում Հայաստանը հանդիսանա որպես տոհմաբուծության, սերմնաբուծության երկիր: «Առաջարկության իմաստն այն է, որ ՀՀ տարածքում աճեցված տոհմային անասունների իրացումը ՀՀ տարածքում ավելացված արժեքի հարկից ազատվի, որ մեր տնտեսությունները հետաքրքրված լինեն տոհմային անասուններ արտադրել եւ իրացնել Հայաստանում, որ մեր երկրում ունենանք ավելի բարձր կաթնատվություն, մսատվություն եւ այլն»,- ասել է նա:
ՅՈՒՐԱՑՐԵԼ Է
Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար: Ըստ քննչական կոմիտեի` Հայթաղի ղեկավարը, 2002թ. մինչեւ 2018թ. օգոստոսի 13-ը զբաղեցնելով այդ պաշտոնը, կատարել է յուրացումներ` պետությանը պատճառելով խոշոր չափերի` ընդհանուր 2 միլիոն 879 հազար 700 դրամ վնաս: Համայնքի ղեկավարը կատարել է պաշտոնեական կեղծիքներ` կազմել, վավերացրել եւ շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնական փաստաթղթեր: Նրան մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: