ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՍՊԱՍԵԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացահայտումներից մեկը շատերի համար ցնցող էր, եւ պատահական չէ, որ քաղաքական, հասարակական դաշտում լայն քննարկումների թեմա դարձավ: Փաշինյանի խոսքերով` նախքան հեղափոխությունը նախկին իշխանություններն ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել, եւ հիմա ծառայողական քննություն է իրականացվում: Ավելի ուշ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը մանրամասնել է. «Այս մասին տեղեկությունը որոշել են հրապարակել, քանի որ շատ են հնչում հարցադրումներ կառավարության հասցեին: Մասնավորապես, հարցադրումներ են հնչում` ԱԱԾ-ն, ինչ է, չգիտի՞՝ մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել»: Թե ինչ նյութերի մասին է խոսքը, Փաշինյանն ընդհանրական պատասխան է տվել. «Որ դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում, ակնհայտ է` ե՛ւ մարդկանց, ե՛ւ իրադարձությունների։ Ընդդիմադիր գործչի նկատմամբ ի՞նչ գործողություն է ձեռնարկվել… Որոշ դեպքերում պատառիկներ են մնում, եւ էդ պատառիկների հետեւից գնալով՝ արձանագրում ենք, որ բուն նյութը չկա եւ էդպես…»: Այս թեմային անդրադարձել է նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` հավելելով. «Կգա ժամանակը, ինքներդ կտեսնեք՝ ինչ է արվել»:
Նկատենք, որ տեղի ունեցածն ամենեւին էլ արտառոց չէ. վաղ, թե ուշ սպասելի էր, որ նման փաստ կբացահայտվի` հաշվի առնելով նախկին իշխանությունների բնույթը: Բնական է, որ հեռանալուց առաջ հետքերը մաքրելու փորձեր արվել են: Ի վերջո, նախկինների օրոք ԱԱԾ-ն քաղաքական հալածանքների գործիք է եղել: Ու բնական է, որ առաջին հերթին արխիվներից պետք է անհետացած լինեն մարտի 1-ի, նաեւ ՀՀԿ իշխանության ժամանակ ընդդիմադիր գործիչների դեմ «թղթապանակները», որպեսզի չերեւա, թե իրենց իշխանությունն ինչերի է ընդունակ եղել: Չենք զարմանա, եթե պարզվի` անհետացել են նաեւ շատ այլ աղմկահարույց դեպքերի նյութեր, այդ թվում` հոկտեմբերի 27-ին ու նախկին իշխանությունների օրոք քաղաքական սպանություններին վերաբերող:

 

 

 

Ռոբերտ Քոչարյանը, որ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար կալանքի տակ է, «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ այս շրջանում ընդդիմադիր խմբակցությունները համախմբվում են եւ առաջիկայում կարող են մարտահրավեր նետել նոր ղեկավարությանը: Ըստ էության, այստեղ անակնկալներ չեն լինելու. խոսքն այն կուսակցությունների ու գործիչների մասին է, որոնք մշտապես էլ համագործակցել են Քոչարյանի հետ` թե՛ նրա իշխանության տարիներին, թե՛ կալանավորումից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից մեկնաբանություններ ստանալ: «Հանուն հայության միավորման` ցանկացած ուժի շուրջ դա հնարավոր է, մենք հիմա էլ աշխատում ենք հանուն դրա»,- նշեց նա: Մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ Քոչարյանը նման համախմբման փորձել է գնալ Աժ արտահերթ ընտրություններից առաջ` ցանկանալով քաղաքական բեւեռ ձեւավորել, սակայն վերջին պահին նրա հետ համագործակցելու հայտ ներկայացրած ուժերն ու անձինք միանգամից «անհետացել են», եւ Քոչարյանն էլ դրանից հետո որոշել է չմասնակցել ընտրություններին` դժգոհելով ոմանց տղամարդկության պակասից:

 

 

 

Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին` Աղստեւի աջ ափին գտնվող «Հեքիաթ» հանգստի գոտու սեփականատեր Սամվել Մատինյանն ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին մեղադրում է իրեն պատկանող տարածքը ճահճուտի վերածելու համար: Ըստ Մատինյանի` գետի վրա Քոքոբելյանին «Կոկ» ՍՊԸ-ն ՀԷԿ է կառուցել կանոնների կոպտագույն խախտումներով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ մինչեւ թավշյա հեղափոխությունը Խ. Քոքոբելյանն իրեն ասել է, որ ինքն այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հարազատների հետ սերտ կապերի մեջ է` ակնարկելով, որ իր դեմ բողոքներն անօգուտ են: Մատինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել, ինքը ձգտում է արդարության: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց «Կոկ Սիստեմ» ՍՊԸ, որի իրավաբան Արփինե Մաթեւոսյանը նշեց, թե «Հեքիաթ» ռեստորանային համալիրը հողատարածքը ձեռք է բերել ավելի ուշ, քան իրենց ՍՊԸ-ին ՀԷԿ կառուցելու թույլտվության տրամադրումը: Նաեւ ասաց, որ իրենք գնացել են որոշ զիջումների:

 

 

 

Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային` միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած դեպքերի հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գ. Խաչատրյանն ԱԱԾ-ում «հյուրընկալվելու» առիթ արդեն ունեցել է: Ըստ մեզ հասած լուրերի` երբ իրավապահները Խաչատրյանի գործունեության հետ կապված փաստեր են ներկայացրել, վերջինս ասել է, թե ՀՀ պետական բյուջե պատրաստ է վերադարձնել ցանկացած գումար, միայն թե քրեական պատասխանատվության չենթարկվի: Այսինքն` նա, այնուամենայնիվ, ընդունել է, որ վնաս է տվել պետությանը եւ պատրաստ է վերականգնել այն: Իսկ թե արդյոք նա վերադարձրել է գումարները, եւ որքան են կազմում դրանք, պարզ չէ:

 

 

 

ՄԻՆՉԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հանգուցյալների մասին` կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: Հավանաբար հիշեցիք այս հայտնի խոսքը: Սովորաբար մենք` հայերս, ավանդապաշտ ժողովուրդ ենք եւ աշխատում ենք այս հարցում էլ հետեւել մեծերից եկած իմաստուն խոսքերին: Ու մեր շրջապատում շատ քչերին կտեսնենք, որ ավելորդ ինչ-որ բաներ կասեն հանգուցյալների մասին: Իսկ եթե ստիպված են, այնուամենայնիվ, հիշել ոչ այնքան հաճելի դրվագներ, շտապում են ավելացնել «հողը խաբար չտանի» խոսքերը: Միանգամայն այլ աշխարհընկալում ուներ շատերիս կողմից սիրված հայտնի հերոսը` Օստապ Իբրահիմովիչ Բենդերը: Դե սա էլ միանգամայն հասկանալի պատճառով. նա հայ չէր, ընդհակառակը, մի քանի անգամ խոստովանել է. «Մի հայր ունեի` թուրքահպատակ, այն էլ վաղուց մեռել է զարհուրելի ջղագալարքից»:
Ինչեւէ, կհիշեք մեր հերոսի մասնակցությամբ տխուր միջադեպը. ճանապարհին Կոզլեւիչի հայտնի մեքենան` «Անտիլոպա գնու»-ն, իր ուղեւորներով հանդերձ ճանապարհին ջարդուփշուր եղավ, ամենածանր վնասվածքները բաժին էր հասել սագի վզիկի, տոտիկի եւ թեւիկի մասին երազող, այդ ամենը որպես օպերա պատկերացնող Պանիկովսկուն` նույն այն անձնավորությանը, որ դրանից ընդամենը օրեր առաջ խորհուրդ էր տալիս գնալ Կիեւ, հարցնել` ով էր եղել Պանիկովսկին հեղափոխությունից առաջ: «Եւ ձեզ կասեն, որ մինչեւ հեղափոխությունը Պանիկովսկին կույր էր, Շուրա՛: Հեղափոխությունը որ չլիներ, մի՞թե ես կդառնայի Լեյտենանտ Շմիդտի տղան: Հեղափոխություն… դրանից առաջ ես հարուստ մարդ էի, տուն ունեի, ընտանիք, սեղանիս վրա դնում էի նիկելապատ ինքնաեռներ: Իսկ ի՞նչն էր ինձ կերակրում` ձեռնափայտ եւ կապույտ ակնոց»,- պատմում էր նա: Բայց Պանիկովսկին ավանդեց հոգին` վերջին շնչում մրմնջալով սագի վզիկի, տոտիկի եւ թեւիկի մասին: Ու մեր հերոսը` Օստապ Իբրաիմովիչը, որպես մահախոսական արտասանեց իր հայտնի ճառը. «Ես հաճախ անարդարացի եմ եղել հանգուցյալի հանդեպ, բայց բարոյական մարդ էր արդյոք հանգուցյալը: Ո՛չ: Նա բարոյական մարդ չէր: Նա մի նախկին կույր էր` սնապարծ եւ սագագող: Իր ողջ ուժերը նա վատնեց, որ ապրեր հասարակության հաշվին, բայց հասարակությունը չէր կամենում, որ նա իր հաշվին ապրի: Իսկ հայացքների հետ տարբերությունը Միխայիլ Սամուելովիչը տանել չէր կարող, որովհետեւ դյուրագրգիռ անձնավորություն էր, ուստի եւ մահացավ»:
Այս ամենը հիշեցինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին նախկին իշխանություների` ՀՀԿ-ականների արձագանքներին ծանոթանալով: Իսկ ՀՀԿ-ից, ինչպես միշտ, արձագանքել է նույն երկու հոգին ու եւս մեկը` նախկին ՀՀԿ-ական, որ այդ կուսակցությունը լքեց միջազգային կազմակերպություններից դրամաշնորհներ ստանալու ակնկալիքով:
Բայց եկե՛ք չքաղաքականացնենք:




Լրահոս