Երեկ Reuters գործակալությունը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Քոչարյանը գործակալությանն ասել է, որ այս շրջանում ընդդիմադիր խմբակցությունները համախմբվում են եւ առաջիկայում կարող են մարտահրավեր նետել նոր ղեկավարությանը: Ընդ որում, նա հայտարարել է, որ մտադիր է միանալ նոր իշխանությունների դեմ պայքարին:
Քոչարյանը նաեւ ասել է, որ Հայաստանում ի հայտ են գալիս նոր ընդդիմադիր կուսակցություններ: «Այս գործընթացը, անկասկած, կհանգեցնի նոր հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որն ունակ կլինի շատ արագ մարտահրավեր նետել նոր իշխանություններին»,- ասել է նա:
Առհասարակ, վերջին շրջանում ՀՀ երկրորդ նախագահի շուրջ իրադարձություններն ակտիվացել են, եւ դրան անդրադարձել էինք նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում: Եվ խոսքը, օրինակ, Արցախում մեկնարկած ՀՅԴ-ի կազմակերպած ֆորումի մասին է, որին մասնակցել էին նաեւ երկրորդ նախագահի մերձավոր շրջանակի ներկայացուցիչները: Եվ, բացի այդ, նրա վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել նաեւ Արցախի ներկա եւ նախկին նախագահները, որին երեկ էլ շատ խիստ արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ըստ էության վերջիններիս մեղադրելով, որ նույնը չեն արել, օրինակ, Մանվել Գրիգորյանի հանդեպ, որն Արցախի հերոս է:
Երեկ` տարեկան ասուլիսի ժամանակ, լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում Քոչարյանի այս հայտարարությանը եւ ընդդիմադիր ճակատ ստեղծելու վերաբերյալ նրա հայտարարություններին: Այդ առնչությամբ վարչապետը նշեց. «Նախկին իշխանության ոչ մի ներկայացուցիչ ՀՀ-ում այլեւս երբեք իշխանություն չի լինելու։ ՀՀԿ-ն համարում եմ, որ փակված է, կասեցված ժողովրդի կողմից: ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է, ես հարգանքով եմ վերաբերվում «Դաշնակցությանը»», – նշեց նա եւ հայտարարել, որ ում հետ ուզում է, կարող է միավորվել:
Իսկ ի՞նչ կուսակցությունների եւ միավորումների մասին է խոսքը: Ըստ էության, այստեղ անակնկալներ չենք կարող սպասել, քանի որ խոսքը այն կուսակցությունների ու գործիչների մասին է, որոնք մշտապես էլ համագործակցել են Ռոբերտ Քոչարյանի հետ` թե՛ նրա իշխանության տարիներին, թե՛ կալանավորումից հետո` նրան համարելով քաղբանտարկյալ: Եվ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ կալանավորվելն արդեն իսկ հանդիպումներ ունեցել էր այդ անձանց հետ, իսկ կալանավորումից հետո այդ առաքելությամբ զբաղվում են նրա ներկայացուցիչները, եւ այդ գործընթացը չի դադարում:
Եւ Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ կարող է դառնալ ընդդիմադիր կենտրոններից եւ բեւեռներից մեկը: Քոչարյանի եւ նրա ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումների շրջանակը, սակայն, այնքան էլ լայն չէ` հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ, մարդ-կուսակցություններ, այսինքն` նախկինում նրան սատարած մարդիկ: Խոսքը հանրությանը հայտնի անունների մասին է, այդ թվում` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի, այժմ նաեւ «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից պարզել, թե արդյոք պատկերացնում է համախմբվածություն հենց Ռոբերտ Քոչարյանի շուրջ եւ ընդդեմ նոր իշխանությունների: Վերջինս մեզ հետ զրույցում ընդգծեց, որ գտնվում է Արցախում եւ չի հասցրել ծանոթանալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, սակայն հայտարարեց, որ ընդդեմ միավորման որեւէ մեկի չի կարող լինել, եւ ընդդիմությունները միավորվելու են ոչ թե ընդդեմ իշխանություններրի, այլ հանուն Հայաստանի եւ Արցախի, եւ այդպիսի միավորում Իսագուլյանը չբացառեց:
Դիտարկմանը` հնարավոր համարում եք այդպիսի միավորում հենց երկրորդ նախագահի շուրջ, Իսագուլյանը նշեց. «Հանուն հայության միավորման` ցանկացած ուժի շուրջ դա հնարավոր է, մենք հիմա էլ աշխատում ենք հանուն դրա: Այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, իսկ ինքը իր նախագահության տարիներին աշխատել է հանուն Հայաստանի, Արցախի, եւ ես աշխատել եմ իր հետ միասին», – նշեց նա:
Սակայն ցանկը հայտնի կուսակցություններով չի սահմանափակվում, եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կարող են միավորվել նաեւ վերջերս ստեղծված կուսակցություններ, որոնք կրկին ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՐԿԻՆ ԱՌԱՆՁԻՆ
Այսօր Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի կունենան Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի միջոցառումներ: Արցախում տեղի ունենալիք միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ է մեկնել պատվիրակություն կառավարությունից` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատվիրակություն Ազգային ժողովից` Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Եվ հետաքրքիրն այս դեպքում այն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին առանձնացել է եւ որոշել է տոնակատարություններին մասնակցել Երեւանում: Իհարկե, առաջին հայացքից այստեղ արտառոց ոչինչ չկա, եւ համամասնորեն են փորձել բաշխել միջոցառումներին մասնակցող պաշտոնյաներին: Սակայն վերջերս հաճախ է պատահում, որ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ճանապարհները չեն հատվում. կարծես թե Արմեն Սարգսյանը իր միջավայրն է ձեւավորել եւ գերադասում է չհայտնվել Փաշինյանի հետ նույն միջոցառմանը, իսկ նախկինում նման բան հազվադեպ կարող էինք տեսնել:
ՀԱՑՆ ՈՒ ԱԼՅՈՒՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական տվյալներով` այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի գինը բարձրացել է 6.2, իսկ հացինը` 5.3 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլին, մարտի համեմատ, ալյուրը թանկացել է 1.3, իսկ հացը` 0.2 տոկոսով: Սրան զուգահեռ թանկացել է նաեւ հացաբուլկեղենն ու ձավարեղենը: Մյուս կողմից` տեղական շուկայում թռչնամսի գինը գնալով բարձրանում է: Թռչնամսի շուկայում թանկացում արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն. այս ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է թռչնամսի 13.4 տոկոս, իսկ այս տարվա մարտի համեմատ` 0.8 տոկոս գնաճ: Հանրապետությունում թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է շուրջ 300 դրամով: Նկատենք, որ թռչնաբուծության ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրության անընդհատ աճ է արձանագրվում: Ի դեպ, թռչնամսի մեծ խմբաքանակ Ռուսաստանից ներմուծվում է Հայաստան: Բայց, չնայած մեծ պահանջարկին, այն թանկանում է:
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ` ԸՆԴԴԵՄ ՔԿՀ-Ի
Դատապարտյալները շարունակում են դատի տալ ՔԿՀ-ներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արամ Առաքելյանը մայիսի 3-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի` պահանջելով, որ դատարանը ստիպի ՔԿՀ-ին իր մասին բնութագրում կատարել փոփոխություններ, այն է` արձանագրել, որ հայցվորը մասնակցել է հիմնարկում անցկացվող միջոցառումներին, եւ բնութագրից հանել մինչեւ դատարանի կողմից պատժի նշանակումը առկա տույժերը: Սա, թերեւս, պատահական չէ. դատապարտյալներին դրական բնութագիրը պետք է` վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությունից օգտվելու համար:
ԿԳԱ ԵՐԵՎԱՆ
Հոկտեմբերի 1-ին Երեւանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը, որին, ի թիվս այլ պետությունների ղեկավարների, կմասնակցի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այցի ընթացքում Պուտինի հետ նաեւ աշխատանքային քննարկում կանցկացնի:
ՀԱՐՑԸ ՀԱՆԵԼ Է
Երեկ Երեւանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հենց սկզբում հայտարարել է, որ օրակարգից հանում է հաստիքացուցակի փոփոխության ու աշխատավարձերի բարձրացման մասին որոշման նախագիծը, որը մեծ հնչեղություն էր ստացել ու դժգոհությունների ալիք բարձրացրել: Հետագայում, երբ հարցի շուրջ կլինի փոխըմբռնում ու փոխհամաձայնություն, նախագիծը կվերադարձվի օրակարգ: Քաղաքապետն ասել է. ««Իմ քայլը» խմբակցությունում դրա վերաբերյալ չկա լայն կոնսենսուս, այն չկա նաեւ հանրության շրջանում»: Հ. Մարությանը հայտարարել է, որ ի սկզբանե պահանջել է չբարձրացնել իր աշխատավարձը` ավելացնելով, որ պարգեւավճար էլ մինչ այս չի ստացել ու չի ստանալու: «16 տարեկանից գիշեր-ցերեկ աշխատում եմ եւ բավականին ապահովված մարդ եմ»,-ընդգծել է նա: Ի վերջո, որոշում է կայացվել քաղաքապետի աշխատավարձը 400 հազար դրամի փոխարեն նախատեսել 800 հազար, բայց նաեւ որոշվել է, որ լրացուցիչ այդ 400 հազարը Հայկ Մարությանը չի ստանա, այլ կհատկացվի համայնքում անցկացվող որեւէ բարեգործական միջոցառման:
ՆՈՐՄԱԼ Է
Երկրապահը հայ ժողովրդի ծոցից է ծնվել, եւ արցախյան հաղթանակը ամբողջ հայ ժողովուրդն է տարել. այս մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: «Այս հաղթանակը ամբողջ հայ ժողովրդինն է. մեկին բահ ա բաժին ընկել, մեկին` զենք, մեկին` գրիչ, մեկին` դաժան օրեր: Այսօր հպարտ ենք բոլորս այս եռատոնի առթիվ: Մենք պիտի կարողանանք միշտ լինենք համախմբված, միշտ լինենք պատրաստ պատերազմի: Չեմ ուզում մեր ժողովրդին վախեցնել, բայց մենք պարտավոր ենք միշտ պատրաստ լինել պատերազմի, որովհետեւ շրջապատված ենք թշնամիներով»,- ասել է նա: Անդրադառնալով շփման գծում իրավիճակին` Միքայելյանը նշել է, որ նորմալ է այնտեղ. «Բայց դա չի նշանակում, որ մենք պիտի պատրաստ չլինենք: Երկրապահը համախմբվում է, համալրվում է, որպեսզի, Աստված մի արասցե, ինչ-որ հրամանի դեպքում միշտ լինի բանակի կողքին եւ լինի առաջին գծում»,-նշել է նա:
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԺ-ն ձայների 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախքան քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու նախագծին: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ վստահության քվեն տալիս է կառավարությանը` այս փոփոխությամբ իրականացնելու արդյունավետ կառավարում: Նշենք, որ այս փոփոխությունով 5 նախարարություն կրճատվելու է. նախկին 17-ի փոխարեն կգործեն 12-ը: