ՊԵԿ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային` միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած դեպքերի հետ կապված:

Հեղափոխությունից հետո` 2018 թ. հուլիսի 28-ին, նորանշանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործում հնարավոր է` ներգրավվի նաեւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: ՊԵԿ քննչական վարչությունը, ուսումնասիրելով Դիլիջանում 2011-2016 թթ. կառուցված ուսումնական կենտրոնի շինարարական փաստաթղթերը, պարզել է, որ տեղի են ունեցել չարաշահումներ ու հափշտակություն: Կառուցապատման տարիներին Ֆինանսների նախարարությունը ղեկավարում էր հանրության շրջանում սուպերնախարար բնորոշմամբ հայտնի Գագիկ Խաչատրյանը: «Դա պետք է քննությունը պարզի: Քանի որ նրա օրոք է եղել, այո, հնարավոր է, որ նա եւս ընդգրկվի այդ պրոցեսներում: Բայց դա ես չպետք է ասեմ, քննիչը պետք է որոշի»:
Ըստ ՊԵԿ-ի` շինարարության նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային, ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն: Ավելին` աշխատանքների փաստացի ավարտից հետո կնքվել է վերակառուցման 6 նոր պայմանագիր` ընդհանուր 2,3 միլիարդ դրամ արժողությամբ, եւ ընդամենը օրեր անց կազմվել է շինարարության ավարտը հավաստող արձանագրություն: Ըստ ՊԵԿ-ի` գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա ընթացքում սկսել եւ ավարտին հասցնել նման տեսակի եւ ծավալների շինարարական աշխատանքներ: Այս հայտարարություններից ամիսներ անց` 2019 թ. փետրվարի 16-ին, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գ. Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն: Ըստ տեղեկությունների` ԱԱԾ-ն Գ. Խաչատրյանից պահանջել է վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է: Իսկ թե ինչ գործի շրջանակում է նախկին պաշտոնյան հրավիրվել ԱԱԾ, նախաքննական մարմինը մինչ օրս որեւէ բան չի հայտնել:
Ի դեպ, 2018 թ. ապրիլին` Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, Գ. Խաչատրյանն ընտանիքով մեկնել էր ԱՄՆ: Ու երբ Խաչատրյանը վերադարձել էր, ԱԱԾ-ն անմիջապես զբաղվել էր նրանով: Սակայն ուշագրավն այն է, որ մինչ օրս իրավապահ մարմինները այդպես էլ որեւէ բան չհայտնեցին, թե կոնկրետ ինչ քրեական գործի շրջանակներում են նրան կանչել նախաքննական մարմին, արդյոք նրան մեղադրանք է առաջադրվել, թե ոչ, եւ նման այլ մանրամասներ: Արդյոք Գ. Խաչատրյանի շատ փող ունենա՞լն էր պատճառը, որ նրա մասով իրավապահ համակարգը մինչ օրս լուռ է եւ այդպես էլ չկարողացավ նախկին պաշտոնատար անձանց նման նրան պատասխանատվության կանչել, թե՞ այլ խնդիր կա, կամ միգուցե ապացույց չունեն, որ Գագիկ Խաչատրյանը չարաշահումներ է թույլ տվել: Սակայն սա վերջը չէ. ԱԱԾ-ից հետո ոստիկանությունը եւս գործողություններ իրականացրեց Գագիկ Խաչատրյանի մասով, մասնավորապես` մարտ ամսին ոստիկանությունը բերման է ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին: Սակայն ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Գագիկ Խաչատրյանը բերման ենթարկվածների թվում չի եղել. ոստիկանություն է տարվել նրա թիկնազորը` շարասյունով երթեւեկելու համար, «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակներում, իսկ Գագիկ Խաչատրյանը եղել է առջեւի մեքենայում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվեց, թե, ի վերջո, բերման ենթարկելուց հետո ինչ որոշում կայացվեց: Ի պատասխան` ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ մշտապես նման գործողություններ իրականացնում են: Ինչեւէ, փաստ է մեկ բան, որ իրավապահները նախկին ՊԵԿ նախագահին պատասխանատվության կանչելու հարցում անցել են «ջրի հատակը»:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` երբ իրավապահները զբաղվել են Գագիկ Խաչատրյանով, նրա գործունեության հետ կապված փաստեր են ներկայացրել, վերջինս իրավապահներին հայտնել է, թե ՀՀ պետական բյուջե պատրաստ է վերադարձնել ցանկացած գումար, միայն թե քրեական պատասխանատվության չենթարկվի: Այսինքն` նա, այնուամենայնիվ, ընդունել է, որ վնաս է տվել պետությանը եւ պատրաստ է վերականգնել այն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ ՀԷԿ-Ի ՊԱՏՃԱՌՈՎ

2009թ. Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 3,5 կմ հատվածում` Աղստեւի աջ ափի 3,6 հեկտար տարածքում, գործում է «Հեքիաթ» հանգստի գոտին: Դրա սեփականատերը` ծնունդով Խաշթառակ գյուղից Սամվել Մատինյանը, մեծ ծավալի աշխատանքներ է իրականացրել հանգստի գոտին ստեղծելու համար` այդ նպատակով ծախսելով բավականին լուրջ գումարներ: Նա Աղստեւի վրա «Հեքիաթ» տանող երկաթյա կամուրջ է կառուցել, հանգստյան գոտում` բազում շինություններ, Խաշթառակի տարածքում նկարահանված «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսների արձանախումբը:

Սակայն 2018թ. հանգստյան գոտու հարեւանությամբ` ավելի ներքեւ` Լուսաձորի վարչական տարածքում, «Կոկ» ՍՊԸ-ն փոքր ՀԷԿ է կառուցել: Ս. Մատինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ ՀԷԿ-ը կառուցվել է ճարտարապետանախագծային նորմերի կոպիտ խախտումներով, ինչի հետեւանքով գետի վրա արհեստական ջրամբար է առաջացել: Նա ասաց, որ փոքր ՀԷԿ-ի շինարարության գոտու համար հատկացվել է 420 քառակուսի մետր տարածք, սակայն այն կառուցվել է 1500 քառակուսի մետր տարածքում: Գետի վրա ամբարտակը կառուցվել է նախատեսված տեղից վերեւ, որի արդյունքում ՀԷԿ-ը նախատեսվածից ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրում, շահույթ ունենում: Սատինյանի վկայությամբ` ՀԷԿ-ի շինթույլտվությունը, շինարարության ավարտական ակտը կազմվել են կեղծիքներով: Արհեստական ջրամբարի պատճառով հանգստյան գոտու շուրջ մեկ հեկտար գյուղարտադրական նշանակության հողատարածքը հայտնվել է ջրի տակ, ճահճացել, հանգստյան գոտում տնկված 120 հատ արքայանարնջի ծառերը ոչնչացել են:
Նախկինում գետի մեջով դեպի հանգստյան գոտի եւ Խաշթառակի հողեր ճանապարհ է եղել, որով գետի ոչ վարար ժամանակ գյուղտեխնիկան տեղափոխվել է, աշխատանքներ կատարել: Արհեստական ջրամբարի առաջացումով այդ հատվածում ջրի բարձրությունը հասել է 2 մետրի, ճանապարհը վերացել է: Նախկինում հոսանքը քշում-տանում էր Աղստեւ նետված պլաստիկ շշերը, զանազան աղբը: Արհեստական ջրամբարի գոյացումից հետո կենցաղային աղբը կուտակվում է այդտեղ: Մատինյանը նպատակ ունի գյուղարտադրական նշանակության այդ տարածքում զբոսաշրջություն զարգացնելու, մրգերի չորանոց ստեղծելու:
Նա ասաց, որ այդտեղ կուտակվող աղբը արտասահմանցի զբոսաշրջիկների վրա վատ տպավորություն է թողնում: Ս. Մատինյանը հանդիպում է ունեցել փոքր ՀԷԿ-ի սեփականատեր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանի հետ, որն, ի դեպ, բացի այդ ՀԷԿ-ից, Իջեւանի տարածաշրջանում 3 փոքր ՀԷԿ-ի տեր է: Մինչ Հայաստանում խաղաղ հեղափոխությունը Խ. Քոքոբելյանը Մատինյանին ասել է, որ ինքը Սերժ Սարգսյանի հարազատների հետ սերտ կապերի մեջ է` ակնարկելով, որ իր դեմ բողոքներն անօգուտ են: Մատինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել, ինքը ձգտում է արդարություն: Նա փոքր ՀԷԿ-ի շինարարությունում խախտումների վերաբերյալ 2 ամիս առաջ դիմել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, վերջինս պատասխանել է, որ համայնքների ղեկավարների վրա ազդելու լծակներ ինքը չունի, Ս. Մատինյանն ինքն էլ կարող է տարբեր ատյաններ դիմել այդ խնդրով: Դրանից հետո մարզպետը դիմել է Քաղաքաշինության նախարարություն, որպեսզի նախարարության մասնագետները նշված տեղում չափագրում-ուսումնասիրություն իրականացնեն:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց «Կոկ Սիստեմ» ՍՊԸ իրավաբան Արփինե Մաթեւոսյանին, որն ասաց. «Նախ նշեմ, որ «Հեքիաթ» ռեստորանային համալիրը նշյալ հողատարածքը ձեռք է բերել ավելի ուշ, քան «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ին ՀԷԿ կառուցելու թույլտվության տրամադրումը: Բացի այդ, «Կոկ Սիստեմ»-ին պատկանող ՀԷԿ-ի շահագործումից հետո «Հեքիաթ» ռեստորանային համալիրի սեփականատերը կատարել է ինքնակամ կառուցապատում` առանց համապատասխան շինթույլտվության եւ փորձաքննության, որի համար էլ տուգանվել է համապատասխան պետական կառույցների կողմից: Սույն թվականի ապրիլ ամսին ռստորանային համալիրի սեփականատիրոջ պահանջով Տավուշի մարզպետարանը հանձնարարել է Լուսաձոր համայնքին իրականացնել համապատասխան փորձաքննություն- չափագրում «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի նախագծի, շինթույտվության եւ կադաստրային գրանցման օրինականությանը համապատասխանության վերաբերյալ: Անկախ փորձագետի կողմից իրականացված փորձաքննության արդյունքում եւս մի ավելորդ անգամ հաստատվել է, որ «Կոկ Սիստեմ» ընկերությանը պատկանող ՀԷԿ-ի ջրամբար(տղմազտարանը) ամբողջովին համապատասխանում է չափագրումներին եւ շինարարական թույլտվություններին:
Հարկ եմ համարում շեշտել, որ մինչ այս ամենը, ընդառաջ գնալով նշյալ համալիրի սեփականատիրոջ խնդրանքին, կատարվել է ջրամբարի ջրի մակարդակի 80սմ իջեցում` ի վնաս «Կոկ Սիստեմ» ընկերության` թեկուզեւ Ընկերությունը իրեն հատկացված ջրային թույտվության համաձայն բոլոր իրավունքներն ուներ այդ զիջմանը չգնալ: Չնայած այս զիջումից հետո ձեռք բերված փոխադարձ համաձայնության՝ համալիրի սեփականատերը շարունակում է անհիմն բողոքը, որում մենք ակնհայտ դիտավորություն ենք տեսնում և խոչընդոտում ընկերության տնտեսական բնականոն գործունեությանը»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐ
Երեկ` մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին փողոցի շենքերից մեկի բնակիչը չէր արձագանքել դռան զանգին եւ հեռախոսազանգերին: Հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի պատշգամբի դռան վերեւի հատվածում ամրացված երկաթյա ձողից սավանով կախված վիճակում հայտնաբերել էին տանտիրուհու` 46-ամյա Նատալյա Ավագյանի դին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` Նատալյա Ավագյանը աշխատում էր ՀՀ Ազգային ժողովում` որպես նամակների բաժնի ավագ մասնագետ: «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել: Ինքնասպան եղած Նատալյա Ավագյանը ապրում էր մենակ, նրա ծնողները վաղուց մահացել էին: Մտերիմները, հարեւանները քննիչներին հայտնել են, որ Նատալյան առողջական լուրջ խնդիրներ ուներ, եւ արդեն տեւական ժամանակ էր, ինչ ստացիոնար բուժում էր ստանում:
Վերջին շրջանում նրա մոտ առողջական խնդիրների բարդացում է նկատվել, եւ նա գտնվում էր հիվանդանոցում: Հարեւանները քննիչներին հայտնել են, որ նա այդքան էլ չէր շփվում հարեւանների հետ, իսկ հիվանդանոցից երկու օր առաջ էր դուրս գրվել եւ տեղափոխվել տուն:
Ինչեւէ, իրավապահների մոտ այս պահին առաջին քննությունը տարվում է այն վարկածի շուրջ, որ միգուցե նրա առողջական վիճակն է պատճառը եղել, որ նա դիմել է այդ քայլին: Ի դեպ, իրավապահները ունեն նաեւ բժիշկների այն գնահատականը, որ նրա մոտ հոգեպես անհավասարակշիռ վիճակ է եղել: Գործով քննություն է տարվում, եւ քննության արդյունքում պարզ կլինի կատարվածի իրական պատճառը:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ` ՄԵՆԵՋԵՐԻՆ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորման որոշում է կայացրել տասնյակ տուրիստների գումարները յուրացնելու համար մեղադրվող «Երեւան թրավել» տուրիստական ընկերության վաճառքի գծով մենեջերի նկատմամբ: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ընկերության վաճառքի գծով մենեջերին` Արմինե Սահակյանին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով: Վերջինս 2018թ. հունվարից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կազմակերպության անունից ամրագրումեր է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային եւ ռեստորանային համալիրներում, դրանց դիմաց քաղաքացիներից կանխիկ եւ անկանխիկ եղանակով մաս-մաս ստացված, ընդհանուր առմամբ 9 միլիոն 610 հազար 515 դրամ է հանել տուրիստական կազմակերպության ֆոնդից` ընդգրկելով իր գույքային ֆոնդում, դիտավորությամբ յուրացնելով նշված գումարը եւ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս: Քննության նախնական փուլում նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




Լրահոս