«ՁՈՐԱՀԷԿ»-Ի ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ՍԵՐԺ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ՕՐՈՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարցուվել` «ՁորաՀԷԿ»-ի մասնավորեցման վերաբերյալ։ Դեռ տարիներ առաջ այդ շահութաբեր ՀԷԿ-ը մասնավորեցվել էր ծիծաղաշարժ գներով։ Ըստ դատախազության հաղորդագրության` ուսումնասիրության եւ դրա հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ, ՀՀ կառավարության 2001թ. մայիսի համապատասխան որոշմամբ, ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված տեղամասի գույքի ներդրմամբ 2 մլրդ. 1 մլն. 840 հազ. դրամ կանոնադրական կապիտալով ստեղծված «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2002թ. հունվարին, ՀՀ կառավարության որոշմամբ, վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ՊՆ-ին անցնելուց հետո «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն գործել է շահույթով. 2006-2010թթ. առաքվել է շուրջ 251 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 1 մլրդ. 252 մլն դրամ շահութաբաժին զուտ շահույթից։ Եթե մոռացել եք, հիշեցնենք, որ այդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր, եւ շահույթը ստացել է նրա ղեկավարած գերատեսչությունը:
Բայց հետագայում որոշվել է այդ ՀԷԿ-ը մասնավորեցնել, ու որպեսզի այն էժան գնով օտարվեր, նախապես հիմքեր են ստեղծել «ՁորաՀԷԿ»-ի շահույթը նվազեցնելու համար: Խոսքը 2009թ. մասին է, երբ Սերժ Սարգսյանն արդեն նախագահի պաշտոնն էր զբաղեցնում: Այդ ժամանակ, հիշում եք, նաեւ իշխանության ներսում որոշակի վերաբաշխում եղավ, օլիգարխներից մի քանիսը դուրս մղվեցին, նորերը առաջ եկան` հանձինս Ս. Սարգսյանի մերձավորների:
Եւ, ահա, դատախազության հաղորդագրությունից տեղեկանում ենք. «Առանց շահույթի աշխատող ընկերությունը, շուկայական արժեքից ավելի ցածր արժեքով վաճառելու առերեւույթ հիմնավորումներ ստեղծելու դիտավորությամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009թ. փետրվարի 27-ին կայացված որոշմամբ, վերանայել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված էլեկտրաէներգիայի միավորի սակագինը, եւ առանց ԱԱՀ-ի 13.92 դրամի փոխարեն 2009թ. ապրիլի 1-ից սահմանվել է ակնհայտ էժան՝ 2.745 դրամ սակագին: Դա տեղի է ունեցել այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միավորի ինքնարժեքը այդ պահին կազմել է 4.383 դրամ. այդկերպ փաստացի շուրջ մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից։
Հետագայում` «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերն օտարելուց անմիջապես հետո` 2011թ. հունվարի 20-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագինը սահմանվել է արդեն 10.5 դրամ` առանց ԱԱՀ-ի, իսկ 2012թ. հունվարից՝ 19.551 դրամ:
Այնուհետեւ, խախտելով ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի որոշումներով սահմանված անկախ գնահատողի կողմից անշարժ գույքը գնահատելու պահանջները, պետական մարմնի՝ նյութերի ընթացքով չպարզված պաշտոնատար անձանց կողմից առանց գույքը գնահատելու, կազմվել եւ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ: Դրա հիման վրա կառավարությունը, 2010թ. դեկտեմբերի 16-ին ընդունած որոշմամբ, ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է 3 մլրդ. 600 մլն. դրամ արժեքով օտարել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող գույքը ընդամենը երկու ամիս գործող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Մինչդեռ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն նշված գործարքից հետո` 2011-2018թթ., առաքել է շուրջ 700 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից հասույթը ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 14 միլիարդ դրամ: Իսկ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի եւ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից 2003-2018թթ. առաքված էլեկտրաէներգիայի քանակները յուրաքանչյուր տարի համադրելի են եւ զգալի փոփոխությունների չեն ենթարկվել։
Ըստ այդմ, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի շուկայական արժեքը 2010թ. դեկտեմբերի դրությամբ կկազմեր շուրջ 8 միլիարդ, իսկ 2018թ. դեկտեմբերի դրությամբ` շուրջ 12 միլիարդ դրամ: Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական սեփականություն հանդիսացող, 2010թ. դրությամբ` շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ` շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամատաբերությամբ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ. 600 մլն. դրամ արժեքով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետեւանքներ»,- ասված է դատախազության բացահայտման մեջ:
Այս պատմությունը ամենեւին էլ նոր չէ։ Տարիներ շարունակ այս հէկ-ի մասնավորեցման ժամանակ տեղի ունեցած ապօրինությունների մասին բազմիցս գրվել է։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2014 թվականին հետաքննություն էր անցկացրել «Որոտանի» ՀԷԿ-ի եւ «ՁորաՀԷԿ»-ի մասնավորեցման թեմայով, եւ լուրջ փաստեր էինք բացահայտել:
Գրել էինք. «2010թ. դեկտեմբերի 16-ի նիստում կառավարությունն ընդունեց «ՁորաՀԷԿ» ՓԲԸ կողմից գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին» N 1660-Ն որոշումը։ Դրա համաձայն` այն ժամանակ կառավարությունը թույլատրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը 3մլն 600 հազար դրամով «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ին օտարել «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանի գույքը: Արդյունքում, ստեղծվել էր նույն վիճակը. ՀԷԿ-ը ֆիզիկապես պատկանում էր «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ին, իսկ իրավաբանորեն՝ ՀՀ կառավարությանը, մասնավորապես՝ ՊՆ-ին /2002թ. հունվարի 15-ի որոշմամբ` այս հէկ-ի բաժնետոմսերը հանձնվել էին ՀՀ պաշտպանության նախարարության կառավարմանը/: Ըստ մամուլում եղած հրապարակումների` Ձորագետ հիդրո ՍՊԸ-ն պատկանում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Եվ, ահա, «ՁորաՀԷԿ»-ի գույքը վաճառելուց վեց ամիս անց՝ 2011 թվականի մայիսի 5-ին, կառավարությունը, N 546-Ա որոշմամբ, պարզապես լուծարեց «ՁորաՀԷԿ»-ը, եւ այդ հիդրոէլեկտրակայանը դարձավ «Ձորագետ» ՍՊԸ-ի լիակատար սեփականությունը»:
Ու, փաստորեն, պետք էր ՀՀ-ում իշխանափոխություն լիներ, որ բացահայտվեին այս բոլոր անօրինականությունները ԴԱՀԿ նախկին պետ Միհան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի պես: Հիշում եք` Պողոսյանը, լինելով ԴԱՀԿ պետ, այդ կառույցի կարիքների համար մեքենաներ գնել էր իր հիմնած «Քեթրին գրուպ» ընկերությունից, ընդ որում` գնել բարձր գներով:
Մինչ այդ, սակայն, նկատենք մի քանի փաստ. դատախազությունն այդպես էլ չի կարողացել պարզել, թե որ պաշտոնյաներն են այս ՀԷԿ-ի մասնավորեցման վերաբերյալ կառավարություն օրենքը խախտելով փաստաթղթեր ներկայացրել: Տվյալ դեպքում խոսք կարող է գնալ երկու գերատեսության` ՀՀ ՊՆ-ի եւ Էներգետիկայի նախարարությունների մասին: 2010թ. ՀՀ պաշտպանության նախարարն այսօր «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից Սեյրան Օհանյանն էր, իսկ Էներգետիկայի նախարարը` հանգուցյալ Արմեն Մովսիսյանը: Հետաքրքիրն այն է, որ 2010թ. դեկտեմբերի 16-ի կառավարության նիստում ընդունված ««ՁորաՀԷԿ» ՓԲԸ կողմից գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին» N 1660-Ն որոշումն էլ ստորագրել էր այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մի անձնավորություն, որ այսօր վայելում է ԵԱՏՄ կոլեգիայի նախագահի պաշտոնը, եւ որին հազիվ թե ՀՔԾ-ն, որի վարույթում է քրեական գործը, կարողանա հարցաքննել: Բայց պարզ է, որ նման խոշոր գործարքն առանց Սերժ Սարգսյանի գիտության ու թույլատրության պարզապես բացառված էր, որ իրականացվեր, մանավանդ, ըստ մամուլի հրապարակումների, այդ ՀԷԿ-ի սեփականատերը հետո դարձել է Ս.Սարգսյանի փեսան:
Ի դեպ, ՀՀ կառավարության կայքում 2010թ. դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի մեջ «ՁորաՀԷԿ»-ի մասնավորեցման որոշման նախագիծը չկա, փոխարենը 5 գաղտնի որոշումներ են: Բայց, դե, իրավապահ մարմինները կարող են վերհանել ողջ փաստաթղթաշրջանառությունը, եթե մի փոքր ակտիվ գտնվեն:
Այսքանից հետո մեկ փաստ էլ. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ նույն Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ ապօրինի կերպով մասնավորցվել է նաեւ «Որոտանի» հէկ-ը, եւ հետեւաբար ակնկալում ենք, որ այս առիթով եւս իրավապահ մարմինները կուսումնասիրեն փաստերը եւ գործ կհարուցեն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

ԾՐԱԳԻՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Հայաստանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ է ուղարկել ծրագիր, որով նախատեսվում է, որ կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ անցում կկատարի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործման: Այս մասին ասել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի այն հարցին, թե նախարարությունն իր հաշվեկշռում քանի մեքենա ունի եւ արդյոք պլանավորում է անցում կատարել էլեկտրական շարժիչով մեքենաների օգտագործման բնապահպանական նպատակով: «Ներկայացրել ենք ծրագիր, որը կլինի աշխարհում առաջինը, եւ ծրագրով առաջարկում ենք, որ ամբողջ կառավարությունն անցնի էլեկտրամոբիլների: Ծրագրի նախնական փաստաթուղթն ուղարկվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, որն այդ ծրագիրը կֆինանսավորի»,-նշել է Գրիգորյանը: Նախարարի խոսքով` եթե ընթացակարգերը պահպանվեն, այս տարվա վերջին բոլոր նախարարները կնստեն էլեկտրամեքենաներ:

 

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները Ավանի Խուդյակովի փողոցի տարբեր հատվածներից բերման են ենթարկել 16-ամյա Կորյունին, 19-ամյա Սերժին եւ 16-ամյա Արմանին: Պարզվել է, որ տղաները վերջին ամիսներին մայրաքաղաքի տարբեր վայրերից միշտ գրեթե նույն կերպ կատարել են մի շարք գողություններ ու գողության փորձեր: Տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրելու միջոցով Կորյունը մտել է Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ ոչինչ չգողանալով` հեռացել է: Մեկ այլ օր նա նույնկերպ կոտրելով դռան փականը` Աբովյան փողոցի վրա գտնվող բջջային հեռախոսների խանութի դրամարկղից գողացել է 2000 դրամ: Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող խանութից նույնկերպ գողացել են 4-5 մեծ կտոր պանիր: Ապրիլին Կորյունը փորձել է կոտրել Էրեբունու փողոցի վրա գտնվող դեղատան դռան ապակին, սակայն ձայնաազդանշանային համակարգը միանալուց հետո հեռացել է: Նույն փողոցում տղաները դուռը կոտրել ու տերմինալից գողացել են 80 հազար դրամ: Երեքն էլ բաց են թողնվել, նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ՀԵՐԹԵՐ` ԼԱՐՍՈՒՄ
Լարսի անցակետում վերջին օրերին առաջացած հերթերը պայմանավորված են Ռուսաստանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսքով. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (ՏԿՏՏՆ)` վկայակոչելով Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությանը:




Լրահոս