Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու մեկամյակի կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ: Նա անդրադարձել է մեր երկրի ձեռքբերումներին եւ արդեն մեկ տարեկան իշխանության գործելաոճի խոցելի կետերին:
-Պարո՛ն Պողոսյան, այս մեկ տարվա ընթացքում մեր երկիրն ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ` ըստ Ձեզ:
-Մարդիկ հոգեբանորեն ազատագրվեցին անիմաստ տագնապներից, բայց դա չի նշանակում, թե նոր տագնապներ առաջ չեկան. պարզապես նախկին եւ ներկա տագնապներն անհամեմատելի են: Ես կարծում եմ, որ բոլորիս կյանքում շատ կարեւոր եւ հրաշալի բան տեղի ունեցավ. սա պետք է գիտակցեն անգամ ընդդիմադիրները: Առջեւում, իհարկե, կլինեն դժվար պահեր, բայց դրանք ի նպաստ մեր հետագա բարեկեցիկ կյանքի են լինելու:
-Չենք կարող չֆիքսել, որ այսօր հայ հանրության շրջանում առկա է հիասթափություն ապրած մարդկանց մի զանգված, որի սպասումները ներկա իշխանությունից ավելին էին: Ի՞նչ կասեք նրանց:
-Դա բնորոշ է մեր էմոցիոնալ համակարգին, որը երկրորդ պլան է մղում բանականությանը: Հայի տեսակն անհամբեր է, բայց հիմա հարկավոր է բանականությամբ առաջնորդվել: Մեկ տարում չէին կարող կարդինալ փոփոխություններ գրանցվել: Շատերին թվում է, թե երկրի բարեկարգման հարցը մեկ հոգու ուսերին պետք է լինի: Ո՛չ: Ամեն մեկի քրտնաջան աշխատանքի արդյունքում է երկիր կառուցվում: Դա բոլորիս անելիքը պետք է լինի, թե չէ մարդիկ գնում են ապրելու բարեկեցիկ երկրներում, որտեղ խնդիրները քիչ թե շատ լուծված են, եւ իրենց թվում է, թե իրենք են այդ ամենը ստեղծել, դա էլ քիչ է՝ քթները տնկած` Հայաստանի խնդիրներին են նայում: Նկատելի է նաեւ, որ այն զանգվածը, որի համար նախկին ռեժիմը շատ հարմարավետ էր, հիմա խուճապի է մատնվել, քանի որ իրեն վտանգ է սպառնում թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես: Հիմա օրենքը տարածվում է բոլորի վրա, իսկ այդ մարդիկ դրանից խուսափում են եւ վախենում, ուստի ամեն կերպ փորձում են վարկաբեկել այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ:
-Այս իշխանությունն էլ, անշուշտ, ունի խոցելի կետեր: Ըստ Ձեզ՝ ո՞րն է ամենացայտունը:
-Իհարկե ունի: Չի կարելի ամեն ինչ ջնջել եւ սկսել զրոյից: Չի կարելի ավագ սերնդին անտեսել եւ ամեն ինչ փոխանցել երիտասարդներին: Եթե սա դառնա աշխատաոճ, մեծ սպառնալիք կհանդիսանա նախ եւ առաջ բարոյականության հաստատման համար: Չէ՞ որ կան մարդիկ, որոնք ունեն արժանիքներ՝ անկախ այն բանից, թե ով է երկրի ղեկավարը: Այդ մարդկանց նկատմամբ պետք է ուշադիր լինել, ոչ թե համարել, որ նրանք նախկին ռեժիմի ներկայացուցիչ են, եւ դրանով ամեն ինչի վրա խաչ քաշել: Անթույլատրելի է բոլորին բաժանել մերոնքականների եւ ոչ մերոնքականների:
-Եվ վերջում՝ ինպե՞ս եք գնահատում ներկայիս իշխանության մշակութային քաղաքականությունը, մոտեցումը արվեստի հետ կապված խնդիրներին:
-Վերջիվերջո, պետք է տարբերել թացը չորից: Առայժմ ես դա չեմ տեսնում: Փոխարենը առկա է ըմբոստություն մշակույթի մարդկանց շրջանում, որովհետեւ նրանք, ովքեր կառավարում են ոլորտը, խնդիրներին թերապեւտիկ լուծումներ տալ չեն կարողանում: Չի կարելի «հռեկոպալի» հարցեր լուծել: Ես չեմ ասում, որ իրենց բոլոր արարքների բովանդակությունն անտրամաբանական է, բայց ամեն ինչին ձեւ կա: Մշակույթի մարդկանց, խնդիրներին հարկավոր է էսթետիկ մոտեցում ցուցաբերել: Հատկապես հայ արվեստագետը շատ էմոցիոնալ է: Այն լոզունգը, թե մեր դեմքը մեր մշակույթն է, շահարկում են բոլոր ղեկավարները. հիմա ժամանակն է, որ այդ դեմքը վերջապես ի հայտ գա:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԵՐԲ ԱՆՀՆԱՐԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է
Կայացավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-«Բարսելոնա» պատասխան հանդիպումը: «Բարսելոնային» դեռ խաղից առաջ եզրափակիչ դուրս բերողները այս խաղից հետո եւս մեկ անգամ համոզվեցին, որ ֆուտբոլը անկանխատեսելի է, եւ կապ չունի ոչ մի հանգամանք: Նախորդ նյութերից մեկի մեջ արդեն նշել էինք, որ մերսիսայդցիներին ժամանակից շուտ պայքարից դուրս մղելը ինքնասպանության նման մի բան է, եւ Լիվերպուլի տղաները այդ խոսքերը ապացուցեցին` խաղադաշտում՝ պարտության մատնելով կատալոնական հսկային:
Այս խաղը կատալոնացիների համար կարծես դեժավյու լիներ: Երկրորդ տարին անընդմեջ դուրս մնալ եվրոպական ամենախոշոր մրցաշարից, հավատացեք, պատիվ չի բերում աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկին:
«էնֆիլդում» «Բարսելոնան» կարծես դուրս էր եկել զբոսանքի` մտքում պահելով նախորդ խաղի հաշիվը: Հիմա կանդրադառնանք այն կարեւոր բացթողումներին, որոնք թույլ տվեցին կապտանռնագույն մարզաշապիկով հանդես եկող ֆուտբոլիստները:
Եթե այս հանդիպումը կայանա եւս մի քանի անգամ, ապա վստահ կարող ենք ասել, որ «Բարսելոնան» այսպես չի ջախջախվի: Կատալոնացիները դաշտ էին դուրս եկել արդեն պարտված՝ մտածելով, որ, միեւնույնն է, այդ կարեւոր մեկ գոլը կհեղինակեն: Մի՞թե նրանք չէին խրատվել անցած մրցաշրջանում «Ռոմայի» ստորացուցիչ ապտակից. երեւի թե` ոչ, ինչն էլ նպաստեց եւս մեկ ապտակի, որն էլ առանց մեկ վայրկյան մտածելու արեցին Յուրգեն Կլոպի սաները:
Անհերքելի փաստ է, որ անցած խաղում իսպանական թիմը անգլիացիներին հաղթեց Լեո Մեսսի կոչվող հանճարի շնորհիվ, բայց.. հենց այս հանճարի ներկայությունն էլ գրողի ծոցը ուղարկեց «Բարսելոնայի»՝ չեմպիոն դառնալու երազանքը: Մեկ պահ վերհիշենք արդեն պատասխան խաղի առաջին խաղակեսում տեղի ունեցած դրվագը: Խորդի Ալբան դուրս է գալիս մեն-մենակ դարպասապահի դիմաց եւ հնարավորություն է ունենում գոլ խփելու, սակայն Ալբան որոշում է փոխանցում կատարել ոչ թե ազատ մնացած Սուարեսին, այլ թիկունքից միացող Մեսսիին: Մեսսին այս դրվագում գոլի հեղինակ չդարձավ, ինչն էլ ճակատագրական ազդեցություն ունեցավ խաղի ելքի վրա: Այո, Մեսսին մնում է Մեսսի, այո, խաղընկերները պետք է օգնեն, բայց արդյոք այս քայլը ճի՞շտ էր այսպիսի խաղում: Դե ինչ, «չես խփում դու, խփում են քեզ» ասաց «Լիվերպուլը» եւ կատալոնացիներին ճանապարհեց տուն:
Մինչ այդ Յուրգեն Կլոպի մասին ասելու շատ բան կա, բայց կլինենք չափազանց հակիրճ. հրաշալի մարտավարություն, ֆանտաստիկ պաշտպանություն, հրաշալի մոտիվացիա եւ անսպառ հավատ. այս ամենը Կլոպը տվեց իր սաներին եւ մղեց ճակատամարտի դաշտ. արդյունքը ավելի քան գոհացնող է:
Փաստը մնում է փաստ, «Բարսելոնան» հերթական անգամ տապալվեց, իսկ «Լիվերպուլը» հերթական անգամ ապացուցեց՝ «ճտերը աշնանն են հաշվում»:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ