Մայիսի 9-ին` Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառման ժամանակ, Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նամակին` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձակելու վերաբերյալ, հայտարարել էր, թե հարցը պետք է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին` Հաղթանակի օրը, բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակներին»,- հայտարարել էր Վիտալի Բալասանյանը: Իսկ սահմանին տիրող լարված իրավիճակին անդրադառնալով` Վ. Բալասանյանը, հեգնական տոնով ձեռքով ցույց տալով ՀՀ վարչապետին, հայտարարել էր. «Դրա հարցով աշխատե՛ք դիմել վարչապետին, որովհետեւ ինքն է այդ վերելակային բանակցությունները կազմակերպում. ինչո՞ւ վարչապետին չեք դիմում, իրեն դիմե՛ք»:
Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Բալասանյանի հայտարարությանը, նշել էր, որ նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն: Պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանն էլ գրառում էր արել. «Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս ամենի շուրջ զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի պատասխանատու Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, Արցախում ինչպե՞ս են վերաբերվում Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ կապված: Ըստ Ձեզ` պե՞տք էր, որ Վ. Բալասանյանը նման կերպ իրեն դրսեւորեր` հեգնելով, թե Ն. Փաշինյանը վերելակային բանակցություններ է վարում:
-Մենք միշտ էլ բարձր ենք գնահատել, այդպես ասած, վերելակային քաղաքականությունը, որի մասին մենք բազմաթիվ անգամ հայտարարություններ ենք արել: Ընդհանրապես ցանկացած հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Արցախը միշտ բարձր է գնահատել, քանի որ այդ հանդիպումները անկասկած նպաստում են, որպեսզի տարածաշրջանում պահպանվի խաղաղություն եւ կայունություն, ինչպես նաեւ ապահովվում է բանակցային գործընթացի շարունակականությունը: Իհարկե, այս տեսանկյունից պետք է այդ ամենը բարձր գնահատել:
-Բայց, կարծես թե, Վիտալի Բալասանյանին այդքան էլ չեն գոհացնում այդ բանակցությունները, ավելին` հեգնանքով է վերաբերվում: Ի՞նչ է կատարվում, ի՞նչն է այդ ամենի պատճառը:
-Գիտեք, ես հիմա չեմ ուզում, որպեսզի սկսենք շահարկումներ, քննարկումներ անենք: Ինքն արդեն ասել է, որ դա իր անձնական կարծիքն է: Հեգնանքը, ես ընդհանրապես դեմ եմ, որպեսզի որեւէ ձեւով ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության իշխանությունների միջեւ որեւէ խնդիր լինի: Սա ոչ թե անձնական որեւէ մեկի քմահաճույքն է. ե՛ւ պաշտոնական Երեւանը, ե՛ւ պաշտոնական Ստեփանակերտը պարզապես պարտավոր են մեկը մյուսի հետ պահպանել լավ, գործընկերային, բարեկամական հարաբերություններ: Սա անձնական խնդիր չէ, սա իրենց անձնական հարցերը չէ: Սա պետության եւ ժողովրդի, այսպես ասած, ծառացած խնդիր է` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է, մեր հայկական միասնությունն է: Եթե մենք այդ պաշտոնական մակարդակում այդ միասնությունը չպահպանենք, մեր միասնականությունը ճեղք կտա, իսկ սա անթույլատրելի է, ով էլ ուզում է լինի` ե՛ւ պաշտոնական Երեւանը, ե՛ւ պաշտոնական Ստեփանակերտը: Պարզապես պարտավոր են բոլորը նորմալ, ընկերային, բարիդրացիական հարաբերություններ պահպանել: Հո մենք թշնամիներ չենք մեկը մյուսի հետ, թուրքին ենք ուրախացնում, որ իրար հետ վատ լինենք: Մենք մեկ հայրենիք ենք, երկու տարբեր պետություն, բոլորն էլ պարտավոր են մեկը մյուսի հանդեպ` լինի դա Հայաստանի Հանրապետության ղեկավարություն, թե Արցախի Հանրապետության ղեկավարություն, անկախ անձնական, այսպես ասած, յուրահատկություններից, անցած ճանապարհից բոլոր, ամեն ինչ պետք է դնել մի կողմ եւ պարզապես պահեն իրենց այնպես ինչպես, որ պետք է:
-Տեղեկություններ կան, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւս վրդովված է Վ. Բալասանյանի հայտարարությունից. զրուցե՞լ է պարոն Սահակյանը Վիտալի Բալասանյանի հետ:
-Կրկնում եմ` այն, ինչ ես ասեցի, կարծում եմ, հստակ էր եւ պարզ: Մենք մեկս մյուսի հետ կոնֆլիկտ չենք կարող ունենալ:
-Նշվում է նաեւ, որ Վիտալի Բալասանյանի նման տրամադրվածությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Վ. Բալասանյանը նպատակ ունի Արցախում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել, որը, կարելի է ասել, այդքան էլ ՀՀ իշխանությունների «սրտով» չէ: Տեղյա՞կ եք, իրակա՞ն են այդ տեղեկությունները:
-Ես չգիտեմ, ես չեմ տեսնում որեւէ տրամադրվածություն, ավելի կոնկրետ իրեն հարցրեք, թող ինքը պատասխանի: Ես չեմ տեսնում, որ կա նման բան, առավել եւս դա անթույլատրելի բան է, ու ցանկացած քայլ` լինի դա Երեւանից, թե Ստեփանակերտից, մեկը մյուսի դեմ ուղղված, անթույլատրելի է:
ՔՊ-ՈՒՄ ԹԵԺ ՕՐԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարը տեղի կունենա հունիսի 15-ին: Այդ միջոցառումը որոշվել է անցկացնել Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում:
Ըստ մեր տեղեկությունների` այժմ կուսակցությունում ՔՊ վարչության անդամների թեկնածուների քարոզարշավին են շատ ակտիվ պատրաստվում: Որոշվել է՝ ինքնաառաջադրված 65 թեկնածուները պետք է պատվիրակներին այբբենական կարգով ներկայացնեն իրենց ծրագիրը, ելույթներ ունենան, խոսեն կուսակցության գործունեության հետ կապված իրենց պատկերացումների մասին, պատասխանեն հարցերին, որից հետո էլ տեղի կունենան ընտրությունները:
Նշվում է նաեւ, որ առաջիկայում լինելու են ինքնաառաջադրվածներից ինքնաբացարկներ հայտարարողներ, ու դեռ հայտնի չէ, թե վերջում քանի հոգի կմասնակցի առաջիկա քարոզարշավին: Մեր տեղեկություններով` որոշվել է հիմնականում քարոզարշավը, հանդիպումները կազմակերպել երեկոյան ժամերին, քանի որ ինքնաառաջադրվածներից շատերը կա՛մ օրենսդիրի ներկայացուցիչներ են, կա՛մ էլ գործադիրի անդամներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, նախատեսված է, որ եւս ներկա կլինի քարոզարշավին, կուսակցականների քննարկումներին ու ծրագրերի ներկայացմանը: Նշվում է, որ նախատեսված է` մեկ օրվա ընթացքում ՔՊ մի քանի անդամներ կներկայացնեն իրենց ծրագրերը, որպեսզի կարողանան ճիշտ ժամանակին ավարտել, ընտրել վարչության անդամներին եւ ՔՊ Վերահսկող հանձնաժողովի ներկայացուցիչներին, որպեսզի միայն դրանից հետո կուսակցությունը կարողանա անցկացնել արդեն նախատեսված արտահերթ համագումարը:
Ի դեպ, կուսակցությունում ակտիվ քննարկվում է նաեւ ՔՊ վարչության ղեկավարի հարցը: Ըստ մեր տեղեկությունների` մի հատվածը կողմ է, որպեսզի այն ղեկավարի Արայիկ Հարությունյանը, իսկ մի հատվածի կարծիքով էլ այն կարող է ղեկավարել Սուրեն Պապիկյանը: Բայց թե վերջում ինչ հանգուցալուծում կտրվի հարցին, դեռ հայտնի չէ:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԿԲԱԽՎԵ՞Ն
Այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի շուրջ որոշումը։ Ինչպես հայտնի է, երեկվա դատական նիստը ընթանում էր դռնբաց։ Նիստին զուգահեռ դրսում իրար էին խառնվել Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները, որոնց միջեւ հաճախ բախումներ էին տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր եւս դատարանի դիմաց սպասվում է երկու թեւերի ներկայացուցիչների «հանդիպումը», որը եւս սպառնում է վերածվել բախման։ Ընդ որում, նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիրները ավելի շատ են լինելու, դատարան են գալու ավելի կազմակերպված, եւ չի բացառվում, որ մեծ մասը լինեն հենց «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների անդամները։ Ի դեպ, հատկանշական է, որ Քոչարյանին սատարելու համար դատարան եկածները երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ էին պարզել նրա նկարներով ցուցապաստառներ այն դեպքում, երբ իրենց պահանջն իշխանությունից է, իսկ ՀՀ-ում Տեր-Պետրոսյանը վաղուց արդեն իշխանության ղեկին չէ:
ԶԻՆԿՈՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՀՀ Էրեբունու զինվորական կոմիսար, գնդապետ Գարիկ Առաքելյանը դատի է տվել Պաշտպանության նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գնդապետ Առաքելյանը, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջում է ստիպել ՊՆ-ին իրեն վերականգնել ՀՀ Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնում` վճարելով աշխատավարձը: Չի բացառվում, որ այս խնդիրը առաջացավ այն բանից հետո, երբ զինկոմիսարիատները վերամիավորվեցին, եւ ներկայումս թիվ 4 զինկոմիսարիատը սպասարկում է Շենգավիթի, Նուբարաշենի եւ Էրեբունու վարչական շրջանները: Ըստ էության, այս վերամիավորման արդյունքում Գարիկ Առաքելյանը հայտնվել է դրսում եւ նախկին պաշտոնը վերականգնելու իր իրավունքների համար դիմել է դատարան:
ԶԳԱԼԻ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի ոչ միայն դեֆիցիտ է պարբերաբար առաջանում, այլեւ գների բարձրացում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները այս անգամ դժգոհել են «Ամբենե» դեղամիջոցի եւ «Դոլգիտ» քսուքի դեֆիցիտից եւ բարձր գնից: Այսպես, պարզվում է`«Ամբենե» դեղամիջոցը հանրապետության դեղատներից պարբերաբար եւ երկարատեւ բացակայում է: Նշենք, որ այս դեղամիջոցները նախատեսված են ողնաշարային հիվանդությունների բուժման համար: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները հայտնեցին, որ նախորդ տարի «Ամբենե» դեղամիջոցի մեկ ամպուլան վաճառվել է 1500 դրամով, իսկ վերջերս այն քաղաքացիները գնել են 3000 դրամով: Իսկ, ահա, «Դոլկգիտ» քսուքը նախորդ տարի ձեռք են բերել 4500 դրամով, մոտ օրերս` 8000 դրամով: Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում նշված դեղամիջոցների 50 տոկոս գնաճը մտահոգվելու առիթ է, եւ այս առումով իշխանությունները, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությունը եւս չպետք է ձեռքները ծալած նստի: