Վերջերս կրկին ակտիվացել են «Խտրականության մասին» օրենքի նախագծի շուրջ խոսակցությունները, քննարկումները։ Ինչպես հայտնի է, դեռեւս 2015 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել էր «Խտրականության մասին» օրենքի նախագիծը, սակայն հասարակական ճնշման տակ այն մի որոշ ժամանակ մի կողմ էր դրվել։ Սակայն հատկապես ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրից հետո ակնհայտ էր, որ այն երկար ժամանակ չի կարող դարակներում մնալ եւ Եվրոպայի ճնշմամբ այս օրենքի նախագիծը վաղ թե ուշ պետք է ընդունվի։
Վերջերս այս օրենքի մասին խոսվեց արդեն ապրիլի 5-ին, երբ խորհրդարանում ընթանում էր «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ, ելույթ ունեցավ Եվրասիա համագործակցության հիմնադրամից Իզաբելա Սարգսյանը եւ խոսեց հենց այդ օրենքի մասին։ Նա իր ելույթում մասնավորապես նշել էր. «Մեր ընդդիմադիրները հաճախ ասում են, որ այս օրենքը սեռական փոքրամասնությունների համար է: Ուզում եմ ասել` այո, այս օրենքը բոլորիս համար է՝ ցանկացած մարդու», – նշել էր նա՝ կարեւորելով այդպիսի օրենքի ընդունումը։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ խորհրդարանում պետք է քննարկում տեղի ունենար հենց այս նախագծի շուրջ, որին, ըստ տեղեկությունների, պետք է մասնակցեր նաեւ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Սակայն նախատեսված ժամին քննարկումը տեղի չունեցավ, եւ պատգամավորները հեռացան։ Ընդ որում, ուշագրավ է, որ պատգամավորներից շատերն անգամ տեղյակ չէին, թե ինչ նախագիծ է քննարկվելու կամ ինչու չքննարկվեց։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը նշեց. «Նման քննարկման մասին տեղեկության չենք տիրապետում. նախարարը այդ թեմայով քննարկման հրավիրված չի եղել»։
Հարցին՝ այժմ արդյոք օրակարգային է «Խտրականության մասին» օրենքի նախագծի ընդունումը, թե ոչ, նա նշեց. «Մեր ներկայիս օրակարգում չունենք տվյալ նախագծի շուրջ քննարկում կազմակերպելու հարց»։
Հիշեցնենք, որ այս օրինագիծն ընկալվում է որպես ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին պաշտպանող նախագիծ, ինչն էլ բացասաբար է ընկալվում հասարակության մոտ: Ընդ որում, այս նախագիծը նոր իշխանությունները «ժառանգություն» են ստացել ՀՀԿ-ից: Դեռեւս 2015թ. Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ԵՄ-ն ՀՀ կառավարության հետ ստորագրված համաձայնագրով նախատեսել է հատկացնել 12 մլն եվրո՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար: Այդ գումարի շրջանակներում Հայաստանում պետք է ընդունվի նաեւ «Խտրականության մասին» օրենքը, որով կարգավորվելու են նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքները: Բացի այդ՝ ԵՄ համաձայնագրում նաեւ կոնկրետ պահանջ կա ստեղծելու սեռական փոքրամասնությունների հարցով զբաղվող հատուկ մարմին կամ հանձնաժողով:
Իսկ այդ արդեն ծրագրի երկրորդ փուլում պետք է անցկացվի իրազեկում, այսինքն՝ սեռական փոքրամասնությունների նկատմամբ պետք է քարոզվի հանդուրժողականություն: Նկատենք, որ վերջինիս շուրջ աշխատանքներ վաղուց արդեն եղել են, եւ հաճախ կարող ենք Երեւանի փողոցներում կամ սոցիալական կայքերում այդպիսի թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ տեսնել։
Եթե հաշվի առնենք Հայաստանում սեռական փոքրամասնությունների նկատմամբ մերժողական վերաբերմունքը, միանգամայն պարզ է, թե կառավարության առաջարկով հանուն այդ 12 մլն եվրոյի ինչ բեռ պետք է կրի կառավարությունը եւ, այս դեպքում, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Դժվար չէ ենթադրել, թե այս նախագիծն ինչ աղմուկ կբարձրացնի, եթե ԱԺ նիստում այն քննարկվի. հավանաբար որեւէ մեկը չի մոռացել վերջերս խորհրդարանի ամբիոնից տրանսգենդերի ելույթին հաջորդած դիմադրությունը, բողոքի ցույցերը: Այսինքն՝ ուզենք, թե չուզենք, հայ հասարակությունն այս պահին պատրաստ չէ այս հարցում գնալու զիջումների:
2015 թվականին կառավարությունը կարողացավ խուսափել այդ օրենքի ընդունումից, սակայն այսքան տարի անց նույն սցենարի կրկնությունը բարդ կլինի։ Բարդ, բայց եւ միանգամայն հնարավոր: Պարզապես, այդ ամենի համար հարկավոր է քաղաքական կամք առաջին հերթին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի մոտ, քաղաքական կամք հակադրվելու եվրոպացիներին, եթե ստիպեն այդ օրենքը ներկայացնել խորհրդարան: Նաեւ հարկավոր է քաղաքական կամք ցուցաբերի խորհրդարանական մեծամասնությունը, եթե ոչ բացահայտ մերժելու, ապա առնվազն այս նախագիծը քննարկելու, լրամշակելու նպատակով ետ ուղարկելու, ասել է, թե՝ կրկին դարակում պահելու համար:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՅՈՒՋԵ
Առաջիկայում Ազգային ժողովում քննարկվելու է ՀՀ կառավարության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Ըստ այդմ, առաջարկվում է հաստատել 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1 տրլն 341 մլրդ 690,5 մլն դրամ, ծախսերի գծով` 1տրիլիոն 447 մլրդ 83 մմլն դրամ, բյուջեի դեֆիցիտը` 105 մլրդ 392,4 մլն դրամ: Հաշվետվությանը կցված է նաեւ Կենտրոնական բանկի եզրակացությունը, որից տեղեկանում ենք, որ 2018 թվականին թեեւ տնտեսական աճը դանդաղել է, սակայն փոքր-ինչ գերազանցել է ՀՀ պետական բյուջեում նախատեսված թիվը եւ 4,9 տոկոսից դարձել է 5,2 տոկոս։ Գյուղատնտեսության ճյուղում արձանագրվել է նվազում, որը, սակայն, նախորդ տարվա համեմատ ավելի փոքր է եղել, իսկ ընդհանուր առմամբ աճը պայմանավորված է եղել ծառայությունների ու առեւտրի ճյուղի բարձր աճով։
ԴՐՈՅԻ ԳՈՐԾՈՎ
«Դրոյի գործով» դեռ 1996թ. ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին դիմել է դատարան: Մեզ հայտնի դարձավ, որ Արծրունին ՀՀ վարչական դատարանից պահանջում է ստիպել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ին բավարարել իր միջնորդագիրը եւ պարտավորեցնել իրեն կիսափակ ուղղիչ հիմնարկից մեկուսացվածության առավել ցածր աստիճանի` կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխել:
ՈՉԽԱՐԸ ԳՆԱԼՈՎ ՊԱԿԱՍՈՒՄ Է
Հայաստանում ոչխարի գլխաքանակը տարեցտարի պակասում է: Այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, 2018-ին` 660 հազար 100, իսկ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ` 638 հազար 257 գլուխ: Չնայած այս պաշտոնական թվերին` Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը համոզված է, որ ոչխարի գլխաքանակի պահանջված չափը «կայունանում է»: «Ներկայումս քննարկվում է ոչխարաբուծությունը զարգացնելու վերաբերյալ ծրագիր: «Տոհմաբուծարանների ստեղծման ծրագիր ենք մշակել, որը կառավարության կողմից հավանության է արժանացել: Բացի այդ, Հայաստանում արոտները հիմնականում կտրտված են եւ հարմարեցված ոչխարաբուծությանը: Բայց մեծ ակտիվություն է նկատվում տնտեսվարողների կողմից»,- նկատեց Լ. Տեր-Իսահակյանը` հավելելով, որ Հայաստանից այս տարեսկզբից մինչեւ մայիսի 10-ի դրությամբ արտահանվել է շուրջ 8500 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Նկատենք, որ 2018 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է 12 հազար 110 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը ՀՀ-ից զանգվածաբար արտահանվեց դեպի հարեւան Իրան, հայկական շուկայում առաջացավ գառան մսի դեֆիցիտ եւ ահռելի գնաճ: Արդյունքում Հայաստանում կտրուկ նվազեց ոչխարի գլխաքանակը: Իսկ ինչպես հայտնի է, ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Ի դեպ, այսօր էլ ոչխարի մսի գինը բավականին թանկ է՝ անցնում է 4 հազար դրամը:
ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում գրել է. «Օրեր առաջ մամուլում նյութեր տարածվեցին, որ Արագածոտնի մարզպետը (Դավիթ Գեւորգյան- խմբ) ժամանակին մասնակցել է մի ակցիայի, որտեղ փորձել են այրել ՌԴ դրոշը, բայց ոստիկանները թույլ չեն տվել անել դա, որից հետո մեր այսօրվա մարզպետը տրորել է ՌԴ դրոշը: Հետաքրքիր է, այդ պաշտոնին նշանակելիս ՀՀ կառավարությունն իմացե՞լ է Արագածոտնի մարզպետի քաղաքական հայացքների մասին, եւ ինչպե՞ս են պատկերացնում համատեղել ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերության ձգտումն ու նման մարզպետ ունենալը: Ակնկալում եմ գործընկերներիս` Լիլիթ Մակունցի պատասխանը»,- ասված է Մարուքյանի գրառման մեջ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սոցցանցի իր էջում պատասխանել է ԼՀԿ խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի գրառմանը: Մակունցը նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է պարոն Մարուքյանն անդրադառնում այս թեմային եւ ինչ նպատակով: «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը մանրամասներ կներկայացնի ակցիայում տեղի ունեցածի վերաբերյալ եւ այն մասին` արդյոք այրվել է դրոշ, թե ոչ, կամ տրորվել է դրոշ, թե ոչ: Մատնանշվող ակցիան առնչվում է տարիներ առաջ Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքին եւ դրան հաջորդող տարատեսակ ակցիաներին, որոնք անցկացվել են թե՛ Գյումրիում, թե՛ Երեւանում: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է պարոն Մարուքյանն անդրադառնում այս թեմային հիմա եւ ինչ նպատակ է հետապնդում: Եթե նպատակը հայ-ռուսական հարաբերություններում անվստահության սերմանումն է, ապա պիտի հիասթափեցնեմ պարոն Մարուքյանին այդ առումով զուր ջանքեր գործադրելու համար»,-ասվում է գրառման մեջ:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԴԵՊՔ
ԱԱԾ-ից փաստաթղթերի անհետացումը բավականին տարօրինակ դեպք է: Նման կարծիք է հայտնել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով` նման դեպք է գրանցվել նաեւ 1990-ականներին, երբ քաղաքական իշխանության փոփոխություն տեղի ունեցավ: «Այդ ժամանակ «ԿԳԲ»-ի արխիվներից գործակալների վերաբերյալ նյութեր անհետացան»,- պարզաբանել է Քոչարյանը: Նա նաեւ նշել է, որ նման հանցագործություն կատարողն անպատիժ չի մնա: «Նրանք, ովքեր կատարել են տվյալ հանցագործությունը, կգտնվեն: Բացի այդ, հնարավորության դեպքում կորած փաստաթղթերը կվերականգնվեն»: Հարցին, թե ինչի հետ կարող են կապված լինել այդ փաստաթղթերը, Քոչարյանը չի բացառել, որ դրանք կարող են կապված լինել մարտի 1-2-ին հանրահավաքները ցրելու գործի հետ: Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշել է, որ եթե այդ փաստաթղթերը անհետացել են, ապա դա միայն ցույց է տալիս, որ կան մարդիկ, որոնք մտահոգված են դրանց առկայությամբ:
ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿԱ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ իր ղեկավարած ոլորտում կա կոռուպցիա: «Եթե մենք խոսում ենք ապօրինի եկամուտների մասին` բուժհաստատություններում վերցվող, ու դա համարում ենք կոռուպցիա, ապա դա կա։ Ես ինքս չեմ համարում կոռուպցիա, ես համարում եմ ապօրինի եկամուտ, որը էլի պետք է չլինի, բայց, ամեն դեպքում, դա ապօրինի եկամուտ է, որ բժիշկը հայցում է պացիենտից, պացիենտի բարեկամից եւ այլն։ Եթե գնում ենք մի քիչ ավելի վերեւ, եթե խոսքը պետական կառավարման ապարատում եղած կոռուպցիայի մասին է, ես կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ անում ենք, որ դա չլինի», – նշեց նախարարը: Բժիշկներին տրվող մաղարիչ-կաշառքների ավանդույթն, ասաց, ցանկանում են վերացնել աշխատավարձերի բարձրացմամբ։ Պոլիկլինիկաների 10 հազար աշխատակից արդեն 30 տոկոսով ավելին է ստանում, քան նախկինում։