ԵՐԲ ՀԵՐՈՍԻՑ ՀԱԿԱՀԵՐՈՍ ԿԵՍ ՔԱՅԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը բավականին ակտիվ կերպով քննադատական գնահատականներ է հնչեցնում Հայաստանի իշխանությունների հասցեին: Վիտալի Բալասանյանի դեպքում այս ամենը միգուցե եւ նորմալ է, եթե հաշվի առնենք, թե ինչ ճանապարհ է անցել նա:

Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից նա ակտիվ դերակատարություն է ունեցել պատերազմում… 1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար: 1992 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին` հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թթ.` ԼՂՀՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. սեպտեմբերից` ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ: 2000 թվականի մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Եղել է նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավոր:
Սրանք Վիտալի Բալասանյանի կենսագրության հերոսական էջերն են: Բայց, արի ու տես, հետո արդեն հերոսը սկսել է գահավիժել բավական մեծ արագությամբ:
2012 թվականի ապրիլի 28-ին Վիտալի Բալասանյանն իր թեկնածությունն է առաջադրել ԼՂՀ նախագահի ընտրություններում, սակայն չի ընտրվել: Դեռ այդ ժամանակ արցախցիներից շատերը չէին վստահում Բալասանյանին եւ կարծիքներ էին հնչեցնում, որ նա կամ հարազատները մշտապես աղմկալի պատմություների մեջ են հայտնվում: Եվ, ահա, ընտրություններից մեկ տարի անց ինքը՝ Վիտալի Բալասանյանը, հայտնվեց կրմինալ պատմության կիզակետում:
Իր դեմ մահափորձի դրդի՞չը
2013թ. դեկտեմբերի 29-ի երեկոյան Սերգեյ Հարությունյանը պայթուցիկ սարքը մագնիսով տեղադրել էր Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում կայանված Վիտալի Բալասանյանի «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի 45 ՏԼ 045 պետհամարանիշի ավտոմեքենայի առջեւի աջ անվաթեւի տակ` նպատակ հետապնդելով իր մոտ նախապես պահվող բջջային հեռախոսով պայթուցիկ սարքին միացված բջջային հեռախոսին հեռախոսազանգ կատարելու միջոցով Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհահատվածում ավտոմեքենան պայթեցնել: Սակայն հանցանքն ավարտին չէր հասցվել Վիտալի Բալասանյանի կողմից ավտոմեքենայով հետադարձ մանեւրելու ընթացքում պայթուցիկ սարքի ընկնելու արդյունքում:
Իսկ ի՞նչն էր եղել պատճառը, որ նրա դեմ մահափորձ էր արվել: Բանն այն է, որ Արա Ավետյանը եղբորը` Սամվել Ավետյանին, մեկ այլ քրեական գործով պատասխանատվությունից ազատելու համար օգնության խնդրանքով դիմել էր Վիտալի Բալասանյանին: Վիտալի Բալասանյանն էլ Արա Ավետյանին ծանոթացրել էր իր մտերիմ ընկերոջ` Երեւանում փաստաբանական գործունեությամբ զբաղվող Գեորգի Գյուլխանյանի հետ, որպեսզի վերջինս օգնի Ավետյանի եղբորը: Գեորգի Գյուլխանյանը եւ Արա Ավետյանը հանդիպել են գործի հանգամանքները քննարկելու համար, եւ, ըստ վերջինիս, Գեորգին ասել է. «Շալվարս կհանեմ, յուբկա կհագնեմ, եթե ես քո եղբորը դատարանի դահլիճից դուրս չհանեմ»: Արդյունքում, ըստ ամբաստանյալ Արա Ավետյանի, Գյուլխանյանն իր եղբորը ազատազրկումից ազատելու դիմաց պահանջել է 1.2մլն դրամ: Սակայն Գյուլխանյանն այդպես էլ չի կարողացել խոստումը կատարել, եւ Արա Ավետյանը, իրեն խաբված զգալով, փաստաբանից պահանջել է իր գումարը: Արա Ավետյանը դատարանում հայտարարեց, որ երբ գումարի հետ վերադարձնելու պահանջով դիմել է Գեորգի Գյուլխանյանին, նա պատասխանել է, թե ինքն ամեն ինչ արել է անվճար, եւ գումարային բոլոր հարցերով թող նա դիմի Վիտալի Բալասանյանին: Ուշագրավն այն է, որ ամբաստանյալները դատարանում հայտարարել էին, որ կա անձ, որը դրդել է իրենց կատարել այդ արարքը, եւ դա միայն Վիտալի Բալասանյանն է: Ասել է թե` գեներալ-մայորը գործարքների մեջ էր մտել, մարդկանց հույս էր տվել, իսկ վերջում ոչինչ չի արել` հուսախաբ անելով մարդկանց:
Ուշագրավն այն է, որ Արցախի գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը առաջին անգամ չէ, որ մարդկանց խոստումներ է տալիս, բայց ավելի ուշ նրանց թողնում է բախտի քմահաճույքին կամ, մեղմ ասած, խաբում է:
Հերթական խաբեությունը
2016 թվականի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը` պատանդ պահելով այնտեղ գտնվողներին, Հայաստանում քաոս սկսվեց: Իրավիճակն այնքան անկառավարելի էր, որ ՀՀ իշխանությունը ստիպված եղավ Արցախից «մարդ բերել»: Եւ, ահա, այդ գործին լծվեց Արցախի հերոս, Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Նա խմբի անդամներին խոստացել էր զենքերը խաղաղ վայր դնելու դեպքում միջնորդ հանդիսանալ նրանց պատիժը մեղմացնելու համար: Սակայն նրանց մասով գործը ավարտվեց եւ բավականին խիստ պատիժներ նախատեսող քրեական հոդվածներով մտավ դատարան: ՈՒ համառ պնդումներ կային, որ «Ծռերի» խմբավորման անդամների մեծ մասը դատապարտվելու է ցմահ ազատազրկման: «Ժողովուրդ» օրաթերթը Բալասանյանից հետաքրքրվեց` ինչու խաբեց տղաներին: «Ի՞նչ է նշանակում` իմ ասած խոստումը իրականություն չի դառնում, այսինքն` ես ասել եմ` մարդասպաններին պետք է շուտափույթ ազատե՞լ:…Մենք առաջին օրն ասեցինք` երբ զենքերը ցած կդնեք, մենք ամեն ինչ կանենք: Իմ հայտարարությունից հետո, տեսեք, քանի հանցագործություն է կատարել այդ զինված խումբը, որը գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում: Դրանից հետո եղել են սպանություններ, պատանդներ են վերցրել բժիշկներին, գույքի փչացում է եղել, ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն` մնան անպատի՞ժ նրանք, ովքեր հանցագործություն են արել»: Նկատենք, սակայն, որ այդ միջադեպի ժամանակ առաջին սպանությունը եղավ հենց ՊՊԾ գնդի գրավման առաջին օրը, երբ ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը փորձել էր դիմադրել եւ տեղում սպանվել: Ու այս առումով հետաքրքիր է` մի՞թե այն ժամանակ Բալասանյանը չգիտեր կատարվածի մասին, որ նման խոստումներ էր տվել «Սասնա ծռերին»: Ըստ էության, նա գիտեր, բայց, հանուն նախկին իշխանություններին հաճոյանալու եւ իրավիճակը շտկելու, խոստումներ տվեց, իսկ վերջում էլ թողեց բախտի քմահաճույքին:
Արձանագրենք, որ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու գործով մեղադրյալները ազատության մեջ հայտնվեցին, իսկ նրանցից շատերը համաներվեցին թավշյա հեղափոխութունից հետո` բացառապես նոր իշխանությունների բարի կամքի շնորհիվ:
Իսկապես ցավալի է Բալասանյանի այդ կերպարանափոխությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՎ
Սերժ Սարգսյանի եղբայրը` Լյովա Սարգսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործը քննելու է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ` Գրիշա Հարությունյանի դուստրը` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը:
Լյովա Սարգսյանը, մայիսի 8-ին դիմելով դատարան, պահանջել է ստիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին անվավեր ճանաչել 2019 թվականի ապրիլի 9-ի որոշումը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «նախազգուշացում» վարչական տույժ է նշանակել հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանի նկատմամբ: Հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով հանձնաժողովը պարզել է, որ Լյովա Սարգսյանի 2018թ. պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, փոխկապակցված անձանց հայտարարագրերը հանձնված եւ հրապարակված հայտարարագրերի ցանկում չկան, ուստի պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության:
Բայց այս գործում մեկ այլ հետաքրքիր հանգամանք կա. բանն այն է, որ Լ. Սարգսյանի հայցը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: Այս դատավորը սովորական անձ չէ: Անի Հարությունյանի եւ Սերժ Սարգսյանի ընտանիքները բարեկամական կապի մեջ են: Դատավոր Անի Հարությունյանի հայրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: Գ. Հարությունյանը Հայաստանի պետական մարմիններում սկսել է աշխատել 1990-ական թվականների սկզբներին, երբ նշանակվել է հատուկ ծրագրերի վարչության ղեկավար: Սակայն շատ կարճ ժամանակ անց նրա ղեկավարած վարչությունում չարաշահումներ են հայտնաբերվել, որոշ կասկածներ կային, որ դրանց առնչվել էր նաեւ Գրիշա Հարությունյանը, ինչի պատճառով էլ նրան հեռացրել են աշխատանքից: Դրանից հետո Գրիշա Հարությունյանը երկար ժամանակ անհետացել է հորիզոնից եւ ընդհատակում մնացել մինչեւ 1994 թվականը, երբ Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Հենց Սարգսյանի օրոք Գրիշա Հարությունյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար: Գրիշա Հարությունյանը համակարգում էր բանակի տնտեսական հարցերը, սակայն ավելի ուշ այդ պաշտոնից եւս ազատեցին` չարաշահումների հետ կապված: Տարիներ հետո, դարձյալ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ, վերադարձել է ու հայտնվել ոչ ավել ոչ պակաս ազգային անվտանգության փոխնախարարի պաշտոնում: Ավելին` բոլորին հայտնի է, որ Գրիշա եւ Միքայել Հարությունյանները ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռիներն են, իսկ Անի Հարությունյանը` նրա քեռու դուստրը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՆ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ երկու տարբեր գործերով, բայց երկու հայտնի ամբաստանյալների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի ընտրության հարցով դատաքննությունն էր: Ի դեպ, դատաքննությունները տեղի էին ունենում դատարանի տարբեր նստավայրերում:

Եւ, ահա, ի տարբերություն Մ. Գրիգորյանի դատավարության` Քոչարյանինը բավական լարված մթնոլորտում էր: Քոչարյանի աջակիցները բողոքի ցույց էին իրականացնում դատարանի բակում, անգամ փակել էին դատարանի դուռը: Ողջ նիստի ընթացքում դահլիճում, միջանցքում եւ դրսում կրքերը չէին հանդարտվում:
Նկատենք, որ ոստիկանները ավելի քան հանդուրժող էին: Երեկ Քոչարյանի կողմնակիցները չեն թողել դատարան մտնի «Մարտի 1»-ի գործով տուժածների փաստաբան, նախկինում «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանին: «Ես այդտեղ տեսա այն նույն անձանց, որոնք «Մարտի 1»-ում չի բացառվում, որ մեծ դեր ունենան: Նրանց ագրեսիվությունը, նախահարձակ լինելու ցանկությունը, պրովոկացիան: Դու իրենց հետ չես խոսում, իրենք ուզում են անպայման քեզ հետ քնննարկում սկսեն: Ու դու հասկանում ես, որ այդ մարդիկ հատուկ նպատակով են եկել, որ քեզ չթողնեն դատական նիստին հավասարակշիռ վիճակով մտնես: Եթե հաջորդող նիստերին էսպիսի իրավիճակ լինի, երկու կարգի խնդիր կառաջանա. մենք` որպես փաստաբաններ, դժվարություն կունենանք արդյունավետ պաշտպանություն իրականացնենք, մյուս դժվարությունն այն կլինի, որ դրսում կլինեն տուժողների հարազատներ եւ մյուս թեւի մարդիկ, ովքեր վատ հարաբերություններ կսկսեն իրենց հետ: … Սա թող ընդունեն որպես նախազգուշացում, որ եթե մյուս նիստին հանկարծ որեւէ մեկը մոտենա եւ փորձ անի իմ աշխատանքը խանգարել, ապա հաստատ լուրջ խնդիրներ կունենա»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց Սաֆարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ




Լրահոս