ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է նոր խմբագրությամբ օրենքի նախագիծ` «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» վերնագրով:

Բայց ուշագրավն այն է, որ ինչպես նախորդի (խոսքը «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի մասին է), այնպես էլ այս դեպքում e-draft.am կայքէջում «Առաջարկ» բաժինը փակ է: Այսինքն` օրենքի այս նախագծի համար հնարավոր չէ առաջարկներ կամ մեկնաբանություններ թողնել: Ավելին, այս պաշտոնական կայքէջում նախագծերը տեղադրվելու ժամանակ աջ կողմում սովորաբար կա տեղեկություն այն մասին, թե տվյալ նախագիծը որքան «կողմ» եւ որքան «դեմ» ձայն է հավաքել, բայց այս դեպքում այն բացակայում է: Այսինքն` միակ օրինագիծն է, որի քվեարկությունը դարձյալ փակված է:
Եւ, չնայած սրան, մեզ հայտնի դարձավ, որ մշակված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծով ամրագրվում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում, սահմանվում է «փակ» տարածքներ հասկացությունը օրենքի իմաստով:
Ըստ իրականացված հետազոտությունների` ծխախոտի օգտագործումը տղամարդկանց շրջանում աճում է 15-19 տարիքային խմբից 20-29 տարիքային խումբ անցնելիս: Ըստ տարիքի ծխախոտի օգտագործումը տղամարդկանց մոտ հասնում է իր առավելագույնին 30-39 տարեկանների շրջանում եւ աստիճանաբար սկսում է նվազել: 70 տարեկան եւ ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում ամեն օր ծխողների թիվը կազմում է 26 տոկոս:
Ի դեպ, եթե 2012 թվականին Հայաստանում ամեն օր ծխախոտ էր օգտագործում 15 եւ բարձր տարիքային խմբի բնակչության 23 տոկոսը, ապա 2016-ին` 26.2 տոկոսը: Ընդ որում` ամեն օր ծխող տղամարդկանց թիվն ավելացել է 48.7 տոկոսից մինչեւ 53.4 տոկոս, իսկ կանանց թիվը` 1.3 տոկոսից մինչեւ 2.3 տոկոս:
Ավելին` պարզվում է, որ կանանց մոտ ամեն օր ծխողների թիվը պայմանավորված է նաեւ նրանց ամուսնական կարգավիճակով: Եթե քաղաքացիական կացության գրացման գործակալության կամ եկեղեցու հաստատմամբ ամուսնացած կանանց 1.2 տոկոսն է ամեն օր ծխում, ապա առանց գրանցման ամուսնացածների` 2.9 տոկոսը, չամուսնացածների` 4.1 տոկոսը, իսկ ամուսնալուծվածների` 10.2 տոկոսը:
Նշենք, որ ծխախոտային արտադրատեսակների, փոխարինիչների օգտագործումն արգելվում է բժշկական հաստատություններում եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա: Նաեւ դրանց օգտագործումն արգելվում է նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա: Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը կարգելվի նաեւ hյուրանոցային տնտեսության օբյեկտներում, առողջարանները, հանգստյան եւ մասնագիտացված ճամբարներում, պանսիոններում, առեւտրային կենտրոններում:
Նախագծով կարգելվի ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, նմանակների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը բուժհաստատությունների ներսում, մանկապատանեկան հաստատություններում եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա, թանգարանային, գրադարանային եւ ժամանցային կենտրոններում, կինոթատրոններում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի ներսում:
Իսկ, ահա, հանրային սննդի օբյեկտներում` ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, նմանակների վաճառքը կարգելվի այս օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել են ծխելու դեմ պայքարում հաջողված փորձ ունեցող երկրների` Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, ինպես նաեւ Ռուսաստանի, Մոլդովայի, Վրաստանի փորձը:
Օրինակ` ներկայումս Ֆինլանդիայում ծխախոտի օգտագործումը բավականին ցածր մակարդակի վրա է. 1995-ին արգելվել է ծխելը աշխատավայրում, 1999-ին` հանրային սննդի վայրերում, 2006-ին ծխելը արգելվել է բոլոր հանրային փակ տարածքներում եւ հանրային վայրերին մոտ գտնվող բաց տարածքներում: ԵՄ պետությունների շարքում Մեծ Բրիտանիայի հակածխախոտային քաղաքականությունը գնահատվել է որպես լավագույնը: Սկսած 2007-ից Մեծ Բրիտանիայում ծխելն արգելվում է հանրային տրանսպորտում, փակ հանրային վայրերում, փակ աշխատանքային տարածքներում` ներառյալ մեքենաները: Օրենքը սահմանում է տույժեր, տուգանքներ օրենքը խախտողների համար: Ծխախոտի գովազդը արգելված է` ներառյալ հեռուստատեսային գովազդը, ռադիո գովազդը, նամակներ ուղարկելը, ցուցանակները, գովազդը վաճառքի կետերում: Սկսած 2010-ից` ծխախոտի ցուցադրությունը եւս արգելված է, բացի ծխախոտի վաճառքի հատուկ կետերից:
Ռուսաստանում ծխախոտի օգտագործումն արգելված է փակ աշխատանքային տարածքներում, հանրային փակ վայրերում եւ հասարակական տրանսպորտում 2013-ից: Վրաստանում ծխախոտի օգտագործումը բավականին տարածված է. այն կազմում է 58 տոկոս տղամարդկանց շրջանում եւ 6 տոկոս կանանց շրջանում: Երկրում բարձր է հիվանդացությունը սիրտ-անոթային հիվանդություններից, շնչառական հիվանդություններից եւ քաղցկեղից: 2018 թվականի մայիսից Վրաստանում օրենքի ուժով կիրառվում է ամբողջական արգելք` հանրային փակ վայրերում ծխելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագծից բացի իշխանությունները պատրաստվում են փոփոխություններ կատարել մի քանի այլ օրենքներում: Խոսքը «Տեղական ինքնակառավարման մասին», «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի մասին է:
Օրինակ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծով համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակները կընդլայնվեն: Նա պետք է աջակցի նաեւ առողջ ապրելակերպի քարոզչության եւ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման եւ երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրականացվող իրազեկման աշխատանքներին: Բացի այս, նախագծով նաեւ տեղական տուրքի հարկման դաշտ կբերվի ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների եւ նմանակների վաճառքը, որի թույլտվության տրամադրման համար սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների համար սահմանված դրույքաչափերը: Նաեւ գործող օրենքից կհանվեն ծխախոտի գովազդի վերաբերյալ առկա կարգավորումները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ԿԱԴՐԵՐ` ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Մայիսի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Տիգրան Մուշեղյանի հետ 2019թ. մայիսի 3-ից երեք ամիս փորձաշրջանով կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչեւ մրցույթով տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելը: Նույն որոշման 2-րդ կետով` Տ. Մուշեղյանի համար սահմանվել է դրույքաչափ` 310 հազար 858 դրամի չափով: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված մարզպետ Հ. Չոբանյանի այդ որոշման մեջ թեեւ նշված է, որ այն կայացվել է մայիսի 3-ին, սակայն նրա ստորագրության տակ գրված է 08.05.2019, այսինքն` այդ որոշումն ընդունվել է մայիսի 8-ին: Ավելին` մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրված այդ որոշման մեջ երեւի անփութության պատճառով նշված է վարչության, ոչ թե այդ վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Տիգրան Մուշեղյանի հետ կնքված պայմանագրի մասին: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ընդունած որոշումների մի մասում նշված է պաշտոն ստացած անձանց հայրանունները, որոշ դեպքերում` ոչ. Տիգրան Զոհրաբյանը Երեւան քաղաքի բնակիչ է: Ծագումով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղից, Երեւանում ապրած, մայրաքաղաքում աշխատանքային գործունեություն ծավալած Հայկ Չոբանյանը իր խորհրդականների եւ օգնակաների մեծ մասին նշանակել է Տավուշի մարզկենտրոն Իջեւանից 136 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Երեւան քաղաքի, ոչ թե Տավուշի մարզի բնակիչներից: Մարզպետ Հ. Չոբանյանը մայիսի 6-ին որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի քարտուղարության պետի պաշտոնը զբաղեցնելու համար Անի Մելիքսեթյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչեւ մրցույթով թափուր պաշտոնը զբաղեցնելը, այդ պաշտոնի համար սահմանել դրույքաչափ 377 հազար 659 դրամի չափով: Տավուշի մարզպետարանի քարտուղարության պետի պաշտոնը թափուր էր 2018 թվականից, երբ Տավուշի մարզպետ (այժմ` ԱԺ պատգամավոր) Վահե Ղալումյանը պաշտոնանկ արեց Կարեն Խուդավերդյանին: Տավուշի մարզպետարանի աղբյուրները հայտնում են, որ մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի երկարամյա պետ Անի Մելիքսեթյանին մարզպետարանի քարտուղարության պետի թափուր պաշտոնում նշանակելով` մարզպետ Հայկ Չոբանյանը լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում նոր մարդ է նշանակելու, որն ակտիվորեն զբաղվելու է Հ. Չոբանյանի գործունեության փիառով, մարզպետին գովազդելով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս