ՀՅԴ-ՈՒՄ «ՓՈՇՄԱՆԵԼ» ԵՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԵՄ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Հայ հեղափոխական դաշնակցության նոր ձեւավորված Գերագույն մարմնում իսկական «հեղափոխություն» է տեղի ունեցել: Ըստ մեր տեղեկությունների` ԳՄ-ականները որոշել են այլեւս առճակատման չգնալ ներկայիս իշխանությունների հետ, քանի որ, ըստ իրենց, ժողովուրդը շարունակում է «երկու ձեռքով» սատարել ներկայիս իշխանություններին ու անիմաստ է տարբեր հայտարարությունների միջոցով վատաբանել իշխանությունների վարած քաղաքականությունը` այդկերպ հանրությանը տրամադրելով հենց ՀՅԴ-ականների դեմ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ականները «ակտիվացան» այն ժամանակ, երբ օրերս Հրայր Թովմասյանի գլխավորած ՀՀ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Խոսքն այն օրինագծի մասին է, որը մեծ աղմուկ բարձրացրեց` առիթ հանդիսանալով արագացնելու նախորդ խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը:
Այս որոշումից հետո ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես էր եկել հայտարարությամբ. «Այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ: Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա եւ բոլոր հարցերը կդնի իր տեղը»: Ա. Ռուստամյանի հայտարարությունից հետո տեղեկություններ տարածվեցին, որ ՀՅԴ-ում քննարկում են, թե ինչ ձեւաչափով «դեմ» դուրս գան իշխանություններին ու ապացուցեն, որ նրանք իշխանության են եկել սահմանադրական կարգը տապալելու միջոցով:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանի հետ:
-Պարո՛ն Տոնոյան, ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀՅԴ-ն նպատակ ունի առաջիկայում քայլեր ձեռնարկել իշխանությունների դեմ` ապացուցելով, որ նրանք իշխանության են եկել` սահմանադրական կարգը տապալելով: Որքանո՞վ են իրատեսական այդ տեղեկությունները, ի՞նչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն այս փուլում:
-Գերագույն մարմնում նման հարց չի քննարկվել. մենք չենք ուզում այդ ճանապարհով գնալ, որովհետեւ այս պահին բացարձակ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում: Մենք քննարկել ենք, որ առանց այդ էլ հասարակությունում բավականին արդեն մեծ լարվածություն կա, ու այս պարագայում բացարձակ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում: Ասեմ ավելին` ընդհակառակը` մենք ցանկանում ենք առաջիկայում կոչով հանդես գալ, երկուստեք փոխադարձաբար զսպվածության կոչ անենք: Այս ատելության միջավայրը, որ հիմա առկա է Հայաստանում, լավ չէ, ու մեզ համար ընդունելի չի, օրինակ, Վիտալի Բալասանյանին գող, ավազակ, սրիկա են ասում, կամ հենց Նիկոլ Փաշինյանի տիկնոջ“ Աննա Հակոբյանի դեմքը Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի դեմքով են ներկայացնում եւ այլն. դրանք մենք անընդունելի ենք համարում, նման բաները շատ վատ են հասարակության համար: Մենք իսկապես շատ խիստ անհանգստացած ենք այդ կապակցությամբ ու չենք ցանկանում, որ նման լարվածության մթնոլորտում, որ մեր երկիրը պատերազմի շեմին է, նման իրավիճակում հայտնվի:
-Այսինքն` ՀՅԴ-ում որոշում կա այս փուլում որեւէ բան չնախաձեռնելու՞:
-Իհարկե ոչ, մենք ընդամենը փաստը արձանագրեցինք, բայց ես կարծում եմ, որ դրա շարունակությունը մեր բոլորիս շահերից չի բխում. մենք համարում ենք, որ ինչ որոշվել է, դա փաստ է ու վերջ: Ես արդեն ԳՄ-ում առաջարկել եմ կոչով հանդես գալ, քննարկման փուլում է հարցը: Կարծում եմ` առաջիկայում ամեն ինչ ավելի կհստակեցվի: Մենք բացարձակ որեւէ լարվածություն չենք ցանկանում, որպեսզի լինի. դա այս պահին մեր երկրի շահերից չի բխում: Իսկ մեր հիմնական մտահոգությունը կապված է Արցախի ու մեր երկրի անվտանգության հետ: Մեր կողմից որեւէ նման բաներ չի արվել, մենք որեւէ այլ նպատակներ չունենք ու չենք էլ ունենալու: Ես կարծում եմ, որ այդ հակահեղափոխական ճանապարհով ով էլ որ ուզենա գնա այդ ճանապարհով, ինքը կտապալվի, որովհետեւ 70 տոկոս քվե ունեցող քաղաքական ուժը… Ես ավելին ասեմ` թող իրենք էլ հանգիստ լինեն. իշխանությունների կողմից էլ է այդ ամենը դրդվում: Ես կարծում եմ, որ իրենք են կեղծ օրակարգ բերում, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն. եթե կարող են երկրի համար գործ անել, ապա թող գործ անեն, թող իրենց գործը շարունակեն: Լուրջ քաղաքական ուժ է, ժողովրդից լուրջ քվե են ստացել, թող շարունակեն աշխատել: Համենայնդեպս, ՀՅԴ-ն հակահեղափոխականների շարքերում չի, դա վստա՛հ եղեք:
-Իսկ ՀՅԴ-ն ի՞նչ դիրքորոշում ունի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու հարցի հետ կապված:
-Ռոբերտ Քոչարյանի հետ կապված մենք ընդհանրապես որեւէ դիրքորոշում չենք արտահայտելու, քանի որ դատ է ընթանում. միայն մեր հիմնական մտահոգությունն այն է, որ բոլոր դատերը լինեն առանց ուղղորդման, այդքան բան: Մենք որեւէ բան չունենք` ո՛չ համակրանք, ո՛չ հակակրանք. մեզ մոտ որեւէ նման բան չկա որեւէ մեկի հանդեպ:

 

 

 

ԱՐՑԱԽԻՑ ԵՐԵՎԱՆ ԵՆ ԳԱԼԻՍ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 14-16-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կլինի Երեւանում: Նախատեսված է, որ տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահների հանդիպումը եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:

Այս հանդիպումները այնքանով են հետաքրքիր, որ այս փուլում, կարելի է ասել, լարվել են ՀՀ եւ Արցախի իշխանությունների փոխհարաբերությունները, քանի որ ԼՂՀ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հեքնանքով է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների մասին, իսկ, մյուս կողմից էլ, ԼՂՀ նախկին եւ ներկա նախագահները միջնորդում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ:
Երեկ էլ Լեռնային Ղարաբաղի ներկա եւ նախկին ղեկավարներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացրել դատարան` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Երաշխավորագիրը դատարան են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները: Ի դեպ, մեր տեղեկություններով Արկադի Ղուկասյանը, հնարավոր է, այսօր ներկայանա դատարան` պնդելով իրենց միջնորդությունը` Քոչարյանին ազատ արձակելու հետ կապված:
Հավելենք, որ ավելի վաղ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով, որը մերժվել էր:
Ի դեպ, Արցախում տեղեկություններ են շրջանառվում, որ ԼՂՀ նախկին ՄԻ պաշտպան Ռուբեն Մելիքյանն է դատախազին ուղարկված միջնորդությունը «գրել»: Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել նրանից, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց: Առաջիկայում Քոչարյանի հարցով դատարան է գալու եւ երաշխավորությունը ներկայացնելու Արկադի Ղուկասյանը: Ինչ վերաբերում է Բակո Սահակյանին, նրա խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, թե դեռ չի կարող որեւէ բան հայտնել:
Իսկ ինչ վերաբերում է Արցախի ԱԺ պատվիրակության այցին, ապա առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ կքննարկեն երկու խորհրդարանների ներկայացուցիչները, ու ինչ արդյունք կտան նրանց հանդիպումները:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՉԻ ԱՐԵԼ
Արդեն մի քանի օր է, ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցն է քննարկվում, եւ դատարան ներս մտնելու լուրջ խնդիրներ են առաջանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանին հորդորել են որոշում կայացնել` ասելով` եթե դատարանի դահլիճը ունի, օրինակ, 80 հոգու համար նախատեսված տեղ, ապա 80 տեղը լրանալուց հետո դատարանի դռները փակվեն եւ նիստ հանգիստ ընթանա: Սակայն դատավոր Գրիգորյանը նման քայլի չի գնացել` ըստ էության վախենալով հետագա հնարավոր արձագանքներից, շահարկումներից:

 

 

 

ՏՈՒԳԱՆՔԻ ՉԱՓԸ ԿՆՎԱԶԻ
Երեւանի ավագանու որոշմամբ` կայանատեղում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամվա համար 100 դրամը չվճարելու կամ ուշացումով վճարելու համար սահմանված տուգանքի չափը կփոխվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանն ու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նախագիծ են մշակել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածում փոփոխություն իրականացնելու մասին, ըստ որի` կնվազեցվի տուգանքի չափը. այն 5000 դրամից կդառնա 3000 դրամ: Նշենք, որ Երեւանի ավագանին, սկսած 2012 թվականից, սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կայանատեղում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր` յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ: Ավագանին սահմանել է նաեւ անվճար կայանելու ժամանակահատված` 15 րոպե, որից հետո կիրառվում էր տուգանք՝ 5 հազար դրամի չափով, ինչը առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում:

 

 

 

ՁՎԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ անդրադարձել էր «Խտրականության մասին» օրենքին եւ այն հետեւանքներին, որ կարող է ունենալ հավասար իրավունքների բարձրացման հարցը։ Եվ դրա ապացույցն էլ նաեւ ԼԳԲՏ համայնքի դեմ վերջին պայքարն էր։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր պատմություն է հայտնի դարձել։ Ինչպես հայտնի է, 2018 թվականի մայիսի 27-ին Հայաստան էր եկել աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը, որը նաեւ հանդիպումներ եւ ընթրիք է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ պետական այրերի հետ հանդիպումից հետո եւ դեպի հյուրանոց գնալու ճանապարհին հայտնի երաժշտի ուղղությամբ ձվեր են նետել։ Սա եւս անհանդուրժողականության մասին վառ դրսեւորում է։ Ըստ մեր տեղեկությունների` հայտնի երգիչը թեեւ նեղացել է տեղի ունեցածից, բայց եւ խոստովանել, որ հասկանում է կատարվողի պատճառները, քանի որ նախկինում Բրիտանիայում եւս այդպիսի վիճակ է եղել, ու բավական ժամանակ է պահանջվել փոփոխությունների համար:




Լրահոս