Կառավարությունն արդեն Ազգային ժողով է ուղարկել 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։ Առաջիկայում կսկսվեն կատարման հաշվետվության քննարկումները հանձնաժողովներում, որից հետո էլ նույն քննարկումները արդեն կշարունակվեն լիագումար նիստի ընթացքում։
Ըստ այդմ, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց հաշվետվությունը, եւ եկամուտների գծով արձանագրվել է 1 տրիլիոն 341 մլրդ 690 մլն 590 հազար դրամ, ծախսերի գծով` 1 մլրդ 447 մլրդից ավելի գումար, իսկ բյուջեի դեֆիցիտն էլ 105 մլրդ 392 մլն 420 հազար դրամ է։
Հետաքրքիր է, որ բյուջեի կատարողականի արդյունքները ներկայացնելիս եւս շեշտադրված է թավշյա հեղափոխության հանգամանքը, որն էլ որոշիչ է համարվել։ Սակայն հիշում եք, տարվա առաջին չորս ամիսներին դեռ ՀՀԿ-ն էր իշխանության, եւ թավշյա հեղափոխությունն արվեց ապրիլի վերջին. ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, իսկ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց մայիսի 8-ին: Ինչեւէ, 431 էջում մանրակրկիտ ներկայացված են մեկ տարվա աշխատանքները, բոլոր համաձայնագրերը, պայմանագրերը, թվային տվյալները։ Ըստ էության, հաշվետվությունում ոչ մի ոլորտ աչքաթող արված չէ։
Խոսելով տնտեսական աճի տեմպերի եւ թվային տվյալների մասին` հաշվետվությունում ասվում է, որ տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները չհանգեցրին տնտեսական աճի որեւէ էական դանդաղման կամ մակրոտնտեսական անկայունության: «Արդյունքում հնարավոր դարձավ ապահովել մակրոտնտեսական կայունություն եւ գրանցել 5.2% տնտեսական աճ, որը չնայած դանդաղել է նախորդ տարվա համեմատ, սակայն տարածաշրջանում ամենաբարձրերից է եղել: Հաշվետու տարում էականորեն նվազել է ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը՝ 2017 թվականի 3.2%-ից իջնելով մինչեւ 1% (2017 թվականի հետ համադրելի ցուցանիշ): Միեւնույն ժամանակ նվազել է նաեւ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը՝ 2017 թվականի 53.6%-ից իջնելով մինչեւ 51.4%»,- ասվում է հաշվետվությունում:
Բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ շատ ծավալուն անդրադարձ է արված նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին, եւ նշվում է, թե կառավարության հետեւողական գործունեության արդյունքում երկրում վերացվել է համակարգային կոռուպցիան:
«Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում իրավասու մարմինների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով հայտնաբերվել է 1.345 իրավախախտում, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2017 թվականի արդյունքը: Միեւնույն ժամանակ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի թիվն աճել է 691-ով կամ 127.4 տոկոսով»,- նշված է հաշվետվությունում:
Այսպիսի տվյալների առկայությունը հաշվետվությունը նմանեցնում է ոչ թե բյուջեի կատարողականի հաշվետվության, այլ, կարծես թե, կառավարության ծրագրի հաշվետվության։ Հաշվետվության մեջ ընդգծված է, որ ընթացքում ապրանքային մի շարք կարեւոր շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսավարողների թիվը: Դրա շնորհիվ նվազել են «մենաշնորհային համարվող» ապրանքային շուկաների կենտրոնացվածության աստիճանները: «Մասնավորապես՝ 2018 թվականի տարեվերջին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվը կազմել է 75 տնտեսավարող, բանանի շուկայինը՝ 28, բենզինինը՝ 6, ցորենինը՝ 84, ալյուրինը՝ 171 եւ այլն: Ընդ որում, այս ամենի շնորհիվ նվազել են այդ շուկաներում խոշոր տնտեսավարողների տեսակարար կշիռները: 2018թ. վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78%` նախկին 95%-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 30%` նախկին 57%-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 29%` նախկին 43%-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29%` նախկին 51%-ի փոխարեն», – ներկայացված են որպես տվյալներ:
Այս ամենից զատ կառավարությունում բազմաթիվ թվային տվյալներ են առկա այս կամ այն ոլորտի զարգացման մասին։ Օրինակ, 2018 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 163,7 հազար տոննա պտուղբանջարեղեն, խաղող եւ կարտոֆիլ, ինչը 35,5%-ով գերազանցում է 2017 թվականի նույն ցուցանիշը: 2018 թվականին մթերվել է շուրջ 188 հազար տոննա պտուղբանջարեղեն, ինչը մոտ 5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Կառավարությունն իր հաշվետվության մեջ եզրակացրել է, որ 2018 թվականին գրանցված տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում ծառայությունների ճյուղի բարձր աճով եւ ուղեկցվել ներքին պահանջարկի աճով: Սակայն, մյուս կողմից, որոշակի դրական տեղաշարժեր են գրանցվել տնտեսության արտահանելի հատվածում, եւ արդյունաբերության ճյուղի աճի հիմնական մասն ապահովվել է մշակող արդյունաբերության հաշվին:
Թվային տվյալներից տեղեկանում ենք, որ 2018 թվականին տնտեսական աճն ուղեկցվել է գործազրկության մակարդակի նվազմամբ եւ միջին ամսական աշխատավարձի աճով։ Ըստ այդմ, գործազրկության մակարդակը 2018 թվականին կազմել է 16.3%` 1.5 տոկոսային կետով նվազելով նախորդ տարվա նկատմամբ: 2018 թվականի արդյունքներով պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,447.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 3.8%-ով: Ընդ որում, ընթացիկ ծախսերը կազմել են շուրջ 1,299 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.5%-ով:
Հաշվետվության մեջ լայն տեղեկատվություն է առկա նաեւ ՀՀ արտաքին պետական պարտքի մասին։ Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ 2018 թվականին ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է ավելի քան 370.9 մլն դոլար, որից շուրջ 296.7 մլն դոլարը` կառավարության, եւ շուրջ 74.3 մլն ԱՄՆ դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով:
2018 թվականի վերջի դրությամբ այն կազմել է 3,349.0 մլրդ, որից ՀՀ կառավարության պարտքը 3,082.9 մլրդ դրամ է, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը` 266.1 մլրդ դրամ։ 2018 թվականի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անվանական արտահայտությամբ աճել է 69.4 մլրդ դրամով կամ 2.1%-ով։ Ընդ որում, դա տեղի է ունեցել ՀՀ կառավարության պարտքի աճի հաշվին, որը կազմել է 94.5 մլրդ դրամ կամ 3.2%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը նվազել է 25.1 մլրդ դրամով կամ 8.6%-ով:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԵՏՔ Է ՆԱՅԵՆ
ՀՔԾ-ն մերժել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը։ Եվ որպես պատճառաբանություն բերվում է հանցադեպի բացակայությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը նշեց. «Մենք չենք դիմել ՀՔԾ, դիմել ենք Գլխավոր դատախազություն եւ նրանցից ենք սպասում պատասխան, որը կարող է էապես տարբերվել ՀՔԾ-ի պատասխանից։ Մենք չեն կարող դիմել մեկ մարմնի եւ ստանալ պատասխան մեկ այլ մարմնից։ Իսկ կարծիք հայտնելու համար պետք է տեսնենք, թե ինչ հիմքով են մերժել, ինչ գործողություններ են կատարել, որից պարզել են, որ Ծառուկյանը չի զբաղվում գործարարությամբ։ Այն ծավալի ինֆորմացիան, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունն է տալիս, որեւէ մեկի մոտ կասկածի տեղիք չի կարող տալ»,- նշեց Սուրեն Սահակյանը։ Հավելենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն, ըստ էության, արդեն պետք է քննարկի էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, քանի որ վերջիններս սպասում էին իրավապահ համակարգի որոշմանը։
ԸՆԴԴԵՄ ԲԴԽ-Ի
Դատավորի թեկնածուները շարունակում են դատի տալ Բարձրագույն դատական խորհրդին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հերթական հայցը ներկայացրել է Մանիկ Սանթրոսյանը՝ դիմելով ՀՀ վարչական դատարան: Նա պահանջում է ստիպել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդին անվավեր ճանաչել 2019թ. քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննությունն ամփոփելու որոշումը եւ, որպես հետեւանք, թույլատրել մասնակցելու դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընգրկվելու համար անցկացվող որակավորման քննության բանավոր փուլին:
ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ՄԵՐԺՈՒՄ Է ՌԵՀԱՆԸ
ՀՀ Արմավիրի մարզի բնակիչները հայտնվել են դժվարին կացության մեջ. նրանք ունեն մեծ քանակությամբ աճեցրած ռեհան, սակայն չեն կարողանում իրացնել, մինչդեռ ամիսներ առաջ այն կարողանում էին խելամիտ գներով արտահանել ՌԴ: Իսկ հիմա ռուսական շուկան հետաքրքրված չէ հայկական ռեհանով, քանի որ այդ պահանջարկը լրացնում է Կրասնոդարում աճեցվածը: Նկատենք, որ Հայաստանում գյուղատնտեսները ռեհանն աճեցնելու համար ստիպված են լինում ջերմոցը ջեռուցել գազով, ինչի դիմաց մեծ գումարներ են վճարում, քանի որ մեզ մոտ գազը բարձր գին ունի: Իսկ, ահա, Կրասնոդարում ջերմոցատերերը գազը էժան են ձեռք բերում, հետեւաբար աճեցրած ռեհանն էլ էժան են վաճառում: Բնականաբար, Հայաստանում աճեցված ռեհանը թանկ է ստացվում, քան Կրասնոդարում աճեցվածը:
ԵՐԵՔ ԿՈՂՄ
Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարճ զրույց են ունեցել: «Հնարավոր չէ լուծել որեւէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետեւ, կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարեւոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը»,-նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին` խոսե՞լ է Ադրբեջանի նախագահի հետ, Փաշինյանն արձագանքել է. «Այո, կարճ զրույց էր ընթացիկ իրավիճակի մասին»: Փաշինյանն ու Ալիեւը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում էին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրված ճաշին Արեւելյան գործընկերության 10-ամյակի առթիվ:
ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ
Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին. այս մասին Բրյուսելում «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ավելի վաղ Բրյուսելում Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, թե Բաքուն դեմ է, որ Ստեփանակերտը մասնակցի ղարաբաղյան բանակցություններին:
ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մայիսի վերջին: Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը. «Մենք դեռ ծրագրում ենք, որ համանախագահները մայիսի վերջին կայցելեն տարածաշրջան, դրանից հետո կսկսենք քննարկել: Օրակարգում նախարարների հանդիպումն է, բայց այն պետք է կազմակերպել: Ինչպես ավելի վաղ ասել էի, համանախագահող երկրներից մեկն առաջարկել է անցկացնել նախարարների մակարդակով հանդիպում, բայց այն պետք է նախապատրաստվի»: Հայաստանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցի մասին դեռեւս տեղեկատվություն չի հայտնել: