Սյունիքի մարզի քաղաքներից Մեղրիի ու Ագարակի բնակիչներին գազով ապահովելու խնդիրը շարունակում է օդում կախված մնալ: Ինչպես հայտնի է, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունները 2011 թվականին ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ին օժանդակություն հատկացնելու մասին:
Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն դոլար` որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի` Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա էր վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի եւ այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Ծրագրի իրականացումն ընդհատվել էր իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով: Հետո, սակայն, այն վերսկսվել էր 2015 թվականի վերջին: Հատկացված միջոցների շրջանակներում ամբողջությամբ գազաֆիկացվել են Մեղրին եւ Ագարակի մի մասը: Նշենք, որ Մեղրիում եւ Ագարակում նախատեսված գազաֆիկացման աշխատանքների ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմել է ավելի քան 1 մլրդ 279 մլն դրամ, իսկ գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքներն իրականացրել է իրանական «Սաներջի» ընկերությունը: Անգամ ծրագրի մեկնարկից հինգ տարի անց` 2016 թվականին, տեղի ունեցավ ցանցի պաշտոնական բացումը: Չնայած այն բանին, որ ավարտվել են գազաֆիկացման աշխատանքները, Մեղրիի, Ագարակի եւ Լեհվազի բնակիչները մինչ այսօր կապույտ վառելիքից չեն օգտվում:
Պարզվում է` այս խնդիրն ավելի ցայտուն է դառնում հատկապես ձմռան ամիսներին, երբ մարդիկ շատ մեծ դժվարությամբ են լուծում ջեռուցման հարցը: Մարդիկ ստիպված են թանկ գնով վառելափայտ ձեռք բերել, մինչդեռ գազաֆիկացումը կնպաստեր բնակչության կենցաղային եւ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Այլ կերպ ասած` Մեղրիի եւ Ագարակի բնակիչները անհամբեր սպասում են այդ գազին: Նկատենք, որ ձմեռները Ագարակում այդքան խիստ չեն լինում:
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի խոսքերով` եթե Ագարակը գազաֆիկացվի, ապա Կարճեւան եւ Լեհվազ գյուղերում էլ այդ խնդիրը կլուծվի: ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունից պարզաբանել են, որ բաժանորդների թիվը քիչ է: Իմ կարծիքով` սա է պատճառը, որ մինչ օրս մարդիկ բնական գազ չունեն: Այս դեպքում ընկերությունը նպատակահարմար չի գտնում նոր մասնաճյուղ բացել»,- անկեղծացավ քաղաքապետը:
Քաղաքապետի խոսքերով` այս ընթացքում բնական գազով մատակարարելու պահանջով հայտ ներկայացրել է 100 բաժանորդ, ընդ որում` 100-ն էլ Մեղրիից եւ Ագարակից: Բայց Մեղրիի համայնքապետը հույս ունի, որ կարճ ժամանակահատվածում բաժանորդների թիվը կհնգապատկվի ու կավելանա: Մյուս կողմից` նկատենք, որ բաժանորդ դառնալը ծախսատար է, իսկ այդ տարածքի բնակիչները հույս չունեն, որ երբեւէ կապահովվեն բնական գազով, հետեւաբար չեն շտապում գազաֆիկացման հայտ ներկայացնել:
«Ժողովուրդն առանց հույսի է եւ մտածում է` ինչու ծախս անի: Բայց այժմ եթե ցանկություն, կամք լինի, ապա առանց գումար ներդնելու էլ հնարավոր է գազի մատակարարումը միացնել»,- ավելացրեց Մխիթար Զաքարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաղաքապետը բարձրաձայնեց մեկ այլ խնդրի մասին: «Մեղրի համայնքի 50 տոկոսից ավելին ազգային պարկի վարչական տարածքում է: Այսինքն` եթե ամբողջ Հայաստանում խստացված է անտառից փայտ վերցնել, ապա մեր անտառներից անգամ թափուկն է արգելված տանել: Տունը ջեռուցելու այլընտրանք չկա ընդհանրապես: Մարդիկ ստիպված էլեկտրաէներգիայով են ջեռուցում իրենց տները: Այս պահին իրական էլ չէ ամբողջ Մեղրին ջեռուցել բրիկետով կամ այլ ծրագրերով: Անտառից կտրված ջեռուցման այլ աղբյուր էլ չունենք: Շատ լարված է իրավիճակը»,- իրավիճակը նկարագրեց քաղաքապետը:
Նկատենք, որ այս խնդրին անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով` Մեղրիի տարածաշրջանում էներգետիկ ծրագրեր են իրականացվում: «Գազամատակարարման թեմային մի քանի անգամ անդրադարձել եմ. մենք համոզված ենք, որ ճիշտը գազն է: Գուցե այլընտրանքային էներգետիկան պետք է զարգացնել, որ այդ տները այլ էներգետիկ աղբյուրներից օգտվեն, որովհետեւ մենք այսօր գազի համակարգում ունենք խնդիր: Այսօր հարյուրավոր գյուղեր ունենք, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվել, եւ գազի խողովակաշարը հասցվել է այդտեղ, բայց գյուղը օրվա եւ տարվա մեջ սպառում է գազ սուրճ կամ ճաշ եփելու համար: Եւ արդյունքում այդ ծանրացած սակագնային բեռը ընկնում է բոլոր քաղաքացիների վրա: Բայց կոնկրետ գազի հետ կապված` կքննարկենք, եւ եթե պարզվի, որ արդյունավետ է, միջոցներ կձեռնարկենք: Բայց եթե պարզվի, որ ավելի արդյունավետ միջոց կա, դա էլ կանենք: Պետք է արդյունավետությունը հաշվել»,- իր վերջին ասուլիսին հայտարարել էր նա: Դե ինչ, սպասենք:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ
Բոլոր խնդիրների լուծման հիմնական իմաստը տնտեսական զարգացման բանալին գտնելն է եւ առաջին հերթին ներդրումային հնարավորությունների ստեղծումը. այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նրա կարծիքով` Հայաստանում այսօր գյուղատնտեսությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ, քանի որ եթե նախկինում գյուղացիները պետությունից սերմնացու եւ վառելիք էին ստանում հետագա վճարման պայմանով, ապա ներկայումս պետությունն ուղղակի հրաժարվում է միջամտել: Բագրատյանի կարծիքով` չնայած գյուղատնտեսության ոլորտում գործերը բավականին լավ վիճակում են, եւ պայմաններն, ընդհանուր առմամբ, բարենպաստ են, բայց առաջարկված նախագծերը բավականին դժվար են առաջ ընթանում, քանի որ գյուղաբնակները չեն վստահում վարկային ռեսուրսներին: Պատգամավորը վստահ է, որ անհրաժեշտ է գյուղատնտեսական ապահովագրությունը ներդնել նվազագույնը 6 մարզերում հնարավոր ռիսկերը մեղմելու համար: