Լուսանկարն արվել է Երեւանում
Փաստորեն, փողոցի փոսերը լցնելու այլընտրանքներ կան, ինչպես տեսնում ենք լուսանկարում։ Թե որքան ժամանակ «կդիմանա» այս տարբերակը, դժվար է ասել։
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` հնարավոր է մեքենան հանձնել ժամանակավոր պահպանության, բայց այդ ընթացքում շահագործել:
Հակոբ Խանզադյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Խանզադյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք չունեն օգտագործելու ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքները, այդ թվում` ժամանակավոր պահպանության վայրի տարածքից արտահանել դրանք մինչեւ դրանց բացթողումը հայտագրված մաքսային ընթացակարգով կամ մինչեւ սույն օրենսդրությամբ նախատեսված այլ գործողությունների ավարտը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պահպանման եւ բացթողնման կարգը պարզ ներկայացված է, հարկավոր է տեղեկանալ եւ գործել` ըստ օրենքի:
ՀԱՐՑ. Oտարերկրացիների մասնակցությամբ ամուսնության գրանցման համար ո՞ւր պետք է դիմել, եւ որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:
Տիրուհի Իսահակյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամի չափով: ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ գումարի չափով, եւ արտաբյուջետային վճար` հետեւյալ չափով.
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատի կողմից ամուսնության գրանցման դեպքում` 50.000 ՀՀ դրամ, ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը ոչ աշխատանքային ժամերին` 50 000 դրամ, գրանցման մարմնի աշխատավայրից դուրս` 50.000 դրամ, իսկ ՔԿԱԳ մարմնի տարածքում ամուսնությունների հանդիսավոր գրանցումը` 20.000 դրամ:
– ՔԿԱԳ այլ տարածքային մարմնի կողմից ամուսնության գրանցման դեպքում` համապատասխան համայնքի ավագանու կողմից սահմանված գումարի չափով (այդպիսին նախատեսված լինելու դեպքում):
ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ գրանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվության հիման վրա ՔԿԱԳ տարածքային մարմնում:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով: