«ԵՍ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏԵՍԵԼ, ՉԵՄ ԷԼ ՏԵՍՆԻ ԵՐԵՎԻ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել իշխանության տարբեր ներկայացուցիչների մասին իր շարքը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը այս տարվա հունվարի 19-ից ղեկավարում է մինչ այդ նույն նախարարության նախարարի տեղակալի պաշտոնում մի քանի ամիս աշխատած ՔՊ-ական Զարուհի Բաթոյանը: Նա անկախ Հայաստանի 13-րդ սոցապնախարարն է: Մինչ այդ՝ հեղափոխությունից հետո, հիշյալ նախարարությունը ղեկավարում էր «ԵԼՔ» դաշինքից, այժմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Նա, հիշեցնենք, նախարար նշանակվելուց կարճ ժամանակ անց հրաժարականի դիմում գրեց կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով: Քանի որ վարչապետը չստորագրեց Թանդիլյանի հրաժարականի դիմումը, վերջինս շարունակեց պաշտոնավարումը եւս մի քանի ամիս՝ մինչեւ նոյեմբեր, ապա հրաժարական ներկայացրեց Աժ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով: /ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել էր նաեւ Զ. Բաթոյանը, սակայն հետագայում հրաժարվեց պատգամավորի մանդատից/։ Թանդիլյանը, սակայն, ընտրվելով պատգամավոր, չվերանշանակվեց նախարարի պաշտոնում եւ գնաց նախկին աշխատավայր՝ ԱԺ: Մինչ հեղափոխությունը, հիշեցնենք, այս սպեցիֆիկ խնդիրներ համակարգող եւ կոռուպցիային ու չարաշահումներին հակված գերատեսչությունը, սկսած 2012-ից, ղեկավարում էր նախարարության հնաբնակներից մեկը՝ ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը, որի պաշտոնավարման շրջանում նույնպես այս նախարարության համակարգում չարաշահման բազմաթիվ դեպքեր են բացահայտվել։
Ո՞վ էր Զարուհի Բաթոյանը մինչեւ հեղափոխությունը
Բաթոյանի՝ դեպի քաղաքականություն մուտքը ազդարարվեց 2016-ին, երբ նա ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: Մեկ տարի անց՝ 2017-ին, նա «ԵԼՔ» խմբակցության կազմում Երեւանի ավագանու անդամ էր: /Երբ ավագանու ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը վայր դրեց ավագանու իր մանդատը, բախտը ժպտաց համամասնական ցուցակի 15-րդ համարին՝ Բաթոյանին, եւ նա դարձավ ավագանու 14-րդ անդամը/։ Նա այդ ժամանակ իր հարցազրույցներից մեկում նշեց, թե դառնալով ավագանու անդամ՝ իր ներկայությամբ պիտի ճանապարհ հարթի այն մարդկանց համար, որոնք ունեն հաշմանդամություն եւ տարբեր խնդիրներ եւ իրավունք որոշումներ կայացնելու իրենց քաղաքի վերաբերյալ, մասնավորապես՝ քաղաքը «հարմարեցնել» եւ մատչելի դարձնել նաեւ հաշմանդամություն ունեցողների համար։ Զ. Բաթոյանը մասնագիտությամբ լրագրող է, թերեւս միակ լրագրող նախարարը լրագրողի մասնագիտությամբ վարչապետ Փաշինյանի կառավարությունում: Նա իր ընտանիքի որոշմամբ դպրոց չի հաճախել տեղաշարժվելու հետ կապված խնդիրների պատճառով, տնային կրթություն է ստացել /սովորել է Երեւանի թիվ 44 դպրոցում /։ Ասում է, որ դպրոց չհաճախելը իր կյանքի մեծ բացն է, կարեւոր փուլ, որը կցանկանար, որ որեւէ մեկը բաց չթողներ իր կյանքում։ Բաթոյանն ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, բարձրագույն կրթություն ստանալու հարցում մեծ է եղել ժուռնալիստիկայի իր առաջին ուսուցչուհու՝ Նունե Ալեքսանյանի դերը։ Բուհն ավարտելուց հետո նա մեկ տարի սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում», ապա 2012-ին մեկ ամսով ԱՄՆ է մեկնել եւ մասնակցել «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության եւ հաշմանդամության ինստիտուտի» դասընթացներին։ Ակտիվ աշխատանք է իրականացրել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության բնագավառում: Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ այլ կազմակերպությունների հետ:
Նա շուրջ 5 տարի՝ 1999-2014 թթ., խմբագրել է «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը, դրան զուգահեռ՝ 2007 թվականից եղել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի` հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու, 2012 թ. եղել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն աջակցող «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն։ 2013-2017 թթ.համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը, 2014-2018 թթ. եղել է «Disability Info» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը:
Ի դեպ, Բաթոյանը նաեւ ստեղծագործում է, թեեւ նախարար դառնալուց հետո քիչ ժամանակ ունի ստեղծագործական կյանքին տրվելու համար։ 2014-ին հրատարակել է իր բանաստեղծություների առաջին ժողովածուն՝ «Անմոռուկը»։ Նա ունի մի գրվածք հեղափոխության մասին, որն ընդամենը մի քանի տող է.
Ես հեղափոխություն չեմ տեսել,
Չեմ էլ տեսնի երեւի,
Բայց պատուհանից այն կողմ
շինհրապարակից լսվող աղմուկն ինչո՞ւ է հեղափոխություն հիշեցնում։
Բաթոյանը հավանաբար չէր կռահում, որ որոշ ժամանակ անց ոչ միայն հեղափոխություն է տեսնելու, այդ օրերին Հանրապետության հրապարակի հարթակից ելույթ է ունենալու, այլ նաեւ լինելու է հետհեղափոխական կառավարության նախարարներից մեկը։ «Քաղաքականություն. երբ մարում է փողոցում բոլորի աչքի առաջ համբուրվելու վերջին հույսը»։ Իսկ սա արդեն նախարարի կարգավիճակն ստանձնելուց հետո Բաթոյանի գրառումն է, որը ենթադրում է պակաս ակտիվություն սոցցանցերում եւ հանրային վայրերում, եւ որը մեծ տարածում էր գտել նախարարի գործընկերների, քաղաքականություն նոր մուտք գործածների շրջանում։ Նկատենք, որ Բաթոյանի նշանակումը նախարարի պաշտոնում թիմային քննարկման, որոշման արդյունքում է կայացվել եւ անսպասելի չի եղել վերջինիս համար:
Շարունակելի

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԼՈՌԻՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎՈՎ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ամուսնությունների թիվն ավելացել է 202-ով` կազմելով 3 հազար 783` նախորդ տարվա 3 հազար 580-ի փոխարեն: Իսկ ամուսնալուծությունների թիվը պակասել է 171-ով. այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 850 ամուսնալուծություն` նախորդ տարվա 1021-ի փոխարեն:

«Եթե նախկինում ամուսնալուծվում էին ամուսնության մեջ երկար ժամանահատվածում գտնվող զույգերը, օրինակ` 20+ խումբը կազմում էր մոտ 30 տոկոս, ապա վերջին տարիներին միտումը փոխվել է, եւ ավելի շատ ամուսնալուծվում են ամուսնության մեջ ավելի քիչ գտնվող զույգերը: Եթե նայենք պատճառներին, ապա հիմնականում պարզվել է, որ վեճեր, վիճաբանություններ են մոտ 50 տոկոս, 14 տոկոսը` բնավորությունների անհամատեղելիություն եւ 8 տոկոսը արտագնա աշխատանքի մեկնման պատճառով»,- տեղեկացրեց Ծովինար Հարությունյանը:
Նրա խոսքերով` 2019 թվականի առաջին եռամսյակում ամենալավ դիրքում է գտնվում Գեղարքունիքի մարզը, որտեղ կա ամենաշատ ամուսնությունների եւ ամենաքիչ ամուսնալուծութունների ցուցանիշներ` 380 ամուսնության դեպք եւ 37 ամուսնալուծության. «Ցավոք, վատագույն մարզերն են Լոռին, Կոտայքը եւ Երեւանը»:
Ի դեպ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի հետ միասին սկսել է մարզերում համապատասխան ուսումնասիրություն, որի նպատակն է վեր հանել այդ մարզերում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումները. «Նախատեսում ենք մարզերում իրականացնել այդ ուսումնասիրությունները եւ վեր հանել պատճառները»: Այսինքն` այս ուսումնասիրություններից հետո պարզ կդառնա, թե որ մարզում ինչ պատճառով են ամուսնալուծվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԿՈՆՖԼԻԿՏ
Իջեւանի համայնքապետարանը 2019թ. մայիսի 2-ին «Խաչմիշշին» ՍՊԸ-ին քաղաքի Գանինի եւ Անկախության փողոցների խաչմերուկում գտնվող զբոսայգու վերակառուցման նպատակով շինարարական աշխատանքների թույլտվություն է տրամադրել: Աշխատանքները կատարվել են Իջեւան համայնքի ավագանու որոշմամբ: Այդ նպատակով համայնքի բյուջեից նախատեսվում է հատկացնել մոտ 7 միլիոն դրամ: Մայիսի 3-ին նշված ընկերության աշխատողները սկսել են շինարարական աշխատանքները, սակայն ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների ցուցումով դադարեցվել են: Պատճառը Իջեւանի բնակիչ Վալերի Մելիքբեկյանի` ոստիկանություն ուղարկած դիմումն է, որի մեջ Մելիքբեկյանը հայտնել է, որ 905 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը, որտեղ նախատեսվում է կառուցապատել զբոսայգի, սեփականության իրավունքով իրեն է պատկանում, ինքը ունի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանն ասաց, որ առկա է 2006թ. հուլիսի 17-ին Իջեւան համայնքի հողատարածքների սեփականության իրավունքի գրանցման միասնական վկայական, որի մեջ նշված են համայնքի հողատարածքները, այդ թվում` զբոսայգու համար նախատեսված տարածքը: Նա ասաց, որ ոստիկանության Իջեւանի բաժնից զբոսայգու վերակառուցման հետ կապված տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրություն ինքը ստացել է մայիսի 6-ին, մինչդեռ ոստիկանների պահանջով շինարարական աշխատանքները դադարեցվել են մայիսի 3-ին: Քաղաքապետը տարակուսեց, թե ոստիկանները ինչպես են որոշել, որ զբոսայգու համար նախատեսված տարածքը հենց Վ. Մելիքբեկյանին պատկանող հողատարածքն է, վերջինիս ներկայացրած սեփականության իրավունքի վկայականը այդ հողատարածքին է առնչվում, կատարվող շինարարությունն անօրինական է: Մայիսի 13-ին Վ. Ղալումյանը նամակ է ուղարկել ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանին` խնդրելով հայտնել, թե որ օրենքի որ հոդվածով է նախատեսված ոստիկանության ծառայողների կողմից շինարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ ցուցումը:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանին եւ Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանին: Նրանցից տեղեկացանք, որ Վ. Մելիքբեկյանը դիմել է ոստիկանություն, որ իրեն պատկանող հողամասում անօրինական շինարարություն է կատարվում, որի հիման վրա շինարարական աշխատանքները կասեցվել են, ոստիկանության Իջեւանի բաժնում այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, 10 օր ժամկետում կորոշվի այդ նյութերին ընթացք տալու-չտալու հարցը: 10 օրյա ժամկետը լրանում է մայիսի 16-ին: Դատախազ Վ. Գրիգորյանը հայտնեց, որ դատախազությունը իր լիազորությունների սահմաններում դատախազական հսկողություն է իրականացնում: Վ. Մելիքբեկյանը հայտնեց, որ ինքն այդ հողատարածքի սեփականության վերաբերյալ ունի բոլոր փաստաթղթերը, իսկ ավագանու որոշման, քաղաքապետի կողմից տրված շինթույլտվության մեջ զբոսայգու կոնկրետ տեղադրության մասին նշում չկա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս