ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎԵԼ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ապօրինի շինարարություն է իրականացվում. այս մասին ահազանգում են Ճամբարակի բնակիչները: Խոսքը քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 24 շենքից` հարավ-արեւելք, Տիգրան Մեծի փողոց թիվ 4 շենքից` հարավ եւ Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 125 շենքից հարավ-արեւելք ընկած հատվածներում իրականացվող աշխատանքների մասին է:

Պարզվում է՝ երեք հասցեներում սկսված շինարարական աշխատանքները իրականացվում են առանց համապատասխան փաստաթղթերի:
Ճամբարակի բնակիչ Օվսաննա Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը` թվարկելով այն պետական կառույցները, որոնց այս խնդրի շուրջ ինքը դիմել է: Եւ քաղաքացու համառ ջանքերի շնորհիվ արդեն մի քանի օր է, ինչ երեք հասցեներում իրականացվող շինաշխատանքները կասեցվել են: Բայց չնայած սրան` Օվսաննա Բարսեղյանը լուրջ մտավախություն ունի, որ կարող է շինաշխատանքները վերսկսվեն: Ճիշտ է, ժամանակավորապես կասեցումը հաղթանակ է համարում, բայց անհանգստացած է, որ այն կարճ կտեւի:
Նրա պատմելով` Տիգրան Մեծի 24 շենքի բակում դեռեւս 2018 թվականից սկսված շինարարությունը (այս հասցեում մտադիր են երկհարկանի խանութ կառուցել-Ս.Հ.) փորձում են ամեն կերպ սկսել եւ ավարտին հասցնել` այդպես շրջանցելով օրենքն ու օրենսդրությունը:
Ճամբարակի մյուս հասցեի` Տիգրան Մեծի 4 շենքի բակում իրականացվելիք շինությունն (այստեղ էլ ավտոտնակ են փորձում կառուցել բակի հաշվին-Ս.Հ.) ավարտելուց հետո այդ շենքի երեխաները խաղալու տեղ չեն ունենալու: «Որպես Ճամբարակի սրտացավ բնակչի` ինձ անհանգստացնում է նաեւ Գարեգին Նժդեհ փողոցի վրա կատարվող շինարարությունը. այն հետագայում կխոչընդոտի հետիոտնի անվտանգ անցուդարձը»,- ափսոսանքով նկատեց Օվսաննա Բարդսեղյանը: Նա մեզ հետ զրույցում հիշեց, որ հենց այդ տարածքում քաղաքային իշխանությունները տարիներ շարունակ արհեստական բեմ են տեղադրել եւ բնակիչների հետ միասին նշել տոները: Իսկ այս տարի մայիսի 9-ը ճամբարակցիները տոնել են տարբեր տեղերում:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Օ. Բարսեղյանն այս խնդրի շուրջ դիմել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին: Դիմումին արձագանքել են մարզպետարանից երկու աշխատակից, որոնք եկել են Ճամբարակ, տեղում, իբր, ուսումնասիրել են խնդիրը եւ արագ հետ գնացել: Ճիշտ է, նրանց այցից հետո ժամանակավորապես կասեցվել են Տիգրան Մեծի 24 շենքում իրականացվող շինաշխատանքները, բայց խնդիրը հիմնովին չի լուծվել. շինությունն այդպես էլ վերջնական չի ապամոնտաժվում:
«Դեպի շենք եկող այդ ապօրինի շինության կոնկրետ 1 մետր 30 սմ հատվածը ավելորդ է: Մինչդեռ կարելի էր այդ հատվածում կառուցել տաղավար, զրուցարան, խաղարան երեխաների համար: Շենքի բնակիչները չգիտեն` որտեղ նստեն խոսեն, զրուցեն»,- դժգոհեց բնակիչը` նկատելով, որ եթե նշված շինարարությունը ավարտին հասցվի, ապա հարակից շենքի տեսադաշտը կփակվի:
Պարզվում է` այս խնդրով Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն: Ստացել է պատասխան, որտեղ նշված է, որ բնակիչ Օվսաննա Բարսեղյանի դիմումով բարձրացված հարցը քննարկվել է Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ճամբարակի քաղաքապետարանի համապատասխան մասնագետների հետ: Ապա Ճամբարակի քաղաքապետին առաջարկվել է Տիգրան Մեծ փողոցի 4, 24 շենքերի բակերում եւ Գարեգին Նժդեհ փողոցում սկսված եւ ներկայումս կասեցված շինարարական աշխատանքները թույլատրել վերսկսել սահմանված կարգով միայն քաղաքաշինական փաստաթղթերի առկայության դեպքում: Այսինքն` ստացվում է, որ քաղաքապետը թույլատրել է շինություն կառուցել այն դեպքում, երբ կառուցապատողը չի ունեցել քաղաքաշինական փաստաթղթեր: Ավելին` նշվել է, որ շինարարական փաստաթղթերի առկայության դեպքում շարունակել միայն շինաշխատանքները: Սա դեռ ամենը չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Օվսաննա Բարսեղյանը ներկայացրեց նաեւ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից արված ուսումնասիրության արդյունքները: Եւ տվյալ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Ճամբարակ համայնքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 24 շենքից` հարավ-արեւելք, Տիգրան Մեծի փողոց թիվ 4 շենքից` հարավ եւ Գարեգին Նժդեհ փողոց թիվ 125 շենքից հարավ-արեւելք ընկած հատվածներում իրականացվող աշխատանքների ակնադիտական, համայնքապետարանում դրանց վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերը նշված հատվածներում իրականացվել են շինարարական աշխատանքներ առանց քաղաքաշինական փաստաթղթերի առկայության եւ առանց սահմանված կարգի` համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարական թույլտվության: Իսկ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը եւ, օրենքով սահմանված կարգով, ապահովում է դրանց հետեւանքների վերացումը: Բայց այս դեպքում քաղաքապետ Վազգեն Ադամյանը ոչ մի միջոց չի ձեռնարկել` ապօրինի շինաշխատանքները կասեցնելու ուղղությամբ: Այսպես, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից համապատասխան գրություններ են ուղարկվել Ճամբարակի համայնքի ղեկավարին եւ Գեղարքունիքի մարզպետին` վերոնշյալ շինարարական աշխատանքները կասեցնելու, կանխարգելելու եւ սահմանված կարգով լուծումներ տալու համար:
Իսկ թե ինչի դիմաց է քաղաքապետը «մարդասիրություն» դրսեւորել, մնում է ենթադրել: Մի քանի անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված, կրիմինալ անցյալ ունեցող, ընտրակեղծարարության համար դատապարտված երիտասարդ քաղաքապետը չի հանդարտվում անգամ դատարանի վճռով փորձաշրջան անցնելուց հետո: Ի դեպ, ճամբարակցիների պատմելով, Գարեգին Նժդեհ հասցեում շինարարություն իրականացնում է ոմն Արման Սեւանյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, համարվում է Վազգեն Ադամյանի մտերիմ ընկերը: Ինքը` Վազգեն Ադամյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հասցեներում իրականացվող շինաշխատանքներին, հայտարարեց, որ այսօրվանից դրանք վերսկսվելու են: «Ամեն ինչ նորմալ է, փաստաթղթավորված է, իսկ շինարարությունն էլ վաղվանից (նկատի ունի այսօր-Ս.Հ.) կշարունակվի: Անհրաժեշտ փաստաթղթերը կա: Այդ շինությունները ոչ ոքի չեն խանգարում»,- հայտարարեց քաղաքապետը:
Այսքանից հետո պարզ է դառնում, որ մարզերում, հակառակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ պետք է արտոնյալներ չլինեն, դեռ կան տեղական իշխանիկներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս