«ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՅԴՊԻՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱՎՈ՞Ր Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության, նրա աջակիցների, վերջիններիս կողմից քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ կիրառած բռնության (Վարդգես Գասպարին այտոսկրի շրջանում վնասվածք էր ստացել Քոչարյանի աջակիցների հարվածներից եւ քաշքշելուց հետո: Նա լրագրողներին տեղեկացրել էր, որ իրեն նաեւ շշով են հարվածել: Քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել Գասպարի հետ կապված խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրգործը) եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ:

-Տիկի՛ն Խոդիկյան, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների գործողությունների մասին ի՞նչ կարծիք ունեք:
-Հենց Քոչարյանի բարեկամները պետք է մտածեն՝ նրան այդպիսի աջակցություն հարկավոր է, թե ոչ: Այսքանը կասեմ:
-ՀՀ 2-րդ նախագահի տիկինը՝ Բելլա Քոչարյանը, հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ երկրում երեք դոմինանտ երեւույթ կա՝ վախը, անտարբերությունը եւ լռությունը: Ի՞նչ կասեք:
-Ներեցեք, 2008-ի մարտի 1-ից հետո, երբ 40 օրով ԶԼՄ-ները փակվեցին, այդ ժամանակները մոռացվե՞լ են: Այսօր բավական է բացել տարբեր կայքեր եւ կտեսնենք, որ անվախ եւ քաջազուն անձանց շքահանդես է սկսվել Հայաստանում:
-Վարդգես Գասպարիի կերպարը Ձեզ՝ որպես դրամատուրգի, հետաքրքի՞ր է:
-Ես երբեւէ կանդրադառնամ իր կերպարին, չգիտեմ, որպես դրամատուրգ, թե հրապարակախոս: Բայց այդ մեծատառով մարդը բոլոր տարիներին իր բողոքն արտահայտել է ամենաքաղաքավարի եւ բարեկիրթ ձեւով, հանդուրժողականությամբ, լռությամբ, իր պաստառով կամ իր խոսքով, իր բողոքով՝ կանգնած, թե պառկած (ու թող ոմանք չչարախնդան, շատերը նույնիսկ իրենց մտքով անգամ չեն կարող անցկացնել քաղաքացիական այդպիսի հանդգնություն ցուցաբերել): Վարդգես Գասպարիի կողքով նույնիսկ աչքերը փակ մեկը չի կարող անտարբեր անցնել: Ի վերջո, ամեն մեկն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի: Օրինակ` Քոչարյանի աջակիցները (որակի մասին չխոսենք) իրավունք ունեն իրենց կարծիքն ասելու, բայց նույն իրավունքն ունի նաեւ Գասպարին: Բռնության պահին նա լուռ էր, միայնակ, իսկ Քոչարյանի աջակիցներն ավելի մեծ թիվ էին կազմում (չնայած կարող էին ավելի շատ լինել): Երբ պաստառը նրա ձեռքից խլեցին, հարվածեցին, դրանից հետո Գասպարին ձեռքերը վեր պահած կանգնած էր: Նա երեւի բռնության, ջարդարարության դեմ անցած բոլոր տարիների լավագույն մարմնավորումն էր՝ անկախ վարչակարգերից:
-Ըստ Ձեզ՝ նույն հասարակության մեջ ինչպե՞ս պետք է կողք կողքի ապրեն մարտի 1-ի զոհերի հարազատներն ու Քոչարյանի աջակիցները: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:
-Դրա համար գոյություն ունի օրենք: Քաղաքակիրթ աշխարհում բոլոր հարաբերություններն, ի վերջո, լուծվում են օրենքի դաշտում: Եվ եթե իրադարձությունները ծավալվեն օրենքի տառին համապատասխան, հավատացե՛ք, ամեն ինչ կընկնի իր տեղը:
-Տիկի՛ն Խոդիկյան, հայաստանյան ներկայիս ներքաղաքական կյանքին առնչվող իրադարձությունները հնարավո՞ր է տեղ գտնեն Ձեր ստեղծագործություններում:
-Ժամանակին գրել եմ «Մոռացված օրը», «Տրակտատ հրաժարականի մասին»: Վերջին իմ պիեսը, որ գրել եմ մարտիմեկյան թեմայով, «Սովորական անսովոր պատմություն. մարտի 1»-ն է եղել, իսկ այդ թեմային առաջին անդրադարձս հենց 2008-ի ապրիլին է եղել` «Փետրվարի 31»-ի առաջին մասը՝ «Հյուսնի անունը»: Այդ պատմվածքն ամենադժվարն եմ գրել երկու տարվա ընթացքում: Այնպես եմ արել, որ սովորական մարդկային չարությունս, վիրավորվածությունս, անարդարությունից վրդովվածությունս չերեւար, փոխարենը լիներ այդ ամենի գեղարվեստական մարմնավորումը: Իսկ այս պահին ներքաղաքական թեմայով, ոչ, չեմ գրում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ «X Factor» հեռուստաշոուի հաղթող Վրեժ Կիրակոսյանը չի երեւում էկրաններին, չի թողարկում տեսահոլովակ: Երկրպագուները եւ դասական երգարվեստի սիրահարները հարցնում են՝ որտեղ է Վրեժը եւ ինչով է այժմ զբաղված: Մենք պարզեցինք, որ երգիչը պատրաստվում է աշնանը հանդես գալ մենահամերգով: Նա խոստանում է, որ համերգի շրջանակում կլինեն անակնկալներ, դուետներ. «Արտերկրից հյուրեր կլինեն, դրսում վերջին տարիների ընթացքում շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել: Տա Աստված, որ այն, ինչ նախատեսում եմ, իրականանա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Վրեժը:

Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրենին հարցրինք՝ արդյոք քոլեջի հետ կապված աշխատանքը չի խոչընդոտի երգչի անհատական կարիերային. «Ոչ, դա անհնար է, ես շարունակում եմ ծավալել երգչի կարիերա: Նոր երգեր եմ ձայնագրում, համագործակցում եմ, օրինակ, Գիսանե Պալյանի հետ, պատրաստվում ենք Բելառուսի վաստակավոր արտիստուհի Սվետլանա Ստացենկոյի հետ դուետ ներկայացնել, հիմա գործիքավորման վրա ենք աշխատում: Երգը ռուսերեն է: Այնպես որ, չենք դադարում աշխատել»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով առաջիկա պլաններին՝ երգիչը տեղեկացրեց, որ մայիսի 28-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կկայանա ամենամյա միջազգային մրցույթ, որի շրջանակում ինքը կլինի ժյուրիի անդամ, իսկ նրա ղեկավարած քոլեջի սանն էլ կներկայացնի Հայաստանը: Արդեն հունիսին մեր զրուցակիցը կմասնակցի միջազգային մրցույթի Իտալիայում, որտեղ կլինի ժյուրիի կազմում, կներկայանա որպես հատուկ հյուր, քոլեջն էլ կրկին կունենա մասնակից: Վրեժ Կիրակոսյանն այս տարի ընդգրկված է նաեւ «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի ժյուրիի կազմում:
Ինչ վերաբերում է անձնականին, Վրեժն արդեն երկու զավակ ունի, երկուսն էլ՝ որդի, եւ աշխատանքային բուռն գրաֆիկին զուգահեռ կարողանում է ժամանակ տրամադրել նաեւ փոքրիկներին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ` ԲԱՔՎԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչում Լոնդոնի «Արսենալը», հաղթահարելով իսպանական «Վալենսիայի» արգելքը, կարողացավ նվաճել եզրափակչի ուղեգիր, որն էլ կկայանա մայիսի 26-ին Բաքվում: Այդ օրվանից մինչ այսօր չեն դադարում խոսակցությունները, թե արդյոք Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք, թե ոչ:
Անդրբեջանում գրեթե ամեն օր «տառապում են» այն փաստից, որ հայազգի ֆուտբոլիստը կարող է չեմպիոն դառնալ հենց իրենց երկրում, սակայն Մխիթարյանի անվտանգությունը չապահովելը կամ նրան վիզա չտրամադրելը ե՛ւ քննադատությունների մեծ ալիք կբարձրացնի, ե՛ւ լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի Ադրբեջանին:
Այս մասին արդեն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Լեյլա Աբդուլաեւան. «Հենրիխ Մխիթարյանը կարող է առանց խնդիրների ժամանել Բաքու: Ֆուտբոլն ու քաղաքականությունը առանձին ոլորտներ են: Այս ամենը չպետք է քաղաքականացնել»:
Այո, ե՛ւ ՈՒԵՖԱ-ն, ե՛ւ Ադրբեջանը հավաստիացնում են, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա, սակայն Հենոյի՝ Բաքու մեկնելու հարցը դեռեւս օդում կախված է մնում, եւ այդ կարեւոր որոշումը պետք է կայացնի անձամբ մեր հավաքականի ավագը:
Արդեն իսկ մի շարք քննադատություններ են հնչել այն փաստի շուրջ, որ Բաքվում պետք է կայանա Եվրոպա Լիգայի եզրափակիչը, եւ այդ ամենի արդյունքում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ Հենրիխ Մխիթարյանի Բաքու մեկնելու շահագրգիռ կողմ է դառնում հենց Ադրբեջանը: Այն խոսակցություններն ու քննադատությունները, որոնք կան այժմ, միգուցե քառապատկվեն, եթե Հենրիխը ներկա չլինի մայիսի 29-ին կայանալիք հանդիպմանը: Լոնդոնի «Արսենալը» արդեն ՈՒԵՖԱ-ից պահանջել է պաշտոնական երաշխավորություն Հենոյի անվտանգության հարցով, եւ, ամենայն հավանականությամբ, մեր ֆուտբոլիստի հարցը պարզ կդառնա առաջիկա երկու օրվա ընթացքում:
Քննարկումների էպիկենտրոնում գտնվող հարցին է անդրադարձել նաեւ «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, որը նշել է, թե ամեն քայլ ձեռնարկվելու է Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը ապահովելու համար. «Բոլոր քայլերը ձեռնարկվում են. կարծում եմ` Հենրիխը թիմի հետ կմեկնի Բաքու: Նա իրոք կարեւոր ֆիգուր է «Արսենալի» համար, եւ չենք ցանկանա եզրափակչից առաջ նման կորուստ ունենալ»:
Քանի դեռ ամբողջ աշխարհը քննարկում է հայ ֆուտբոլիստի մասնակցության եւ չմասնակցության հարցը, հայկական կողմը լռում է եւ, մեղմ ասած, անգործության է մատնված: Մինչդեռ նկատենք, որ այս իրավիճակում համապատասխան գերատեսչությունները պետք է հանդես գային համապատասխան հայտարարություններով եւ, ընդհանրապես, ակտիվություն դրսեւորեին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս