ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վերջին քննադատություններն Արցախում բուռն քննարկումների առարկա են դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրերս շատ խիստ բարկացել է Վիտալի Բալասանյանի վրա: Բ. Սահակյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց փոխհարաբերությունները շատ լավ են, իրենք միմյանց հետ «հաց են կիսում», իսկ Բալասանյանն իր պահվածքով պարզապես փչացնում է այդ հարաբերությունները, ավելին՝ բացասաբար ազդում ՀՀ-Արցախ հարաբերությունների վրա: Այլ կերպ ասած` Վիտալի Բալասանյանի վերջին քայլերն ինքնագործունեության հետեւանք են, այլ ոչ թե Ղարաբաղի իշխանությունների վերաբերմունքի արտացոլում: Բալասանյանն Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտ է ներկայացրել, եւ համառ տեսակետ կա, որ նա իրականում նախընտրական քարոզարշավ է անում այսպես: Պատահական չէ, որ օրերս Արցախի խորհրդարանից եկած պատվիրակության հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե տեսախցիկների առաջ արված հայտարարությունները պետք է համապատասխանեն առանց տեսախցիկների արվող հայտարարություններին:
Ինչեւէ, տեղեկությունը փորձեցինք ճշտել Բալասանյանից, սակայն վերջինս մեր զանգերը թողեց անպատասխան: Իսկ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց Բակո Սահակյան-Վիտալի Բալասանյան զրույցը` խուսափելով հստակ պատասխանել այդ հարցին, սակայն ընդգծեց, որ իրենք մշտապես կողմ են եղել հարաբերությունները չսրող հայտարարությունների:

 

 

 

Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունները` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու առնչությամբ, հետաքրքիր նախապատմություն ունեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ինքն է առաջարկել Բակո Սահակյանին նման միջնորդություն ներկայացնել: Վերջինս էլ մինչ համաձայնություն տալը այդ հարցը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն էլ ասել է, թե ինքը մարդկայնորեն հասկանում է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն այս առնչությամբ նշեց. «Ինձ թվում է, որ նա ինչ-որ ձեւ տեղեկացվել է, որովհետեւ, գիտեք, սա որպեսզի քաղաքական երանգ չստանա գործընթացը, եւ այն, որ տեղեկացել են, դա հենց այդ հանգրվաններից է: Եվ սա ուզում եմ դիտարկենք որպես մարդասիրական քայլ, քանի որ, եթե չեն տեղեկացնում, սա արդեն այլ խնդիր է»:

 

 

 

Դատախազական համակարգում շատերը տարակուսած են այն փաստից, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց չի տեսնում համակարգում աշխատողների քայլերը: Մասնավորապես, համակարգում տարածված լուրերի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արթուր Բաղդասարյանը, որը մշտապես ուղեկցում է նրան եւ դեռ օրերս նրան ուղեկցում էր ԱԺ-ում, վերջերս միանգամից 10 հատ մեքենա է գնել եւ վարձույթով է տվել: Միգուցե մեքենաները իր անունով չեն, բայց համակարգում լուրեր կան, որ իրեն են պատկանում: Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Հերթական սուտն է: Եթե խոսքը վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա նա 10 ավտոմեքենա չունի, որեւէ նման տիպի ու, առհասարակ, որեւէ ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում. եթե վերջինիս հետ կապված ունեք փաստեր, առանց վարանելու կարող եք հրապարակել»:

 

 

 

 

Հայաստանն այդպես էլ զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում: Օրինակ` անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ` 8,6 մլն մարդ, այսինքն` մոտ 15 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ: Պարզվում է` նախորդ տարի ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Ադրբեջանից` 1,4 մլն մարդ: Երրորդ տեղում Հայաստանն է, որտեղից Վրաստան է ժամանել 1,3 մլն մարդ: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ-ից Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար է արտերկրից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվին: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` անցած տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստան ժամանել են 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 494 հազար 779 հոգի: Այսինքն` մեր հարեւան Վրաստան մի քանի անգամ ավելի շատ է զբոսաշրջիկ այցելում, քան Հայաստան: Ընդ որում, Վրաստան են այցելում նաեւ զբոսաշրջիկներ Իրանից, մինչդեռ ոչ վաղ անցյալում իրանցիների սիրելի վայրը ՀՀ-ն էր:

 

 

 

 

ՊՆԴԵՑԻՆ
Եւ, այսպես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի հարցը կրկին այս կառույցի օրակարգում է: Այսօր` մայիսի 17-ին, տեղի կունենա ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Բացի այդ, ինչպես հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման թեման քննարկվելու է մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստում:
Ակնհայտ է՝ Հայաստանը մինչեւ 2020 թվականը չի զիջելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ թույլ չի տալու, որ Բելառուսը, օգտվելով ստեղծված իրավիճակից, երբ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք ներկայացնելուց հետո ՀՀ-ն ետ կանչեց Յուրի Խաչատուրովին, թափուր պաշտոնում ժամանակից շուտ իր թեկնածուին առաջադրի: Իսկ ՀԱՊԿ անդամ երկրները, թեկուզ մեծ դժկամությամբ, այնուամենայնիվ համակերպվել են ՀՀ իշխանությունների այդ դիրքորոշման հետ: Այլ կերպ, թերեւս, չէր կարող լինել, քանի որ ՀՀ նոր իշխանությունները, ունենալով լիարժեք լեգիտիմություն, այսօր ի վիճակի են դիմակայելու միջազգային ճնշումներին` առաջ տանելով սեփական երկրի շահն ու գործելու սեփական որոշումներով. մի հանգամանք, որ նախկին իշխանությունների օրոք իսպառ բացակայում էր:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն առաջիկայում քննարկման առարկա դարձնելուն, ապա ակնհայտ է, որ այս ամենը զուտ նախապատրաստական բնույթ է կրելու: Ի վերջո, մինչեւ 2020 թվականը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ-ին ներկայացուցիչ ունենալու համար հատկացված ժամանակահատվածի ավարտը, ընդամենը կես տարի է մնացել: Այնպես որ, Հայաստանի ռազմավարական գործընկեր պետությունները չեն փորձի ավելորդ լարվածություն ստեղծել ու չեն պնդի Բելառուսի թեկնածուին օր առաջ նշանակելը:
Իսկ հիշում եք, թե հատկապես ՀՀԿ-ականներն ինչպես էին չարախնդում Յուրի Խաչատուրովին ետ կանչելուց հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ սկզբնական օրերի աժիոտաժի կապակցությամբ, ինչպես էին փորձում այն ներկայացնել որպես ձախողում, մասնավորապես, երբ Հայաստանի նկատմամբ տարատեսակ ճնշումների փորձեր են եղել: ՀՀ իշխանությունները կարողացան դիմագրավել այդ ամենին ու ստիպեցին միջազգային գործընկերներին հաշվի նստել իրենց կայացրած որոշումների հետ:




Լրահոս