ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ «ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մայիսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրություն էր ուղարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` նշելով, որ 2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում ԲՀԿ նախագահն իր ելույթներում նշել է, որ բիզնեսմեն է, ինչն արգելվում ՀՀ Սահմանադրությամբ:

Ա. Միրզոյանը նշել էր. «Խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը. ինձ ուղղվել է առաջարկ` Ազգային ժողովում ձեւավորել խնդիրն ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով»: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ` պարզելու համար, թե արդյոք խմբակցությունում որոշում կա` հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի քննարկման հետ կապված:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, Ձեր խմբակցությունում ինչպե՞ս են վերաբերվում խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրեն առաջարկել են էթիկայի հանձնաժողով ստեղծել պատգամավորների վարքը, գործունեությունը քննելու համար:
-Իմ կարծիքով` ԱԺ էթիկայի հանձնաժողովը, անկախ որեւէ հանգամանքից, խորհրդարանում պետք է լինի: Ձեւաչափի հետ կապված` կոնկրետ այս դրությամբ ես ինքս չեմ կարող կոնկրետ թիրախային մատնանշել, քանի որ լայն քննարկում այդ հարցով դեռեւս չենք ունեցել: Բայց, իմ կարծիքով, էթիկայի հանձնաժողովը շատ կարեւորում եմ ու կարծում եմ, որ անպայմանորեն էթիկայի հանձնաժողով պետք է լինի, ու այդ հանձնաժողովում պետք է զանազան հարցեր քննարկվեն` նաեւ պատգամավորների վարքի հետ կապված:
-Բայց, ընդդիմության կարծիքով, էթիկայի հանձնաժողովը սուբյեկտիվ դիրքորոշում կարող է ներկայացնել, քանի որ այնտեղ մշտապես մեծամասնությունը իշխանությունների ներկայացուցիչներն են լինում: Դուք կիսո՞ւմ եք նրանց այդ տեսակետը:
-Դրա համար ես նշեցի, որ էթիկայի հանձնաժողովի գաղափարին եւ գործիքակազմին ես կողմնակից եմ, բայց իսկապես պետք է հասկանանք ձեւաչափը, որն իսկապես շատ կարեւոր է: Այսինքն` էթիկայի հանձնաժողով ասված կառույցի մեջ ինչքան ներգրավվածություն պետք է լինեն ֆրակցիաներից, եւ, ընդհանրապես, պետք է հասկանանք հարցերի կարեւորությունը, թե ինչ հարցեր կարող են այնտեղ քննարկվել:
-ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը առաջակվում է քննարկել էթիկայի հանձնաժողովում: Ձեր խմբակցությունը որոշե՞լ է` արդյոք պետք է հանձնաժողովում քննարկել այդ հարցը. ի՞նչ որոշում կայացվեց` այդ հարցի հետ կապված:
-Ես կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովը ստեղծելուց մենք պետք է որդեգրենք մի սկզբունք, որպեսզի այդ սկզբունքին համապատասխան գործունեություն իրականացնենք: Չեմ կարծում, որ դա պետք է լինի պատժիչ հանձնաժողով, ու, ընդհանրապես, այդ ձեւակերպմանը համաձայն չեմ, այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ պետք չէ մտահոգվել այդ հարցի հետ կապված: Հանձնաժողովը եթե ստեղծվի, իր լիազորություններն այլ են լինելու: Ավելի կարեւոր է օբյեկտիվ գործիքակազմը քննարկել այդ հանձնաժողովում: Կոնկրետ քննարկում` էթիկայի հանձնաժողովի հետ կապված, լայնածավալ քննարկում դեռեւս տեղի չի ունեցել, բայց եթե նման քննարկում լինի, անպայման կներկայացնեմ նաեւ իմ դիրքորոշումը, տեսակետները:
-Այսինքն` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հետ կապված հարցը ֆրակցիայում չի՞ քննարկել, որոշում չունե՞ք:
-Ազգային Ժողովի նախագահը սպառիչ կերպով պատասխանել է այդ հարցին` նամակով դիմելով Գագիկ Ծառուկյանին: Դա լիովին արտահայտում է այն դիրքորոշումը, որն ունի «Իմ քայլը» խմբակցությունը: Ես չեմ ուզենա` անձնավորվի այդ հանձնաժողովի հետ կապված աշխատանքները. դա սխալ է: Իմ պատկերացմամբ` էթիկայի հանձնաժողովը պետք է քննարկի լայնածավալ հարցեր, եւ ոչ թե մեկ անձի, մեկ ֆրակցիայի հետ կապված, պետք չէ անձնավորել առհասարակ: Մենք ունենք տեսակետ, որն արտահայտել է Ազգային ժողովի նախագահը, այդքանով այդ հարցի պատասխանն արդեն տրված է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


-Պարո՛ն Մեխակյան, ի՞նչ դիրքորոշում ունեք ԱԺ էթիկայի հանձնաժողովի ստեղծման հետ կապված, արդյոք հնարավոր կլինի՞ հանձնաժողովի միջոցով «պատժել» այն պատգամավորներին, որոնք կանոնակարգ կխախտեն:
-Ես, իհարկե, կողմ եմ, բայց դա պետք է չլինի, այսպես ասած, տրամադրության կամ պահի ազդեցության տակ, այլ դա պետք է լինի հիմնավոր, եւ հնարավորինս հանձնաժողովում ներգրավված լինեն բոլոր ֆրակցիաների պատգամավորները: Ես կարծում եմ, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի ունենալ արդյունք: Պետք է ներկայացվածություն լինի բոլոր խմբակցություններից, պետք է լինի հիմնավոր: Մենք պետք է հանձնաժողովում ունենանք բազմակողմանի տեսակետ, ու դա լինի հավասարակշռված:
-Ընդդիմադիրների կարծիքով` այն կարող է ընդամենը «պատժիչ» գործիք լինել իշխանությունների ձեռքում:
-Իրականում էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է նրա համար, որ այն լինի զսպող մեխանիզմ որեւէ երեւույթի դեմ, ու եթե դրա կարիքը կա, կարծում եմ` պետք է ունենալ նման հանձնաժողով:
-Իսկ դա կարո՞ղ է վերաբերել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` գործարար լինելու հանգամանքին:
-Մենք ֆրակցիայում նման հարց չենք քննարկել, մեր խմբակցությունում նման օրակարգ չկա:

 

 

 

ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդդիմադիր ներկայացուցիչներ ունենալու նախագիծն արդեն կառավարությունում է: Նշենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագիծ էր ներկայացրել` երկու կառույցների կազմավորման կարգի վերաբերյալ, ու, ըստ մեր տեղեկությունների, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս իր առաջարկությունն է ուղարկել կառավարություն` այդ հարցի հետ կապված:

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններին` «Բարգավաճ Հայաստան»-ին ու «Լուսավոր Հայաստան»-ին, առաջարկել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար ներկայացուցիչներ առաջադրել, սակայն ընդդիմադիր խմբակցություններից ԲՀԿ-ն թեկնածուի փոխարեն այդ ոլորտների հետ կապված օրենսդրական նախագիծ է ներկայացրել:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որի համաձայն` 7 անդամից 3-ը պետք է առաջադրի ընդդիմությունը: Նրա փոխանցմամբ` ՀԾԿՀ-ն 5 անդամ ունի, եւ հիմա ԲՀԿ-ն առաջարկում է` 5 հոգուց 2-ը լինեն ընդդիմադիր խմբակցություններից:
Մեր զրուցակիցն ասաց, որ կառավարությունը հաստատելու դեպքում նախագիծն ուղարկելու է խորհրդարան հանձնաժողովում քննարկելու համար: Պատգամավորը հույս ունի, որ այն դրական եզրակացություն է ստանալու, քանի որ երկու կառույցներում էլ անհրաժեշտ է ունենալ ընդդիմության ներկայացուցիչներ: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ կառավարությունը կհամադրի իր ուղարկած ու ԱԺ նախագահի ուղարկած նախագծերը ու կներկայացնի վերջնական արդյունք, որը կկարողանա հանձնաժողովներում լուծել բոլոր հարցերը:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԵՐԿՈՒՍԸ
Երեկ ելույթ ունենալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում` ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ: Անդրադառնալով այն հիմնավորումներին, որ, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել արդեն դատաքննությանը կամ փախչել` Քոչարյանը հայտարարեց. «Ես ունեի երկու անձնագիր` մեկն ինձ մոտ էր, մյուսը` նրանց մոտ՝ ՀՔԾ-ում. ես կարող էի նրանց չասել ու երկրից գնալ»: Այս հայտարարությունը հետաքրքիր է Քոչարյանի` երկու անձնագիր ունենալու առումով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայաստանյան օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքացիներին միաժամանակ ունենալ ե՛ւ հին նմուշի անձնագիր, ե՛ւ բիոմետրիկ: Ընդ որում, բիոմետրիկ անձնագրերը նախատեսված են ոչ թե ներքին օգտագործման համար, այլ արտերկիր մեկնելու նպատակին են ծառայում: Հենց սրանով էլ պայմանավորված է Քոչարյանի հայտարարությունը:

 

 

 

ՀԱՐՈՒՍՏ ԴԱՏԱՎՈՐԸ
ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին /նա 37 տարեկան է/, բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել: Նախ` նշենք, որ դատավորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Իսկ ըստ 2017 թվականի տարեկան հայտարարագրի` Անի Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 27.6 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո: Սրան զուգահեռ նշենք, որ երիտասարդ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է 544 հազար դրամ: Անի Հարությունյանը 2017 թվականի ընթացքում նաեւ ստացել է ավելի քան 55.2 մլն դրամի եկամուտ, ըստ հայտարարագրի` վարձակալության դիմաց: Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ կին դատավորը 2013 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 7 հատ բնակարան, 3 հատ հասարակական նշանակության շինություն, «Volkswagen touareg 4.2» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ բաժնետոմսեր` 27 մլն 900 հազար դրամ եւ 50 հազար դրամ: Բացի այս, Անի Հարությունյանը 2017-ին 31.9 մլն դրամով գնել է BMW X4, իսկ 2 մլն դրամով վաճառել է «Volkswagen touareg 4.2» մակնիշի ավտոմեքենան: Մի խոսքով, Անի Հարությունյանը բոլոր հիմքերն ունի կոչվելու հաջողակ կին գործարար, թեեւ մինչեւ դատավոր դառնալը որեւէ լուրջ պաշտոն չի զբաղեցրել. նա եղել է հիմնականում պետական տարբեր կառույցներում իրավախորհրդատու, այնուհետեւ՝ միջին դասի չինովնիկ:
Անի Հարությունյանը, սակայն, պատահական մարդու դուստր չէ. նա Սերժ Սարգսյանի մանկական ընկերոջ դուստրն է: Նրա հայրը ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: Իսկ նրա հորաքրոջ որդին օֆշորի գործով անցնող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է:




Լրահոս