ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ՈՒ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽԱՊԵՍ ԽՈՍԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երեկ անձամբ եկան դատարան, որպեսզի ներկայացնեին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը: Դատարանում հայտարարվեց, որ նրանք 500 հազարական դրամ՝ միասին 1 մլն դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի հաշվին:

Հետաքրքիր է, որ երաշխավորությունը ստորագրելուց հետո նրանք շարունակեցին մնալ նիստերի դահլիճում, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ շարունակում էր պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է, եւ անդրադարձավ նաեւ Արցախի ներկա եւ նախկին նախագահներին: Իսկ արդեն նիստի մի հատված դռնփակ անցկացվեց, որտեղ, ըստ Քոչարյանի, պետական գաղտնիք պարունակող հատվածներ կան: Եվ դահլիճից դուրս գալով` Արցախի ներկա ու նախկին նախագահները հեռացան հատուկ մուտքով՝ չպատասխանելով լրագրողների ոչ մի հարցի:
Արցախի ներկա եւ նախկին նախագահների երաշխավորությունները` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, հետաքրքիր նախապատմություն ունեն:
Նախ` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ինքն է առաջարկել Բակո Սահակյանին նման միջնորդություն ներկայացնել: Վերջինս էլ մինչ համաձայնություն տալը այդ հարցը քննարկել է թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Արցախի իշխանական էլիտայի ներկայացուցիչների հետ: Քննարկել են, թե ելքը ինչպիսին կարող է լինել:
Առաջին բանը, որ հարցրել են Արցախի պաշտոնյաները, այն է` Նիկոլ Փաշինյանն արդյոք տեղյակ է այդպիսի քննարկումներից, թե ոչ: Բակո Սահակյանն էլ հայտարարել է, որ ՀՀ վարչապետը տեղյակ է, եւ ասել է, որ ըմբռնումով է մոտենում իրենց քայլերին, սակայն դատարանի դրական որոշման վերաբերյալ երաշխիք չի տվել, այսինքն՝ երաշխիքների մասով ոչինչ չի խոսել եւ, ըստ էության, ապագայի մասով, երաշխավորության ճակատագրի մասով ոչինչ չի ասվել:
Այդ ամենը քննարկելուց հետո նախկին եւ ներկա նախագահները սկզբում դիմումը ներկայացրել են ՀՀ գլխավոր դատախազություն, ապա հասկացել են, որ սխալ հասցեատիրոջ է ուղարկվել, եւ արագ եւս մեկ երաշխավորություն ներկայացրել են արդեն դատարանին: Այս առումով պատահական չէր, որ Արցախի նախկին ու ներկա նախագահների քայլին ՀՀ իշխանությունները սուր չարձագանքեցին, չքննադատեցին:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին:
-Պարո՛ն Բաբայան, արդյոք Բակո Սահակյանը նախապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրե՞լ է Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելու մասին:
-Ո՞վ է ասել, որտեղի՞ց եք Դուք այդ տեղեկությունները վերցրել:
-Ցանկանում ենք Ձեզանից իմանալ` նման բան եղել է, թե ոչ:
-Ես չեմ կարող ասել: Չի բացառվում, որ մինչ այդ ասված լինի, որ այդպիսի բան են ուղարկելու, որպեսզի քաղաքական չլինի եւ այլն, եւ այլն:
-Այսինքն` անձամբ Բակո Սահակյանի կողմից ասվե՞լ է ՀՀ վարչապետին այդ քայլի մասին:
-Չի բացառվում: Ինձ թվում է, որ նա ինչ-որ ձեւ տեղեկացվել է, որովհետեւ, գիտեք, սա որպեսզի քաղաքական երանգ չստանա գործընթացը, եւ այն, որ տեղեկացել են, դա հենց այդ հանգրվաններից է: Եվ սա ուզում եմ դիտարկենք որպես մարդասիրական քայլ, քանի որ, եթե չեն տեղեկացնում, սա արդեն այլ խնդիր է:
Հավելենք, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նիստը կշարունակվի արդեն այսօր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՏԵՂԱԿԱԼՆԵՐՈՎ
Երեկ տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 30-ից ավելի հարց էր ընդգրկված, սակայն, ինչպես մշտապես է լինում, դրանց մեծ մասը չզեկուցվող էր: Երեկվա նիստն առանձնահատուկ էր նրանով, որ գերատեսչություններից շատերի դեպքում ներկա էին ոչ թե առաջին դեմքերը, այլ նրանց տեղակալները: Ավելին, հենց կառավարության նիստն էլ վարում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ ՀՀ վարչապետը գործուղման էր մեկնել Չինաստան. Փաշինյանը երեկ երեկոյան է միայն վերադարձել գործուղումից: «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ կառավարության նիստին ներկա չէին նաեւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը եւ այլք:

 

 

 

«ԶԻԲԻԼԻՔՍ»-Ի ՄԱՍՈՎ ԱՆՋԱՏՎԱԾ ԳՈՐԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ
2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում այն ժամանակ իշխող ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու համար «Զիբիլիքս» հայտնի գործով մեղադրյալներն արդեն թավշյա հեղափոխությունից հետո պատժվեցին: 2019 թվականի փետրվարի 5-ին նրանց նկատմամբ դատավճիռ կայացվեց՝ 2,5-ական միլիոն դրամ տուգանքի տեսքով: Սակայն մինչ «մանր ձկները» մտածում են տուգանքը վճարելու մասին, ՀՔԾ-ում այս գործի անջատված մասով գրեթե 1 տարի քննություն է ընթանում, ու առ այսօր չկա բացահայտում: Իսկ այդ գործից անջատված մասով, ինչպես հայտնի է, իրավապահները փորձում են պարզել, թե ովքեր են եղել «Զիբիլիքսի» գլխին կանգնած պաշտոնյաները, որ Երեւանի 2017թ. ավագանու ընտրություններում ՀՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու գործընթացն են կազմակերպել: Սակայն, փաստորեն, այս առումով չկա որեւէ առաջընթաց. գործի քննությունը դոփում է տեղում, չկան ո՛չ կասկածյալներ, ո՛չ մեղադրյալներ: Թեեւ, դատելով ընտրական գործընթացների տրամաբանությունից, պետք է որ դժվար չլիներ այդ ամենը պարզելը. ի վերջո, ենթաշտաբները հենց գլխավոր շտաբներից են հրահանգներ ստանում, ընտրացուցակը գլխավորած անձանցից, նաեւ այն ժամանակ իշխանության գլխին կանգնած անձանցից, ուստի այս գործով քննությունը պետք է ընթանար հենց այդ ուղղությամբ:
Մինչ այդ հիշեցնենք գործի նախապատմությունը. 2017 թվականի մայիսի 14-ի Երեւանի ավագանու հերթական ընտրությունների թոհուբոհում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» դաշինքի ներկայացուցիչները բացահայտել էին ՀՀԿ կողմից բաժանված ընտրակաշառքի ցուցակները: Ըստ մեղադրանքի` ՀՀԿ-ից առաջադրված է եղել նաեւ կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, որը միաժամանակ հանդիսացել է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը:

 

 

 

ԿԲԱՐՁՐԱՆԱ՞
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 65 հազար դրամ: Գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար պատգամավորներն առաջարկում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում 390 դրամ, աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում` 435 դրամ, աշխատաժամանակի ոչ կրճատ տեւողության դեպքում` 650 դրամ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Ներկայումս առկա նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական բոլոր խնդիրները: Այն շատ դեպքերում համարժեք չէ աշխատողի կողմից ներդրված ջանքերին:

 

 

 

 

ԿՐՃԱՏՎԵԼՈՒ ԵՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
«Առաջին հերթին որդեգրելու ենք քաղծառայության համակարգի զարգացման ու օպտիմալացման, արդյունավետության բարձրացման ռազմավարություն»,- այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով հարցին, որ միավորման արդյունքում գերնախարարությունները ընդհուպ 6-7 փոխնախարար են ունենալու: Ավինյանը դժվարացել է պատասխանել, թե քանի փոխնախարար կլինի նախարարություններում. «Գործառույթներից ելնելով է որոշվելու: Գնահատելու ենք, թե ինչ ֆունկցիաներ են նախկինում եղել փոխնախարարների վրա, թերբեռնված կամ գերբեռնված են եղել, թե ոչ, եւ ըստ ֆունկցիաների եւ գործառույթների` քանակները կհստակեցվեն»,- ասել է նա: Վերջինիս խոսքով` դեռեւս փաստացի զանգվածային կրճատումներ նախարարություններում չկան: Եվ առաջին հերթին կրճատվելու են նախարարներ, փոխնախարարներ:

 

 

 

ՉԵՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին, որ, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, ՊԵԿ-ում ուղղորդում են, որ նոր սերնդի ՀԴՄ-ների սարքերը ներկրող կոնկրետ ընկերությունից ձեռք բերեն, իսկ այդ ընկերությունը կապում են ՊԵԿ նախկին նախագահի եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավորների հետ, ասել է. «Խնդրում եմ, այդ տեղեկատվությունը փոխանցեք մեզ, եւ եթե պարզվի՝ այդպիսի ուղղորդում կա, ապա ուղղորդողները խիստ կպատժվեն: Ոչ մեկ ուղղորդելու որեւէ իրավասություն չունի: Մենք դաշտն ազատականացրել ենք հենց այդ պատճառով, որպեսզի ուղղորդում չլինի: Ձեզ թվում է, որ ՊԵԿ-ը գիտակցաբար կարո՞ղ է ուղղորդել ինչ-որ անձի»:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ: Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ֆինանսական այս կառույցի հետ մեր երկրի փոխգործակցությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ եւ ընդգծել դրա համար առկա մեծ ներուժը։ Նշելով, որ մեր երկիրն ունի կայացած բանկային ու ֆինանսական համակարգ՝ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի եւ այն իրագործելու հնարավորությունների մասին, ինչը թույլ կտա ոչ միայն երկիրը դարձնել ավելի գրավիչ, այլեւ ավելի որակյալ ու արդյունավետ ծառայություններ մատուցել։




Լրահոս