«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում անդրադարձել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի գործունեությանը: Հիշեցնենք, որ Բաթոյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հունվարի 19-ից: Մինչ այդ Բաթոյանը նույն նախարարության նախարարի տեղակալն էր:
Եւ, ահա, Զարուհի Բաթոյանը, ինչպես եւ կառավարության մնացած անդամները, երբեմն քարոզչական արշավների թիրախ է դառնում, իբր, սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների շահերը պաշտպանող «սորոսական գրանտակերների» շրջապատից է, սոցցանցերում էլ երբեմն լուսանկարներ են հրապարակվում, որոնցում Բաթոյանն է՝ ենթադրյալ այդպիսի անձանց շրջապատում։ Վերջերս էլ մեծ աղմուկ հանած «Իմ մարմինն անձնական է» գրքի՝ «Բուկինիստում» տեղի ունենալիք շնորհանդեսի խափանումից հետո, երբ Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջով դատապարտեց տեղի ունեցածը, նրա դեմ ֆեյսբուքյան անողոք արշավ սկսվեց։ Նախարարի վերոհիշյալ գրառմանը ոմանք ամենակոպիտ բառապաշարով արձագանքեցին՝ կառավարության անդամին տալով գռեհիկ պիտակումներ, ոմանք էլ անցան թույլատրելիության բոլոր սահմանները՝ շահարկելով վերջինիս հաշմանդամ լինելը։ Հենց այս թեմայի համատեքստում սկսվեց ակտիվ շրջանառվել Զարուհի Բաթոյանի՝ տարիներ առաջ «Քան» ակադեմիայի հետ արված հարցազրույցը: Դրանում Բաթոյանը, խոսելով իր փորձառությունից, փորձում է կոտրել այն կարծրատիպը, ըստ որի՝ հաշանդամություն ունեցող անձինք ցանկալի չեն, զուգընկեր չունեն եւ սեքսով չեն զբաղվում։ Ֆեյսբուքյան որոշ ազդեցիկ օգտատերեր եւ նրանց հետեւորդները, բացի այն, որ ամոթանք տվեցին իր ինտիմ կյանքի մասին բացեիբաց խոսող եւ «հայ կնոջ ամոթխած կերպարին հակասող» նախարարին, այլեւ շտապեցին իրենց գրառումներում կարծիք ձեւավորել, թե գործող կառավարությունը անգործության է մատնված եւ խոսում է նրանից, ինչն իրեն հոգեհարազատ է՝ «սեքս եւ մարիխուանայի օրինականացում»։ Բանը հասավ նաեւ որոշ օգտատերերի կողմից Բաթոյանի հրաժարականը պահանջելուն։
Ընտանիք եւ անձնական հատկանիշներ
Բաթոյանը մինչեւ 5 տարեկանը ապրել է Ջավախքում, այնուհետ՝ ՌԴ-ում, ապա վերադարձել Հայաստան, հասցրել է հաղորդակից լինել 88-ի շարժման մթնոլորտին, այնուհետ՝ ՀՀ անկախության հռչակմանը։ Բնակվում է Երեւանի Քանաքեռ-Զեյքուն վարչական շրջանում, այս տարվա սեպտեմբերի 29-ին կլրանա նրա 40-ամյակը։ Երկու քույր ունի, 10 տարեկանում կորցրել է հորը, ամուսնացած չէ։ Նախարարը քայլում է, սակայն դժվարությամբ, հազիվ 5-10 քայլ, եւ միշտ չէ, որ մոտորասայլակով է տեղաշարժվել։ Երկու անգամ ոտքը կոտրելուց հետո բժիշկների խորհրդով անցել է տեղաշարժվելու ավելի հարմարավետ ու ապահով տարբերակի՝ նոր կոտրվածքների ռիսկից խուսափելու համար։ Ի դեպ, մոտորասայլակը նա նվեր է ստացել ԱՄՆ-ում։
Բաթոյանին իր շրջապատի մարդիկ բնութագրում են որպես զուսպ, լրջմիտ, նրբանկատ, պատասխանատու, կարծիքներ լսելու համար բաց պաշտոնյա, նաեւ՝ ամբիցիոզ, որը կաբինետային չինովնիկ է, վարչարարության «գերի», երբեմն կարող է նաեւ խիստ ու կոպիտ լինել, բայց առանց կոռեկտության սահմանները հատելու։ Իր հարցազրույցներից մեկում նա անկեղծացել էր, թե ամենազարմանալի բացահայտումը, որ արել է նախարարություն ոտք դնելուց հետո, եղել է աշխատակիցների՝ նախարարից միայն հրաման ակնկալելը։ «Երբ մարդկանց ասում եմ՝ խնդրում եմ, մտածում են՝ ես չպիտի խնդրեմ, դա ուղղակի հրաման պետք է լինի»։ Ասում են նաեւ, որ նախարարության որոշ աշխատակիցներ հեղափոխությունից հետո սկսել են մատների արանքով վերաբերվել իրենց պարտականություններին, քանի որ գիտեն, որ նախկին նախարար Ասատրյանի օրոք «նեդրված» աշխատաոճը եւ, այսպես կոչված, «խաղի կանոնները» այլեւս չեն գործում։ Աշխատաոճ, որը շատերի կարծիքով արատավոր էր:
Հ.Գ. Ի դեպ, նախօրեին Զարուհի Բաթոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել էր, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ ուշագրավ փաստեր են բացահայտվել` զինծառայողներին հաշմանդամության կարգ տալ-չտալու վերաբերյալ: «Խոսքը որոշակի թվով զինծառայողների մասին է, որոնց գործերը վերանայվել են, եւ վերանայման արդյունքում նրանցից մի քանիսը ուղղակի զրկվել են հաշմանդամությունից, իսկ մի մասի հաշմանդամության խումբը իջեցվել է: Եւ սա քանի որ կապված է եղել բնակարանների տրամադրման եւ հերթագրման հետ, մենք խնդրել ենք, դիմել ենք դատախազությանը, որպեսզի պարզի, թե արդյոք այս գործընթացը իրավաչափ էր, եւ, առհասարակ, այդ խմբերի վերանայումը իրավաչափ է իրականացվել»,- ասել է նախարարը:
Եւ, ահա, երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից պաշտոնապես հայտնեցին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին են ներկայացվել հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող 646 զինծառայողների վերաբերյալ անցկացված բժշկասոցիալական փորձաքննությունների արդյունքում նրանց նկատմամբ որոշումների կայացման, ինչպես նաեւ դրանց վերստուգման գործընթացում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ փաստաթղթեր: Արձանագրված փաստերը քննության առարկա դարձնելու, անձանց իրավունքներին եւ օրինական շահերին, ինչպես նաեւ պետությանը պատճառված վնասի չափը եւ մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով նյութեր նախապատրաստելու հետագա ընթացքը լուծելու համար ստացված փաստաթղթերն ուղարկել են ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն: Սա` իմիջիայլոց:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԸ ԿՆՎԱԶԵՆ
Երեկ ՀՀ կառավարությունն ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Նշենք, որ նախագծով նախատեսվում է վերանայել ճանապարհային երթեւեկության ոլորտում թույլ տրվող վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների չափերը եւ ներդնել տուգանային միավորների համակարգ: Ընդհանուր առմամբ առաջարկվում է տուգանային միավորը` որպես վարչական տույժի տեսակ, նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի 100 խախտումներից 20-ի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքը կնվազեցվի: Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի, քան 50 տոկոսով, 10-ը` 50 տոկոսով, եւս 9-ը` 50 տոկոսից նվազ չափով:
Առավել վտանգավոր այն վարչական իրավախախտումները, որոնց կատարման դեպքում վարչական տույժի նպատակներին հնարավոր չէ հասնել 30.000 դրամը չգերազանցող տուգանքի նշանակմամբ, կքրեականացվի համարժեք պատիժ նախատեսելու նպատակով: Այսպես, վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ յուրաքանչյուր իրավախախտման համար կիրառվելու է 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որոնց չափը օրենսգրքի հատուկ մասով սահմանվելու է` ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով եւ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ հանդիսանալու հանգամանքից:
Միաժամանակ ՃՈ-ն տեղեկացնում է, որ այս նախագծի ընդունման եւ նոր նախատեսվող սանկցիաների կիրառման առաջին 12 ամսվա ընթացքում պետական բյուջեի մուտքերը բոլոր հավասար պայմաններում կարող են նվազել շուրջ 2.7 մլրդ. դրամի չափով: Նկատենք, որ 2016-2018 թթ.-ին միայն տվյալ նախագծով նախատեսվող հոդվածներով տարեկան միջին հաշվով արձանագրվել է 768.996 իրավախախտում` 8.687.7 մլն. դրամ գումարի տուգանքներով: Ըստ ՃՈ-ի` վարչական պատասխանատվության այս միջոցը գործում է 21 եվրոպական երկրներում եւ դրական արդյունքներ է տվել, օրինակ, Իտալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Մալթայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ինչպես նաեւ Իսրայելում:
Իսկ մեր հանրապետությունում ՃՏՊ-ների թիվը գնալով աճում է: Օրինակ` 2005-2011թթ. ընթացքում ՃՏՊ-ների տարեկան թվաբանական միջինը կազմել է 1903 պատահար, իսկ 2012-2018թթ. ընթացքում` տեսանկարահանող սարքերի ներդնումից հետո, նշված թիվը կազմել է 3261 պատահար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՔՆԱԾ ՍԵՐԺԱՆՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մայիսի 16-ին մեկնարկեց ՀՀ պաշտպանության նախարարության` Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Մ. Կարապետյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. դեկտեմբերի 14-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը որպես դիտորդ ծառայության նշանակված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված կրակային դիրքում, 2018թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 07:30-ի սահմաններում, մարտական դիրքի կացարանում իր կողքի քնապարկում քնած սերժանտի անօգնական վիճակն օգտագործելով` նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ է կատարել վերջինիս հետ: Մ. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում` 4-10 տարի ժամկետով: Մ. Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:
ԺԱՅՌԵՐԻ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՓՈՂ ՉԿԱ՞
2019թ. մարտի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից վերեւ` Այրում քաղաքի տարածքում, մեծ ժայռեր կան, այդտեղ` հողի մեջ եւ հենց ճայռերի արանքում, խոր ճեղքեր են գոյացել: Մեծ ճեղքը լայնակի երկար ձգվում է: Ժայռերը ցանկացած պահ կարող են պոկվել, գլորվել ներքեւ, ուր միջպետական ավտոճանապարհն է: Այդ հրապարակումից հետո Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները եկել են, տեսել իրավիճակը, տեղում լուսանկարներ արել: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանից տեղեկացանք, որ այս ընթացքում ժայռերի արանքում գտնվող ճեղքերը գարնան անձրեւներից ավելի են մեծացել, առկա է փլուզման վտանգ: Մի ժայռաբեկոր պոկվել-ընկել է միջպետական ավտոճանապարհի վրա, բարեբախտաբար, վնասներ չեն եղել: Այրում համայնքի ղեկավարն ասաց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները հայտնել են, որ պետք է կառավարության կողմից ֆինանսավորում լինի, որպեսզի այդ հատվածում իրենք ժայռերի պայթեցման աշխատանքներ կատարեն: 2011թ. հոկտեմբերի 2-ին այդ հատվածում հողի սողանքի հետեւանքով 5 հոգի զոհվեց, միջպետական ավտոճանապարհը տեւական ժամանակով փակվեց:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ