Վերջին տարիներին մեր հայրենակիցների մեծամասնությունը գերադասում է իր ամառային հանգիստն անցկացնել Վրաստանում: Ամռանը Վրաստանի ծովափնյա շրջանները լցվում են հայ զբոսաշրջիկներով:
Անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ` 8,6 մլն մարդ, այսինքն` մոտ 15 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ: Պարզվում է` նախորդ տարի ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Ադրբեջանից` 1,4 մլն մարդ, ինչը, 2017-ի համեմատ, 9,5 տոկոսով ավելի է: Երկրորդ տեղում ռուսներն են` գրեթե 1,4 մլն մարդ, ինչը, 2017-ի համեմատ, ավելի է 23,8 տոկոսով: Երրորդ տեղում Հայաստանն է, որտեղից Վրաստան է ժամանել 1,3 մլն մարդ: Այս ցուցանիշը գրեթե հավասար է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվին: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` անցած տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստան ժամանել են 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ: Իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 494 հազար 779 հոգի: Այսինքն` մեր հարեւան Վրաստան մի քանի անգամ ավելի շատ է զբոսաշրջիկ այցելում, քան Հայաստան, մի ցուցանիշ, որ պետք է մտահոգի իշխանություններին:
Իսկ մինչ այդ նկատենք, որ նաեւ իրանցի զբոսաշրջիկները վերջին տարիներին նախընտրում են Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը, քան Հայաստանում: Պաշտոնական տվյալներով` անցած տարվա ընթացքում, 2017 թվականի համեմատ, 44.3 տոկոսով պակասել է իրանցի զբոսաշրջիկների թիվը: Ի դեպ, հանրության շրջանում կարծիք է ձեւավորվել, որ Վրաստանում հանգիստն անցկացնելն ավելի մատչելի է, քան մեզ մոտ: Բացի այդ, խոստովանենք, ՀՀ-ում իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված, էլ չենք ասում տաքսու վարորդների կողմից նրանց դեպքում թանկ սակագնային տարբերակ կիրառելը:
Մասնագետները, սակայն, պնդում են հակառակը. Հայաստանում հանգիստն ավելի մատչելի է, քան Վրաստանում: Զբոսաշրջության հարցերով փորձագետ, գիտությունների թեկնածու, «First Travel» զբոսաշրջային ընկերության տնօրեն Կարեն Անդրեասյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ իրանցիները նախընտրում են գնալ Վրաստան: Նշենք, որ 2011 թվականին Իրանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն` երկու երկրների քաղաքացիները հնարավորություն ունեին երթեւեկել առանց վիզային ռեժիմի, բայց Վրաստանի կառավարությունը 2013-ի հուլիսի 1-ից չեղյալ հայտարարեց Իրանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի Վրաստան այցելելու որոշումը:
«Ի սկզբանե, երբ Վրաստանի ճանապարհը բացվեց Իրանի համար, առանց վիզայի իրենք մտան Վրաստան, հյուրանոցներ գնեցին, «Հավլաբար» հայկական թաղամասում բավականին լուրջ բիզնեսներ են դրել, ինչից հետո վրացական իշխանությունները վիզայի խնդիրը դրեցին, բայց իրենք նախընտրում են գնալ Վրաստան»,- ասաց փորձագետը: Անդրադառնալով պատճառներին` նա նշեց, որ դրանցից մեկն էլ սեքս-տուրիզմն է: «Ուկրաինայից Սարփիի տարածքով ամռանը գալիս են այդ աղջիկները, այդ մասով իրանցիները եւս հետաքրքրված են: Հաճույք է մեքենան քշել գնալ Թբիլիսի, երբ Լարսի ճանապարհի 19 կմ հատվածը մաքրվեց: Բայց գնացեք, տեսեք` Հաղպատի մոտ ինչ է կատարվում. ամեն օր գիդերը լաց են լինում, վարորդները կանգնում են Հաղպատ բարձրանալու համար եւ ժամերով սպասում են, որ էքսկավատորով մաքրեն ճանապարհը, որպեսզի Հաղպատ բարձրանան ու իջնեն: Գնացեք, Գորիսի, Ալավերդիի ճանապարհները նայեք»,- վրդովվեց Կարեն Անդրեասյանը:
Հայաստանի նախկին իշխանությունները մշտապես կարեւոր տեղ են տվել զբոսաշրջության զարգացմանը, սակայն միայն հայտարարությունների մակարդակով: Այդպես էլ Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում: Ավելին` չեն վերանում խնդիրները` ճանապարհների ոչ բարվոք վիճակը, հանրային զուգարանների բացակայությունը, հյուրանոցային ծառայությունների եւ, ընդհանրապես, Հայաստանում տիրող բարձր սակագները եւ այլն: Ինչպես հայտնի է, Հայաստանում զբոսաշրջությունը համարվում է տնտեսության գերակա ճյուղ, սակայն մինչ օրս այդ գերակայությունը որեւէ կերպ չի նկատվում, եւ մեր երկրում զբոսաշրջությունը չի զարգանում: Ոլորտի զարգացման համար նախկին կառավարության ձեռնարկած ամենամեծ քայլը, թերեւս, գերթանկարժեք բիոզուգարանների ներկրումն էր, որոնք, ինչպես հայտնի է, այդպես էլ չաշխատեցին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Անգլիական «Լիվերպուլից» «Բարսելոնայի» անակնկալ պարտությունը դեռ շարունակվում է մնալ համաշխարհային ֆուտբոլի կենտրոնում: «Բարսան» շարունակում է քննադատվել, Կատալոնիայում էլ այդ քննադատությունների հողի վրա մեծ փոփոխություններ են ցանկանում կատարել: «Կատալոնյան մեծ հեղափոխություն». հենց այսպես կարելի է վերնագրել կապտանռնագույնների ճամբարում տիրող իրավիճակը: «Բարսելոնան» տարիներ առաջ հավասարը չուներ աշխարհում. նրանք առանց լուրջ խնդիրների կարողանում էին «գրողի ծոցը» ուղարկել հզոր ակումբներին, սակայն հիմա նրանց ներուժը կարծես սպառվել է, եւ այդ ամենը հասկանալի է. չէ՞ որ այն ֆուտբոլիստները, որոնք խաղում էին ֆանտաստիկ ֆուտբոլ, արդեն հասել են «խաղակոշիկները մեխից կախելու» ժամանակին:
Կատալոնիայի մայրաքաղաքում ոչ միայն արդեն տենչում են լուրջ փոփոխությունների, այլ նաեւ պատրաստվում են «Մեսսիից հետո» ժամանակաշրջանին: Փորձենք հասկանալ, թե մյուս մրցաշրջանում կատալոնացիները ինչպիսի կազմ կունենան, եւ արդյոք այդ կազմը կարող է ազդեցություն ունենալ թիմի ցուցանիշների վրա:
Գլխավոր մարզիչ
Էռնեստո Վալվերդեն կշարունակի մնալ թիմի ղեկին, թե ոչ, այս ամենը դեռեւս հարցականի տակ է: Կարելի է համաձայնել այն մտքի հետ, որ այս մարզիչը «Բարսելոնային» դարձրել է հաշվի վրա խաղացող թիմ, որն էլ ուղղակի ներսից քանդում է, եւ թեկուզ դանդաղ, բայց հաստատուն քայլերով ակումբին տանում դեպի կործանում: Նախորդ տարիներին «Բարսելոնան» հաղթում էր, թե պարտվում, միեւնույնն է, թիմի խաղը, թիմի ձեռագիրը չէր փոխվում: Նրանք ունեին իրենց հստակ ընգծված խաղաոճը, որն էլ արդյունք էր ապահովում 100 դեպքերից ամենքիչը 90-ում: Մարչի փոփոխությունը Կատալոնիայի գլխավոր թիմում սարերի հետեւում չէ, եւ ինչպես պնդում են իսպանական պարբերականները, այս փոփոխությանը կողմ է նաեւ Լեո Մեսսին, իսկ Մեսսիի խոսքը ակումբում, մեղմ ասած, օրենքի նման մի բան է:
Պաշտպանություն
«Բարսելոնան» այս մրցաշրջանում հրաշալի էր գործում պաշտպանությունում: Սամուել Ումտիտիի վնասվածքը կարծես նոր կենտրոնական հզոր դուետ ստեղծեց` ի դեմս Պիկե-Լենգլե զույգի, որն էլ, արդարության համար պետք է նշել, Վալվերդեի մտքի փայլատակումն էր: Այնուամենայնիվ, մեկ հանդիպումը ուղղակիորեն փշրեց այն միտքը, որ «Բարսելոնայում» պաշտպանությունն ուժեղ է: Եկող տրանսֆերային պատուհանի ընթացքում սպասվում է, որ թիմը կհամալրվի երիտասարդ տաղանդ դե Լիգտով: Իհարկե, սա կլինի խոշոր ձեռքբերում, սակայն նշվում է նաեւ, որ այս տրանսֆերից հետո կարող է ակումբը լքել Սամուել ՈՒմտիտին: Կարծում ենք` այս ամենը նպատակահարմար չէ «Բարսայի» համար: Պիկեն արդեն քիչ-քիչ սպառում է իրեն, իսկ Ումտիտիի մարզավիճակ հավաքելու դեպքում նրան ճեղքելը գրեթե անհնար է:
Բացակա կիսապաշտպանություն
Բուսկեցն արդեն «ծերացել է», Ռակիտիչն հեռանում է, Կուտինյոն չարդարացրեց, Արտուրը դեռ չի բացվել… Այսպիսին է բարսելոնացիների կիսապաշտպանությունը այս պահին: Միակ լուսավոր կետը Ֆրենկի դե Յոնգն է, որն էլ հաջորդ մրցաշրջանում Արտուրի հետ միասին կփորձի երկրպագուներին հիշեցնել «Չավի-Ինիեստա» դարաշրջանի մասին:
Մեսսի, Մեսսի, Մեսսի
Կրկին նյութ` «Բարսելոնայի» մասին, վերջին կետ եւ ենթավերնագիրը նույնն է՝ Մեսսի: Ակումբում կարծես կախվածություն լինի այս ֆուտբոլիստից. բոլորը խաղադաշտում միայն նրան են փնտրում, ինչն էլ շատ ժամանակ «այսբերգի» առաջ է կանգնեցնում կատալոնացիներին: Ինչպես ասում են, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, եւ պետք է հստակ արձանագրել, որ այդ չափը «բլաուգրանան» անցել է: Թիմի մոտ երեւի այնպիսի տպավորություն է, որ արգենտինացին պարտավոր է միշտ հաղթանակներ բերել, բայց մեկ պահ պատկերացնել է պետք, որ Մեսսին էլ է մարդ, եւ նրա մոտ էլ կարող է խաղը չստացվել, եւ այդ դեպքում ի՞նչ, պետք է ուղղակի հանձնվել եւ վե՞րջ:
Այս ակումբում կա գերկախվածություն Լեոյից, ինչի մասին էլ անդադար խոսում է Բարտումեուն, եւ այստեղ էլ կարելի է առանձնացնել, որ «Մեսսիից հետո» օպերացիան «Բարսելոնայում» մեկնարկել է…
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ