Լուսանկարը՝ համացանցից
Թերեւս քչերի մտքով կանցներ նման հումորային գրություն փակցնել, որը կդառնար հանրության բազմաթիվ մեկնաբանությունների առիթ:
ՀԱՐՑ. Ովքե՞ր իրավունք ունեն օգտվել միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսման վարձի զեղչից:
Ալեքսան Եղիազարյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`
1) սոցիալապես անապահով ուսանողներին,
2) միակողմանի ծնողազուրկ ուսանողներին,
3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,
4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,
5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին,
6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին,
7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ուսումնական հաստատության հայեցողությամբ նույնպես կարող են օգտվել զեղչից:
ՀԱՐՑ. Խնդրում եմ մանրամասն ասել՝ կենսաթոշակ ստացողը որքա՞ն ժամանակ կարող է լիազորագրով ստանալ իր գումարը:
Քրիստինա Գրիգորյան (40 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ք. Գրիգորյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: Դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում: Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ վճարվում է 12 ամիս` սկսած այն ամսից, երբվանից կենսաթոշակառուն կենսաթոշակ չի ստացել:
Կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի վճարվում` բացառությամբ անձի (կենսաթոշակառուի)` քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը: Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող, խնամակալական կազմակերպությունում ապրողներին նպաստ չի վճարվում: