
Սևանա լճի լողափերի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին: Տնտեսվարողները բողոքում են, որ լճի կանաչման մասին լուրերից հետո այնտեղ հանգստացող քաղաքացիների թիվը կտրուկ նվազել է: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպումներ պետական պաշտոնյաների հետ, ուզում են, որ վերջիններս հայտարարեն ջրի անվտանգ լինելու մասին: Ակցիայի ընթացքում պարբերաբար բախումներ են լինում քաղաքացիների և վարորդների միջև, ովքեր ուզում են անցնել ճանապարհով:
Այս պահին դեպքի վայրում են Սասուն Միքայելյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն առաջարկեց բացել փողոցը և սպասել մինչև չորեքշաբթի. «Եթե այդ օրը հայտարարություն չլինի, ես գալու եմ իրար հետ ճանապարհը փակենք: Սա թող լինի նախազգուշացում»:
ԱԺ պատգամավորը նաև պատրաստակամություն հայտնեց գնալ ու լողալ Սևանա լճում:
Երբ ակցիայի մասնակիցներից մեկը հանդիպում պահանջեց նախարարների հետ, Միքայելյանն ասաց. «Ինչի ես պակաս նախարար եմ»:
Նշենք, որ ճանապարհն արդեն բաց է: