Օրերս Երևանի քաղաքապետարանը գործարկեց «Ակտիվ քաղաքացի» (Activecitizen.am) հարթակը, որն ուղղված է քաղաքացիների գաղափարներն ու նախագծերը մայրաքաղաքում կյանքի կոչելուն: Հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել աշխատանքային թիմին՝ նախագծի հաջող մեկնարկի համար:
«Սա կարևոր քայլ էր մեր քաղաքի համար, սկիզբն էր մեր այն խոստման, որը տվել էինք մինչև ընտրությունները: Մեր նախընտրական խոստումներից մեկը հենց քաղաքի կառուցմանն ու ապագայի ծրագրերին հանրության մասնակցության ապահովումն է: Մենք շատ լավ պետք է աշխատենք և մինչև վերջ տանենք այս նախագիծը, որ այն քաղաքացիները, ովքեր լավագույն առաջարկներ կներկայացնեն և որոնք հենց մեր բնակիչները կընտրեն, ի վերջո, ի կատար ածվեն լավագույն որակով: Մարդիկ պետք է տեսնեն, որ իրենց ցանկությունն իրականություն է դառնում», – նշել է քաղաքապետը:
***
Քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել նաև հուլիսի 12-ին Ազգային ժողովի այգում տեղի ունեցած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգի կազմակերպիչներին: Համերգային ծրագիրը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին:
«Սա շատ կարևոր մշակույթի մի սկիզբ է. մեր մեծերին մենք պետք է մեր գնահատանքը փոխանցենք ոչ թե տարիներ հետո, այլ հենց հիմա»,-ասել է Հայկ Մարությանը:
***
Քաղաքապետը հանձնարարել է սկսել «Էրեբունի-Երևան» տոնակատարության նախապատրաստական աշխատանքները: Հայկ Մարությանն ընդգծել է, որ տոնակատարությունները պետք է անցկացնել քաղաքի բոլոր վարչական շրջաններում համաչափ:
***
Անդրադառնալով այն տեղեկություններին, որոնց համաձայն «Սանիթեք» ընկերությունը հրաժարվում է վճարել ենթակապալառուներին՝ քաղաքապետարանի կողմից կիրառվող տուգանքների պատճառով, քաղաքապետ Մարությանը նշել է. «Ուզում եմ շատ խիստ կերպով զգուշացնել ձեզ, որ աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»:
***
Մայրաքաղաքում ավարտվել են Բաբաջանյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Նատրիումային լուսատուները փոխարինվել են ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:
***
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 102 շուն:
***
Ասֆալտապատվող փողոցներում երթևեկության անվտանգությունը երաշխավորելու համար կապալառու ընկերությունները պարտավոր են ապահովել համապատասխան ցուցանակների առկայությունը: Հանձնարարվել է լինել հետևողական այս հարցում:
***
Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 426 երեխա՝ 217 տղա, 209 աղջիկ:
Հավելենք, որ քաղաքապետն այսօր քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ ասել է, թե աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երեւանցիների հետ շանտաժի լեզվով խոսել՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որոնց համաձայն «Սանիթեք» ընկերությունը հրաժարվում է վճարել ենթակապալառուներին՝ քաղաքապետարանի կողմից կիրառվող տուգանքների պատճառով, հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
«Ուզում եմ շատ խիստ կերպով զգուշացնել ձեզ, որ աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երեւանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»,–նշել է նա:
Ի պատասխան՝ ընկերությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.
Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի: Ընկերությունը, ինչպես ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական
ռեսուրսները և ընտրում դրանց ծախսման առաջնահերթությունները:
Այս պահին ընկերությունում առկա են ֆինանսական դժվարություններ, որոնք պայմանավորված են նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված ոչ համաչափ սանկցիաներով և չհիմնավորված տուգանքներով։
Անդրադառնալով այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետի կողմից հնչեցրած այն ձևակերպմանը, որ «աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»՝ ընկերությունը տեղեկացնում է, որ երբևէ ոչ մեկի հետ շատաժի լեզվով չի խոսել և չի խոսում։ Ընկերությունը ենթակապալառուների նկատմամբ վճարային պարտավորություններն այս պահին հնարավորություն չունի կատարել բացառապես քաղաքապետարանի ոչ կառուցողական գործողությունների հետևանքով։
Իսկ ինչ վերաբերվում է քաղաքապետի կողմից հնչեցված հուզական մտքերին, ապա դրանք ավելի են դժվարացնում առանց այն էլ ստեղծված բարդ իրավիճակը և ընկերության բաժնետերերի կողմից նախաձեռնած կառուցողական երկխոսությունը տանում են փակուղի։
Ինչպես և նախկինում տեղեկացրել էինք, առաջիկա օրերին «Սանիթեք» ընկերությունը կհրավիրի աննախադեպ մաշտաբների մամուլի ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն բոլոր այն փաստերը, որոնք մինչ այս մնում էին ստվերում` բանակցային գործընթացի շահերից ելնելով: Ասուլիսի ընթացքում ընկերության ներկայացուցիչները կպատասխանեն բոլոր հուզող հարցերին: