«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրերս հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որն իր մեջ հետաքրքիր նկատառումներ է պարունակում նաեւ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Խոսքը Հայաստանում սպասվող վեթթինգի գործընթացի, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի շուրջ խոսակցությունների, ինչպես նաեւ դատարանները շրջափակելու մասին է: Եվ առանձնացնելով Վենետիկի հանձնաժողովի կողմից արված դիտարկումները` կարող ենք արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր-անդամ» բառախաղը, մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ծափերով ողջունելը։
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներից եւ հատկապես այն պատգամավորներից, որոնք ջանասիրաբար եւ ամեն առիթն օգտագործելով` պաշտպանում էին Վահե Գրիգորյանին: Որեւէ մեկին, սակայն, չգտանք, որ խոսի. հետաքրքիր է, որ անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, որն ամեն կերպ փորձում էր արդարացնել Վահե Գրիգորյանի հայտարարությունները եւ նույնիսկ Հրայր Թովմասյանին խորհուրդ տալիս առհասարակ Սահմանադրական դատարան չմտնել, երեկ խուսափեց պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին։
Ստացվում է` որքան էլ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները փորձում են ապացուցել Սահմանադրական դատարանում ճգնաժամի առկայության փաստը եւ ընտրված գործիքակազմի կարեւորությունը, միջազգային հանրությունը, ամեն դեպքում, քննադատաբար է վերաբերվում արված հայտարարություններին եւ փաստացի կերպով դատապարտում Ազգային ժողովի կողմից Վահե Գրիգորյանի հայտարարությունները սատարելը:
Հավելենք, որ առաջիկայում Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանն անդրադարձ կկատարի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում