«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հուլիսի 14-ին Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Վլադիմիր Վարդանյանը: Վարդանյանն ասել է, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ի սկզբանե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փորձել խառնվել Բաբայանի հետ կապված գործընթացներին և նրա նախաձեռնած ստորագրահավաքին, սակայն հետագա զարգացումներից և արված հայտարարություններից ակնհայտ է դարձել, որ Բաբայանի թիվ մեկ թիրախն իրականում ոչ թե Արցախի, այլ ՀՀ իշխանություններն են, հենց դա է ստիպել ՀՀ իշխանություններին՝ ի դեմս վարչապետի, դիրքորոշում արտահայտել:
Փաշինյանը գիտակցում է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, դա վերաբերում է ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությանը, և այս պարագայում ՀՀ միջամտությունն Արցախի անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքների չեզոքացման հարցում դարձել է օրակարգային: Հենց դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն այս փուլում իր կանխարգելիչ մեսիջներն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի միջոցով է հասցնում:
Հիշեցնենք, որ մինչ այս տարածվել էր նաև Արցախի ԱԱԾ հայտնի հայտարարությունը»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում