6-րդ վարչությունը զբաղվում է հիմնարկությունների հարցերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը քննություն է կատարում Իջեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկությունների` մշակույթի կենտրոնի, արվեստի դպրոցի, մարզադպրոցի, կոմունալ հիմնարկության գործունեության վերաբերյալ: Ոստիկանության աշխատողներին հետաքրքրում է, թե այդ հիմնարկների աշխատողները որ ժամին են աշխատանքի գնացել, երբ վերջացրել իրենց աշխատանքային օրը, քարտերի միջոցով արդյոք, իրենք են արդյոք ստացել իրենց աշխատավարձերը եւ այլն: ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից ոչ աշխատանքային ժամերին քննության կանչելը մարզային աշխատակիցներին անհանգստացնում, վիրավորում է:

Իջեւան քաղաքի մշակույթի կենտրոնի գեղմասվար Գայանե Չապուխյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում ասաց, որ Իջեւանը մշակութային եւ մարզական նվաճումներ ունի, հռչակվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, եւ իրենց համար վիրավորկան էր, երբ մի քանի օր առաջ փորձել են իրենց ոստիկանության շենք կանչել: Գայանեն հայտնեց, որ իրենք նաեւ իրենց հանգստի ժամերի հաշվին զոհված ոստիկանների մասին ֆիլմ են պատրաստել, մշակութային միջոցառումներ կազմակերպել, տիկնիկային ներկայացումներ բեմադրել Իջեւանի սահմանամերձ գյուղերում, իրենք հո չէ՞ին կարող մշտապես գտնվել աշխատասենյակներում: Գ. Չապուխյանը հավելեց նաեւ 2018թ. նոյեմբերի 7-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում ոստիկաններին նվիրված միջոցառման մասին, որը վարել է ինքը:

Նշենք, որ Իջեւան քաղաքում շատերը համոզված են` ոստիկանության կազմակերպված հանցագործություների դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Իջեւանի քաղաքապետարանի ենթակա հիմնարկներում կատարվող քննությունը կապված է Իջեւանում առաջիկայում տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրությունների հետ: Իշխող քաղաքական ուժը ցանկանում է իր թեկնածուին առաջադրել այդ ընտրություններում, այդ թեկնածուի հաղթանակին կնպաստի այն, որ 2011 թվականից Իջեւանը ղեկավարող Վարդան Ղալումյանը չառաջադրի իր թեկնածությունը: Դիլիջանում ««Իմ քայլը»` հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ժամանակ` հունիսի 21-ին, Վարդան Ղալումյանը լրագրողների հետ հարցազրույցում ժխտեց, որ նոր իշխանության կողմից իր վրա ճնշումներ են գործադրվում: Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություները նախատեսված են այս տարվա սեպտեմբերի 20-ին, սակայն Իջեւանում համայնքների միավորումից հետո հավական է, որ խոշորացված Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա դեկտեմբերին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս