Մեկ տարվա դադարից հետո պատանի երկրապահների առջև կրկին իր հյուրընկալ դռներն է բացել Երկրապահ կամավորական միության կողմից կազմակերպվող պատանի երկրապահների ամենամյա ճամբարը` ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և ԵԿՄ վարչության անդամ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ ու բարձրաստիճան այլ հյուրեր:
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում նախ ողջունեց ներկաներին ու շնորհակալություն հայտնեց նրանց` պատանի ԵԿՄ-ականների համար արդեն հարազատ դարձած ու այսչափ կարևոր իրադարձությանը մասնակցելու համար:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Սասուն Միքայելյանին ու կարևորեց այսպիսի ճամբարների առկայությունն ու այն աշխատանքները, որոնք տարվում են այս ուղղությամբ:
Կառավարության մյուս անդամները ևս իրենց ելույթներում բարձր գնահատեցին այն ջանքերը, որոնցով շնորհիվ պատանիները կրթվում և դաստիարակվում են ռազմահայրենասիրական ոգով:
Ճամբարը տեղակայված է Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում: Նախորդ տարի` քաղաքական իրադարձությունների ֆոնին ճամբարը դադարեցրել էր իր գործունեությունը, սակայն 2019թ-ի ապրիլի 7-ին տեղի ունեցած Երկրապահ կամավորական միության 12-րդ արտահերթ համագումարում ընտրվելով ԵԿՄ վարչության նախագահ` ՍասունՄ իքայելյանի առաջին քայլերից մեկն եղավ ճամբարի վերաբացումը: Այսուհետ յուրաքանչյուր տարի հունիսից մինչ օգոստոս հարյուրավոր պատանիներ` ՀՀ-ից ու Արցախից իրենց 10-օրյա հանգիստն ու պարապմունքներն անցկացնելու են հենց այս ճամբարում:
Իսկ ճամբարում պատանիների համար առօրյան անցնում է բավականին հագեցած գրաֆիկով` նախավարժանքից մինչև պարային ու երաժշտական միջոցառումների կազմակերպում:
Ելույթների ցուցուցադրական զորավարժություններից հետո կառավարության անդամներն ու հյուրերը շրջայց կատարեցին ճամբարի տարածքում`տեղում ծանոթանալով պատանի երկրապահների համար ստեղծված պայմաններին`նոր և զինվորական ոճով կահավորված տնակներ, վերանորոգված ճաշարան ու բազմատեսակ ճաշացուցակ, վերանորոգված սանհանգույց, բուժկետ ու գրադարան` համալրված հայոց և համաշխարհային պատմության, գրականության ու ռազմական արվեստի գրքերով:
Իսկ վերջում միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին ճամբարի տարածքում տեղադրված անմահ զինվորի հուշակոթողի մոտ: