Ինչպե՞ս Է նորանշանակ թիվ մեկ բանտապետը պայքարելու «զոն նայողների» դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ստորագրեց, որով Արթուր Գոյունյանին նշանակեց ՀՀ քրեակատարողական ծառայության պետ, իսկ Արտյոմ Մխոյանը հրաժեշտ տվեց պաշտոնին: Իսկ ո՞վ է առաջարկել Արթուր Գոյունյանին այդ պաշտոնը, եւ ինչպե՞ս է նա պայքարելու «զոն նայողների» դեմ:

Ի դեպ, դեռեւս երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության նախկին նախարար Արտակ Զեյլանյանի հրաժարականը թերեւս միակը չի լինելու համակարգում: Եվ ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւս հասկացրել են, որ պետք է հրաժարական ներկայացնի:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ ՀՀ կառավարությունում հանդիպել էր,եւ շատ չանցած Մխոյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին:

Ի դեպ, Մխոյանի հեռացումը կապեցին ԱԱԾ-ի կողմից «Արմավիր» ՔԿՀ-ում տիրող իրավիճակի բացահայտման հետ: Ինչեւէ, ՔԿԾ-ն այսօր ունի նոր պետ. ո՞վ է նա: Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի` Արթուր Գոյունյանը նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում ազգային անվտանգության վարչության պետ, սակայն ավելի ուշ աշխատանքից ազատվել է, երբ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Գեւորգ Կոստանյանը: Ասել է թե` Գոյունյանը Աղվան Հովսեփյանի դատախազության կադրերից է եղել:

Երբ ՀՀ քննչական կոմիտեն ստեղծվեց, Աղվան Հովսեփյանը Արթուր Գոյունյանին չմոռացավ եւ նրան նշանակեց ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի քննչական բաժնի պետ: Եվ, ահա, հեղափոխությունից հետո Գոյունյանի կյանքում եւս իրավիճակ փոխվեց, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց ՔԿ ծառայության պետ: Ի դեպ, իրավապահ համակարգը վերջինիս նշանակմամբ բավականին ոգեւորվել է եւ մեծ հույսեր է կապում, քանի որ, ըստ իրավապահների, Գոյունյանը ՔԿՀ-ների հարցում շատ բան կփոխի:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նոր ՔԿ ծառայության պետի հետ` հասկանալու համար, թե նա ինչպես է պայքարելու ՔԿՀ-ներում «օրենքով գողերի», «զոն նայողների» դեմ:

-Պարո՛ն Գոյունյան, Դուք ՀՀ գլխավոր դատախազությունում ազգային անվտանգության վարչության պետ եք եղել, սակայն ավելի ուշ աշխատանքից ազատվել եք, երբ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Գեւորգ Կոստանյանը: Ասել է թե`Դուք Աղվան Հովսեփյանի դատախազության կադրերից եք եղել:

-Ես դատախազության համակարգ ընդունվել եմ 1993 թվականին եւ ընդունվել եմ լուսահոգի Արտավազդ Գեւորգյանի օրոք: Հետո դատախազը փոխվել է, էլի փոխվել է, հետո Աղվան Հովսեփյանն է որոշ ժամանակ պաշտոնավարել, եւ դա չի նշանակում,որ ես այս կամ այն դատախազի կադրն եմ: Ես կարող եմ կոնկրետ հարգել կամ չհարգել, դա ասելու բան չէ, ոչ էլ մարդու պիտակավորելու բան է, ես եղել եմ իմ աշխատանքի նվիրյալը, դրա համար էլ գնահատվել եմ:

-Ձեզ կոնկրետ ո՞վ է առաջարկ արել դառնալ ՔԿ ծառայության պետ:

– Լինելով իմ մասնագիտական կարողությունների եւ հմտությունների նվիրյալը` ես երկար տարիներ զբաղեցրել եմ բարձր պաշտոն, այնպես չէ, որ Գեւորգ Կոստանյանը եկել է, եւ հրաժեշտ եմ տվել պաշտոնին. երեք տարի աշխատել եմ պարոն Կոստանյանի հետ:Հետո երկարամյա ծառայության կենսաթոշակ եմ ձեւակերպել, մեկ տարի չեմ աշխատել, հետո առաջարկ եմ ստացել ՀՀ քննչական կոմիտե տեղափոխվելու, այդ աշխատանքը սիրելով, ցանկանալով լավ բան, դրական բան անել պետության համար, համակարգի համար:

Առանց քիթս վեր ցցելու, կամ ինձ համար ստորացուցիչ չի եղել գնալ քննչական բաժնի պետ աշխատել, քանի որ ես սիրում եմ իմ աշխատանքը: Երկու տարի աշխատելուց հետո, ըստ երեւույթին, հետաքրքրվել են, իմացել են, եւ այդ առաջարկը եղել է առանց անձնական կապերի, առանց որեւէ ինչ-որ հանգամանքներ հաշվի առնելու:

-Ո՞վ կոնկրետ Ձեզ առաջարկեց դառնալ ՔԿ պետ:

-Նախարարի կողմից, նախարարն էլ երեւի հետաքրքրվել է` իմ մասնագիտական գիտելիքները համապատասխանում են, ու ինձ համապատասխան առաջարկ է արել:

-Իրավապահ համակարգը Ձեր նշանակմամբ բավականին ոգեւորվել է եւ մեծ հույսեր է կապում, քանի որ, ըստ իրավապահների, Գոյունյանը ՔԿՀ-ների հարցում շատ բան կփոխի: Բոլոր ՔԿ ծառայության պետերը գալիս են ու ասում, որ պայքարելու են «օրենքով գեղերի», «զոն նայողների» կամ ՔԿՀ-ներում արտոնյալ դատապարտյալների եւ կալանավորների դեմ, բայց, մեկ է, ոչինչ չի փոխվում: Դուք կկարողանա՞ք պայքարել ու ինչպե՞ս:

-Եթե ես վստահ չլինեի իմ ուժերի վրա, ես չէր ընդունի առաջարկը եւ չէի ստանձնի մեր պետության համար այս դժվարին ժամանակահատվածում այս պատասխանատու պաշտոնը:Ես գտել եմ , որ ինձ բախտ է վիճակվել իրականացնել որոշակի առաքելություն, եւ ես պատվով կիրականացնեմ, այդքան բան:

Քնար Մանուկյան




Լրահոս